Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Տ․ Խաժակ քահանայ Շահբազեանը դարձաւ 40 տարեկան

Արդէն 14-րդ տարին է, ինչ  Հիւսիսային Ամերկայի Արևմտեան թեմի առաջնորդանիստ Ս․ Ղևոնդեանց Մայր Տաճարի պաշտօնէութիւնն ու հաւատացեալները հաւաքւում են նշելու ծխական համայնքի տարեդարձը։ Նմանօրինակ տօնակատարութիւնները խանդավառութիւն են առաջացնում համայնքի հոգևոր կեանքում, ջերմացնում սրտերը ու մօտեցնում բարեկամութիւնը։

2017թ.-ի Մայիսի 20-ին Թահանգայի «Սիզըր» սրահում տեղի ունեցաւ հերթական տարեկան խրախճանքը։ Առաջնորդանիստ Մայր Տաճարի մեծ ընտանիքի համար օրը շատ նուիրական էր, որովհետև այն համընկել էր հոգևոր հովիւ, արժանապատիւ Տ․ Խաժակ քահանայ Շահբազեանի ծննդեան 40-ամեայ յոբելեանի հետ։ Շուրջ 400 ներկաները ուրախ սրտով ու ջերմութեամբ  շնորհաւորեցին տէր հօր տարեդարձը՝ մատուցելով բազմաթիւ անակնկալներ։ Առաջնորդ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանն իր օրհնութեան և շնորհաւորանքի խօսքում բարձր գնահատեց Տէր Խաժակի անձնուէր ծառայութիւնը և նուիրուածութիւնը եկեղեցուն և համայնքին։  Տէր հօր կուրծքը զարդարեց քահանայական լանջախաչով և մաղթեց, որ տէրունական Նշանը պահապան լինի Ս․ Ղևոնդեանց ծուխին՝ առաջնորդելով դէպի Բարին, դէպի յաւիտենականութիւն։

Տօնական երեկոյի անակնկալներից էր նաև, այն որ գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանը մասնաւոր առաջնորդական շքանշանի արժանացրեց ծխական անդամներից Նորիկ Գրիգորեանին, Յակոբ Նալբանդեանին, Անդրէ Շամալեանին, Գէորգ Պոյաճեանին և Վահիկ Ալխասեանին, որոնք երկար տարիներ իրենց անխօս նուիրումն էին բերել մայր եկեղեցուն, համայնքին ու Ս․ Ղևոնդեանց Մայր Տաճարին։

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ԳՈՒՄՐՈՒԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ