Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Իրանահայ մտաւորական Երուանդ Հայրապետեան եւ ակադեմիկոս Էզրաս Հասրաթեան. Մի դրուագ հայ որբերի կեանքից

ԴՈԿՏ. ՄԵՍՐՈՊ ԲԱԼԱՅԵԱՆ

 

1972 թուականի Յուլիսին, հոգեբանների միջազգային համագումարում, որ կայացաւ Փարիզում, Հայաստանից ժամանած պատուիրակութեանը անդամակցում էր աշխարհում յայտնի մեծ գիտնական, Ռուսաստանի Գիտութիւնների Ակադեմիայի իսկական անդամ Էզրաս Հասրաթեանը։ Նա համագումարին ներկայացրեց գիտական շատ կարեւոր գիւտեր յայտնաբերողի մասին մի զեկոյց՝ ռուս խոշոր գիտնական Իվան Պաւլովի ամէնքին յայտնի պայմանական ռեֆլեքսների տեսութեան շուրջ, ընդ որում նա բացայայտեց փաստեր, իր եւ իր ղեկավարած խմբակի կատարած աշխատանքների մասին, այդ տեսութիւնը կատարելագործելու նպատակով, Պաւլովի մահից (1936 թ.) յետոյ։ Ես որ ծանօթ էի իր գործերին եւ իր անձնական, մարդկային, մարդամօտ բարեմասնութիւնների մասին լսել էի երջանկայիշատակ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսից, առիթը յարմար գտնելով, մօտեցայ շնորհաւորեցի իր խիստ շահեկան զեկուցման համար, եւ համագումարի յաջորդ օրերում մենք գրեթէ միշտ միասին էինք։

Համագումարից դուրս զրուցելով բազմաբնոյթ նիւթերի մասին, նա մի հարց տուեց. «Դուք Իրանում ճանաչո՞ւմ էք Երուանդ Հայրապետեանին»։ Պատասխանս պարզ էր. «Անշուշտ, այո, նա իմ գրաբարի ուսուցիչն է եղել՝ արտադպրոցական-գիշերային դասընթացքներում, բացի այդ՝ ճանաչուած հասարակական գործիչ է»։ «Նրան ջերմօրէն բարեւէք իմ կողմից։ Ես եւ երկու տասնեակ հայեր մեր կեանքը պարտական ենք իրեն»։ Զարմացայ։ Հարցրի. «Ինչպէ՞ս, ե՞րբ, ո՞ւր»։ Եւ նա պատմեց.

«1920-ին, երբ թուրքական բանակը գրաւեց Կարս քաղաքը, ես եւ մօտ 20 հայ որբեր գտնւում էինք Կարսի որբանոցում (Է. Հասրաթեանը ծնուած է Մեծք-Մուշում (Արեւմտեան Հայաստան), 1915-ին կորցնելով ծնողներին, նրան տեղաւորում են Կարսի որբանոցում, որը մինչեւ 1920 թ. մաս էր կազմում Հայաստանի անկախ Հանրապետութեան)։ Կարսի հայ բնակչութեան մի մասը թուրք բանակի կողմից ջարդի է ենթարկւում, իսկ մնացեալ մասը, խուճապի մատնուելով, փախուստի է դիմում դէպի Արեւելք՝ Արաքս գետը, Գիւմրի, Երեւան։ Իսկ որբերը մնում են անտէր, անտեղեակ եւ անել վիճակում»։

Գաղթող հայերի մէջ է լինում նաեւ Երուանդ Հայրապետեանը, երբ նրան հաղորդում են որբանոցում մնացած հայ որբերի մասին, անմիջապէս բաժանուելով գաղթող ամբոխից, վերադառնում է Կարս, իր կեանքը լուրջ վտանգի ենթարկելով, զարտուղի ճամբաներ ընտրելով, իրեն հասցնում է որբանոց, վերցնելով իր հետ որբերին, նոյն ճամբաներով դուրս է գալիս քաղաքից եւ երկար քայլելուց յետոյ՝ հասնում են Արաքս գետին։ Արաքսի մի ծանծաղ մասը ընտրելով՝ անցնում են գետը եւ ազատ շունչ քաշում միւս ափին, այսինքն Հայաստանի Հանրապետութեան հողամասում։

Այստեղ մի հետաքրքիր երեւոյթ է երեւան գալիս։ Պատանիները, իրենց փրկուած եւ ազատ տեսնելով, հանգստանում են, բայց երբ պատրաստւում են նորից քայլելու, անդամալոյծի պէս, չեն կարողանում շարժուել։ Սա բացատրւում է հոգեբանական եւ բնախօսական օրինաչափութիւններով։ Մինչեւ հայկական հողի վրայ ոտք դնելը՝ նրանց մէջ ուժեղ-զօրաւոր ներգործօն էր (motivation) իրենց կեանքը փրկելու մղումը, որն այդ մոմենտին (արդէն փրկուած լինելով) դադարել էր գործելուց։ Բայց եւ այնպէս՝ որոշ մարմնական վարժութիւններ կատարելուց յետոյ՝ նրանք շարունակում են քայլել, այս անգամ վստահ՝ իրենց ազատ եւ անկախ հանրապետութեան հողի վրայ։

Վերջում նշեմ, որ ես Իրան վերադարձին, անմիջապէս Երուանդ Հայրապետեանին յայտնեցի Էզրաս Հասրաթեանի շնորհակալական պատգամը եւ ողջ պատմութիւնը։ Նա ասաց. «Այդ բոլորը ես յիշում եմ, բայց չգիտէի, որ այդ որբ պատանիներից մէկը դարձել է աշխարհահռչակ գիտնական։ Իսկ դրա համար էլ շնորհակալութիւն քեզ – պատգամաբերիդ»։

 

Նոր Ջուղա, Իրան, 2002

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ