Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

 Եուրա Մովսիսեանի կոլը յաղթանակ բերեց «Ռէալ Սոլթ Լէյք»ին

ԱՄՆ ֆութպոլի առաջնութեան հերթական տուրում «Ռէալ Սոլթ Լէյք»ը մրցում էր «Մինեսոտա Եունայթըտ»ի հետ:

«Արմենպրէս»ի հաղորդմամբ՝ «Ռէալ Սոլթ Լէյք»ին յաջողուել է գերազանցել մրցակցին նուազագոյն հաշուով: Թիմի յաղթական գնդակը խփել է Հայաստանի ազգային թիմի նախկին ֆութպոլիստ Եուրա Մովսիսեանը:

Այժմ «ՌՍԼ»ը 17 միաւորով 9-րդ տեղում է:

 

 

Fed Cup. Հայ թենիսիստները պարտուել են Յունաստանին

 

Թենիսի Հայաստանի հաւաքականը Fed Cup-ի եւրօ-աֆրիկեան տարածաշրջանի խաղարկութիւնում երկրորդ պարտութիւնն է կրել: Մեր մարզիկները 0:3 հաշուով զիջել են Յունաստանի թիմին: Այս մասին յայտնում է ՀԱՕԿ կայքը: 

Այս մրցաշարում Հայաստանը եւս մէկ խաղ կ՚ունենայ, սակայն այն որոշիչ չի լինի: Մեր հաւաքականը կը շարունակի մնալ երրորդ խմբում:

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրէն Գէորգ Գարամանուկեանի խօսքով մեր աղջիկները փորձի պակաս ունեն: ՀԱՕԿ լրատուականի հետ զրոյցում նա կարեւորեց, որ հայ թենիսիստները կէյմերում պայքարել են եւ հեշտութեամբ զրոներով չեն յանձնուել մրցակիցներին:

Fed Cup-ի եւրօ-աֆրիկեան տարածաշրջանի խաղարկութեան A ենթախմբում Հայաստանի մրցակիցներն էին Մալթան ու Յունաստանը:

 

Յարութիւնեան եղբայրները 6րդն են ջրացատկի ԵԱ-ում

 

Ջրացատկի Հայաստանի հաւաքականը Քիեւում մասնակցում է Եւրոպայի առաջնութեանը։

Տղամարդկանց սինքրոն ցատք մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Յարութիւնեանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Յարութիւնեան եղբայրները վաստակել են 368 միաւոր:

«Հաշուի առնելով, որ Ազատը վնասուածքից դեռ չի ապաքինուել, արդիւնքը բաւարար եմ համարում։ Մի փոքր աւելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները յետագայում կը բարելաւեն իրենց միաւորները»,- նշել է հաւաքականի գլխաւոր մարզիչ Հրաչեայ Չանդիրեանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտէն:

 

Ռուսահայ Դաւիթ Եուրչենկոն կարիէրան կը շարունակի «Տոսնոյում»

 

Հայաստանի ազգային հաւաքականի թեկնածու՝ դարպասապահ Դավիթ Եուրչենկոն Մախաչկալայի «Անժիից» տեղափոխուել է Լենինգրադի մարզը ներկայացնող «Տոսնօ», հաղորդում է ակումբի պաշտօնական կայքը:

31ամեայ մօրը կողմից հայազգի դարպասապահը կնքել է երկու տարուայ պայմանագիր: «Տոսնոն» նուաճել է Ռուսաստանի Պրեմիէր լիգայի ուղեգիր: Եուրչենկոն «Անժի» էր տեղափոխուել 2016-ին «Ուֆայից»: 

Ռուսահայ Կարէն Խաչանովն բարձրացել է 39րդ տեղ 

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) Յունիսի 12-ին հրապարակել են վարկանիշային թարմացուած աղիւսակները:

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխաւորել բրիտանացի Էնտի Մարէյը, իսկ «Ռոլան Գարոսի» մրցաշարի յաղթողի տիտղոսը նուաճած Ռաֆայէլ Նատալը բարձրացել է երկրորդ տեղ: Եզրափակիչում իսպանացի թենիսիստին պարտուած Ստանիսլաս Վավրինկան երրորդն է, իսկ սերբ Նովակ Ջոկովիչը նահանջել է չորրորդ տեղ:

Ռուսաստանցի Կարէն Խաչանովն առաջադիմել է 14 աստիճան եւ յայտնուել 39րդ տեղում:

 

Օլիմպիաւան

 

Երեւանի Դաւթաշէն վարչական շրջանում աւարտուել է դեռ 2013 թուականին մեկնարկուած օլիմպիական աւանի կառուցումը։ 2015թ. Սեպտեմբերի վերջին շահագործման յանձնուած շէնք է տեղափոխուել նաեւ ՀԱՕԿ-ի աշխատակազմը։ Բացառապէս ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկեանի անձնական միջոցներով կառուցուած օլիմպիաւանը օլիմպիական մի հսկայ մարզակառոյցների համալիր է, իր մօտ 7500 քառակուսի մեթր մակերեսով։ Մարզաբազան պատրաստ է իր յարկի տակ ընդունել աւելի քան 350 մարդու, ապահովուած է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով։

Այստեղ մարզուելու են հաւաքական թիմեր, 2014թ. Գագիկ Ծառուկեանի ուղեկցութեամբ ՄՕԿ եւ ԵՕԿ նախագահների օլիմպիական աւանի շինհրապարակ կատարած շրջայցի ժամանակ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը նշել է, որ օլիմպիական աւանի նման մարզային համալիրները աշխարհում եզակի են։

Ըմբշամարտի, ճիւտոյի, թեկուանտոյի, բռնցքամարտի, ծանրամարտի, խաղային մարզադահլիճներով եւ ջրային մարզաձեւերի լողաւազանով, մարզական բժշկութեան եւ հակադոպինգային ծառայութեան կենտրոններով է յագեցած օլիմպիական աւանը։ Իսկ օլիմպիաւանի բարձրակարգ հիւրանոցային մասնաշէնքը կարող է հիւրընկալել մօտ 350 մարզիկի։ Բացի մասնագիտացած մարզադահլիճներից, օլիմպիաւանում գործելու են նաեւ բացօթեայ մարզահրապարակ եւ խաղահրապարակներ, կայ նաեւ հանգստեան գօտի։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ