Յունիսի 22ին ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի սաները՝ տնօրէն Արփի Աւանէսեանի գլխաւորութեամբ հիւրընկալուեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնում:
2016-2017թթ. ուսումնական տարուայ ընթացքում դպրոցի աշակերտութեան կողմից իրականացուեց «Օգնենք սիրիահայութեանը» խորագրով դրամահաւաք, որի հասոյթը՝ 3,000 ԱՄՆ տոլարը, վարժարանի մանկավարժական, աշակերտական կազմը որոշեց տրամադրել Հայաստանում բնակութիւն հաստատած սիրիահայ բազմազաւակ անապահով ընտանիքներին:
Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի «Օգնենք մարդկութեանը արուեստի միջոցով» խմբակի աշակերտները դեռ 2016թ. Ապրիլին տեղի ունեցած քառօրեայ պատերազմի օրերին կազմակերպել էին դրամահաւաք և գոյացած 6,200 ԱՄՆ տոլարը տրամադրել քառօրեայ պատերազմում զոհուած և վիրաւորուած զինուորների ընտանիքներին:
ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի անունից ողջունելով հանդիպմանը մասնակից վարժարանի սաներին և սիրիահայ ընտանիքներին՝ նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆրիդուս Զաքարեանը նշեց, որ ամենակարևորը հայ երեխայի մէջ փոքր տարիքից հայրենակցին օգնելու գաղափարի սերմանումն է: «Այսօր վարժարանի սաների օգնութիւնը տրամադրւում է սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում հաստատուած առաւել կարիքաւոր 8 սիրիահայ բազմազաւակ ընտանիքներին: Շնորհակալ ենք ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի մանկավարժական ողջ կոլեկտիվին և երեխաների ծնողներին, որ ապրելով հեռաւոր ԱՄՆում՝ ամէն ջանք գործադրում են մեր մանուկներին հայեցի դաստիարակելու և կրթելու համար», ասաց նա:
Զաքարեանն ընդգծեց, որ ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը առաջիններից էր, որ միացաւ ՀՀ սփիւռքի նախարարութեան «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» և «Նամակ հայ զինուորին» շարժումներին: «Վարժարանի մանուկների ձեռքով գրուած նամակները հասել են հէնց խրամատներում կռուող հայ զինուորներին: Նրանք կարդացել են, յուզուել և իրենց հերթին իրենց պատասխաններն են գրել վարժարանի սաներին: Այսօր մենք ձեզ ենք փոխանցում հայ զինուորների նամակները, որ վստահ եմ՝ մասունքի նման պիտի պահէք ու պահպանէք», նշեց աշխատակազմի ղեկավարը:
Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման տարբեր բնագաւառներում ծրագրեր իրականացնելու համար ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանը պարգևատրուել էր ՀՀ սփիւռքի նախարարութեան շնորհակալագրով: Ֆիրդուս Զաքարեանը վարժարանի տնօրէն Արփի Աւանէսեանին յանձնեց շնորհակալագիրը:
Շնորհակալութիւն յայտնելով ջերմ ընդունելութեան համար՝ վարժարանի տնօրէն Արփի Աւանէսեանը հաւաստիացրեց, որ երեխաները սիրով և մեծ պատասխանատուութեամբ են վերաբերւում Հայրենիքին և իրենց հայրենակիցներին օգնելու գործին:
«1976թ. հիմնադրուած վարժարանն այսօր ունի 700 աշակերտ: Մեզ մօտ դասաւանդւում է նաև հայոց լեզու, գրականութիւն, մշակոյթ, պատմութիւն, կրօնք, երաժշտութիւն, գործում են հայկական պարի, շախմատի խմբակներ: Ինչպէս ամէն տարի, այս տարի ևս մեր վարժարանի սաներն իրենց երկշաբաթեայ հանգիստն են անցկացնում Հայաստանում՝ այցելելով հայրենիքի տեսարժան վայրեր: Մենք ամէն բան անում ենք, որ մեր սաներն ամենափոքր տարիքից ճանաչեն և սիրեն հայոց լեզուն, Հայրենիքը և իրենց զաւակներին փոխանցեն մեր Ոսկեղենիկ Մայրենին», ասաց Արփի Աւանէսեանը:
Այնուհետև վարժարանի տնօրէնը սաների մասնակցութեամբ հանդիպմանը մասնակից սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչներին յանձնեց հաւաքուած գումարները:
Շնորհակալութեամբ ընդունելով օգնութիւնը՝ սիրիահայ ընտանիքների ներկայացուցիչները նշեցին, որ արդէն 5 տարի Հայաստանում են, հիմնաւորուել են Հայրենիքում, իրենց այստեղ ապահով ու անվտանգ են զգում և չեն պատրաստւում հեռանալ երկրից: Նրանք հաւաստիացրին, որ հեռաւոր ափերում ապրող իրենց հայրենակիցների ուշադրութիւնն ու օգնելու պատրաստակամութիւնն է՛լ աւելի է յուսադրում, Հայաստանում ապրելու և Հայրենիքը շէնացնելու ուժ ու կորով է հաղորդում իրենց:
Վարժարանի ուսուցիչ, նաև «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ դպրոցի տնօրէն Յովհաննէս սարկաւագ Գումրուեանն ընդգծեց. «Մենք մեր բոլոր նախաձեռնութիւններում մշտապէս զգում ենք ՀՀ սփիւռքի նախարարութեան և նախարար Հրանուշ Յակոբեանի անմիջական և գործուն աջակցութիւնը: Դա ուժ և ոգևորութիւն է մեզ հաղորդում նորանոր ծրագրեր իրականացնելու համար»:
Հանդիպման աւարտին ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանի սաները հաւաստիացրին, որ այսօրինակ նախաձեռնութիւնները շարունակական են լինելու, եկող տարի նոյնպէս կը գան Հայրենիք և իրենց օգնութիւնը կը բերեն առաւել կարիքաւոր հայ ընտանիքներին:
ՀՀ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹԻՒՆ