Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

ԹՄՄ 70. «4 սերունդներ. վճռականութեան ոգին» խորագրով ցուցահանդէս-վաճառք Երևանի պատմութեան թանգարանում

Յուլիսի 7ին ՀՀ սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ և Լիբանանում ՀՀ դեսպանութեան հետ համագործակցութեամբ անցկացվող Թէքէեան Մշակութային Միութեան հիմնադիր մարմնի 70ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակներում լիբանանահայ նկարչուհի Լենա Այտընեանի նախաձեռնութեամբ Երևանի պատմութեան թանգարանում բացուեց «4 սերունդներ. վճռականութեան ոգին» խորագրով ցուցահանդէս-վաճառքը:

 Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասեանը, արուեստագէտներ, մտաւորականներ:

Ցուցահանդէսում ներկայացուած էին 4 տարբեր սերունդների ներկայացուցիչներ Սահակ, Արփինէ, Սարին Ոսկեանների, Թանիա և Լենա Այտընեանների, ինչպէս նաև Սելին Չաղլասեանի գեղանկարչական աշխատանքները, մանրաքանդակներ և լուսանկարներ:

Միջոցառումն իրականացւում է նաև ՀՀ սփիւռքի նախարարութեան «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում: Գոյացած հասոյթի մի մասը կը տրամադրուի Արցախեան պատերազմում զոհուած ազատամարտիկների կարիքաւոր ընտանիքներին:

Բացման խօսքով հանդէս եկաւ Թէքէեան Մշակութային Միութեան Լիբանանի տեղական վարչութեան ատենապետ Տոքթ. Վիգէն Ասիլեանը:

Նա շնորհակալութիւն յայտնեց Սփիւռքի նախարարութեանը, Լիբանանում Հայաստանի դեսպանութեանը և Երևանի քաղաքապետարանին` ցուցահանդէսի կայացմանը նպաստելու համար:

Ներկաներին ողջունեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նա շնորհաւորեց լիբանանահայ արուեստագէտներին՝ հայրենիքում նման հետաքրքիր ցուցադրութիւն կեանքի կոչելու համար՝ նշելով. «Արդէն մի քանի օր է, ինչ Լիբանանի շունչն ու ոգին է թևածում Երևանում, երէկ պարոն Վիգէն Ասիլեանի ղեկավարութեամբ  փայլուն համերգ էր կազմակերպուել, լիբանանցի երեխաները կատարեցին հայ երգահանների ստեղծագործութիւնները՝ կամրջելով Հայաստանն ու Լիբանանը, իսկ այսօր 4 սերունդի ներկայացուցիչներ միասին ներկայացնում են իրենց ստեղծագործութիւնները, որոնց միաւորողը հայ մշակոյթն է, լիբանանեան հողում ստեղծագործելու, հայկական արուեստը զարգացնելու ու աշխարհին ներկայացնելու մղումը: Սիրելի՛ լիբանանահայ արուեստագէտներ, ձեր ստեղծագործութիւններում արտացոլուած է գենետիկօրէն ձեզ փոխանցուած սէրը գեղեցիկի, բարձր արուեստի հանդէպ: Այս ցուցահանդէսը վկայում է, որ Սփիւռքում հայկական ինքնութիւնը, հայի տեսակն ու ոգին պահպանելու գործը յուսալի ձեռքերում է: Հայը ամէնուրեք յաղթող պէտք է լինի՝ արուեստում, Արցախի առաջնագծում, թէ գիտութեան ու տնտեսութեան ոլորտներում: Մեր բոլորի համար Հայաստանն է ձգողականութեան, ուժ ու զօրութիւն տուող կենտրոնը»:

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Պէյրութի Սան Ժոզէֆ համալսարանի դեղագործութեան ֆակուլտետի դեկան, արուեստագէտների Այտընեան գերդաստանի ներկայացուցիչ Հերմինէ Այտընեանը:

Սփիւռքում հայապահպանութեանը նպաստելու և հայ մշակոյթը պահպանելու ու զարգացնելու համար նախարար Հրանուշ Յակոբեանը Լենա Այտընեանին յանձնեց Սփիւռքի նախարարութեան պատուոգիր:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ