Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար

Ախոյեան «Ալաշկերտը» յաղթեց առաջատարին

 

Կայացան ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութեան 19-րդ մրցափուլի հանդիպումները։

Արդիւնքները.

«Փիւնիկ»-«Արարատ»՝ 3-0

«Գանձասար»-«Բանանց»՝ 1-0

«Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 3-0

Դասաւորում. «Շիրակ» 37 միաւոր, «Ալաշկերտ»՝ 36, «Գանձասար»՝ 33, «Փիւնիկ»՝ 30, «Բանանց»՝ 6։

• Մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կը կայանայ Աշխարհի 2018 թ. առաջնութեան ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը։ ՀՀ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրապարակել է հաւաքականի արտերկրում հանդէս եկող ֆութպոլիստների անունները, որոնք ստացել են հաւաքին մասնակցելու հրաւէր. Լեւոն Հայրապետեան, Հրայր Մկոյեան, Վարազդատ Հարոյեան, Տարօն Ոսկանեան, Յովհաննէս Համբարձումեան, Կամօ Յովհաննիսեան, Գաէլ Անդոնեան, Գոռ Մալաքեան, Էդգար Մալաքեան, Հենրիխ Մխիթարեան, Մարկոս Պիզելլի, Արաս Օզբիլիս, Գէորգ Ղազարեան, Տիգրան Բարսեղեան, Արտիոմ Սիմոնեան, Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորեան, Էդգար Մանուչարեան։ ՀՀ առաջնութիւնում հանդէս եկող ֆութպոլիստների ցուցակը յայտնի կը դառանյ աւելի ուշ։

• Եւրոլիկայի «Ռոստով»-«Մանչեսթըր Եունայթըտ» հանդիպումն աւարտուել է 1-1 հաշուով։ Հիւրերի կազմում միակ գնդակը խփել է վնասուածքից յետոյ վերադարձած Հենրիխ Մխիթարեանը, ով փոխարինուել է 67-րդ րոպէին եւ որը ընդգրկուել է Եւրոլիկայի շաբաթուայ խորհրդանշական հաւաքականում։

• Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հաւաքականը Սկոպյէում (Մակեդոնիա) ընկերական առաջին խաղում 1-2 հաշուով զիջել է Մակեդոնիայի իրենց հասակակիցներին։ Երկրորդ հանդիպումը աւարտուեց ոչ-ոքի՝ 2-2։

• Յունիսի 6-ին ՀՀ ազգային հաւաքականը Երեւանում ստուգողական հանդիպում է անցկացնելու Իրանի հաւաքականի հետ։

 

Մարմնամարզութեան ՀՀ առաջնութիւնում

 

Ալբերտ Ազարեանի անուան մարմնամարզութեան օլիմպիական հերթափոխի ՄՊՄԴ-ում աւարտուեց սպորտային մարմնամարզութեան ՀՀ տղամարդկանց առաջնութիւնը, որին մասնակցում էին Երեւանի եւ Գիւմրիի 25 մարզիկ։

Առաջին օրը որոշուեցին բազմամարտի յաղթողներն ու եզրափակիչի վեցական մասնակիցներն առանձին գործիքների վրայ։ Բազմամարտում 84.1 միաւորով ՀՀ ախոյեանի կոչումը նուաճեց Արթուր Դաւթեանը։ 2-3-րդ տեղերն զբաղեցրին Վիգէն Խաչատրեանը (77.5 միաւոր) եւ Արմէն Պետրոսեան (76.3)։ Տղամարդկանց հաւաքականի գլխաւոր մարզիչ Յակոբ Սերոբեանը ընդհանուր առմամբ գոհ էր թէ՛ ազգային հաւաքականի, եւ թէ՛ երիտասարդների մասնակցութիւնից։ Նրա խօսքերով, հաւաքականի հիմնական անդամներ Յարութիւն Մերտինեանը, Արթուր եւ Վահագն Դաւթեանները նոր վարժութիւններ փորձարկեցին, որոնք դեռ պէտք է կատարելագործել եւ բարդացնել։ Մարզիչը նաեւ գոհ է պատանի եւ երիտասարդ մարմնամարզիկների մրցաելոյթներից, որոնցից մի քանիսն առաջին անգամ մասնակցելով ՀՀ մեծահասակների առաջնութեանը՝ իրեն հաճելիօրէն զարմացրել են։

Առանձին վարժութիւններում ՀՀ ախոյեաններ դարձան ազատ վարժութիւններում, յենացատկում, զուգափայտերում եւ պտտաձողում՝ Արթուր Դաւթեանը, նժոյգաթափում՝ Յարութիւն Մերտինեանը, օղակների վրայ՝ Վահագն Դաւթեանը։

Հրանդ Շահինեանի անուան մարզադպրոցում կայացաւ սպորտային մարմնամարզութեան ՀՀ կանանց առաջնութիւնը։ Ախոյեաններ դարձան Աննա Գրիգորեանը՝ յենացատկի եւ տարբեր բարձրութեան զուգափայտի վարժութիւններում, Գայիանէ Սիրականեանը հաւասարակշռութեան գերան մրցաձեւում եւ Շուշան Բաբայեանը՝ ազատ վարժութիւնում։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Ազատ ոճի ՀՀ երիտասարդական հաւաքականը Եակուտիայում (ՌԴ) մասնակցեց օլիմպիական ախոյեան Ռոման Դմիտրիեւի 5-րդ միջազգային մրցաշարին, որին մասնակցում էին 14 երկրների ուժեղագոյն ըմբիշներ։ Մեր մարզիկներից 3-ը նուաճեցին մետալներ։ Յովհաննէս Մխիթարեանը (54 քկ.) եւ գերծանր քաշային Յովհաննէս Մաղաքեանը արժանացան արծաթէ, իսկ Մհեր Մարկոսեանը (նոյնպէս 84 քկ.)՝ պրոնզէ մետալի։

• Քիեւում անցկացուած ըմբշմարտի միջազգային մրցաշարի ժամանակ յունահռոմէական ըմբշամարտի ՀՀ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են հիւանդանոց։ Պարզուել է, որ Լեւոն Ջուլֆալակեանի մօտ սրտամկանի կաթուած է ախտորոշուել, բժիշկները նրա սիրտը ստենտաւորել են եւ այժմ նրա ինքնազգացողութիւնը բնականի սահմաններում է։

• Հայաստանի դահուկավազորդները մասնակցել են Ֆինլանդիայում անցկացուած աշխարհի առաջնութեանը, որտեղ պատմութեան մէջ առաջին անգամ հայ մարզիկը տեղ է զբաղեցրել 30 լաւագոյնների մէջ՝ Սերգէյ Միքայէլեանը 30 քմ. սկիաթլոնում (15 քմ. դասական+15 քմ. ազատ ոճ) պայքարն աւարտել է 29-րդ տեղում։

• Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթացող հրաձգութեան Եւրոպայի առաջնութիւնում Զաւէն Իգիթեանը 10 մեթր օդամղիչ ատրճանակի մրցաձեւում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ կանանց վազող թիրախ մրցաձեւում Լիլիթ Մկրտչեանը արժանացաւ Եւրոպայի փոխախոյեանուհու արծաթէ մետալի։

• Արհեստավարժ բռնցքամարտի թեթեւագոյն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ ախոյեան Վիք Դարչինեանը Աւստրալիայում կայացած մենամարտի առաջին ռաունտում նոկաուտի է ենթարկել Թաիլանդը ներկայացնող Մանոտ Կոմպուտին։

• Իսթանպուլում աւարտուած ազատ ոճի ըմբշամարտի Եաշար Դողուի 45-րդ մրցաշարում ՀՀ-ի ըմբիշներից Նարեկ Սիրունեանը (65 քկ.) արժանացել է արծաթէ, իսկ Վիլոդիա Ֆրանգուլեանը (61 քկ.)՝ պրոնզէ մետալի։

 

Շախմատային խճանկար

 

• ՖԻԴԷ-ն միջազգային կոչումներ է շնորհել աշխարհի մի շարք շախմատիստների, որոնց մէջ կան նաեւ ՀՀ-ի ներկայացուցիչներ։ Վահէ Պաղտասարեանը այսուհետեւ կը կրի գրոսմայեստերի կոչում, Արամ Յակոբեանը՝ միջազգային վարպետի, իսկ Սիրանուշ Անդրէասեանը՝ կանանց միջազգային վարպետի։

• Թեհրանում աւարտուած կանանց աշխարհի ախոյեանուհու կոչումը նուաճել է չինուհի Տան Չժունչին։ Նա եզրափակիչում մրցել է Աննա Մուզիչուկի հետ։ Հիմնական 4 պարտիաներից յետոյ հաշիւը 2-2 է եղել, ինչից յետոյ նրանք ստիպուած եղան խաղալ լրացուցիչ պարտիաներ։ Առաջինն աւարտուեց ոչ-ոքի, երկրորդում յաղթեց չինուհին։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ