Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի 2016-2017 տարեշրջանը

Հայապահպանութեան կարևոր գործօններից մէկը  մայրենի լեզուի, հաւատքի ու ինքնութեան պահպանումն է։  Այս վսեմ առաքելութեանն է ծառայում Հիւսիսային Ամերիկայի  Արևմտեան թեմի Առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդեանց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ»  շաբաթօրեայ դպրոցը։ Այն հայկական միօրեայ վարժարաններից ամենամեծն է աշխարհում, ուր  սովորում են տարբեր տարիքի շուրջ 250 աշակերտ: Հաստատութիւնն առաջիններից է, որ ամբողջովին որդեգրել է Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցների դասագրքերը, ուր կրթական  ծրագիրը  հիմնուած է Քալիֆորնիայի կողմից սահմանուած լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրայ (Cammon Core State Standards): Դասարանների բաշխումը կատարւում է ըստ լեզուի իմացութեան: Ուսումնական տարին 10 ամիս է. սկսւում է Օգոստոսին և աւարտւում Մայիսին: 2015թ.ին Համաշխարհային հայկական կոնգրէսի և Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից կրթօջախը ճանաչուել է որպէս Մայրենի լեզուի պահպանման լաւագոյն հաստատութիւն և արժանացել է Գլխաւոր մրցանակի և դիպլոմի։ Դպրոցի աւարտական վկայականը ամերիկեան կրթական հաստատութիւնների կողմից ճանաչւում է որպէս երկրորդ օտար լեզուի վկայագիր։

 «Փոքրիկ Հրեշտակներ»ում դասաւանդում են ոլորտում յայտնի, արհեստավարժ մանկավարժներ, որոնց  փորձառութեան և անսահման նուիրումի շնորհիւ դպրոցում տիրում է սիրոյ և համերաշխութեան ջերմ մթնոլորտ։

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի 2016-2017թթ. ուսումնական տարին սովորականի պէս յագեցած էր, որովհետև աւանդական կազմակերպուող միջոցառումները ոչ միայն բարձրացնում են աշակերտների ազգային ոգին, այլ  սէր  ու հետաքրքրութիւն են առաջացնում դէպի մեր մշակոյթը, պատմութիւնն ու կրօնը: Տարուայ ընթացքում կազմակերպւում են նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներ, որոնց մասնակից են դառնում նաև ծնողները: Նմանօրինակ ուրախ ձեռնարկներից էր Ս. Ծննդեան հանդէսը, որն ուղեկցւում էր ուրախ երգերով,  բանաստեղծութիւններով, ինչպէս նաև առատաձեռն Ձմեռ պապիկի խանդավառ ներկայութեամբ ու բարեմաղթանքներով։

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցն իր ակտիվ մասնակցութիւնն է բերում համայնքի տարբեր միջոցառումներին։ Դրանցից էր  Արևմտեան Թեմի ստեղծման 90ամեայ յոբելեանի շրջանակներում  համաերիտասարդական եռօրեայ միջոցառումներին ներգրաւած լինելը:

Աննախադէպ էր  Հայոց Ցեղասպանութեանն 102-րդ տարելիցին նուիրուած հաւաքը: «Փոքրիկ Հրեշտակներ»ը՝ որպէս թեմի միօրեայ մայր դպրոց հիւրընկալել էին քոյր դպրոցների  շուրջ 500 աշակերտի։ Համատեղ, պատշաճ յայտագրից յետոյ, դպրոցականները ծաղիկներ դրեցին ցեղասպանութեան խաչքարի առջև, ապա յաղթանակի ու փիւնիկի պէս վեր յառնող հայ ժողովրդի խորհրդանշական պատկերներով զարդարեցին առաջնորդարանի բակը։

Ուսումնական տարեվերջեան աւարտական միջոցառումը, տեղի ունեցաւ 2017թ.ի, Մայիսի 20ին, Կլենտէյլի «Գլին Արդեն Քլաբ» սրահում։ Միջոցառման ընթացքում առաջին դասարանի աշակերտները հանդէս եկան մայրենի լեզուին նուիրուած գեղեցկահիւս բանաստեղծութիւններով ու երգերով, որից յետոյ նրանց շնորհուեց  «Տառաճանաչութեան» վկայականներ։ Ինքնատիպ էր աւարտական 6-րդ դասարանի աշակերտների ելոյթը։ Նրանք ներկայացրեցին տարուայ ընթացքում  կատարած «Յայտնի հայեր»ի մասին իրենց հետազօտութիւնների սղագրութիւնը, որն սկսում էր 5-րդ դարի նշանաւոր դէմքերից մինչև ժամանակակից հայ հոգեմտաւոր աստղաբոյլի ներկայացուցիչները։ Աշակերտները գեղեցիկ անակնկալ մատուցեցին նաև Ս. Ղևոնդեանց մայր տաճարի հովիւ, արժանապատիւ Տ. Խաժակ քահանայ Շահբազեանին ծննդեան 40ամեակի առթիւ։

Աւարտին իր օրհնութիւնը բաշխեց Առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանը։ Ապա, ներկաները հետևելով Սրբազան հօրը, յոտնկայս կատարեցին միասնական ուխտ։

Աշակերտները մեկնեցին ամառային հանգստի, իսկ դպրոցի ղեկավարութիւնը սկսում է նախապատրաստել  2017-18 տարեշրջանի կազմակերպման աշխատանքները։ Նոր աշակերտների ընդունելութիւնը մեկնարկելու է Յուլիսի 10-ից։

ԱՆԱՀԻՏ  ԱՄԻՐԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ