Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Հենրիկ Անասեան – 80. Նոր արշալոյսներ

«Հայի համար «աշխարհ» հասկացողութիւնը նոյնանում է Հայաստանի հետ: Նրա համար Հայաստանից դուրս ուրիշ աշխարհ չկայ: Ուրիշ երկրներն ու այլ «աշխարհները» նրա համար սոսկ ժամանակաւոր բնակութեան վայրեր են»:

 

Հենրիկ Անասեան

«Ա՛յս եմ ես…», Զ. գիրք

 

Գրասեղանիս Քալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան նախագահ Հենրիկ Անասեանի գրքերն են, լուսանկարներ, ձայներիզներ:

Վաղեմի բարեկամիս յոբելեանն է՝ ութսունամեակը: Զարմանալի արագ է թռչում ժամանակը: Թերթում եմ նրա գրքերը. Ա. Գիրք, Բ. Գիրք, Գ. Գիրք, Դ. Գիրք, Ե. Գիրք, Զ. Գիրք, Է. Գիրք: Բոլորն էլ «Ա՛յս եմ ես…» խորագրով: Որպէսզի Հենրիկ Անասեանի բոլոր գրքերին անդրադառնամ, հաստատ պիտի արտասանեմ հայոց այբուբենի համարեա կէսը:

Սիրելի Մաէստրօ, մաղթում եմ, որ յաղթահարես հայոց ողջ այբբենական համակարգը: Վստահ եմ՝ այդպէս էլ կը լինի:

Այժմ, քո թոյլտուութեամբ, անդրադառնամ Է. Գրքին՝ «Ա՛յս եմ ես…» խորագրով, տպագրուած Լոս Անճելըսում 2017 թուականին:

«Ես 75 տարեկան եմ: Ի՞նչ է սա. կեանքի վերջալո՞յս: Նման բան չկայ, չի եղել: Մարդը վերջանում է, երբ մարդիկ դադարում են նրան յիշել: Ինձ յիշելու լաւագոյն առիթը ես տուեցի հենց յոբելեանիս օրերին՝ գիրքս, որը լոյս տեսաւ 2012 թուականին, Լոս Անճելըսում»:

Յարգելի պարոն Անասեան, սիրելի Մաէստրօ, վերջալոյսը արշալոյսի աւետումն է: Վերջալոյսը մարմրում է ու ծնում նոր արշալոյսներ… Ուրեմն դու յաղթահարել ես ամենակարեւորը՝ ժամանակը, այդ վերջալոյսի եւ արշալոյսի միջեւ ընկած սիրտ մարող ժամանակը՝ քո միշտ առոյգ, լաւատես, միշտ անհանգիստ ու բեղմնաւոր գրչով, սիրառատ յոյզերով, զարմացնելով ու «զայրացնելով» ժամանակակիցներիդ: Այո, նաեւ՝ զայրացնելով: Մարդ կայ ոչինչ չունի, մարդ էլ կայ՝ Անունը Հենրիկ Անասեան է. գրող, հրապարակախօս, երգահան, խմբավար, հայր, ամուսին, պապիկ… Հայ մարդ, որ միայն իր համար չի ապրում, որ 75 տարեկանում էլ երիտասարդական աւիւնով եւ վստահութեամբ, հաւատով, մարտահրաւէր է նետում կեանքի խորդուբորդութիւններին, «դարուփոսերին», ինչպէս կ՚ասէր մշեցի մեծ հայրս: Ապացոյցը՝ այսօր, 2017 թուականին, 80ամեակիդ առիթով փորձում եմ գնահատանքի խօսքեր ասել եղբօրս եւ աւագ ընկերոջս: Ցանկանում եմ քո հանգով շարունակել: 80ամեա՞կ… վերջալո՞յս. արդէն քանի տասնամեակ ես յաղթահարում վերջալոյսից արշալոյս ընկած հատուածը եւ դեռ որքա՜ն պիտի շարունակուի այդ հանճարեղ ծէսը: Քեզ համար, քո հարազատների, քո բարեկամների, ընկերների, քո արուեստի երկրպագուների համար: Անվերջ, քանի որ մտաւորականի, արուեստագէտի համար, որ շքեղ ժառանգութիւն է թողել սերունդներին, գիր եւ մեղեդի, յիշողութիւն, գուրգուրանք, սէր, ծառայութիւն հայրենիքին, չկայ վերջալոյս: Կայ յաւիտենական, հաւաքական յիշողութիւն, գնահատանք, սէր, այսինքն՝ անվերջ արշալոյս…

Է. Գիրք. «Առջեւում ութսունամեակս է: Եթէ այդ սահմանագիծն անցնեմ, խոստանում եմ նոր ասելիքով հաճելի ժամեր պարգեւել իմ շատ սիրելի ընթերցողներին՝ նրա սեղանին դնելով իմ յաջորդ գիրքը, որը նրան կը պատմի իմ քառասուն տարուայ ամերիկեան կեանքի մասին: Ձեր՝ Հենրիկ Անասեան»:

Այո, Հենրիկ Անասեան, ուրիշ երկրներն ու այլ աշխարհները մեզ համար սոսկ ժամանակաւոր բնակութեան վայրեր են եւ յաջորդ քառասուն տարիներին մենք սպասում ենք քո նորանոր բացայայտումներին՝ իմ ու քո «աշխարհում»:

Բարեկամս, յարգելիդ իմ Հենրիկ, ես հաւատում եմ քեզ եւ սպասում քո նորանոր երաժշտական ստեղծագործութիւններին, նորանոր լուսաւոր ու ժամանակների կապը ամրապնդող գրական-գեղարուեստական հրաշալի գործերին:

Նո՛ր Արշալոյսների…։

 

ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆԵԱՆ

 

Լոս Անճելըս, 1 Յունիս 2017

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ