Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայաստան-Ղազախստան՝ 2-0 (0-0)

 

Մարտի 26-ին Երեւանում կայացաւ 2018 թ. ֆութպոլի աշխարհի առաջնութեան եւրոպական գօտու ընտրական մրցաշարի Ե. խմբի յետնապահներ` Հայաստան-Ղազախստան հանդիպումը, որն ընթացաւ յամառ պայքարում. դաշտի տէրերը ունէին առաւելութիւն։ Հանդիպման 2-րդ րոպէին Գէորգ Ղազարեանը լուրջ վնասուածք ստացաւ եւ փոխարինուեց։ Գէորգը ստացել է ծնկի խաչաձեւ կապանների մասնակի պատռուածք եւ մենիսկի վնասուածք։ Նա արդէն յաջորդ օրը մեկնեց Գերմանիա հետազօտման։ Ամենայն հաւանականութեամբ նա կ՚ենթարկուի վիրահատութեան։ 37-րդ րոպէին Մխիթարեանի հարուածից յետոյ գնդակը դիպաւ ձախ ուղղահայեաց դարպասաձողին եւ դուրս եկաւ դիմային գծից։

Երկրորդ խաղակէսի 63-րդ րոպէին հիւրերի պաշտպան Սերգէյ Մալին Մխիթարեանի նկատմամբ խախտեց կանոնները, ստացաւ երկրորդ դեղին քարտը եւ հեռացուեց։ 10 րոպէ անց Հենրիխ Մխիթարեանը դիպուկ հարուածով բացեց հանդիպման հաշիւը. Նշենք, որ դա Հենրիխի ՀՀ հաւաքականում խփած 20-րդ կոլն է, իսկ փոխարինման դուրս եկած Արաս Օզբիլիսը կրկնապատկեց հաշիւը։ Հայաստանի հաւաքականը 2-0 հաշուով տօնեց 2-րդ անընդմէջ յաղթանակը ու վաստակեց 6 միաւոր, ընդհուպ մօտենալով 2-րդ տեղին։ ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով. Արսէն Բեգլարեան, Տարօն Ոսկանեան, Վարազդատ Հարոյեան, Գաէլ Անդոնեան, Լեւոն Հայրապետեան, Գոռ Մալաքեան, Մարկոս Պիզելլի (Էդգար Մանուչարեան, 65), Գէորգ Ղազարեան (Տիգրան Բարսեղեան, 2), Արթուր Սարկիսով (Արաս Օզբիլիս, 70), Կամօ Յովհաննիսեան, Հենրիխ Մխիթարեան։

Ե. խմբում կայացած միւս 2 հանդիպումների արդիւնքները. Մոնթէնեգրօ-Լեհաստան՝ 1-2, Ռումինիա-Դանիա՝ 0-0։

Առաջին շրջանից յետոյ Ե. խմբում հաւաքականների դասաւորութիւնը. 1. Լեհաստան 13, 2. Մոնթէնեգրօ, 3. Դանիա՝ 7-ական, 4. Ռումինիա, 5. Հայաստան՝ 6-ական, 6. Ղազախստան՝ 2 միաւոր։

ՀՀ հաւաքականի 2-րդ շրջանի յաջորդ մրցակիցը Մոնթէնեգրոյի հաւաքականն է։ Այդ խաղը կը կայանայ Յունիսի 10-ին հիւրերի դաշտում։

 

Հայկական ֆութպոլային խճանկար

 

ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոնի ֆութպոլի ակադեմիայում տեղի ունեցաւ 2016 թ. լաւագոյն ֆութպոլիստների եւ լաւագոյն մարզչի պարգեւատրման արարողութիւնը։ ՀՖԴ-ի նախագահ Ռուբէն Հայրապետեանը լաւագոյն մարզչի մրցանակը յանձնեց «Շիրակի» գլխաւոր մարզիչ Վարդան Բիչախչեանին։

Մարկոս Պիզելլին ստացաւ 3-րդ տեղի համար մրցանակը, Գէորգ Ղազարեանը՝ 2-րդ, իսկ լաւագոյն ֆութպոլիստի մրցանակը ստացաւ Հենրիխ Մխիթարեանը։

• «Ալաշկերտի» գլխաւոր մարզիչ է նշանակուել Աբրահամ Խաշմանեանը, իսկ նախկին գլխաւոր մարզիչ Արամ Ոսկանեանը վերադարձել է «Բանանց»։

• ՀՀ Մ-17 տարեկանների հաւաքականը Եւրոպայի Մ-17-ի 2016-17 թթ. առաջնութեան մեկնարկային խաղում 1-10 հաշուով ջախջախիչ պարտութիւն կրեց Գերմանիայի Մ-17-ի հաւաքականից։ Թուրքիայի հետ խաղն աւարտուեց 0-6 հաշուով։

• Աշխարհի 2018 թ. խմբային մրցաշարում ՀՀ հաւաքականի մրցակից Ղազախստանի ընտրանին Մարտի 22-ին, ընկերական խաղում, 1-3 հաշուով Կիպրոսում զիջել է տեղի հաւաքականին։

 

Հայկական մարզական խճանկար

 

Տոհայում (Քաթար) կայացած մարմնամարզութեան աշխարհի գաւաթի խաղարկութիւնում ՀՀ-ն ներկայացնող Արթուր Թովմասեանն օղակների վարժութիւններում ոսկէ մետալ նուաճեց, իսկ Վահագն Դաւթեանը 4-րդն էր։ Արթուր Դաւթեանը նժոյգաթափերում արժանացել է պրոնզէ մետալի, յենացատկում արծաթէ մետալի, իսկ ազատ վարժութիւններում զբաղեցրել է 4-րդ տեղը։

• Անապայում (ՌԴ) աւարտուած բռնցքամարտիկ Նիկոլայ Պավլյուկովի անուան երիտասարդական յուշամրցաշարին ՀՀ-ից մասնակցում էին 6 բռնցքամարտիկ։ ՀՀ հաւաքականը նուաճել է 2 մետալ։ Պրոնզէ մետալի են արժանացել Արթուր Բազեանը (52 քկ.) եւ գերծանրքաշային Արման Մնացականեանը։

• Մոսկուայում անցկացուող սամբոյի աշխարհի գաւաթի Խառլամպիեւի յուշամրցաշարում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսեանը (57 քկ.) դարձել է մրցաշարի յաղթող եւ նուաճել ոսկէ մետալ։

• Դանիայի Տիսթեդ քաղաքում անցկացուած ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) Եւրոպայի առաջնութիւնում ՀՀ հաւաքականի անդամ Սերգէյ Ասատուրովը (74 քկ.) դարձել է Եւրոպայի փոխախոյեան։ Հայ մարզիկը սեղմում պառկած վարժութիւնում ցոյց է տուել 162.5 քկ. արդիւնք՝ իրենից առաջ թողնելով միայն ՌԴ-ի ներկայացուցիչին։

 

Շախմատային խճանկար

 

• Յունիսի 16-28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնութիւնները կ՚անցնեն առանց ՀՀ հաւաքականների մասնակցութեան, քանի որ թէ՛ տղամարդիկ եւ թէ՛ կանայք այդ իրաւունքը չեն նուաճել։

Աշխարհի թիմային առաջնութեանը մասնակցում էն 10-ական թիմեր. մայրցամաքների ախոյեանները, Պաքւում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ (ՀՀ-ի հաւաքականները չեն մասնակցել Պաքուի օլիմպիադային), կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնութեան ախոյեանը եւ մէկ թիմ էլ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրութեամբ։

• Ապրիլի 11-ին Լաթվիայի մայրաքաղաք Ռիգայում կը մեկնարկի Եւրոպայի կանանց անհատական առաջնութիւնը։ Մրցաշարում ՀՀ-ն կը ներկայացնեն Էլինա Դանիէլեանը, Լիլիթ Մկրտչեանն ու Լիլիթ Գալոյեանը, ինչպէս նաեւ ՀՀ այս տարուայ ախոյեանուհի Մարիա Գէորգեանը։ Մրցաշարի արդիւնքներով 14 շախմատիստուհի կը նուաճի աշխարհի կանանց առաջնութեան ուղեգիր։

• Մարտի 23-ին Շարժայում (ԱՄԷ) մեկնարկած խոշոր միջազգային մրցաշարին Հայաստանից մասնակցում են Վլադիմիր Յակոբեանը, Գաբրիէլ Սարգսեանը, Կարէն Գրիգորեանը, Լիլիթ Գալոյեանը եւ ՀՀ մինչեւ 12 տարեկաններ ախոյեան Էդուարդ Յակոբեանը։

• Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացել է «Շախմատի ակադեմիայի գաւաթ» արագ շախմատի մրցաշարի առաջին փուլը։ Մրցաշարին մասնակցել են 100 շախմատիստներ՝ Հայաստանից, Վրաստանից եւ Պելառուսից, այդ թւում 5 գրոսմայստեր, 6 միջազգային եւ 4 ՖԻԴԵ-ի վարպետ։

Չորս մասնակիցներ 7 հնարաւորից վաստակել են 6-ական միաւոր եւ կիսել առաջին տեղը։

Լրացուցիչ ցուցանիշներով յաղթող է ճանաչուել Տիգրան Յարութիւնեանը, Մանուէլ Պետրոսեանը գրաւել է 2-րդ տեղը, իսկ Դաւիթ Շահինեանը՝ 3-րդ։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ