Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը՝ Մայիսեան եռատօնի առթիւ

«Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին. Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ» (Սաղ. Ե 12-13):

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից սաղմոսերգուի այս փառաբանութեամբ Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում համայն մեր ժողովրդին Յաղթանակի և խաղաղութեան օրուայ, Շուշիի ազատագրութեան և Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Ողջոյն ենք յղում Արցախի պետական այրերին, Պաշտպանութեան բանակի հրամանատարներին ու մարտիկներին և Արցախի հերոսական մեր ժողովրդին:

Շուշիի ազատագրութեան լուսաւոր օրը մեր ժողովուրդը ապրեց լիառատ ուրախութիւն` ամրանալով հաւատքի, հայրենեաց սիրոյ և անվարան կամքի մէջ` յաղթական աւարտի հասցնելու Արցախի ազատագրական պայքարը: Ազատութիւնը, արդարութիւնը, խաղաղութիւնը նուիրական արժէքներ են քրիստոնէական կեանքում, որոնք վառ մնացին մեր ժողովրդի հոգում` հակառակ դարերով ապրած փորձութիւնների և մաքառումով գրուած մեր պատմութեան: Արցախեան ազատամարտում նոյնպէս մեր ժողովուրդը յանձն առաւ բազում զոհողութիւններ ու դիմակայեց բազում նեղութիւնների, հաւատով, որ Աստուած պիտի օրհնի իր արդար պայքարը: Մարտերի մէջ կազմաւորուեց, ամրացաւ ու զօրացաւ Արցախի Պաշտպանութեան բանակը, որն այսօր երաշխաւորն է Արցախի պետականութեան և ժողովրդի խաղաղ կեանքի:

Պայքարը Արցախի ազատութեան համար, որ արևելեան մի փոքր տարածքն է պատմական մեր հայրենիքի, զօրացրեց սրտերը, համախմբեց ուժերը աշխարհասփիւռ մեր ժողովրդի զաւակների, ովքեր ոչինչ չխնայեցին Արցախի համար: Անկախ պետականութեան հաստատումից ի վեր ականատես ենք, թէ ինչպէս Արցախի ստեղծարար ու արի մեր ժողովուրդը ունենալով աջակցութիւնը Հայաստանի և Սփիւռքի, կառուցում է իր ազատ կեանքը և շէնացնում իր երկիրը: Կառուցապատւում և շէնանում է նաև Շուշին` պատմական ծաղկուն քաղաքն Արցախի: Բարձրանում են եկեղեցիները, դարաւոր վանքերն ու սրբատեղիները: Մեր ժողովուրդը նորոգում է քրիստոնէական իր կեանքը և հաւատով, որ Տէրն օրհնում է արդարին` ջանքեր է գործադրում հայրենի երկրի բարօրութեան և իր խաղաղ կեանքի ապահովման համար: Ամէն օր մեր զաւակները յետ են մղում սահմանային ոտնձգութիւններն ու սադրանքները և անառիկ պահում հայրենիքի պաշտպանութեան դիրքերը: Այս պանծալի օրը, երբ անդրադառնում ենք Պաշտպանութեան բանակի յաղթանակներին, հերոս մեր զաւակների սխրանքներին, Արցախի ազատ ու խաղաղ կեանքի ձեռքբերումներին, սաղմոսերգուի հետ փառաբանում ենք Աստծուն. «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ»:

Մայիսի 9-ի այս տօնական օրը յիշենք հայազգի, նաև Արցախի զաւակ փառապանծ զօրավարներին ու զինուորներին, ովքեր Երկրորդ աշխարհամարտում նպաստ բերեցին յաղթանակի կերտման և խաղաղութեան հաստատման գործին: Աղօթքով յիշենք Արցախի ազատագրութեան և խաղաղ կեանքի համար զոհուած մեր ժողովրդի քաջարի զաւակներին, որոնց անունները պիտի ապրեն սերնդէ սերունդ:

Հայրապետական Մեր գնահատանքն ենք բերում Արցախի սիրելի մեր ժողովրդին, բարեխնամ իշխանութիւններին` Նախագահ Բակօ Սահակեանի գլխաւորութեամբ, Արցախի թեմի բարեջան Առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսեանին և ուխտապահ հոգևոր դասին ու բանակում ծառայող մեր Եկեղեցու հոգևոր սպասաւորներին` առաջնորդութեամբ Գերաշնորհ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանի: Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում Արցախի Պաշտպանութեան Նախարար և բանակի գլխաւոր հրամանատար գեներալ-լէյտենանտ Լևոն Մնացականեանին, բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին, ովքեր մշտարթուն ծառայութեամբ պահպանում են մեր ժողովրդի խաղաղ կեանքը: Յորդոր ենք բերում, որ գօտեպնդուէք ամուր հաւատքով, արիութեամբ, լաւատեսութեամբ: Ունենք գլխաւորը` հայրենի անկախ պետականութիւնը, և այն, ինչ պատմութիւնը յաճախ մերժել է մեզ` խաղաղութիւն, կեանքի ապահովութիւն ու խնդութիւն, մեր հողում պիտի բարի արդիւնքներ տան` յանուն մեր զաւակների և մեր ժողովրդի լուսաւոր ապագայի: Արդ, ապրենք ու գործենք մեր հայրենիքը շէնացնելու, մեր բանակը զօրացնելու, ազգային զարթօնքի մեր իղձերը մարմնաւորելու ջանք ու եռանդով, յաղթանակի առաջնորդելով նաև Արցախի Հանրապետութեան ճանաչումը:

Այս յիշարժան օրը, սիրելիներ, Արցախի Պաշտպանութեան բանակին ենք շնորհում խաչվառ` պատկերով Սուրբ Գրիգորիս Պարթև արքեպիսկոպոսի: Նա շնորհաշատ ու քաջահոգի  թոռն էր Սուրբ Գրիգոր Լուսաւորչի և շատ երիտասարդ հասակում առաջնորդութեան կոչուեց Արցախում ու յարակից շրջաններում և իր առաքելութեան մէջ նահատակուեց անհաւատներից: Աշակերտները նրան հողին յանձնեցին Արցախում, և նրա գերեզմանին կառուցուեց Ամարասի վանքը, որը մեր ժողովրդի համար նուիրական սրբավայր է և ուխտատեղի:

Մեր աղօթքն ու մաղթանքն է, որ Քրիստոսի նահատակ վկայ Սուրբ Գրիգորիսի բարեխօսութեամբ Տէրը խաղաղութիւն պարգևի Արցախ աշխարհին, ոգով արի, բազկով անյաղթ պահպանի Արցախի Պաշտպանութեան բանակը և բոլոր զօրահրամանատարներին ու զինուորներին անփորձանք պահի իրենց պանծալի ծառայութեան մէջ: Աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի համայն մեր ժողովրդին ի սփիւռս աշխարհի և պահպանի ամուր հաւատքով, սիրով ու միասնական` կերտելու բարօրութիւնը հայրենի երկրի, իրագործելու ազգային իղձերը և միշտ օրհներգելու` «Տէր, Քո սպառազինութեամբ պաշտպանեցիր մեզ. Թող պարծենան Քեզանով Քո անունը սիրողները, քանզի Դու պիտի օրհնես արդարին»:

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ս. Էջմիածին

(Յապաւուած)

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ