Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Հայկական կաթնամթերք՝ ֆրանսիական տեխնոլոգիայով

Բարձրորակ պանիր Տաւուշից․ արդէն 3 տարի է այս արտայայտութիւնը յայտնի է հայաստանեան սպառողին։ 2014ից Տաւուշի մարզի Լուսաձոր համայնքում գործող «Էկոտաւուշ» կաթնամթերքի արտադրամասում արտադրւում է 10 տեսակից աւելի պանիր, կարագ, կաթնաշոռ և այլ կաթնամթերք։ Արտադրամասում համատեղում են ֆրանսիական տեխնոլոգիան և հայկական անարատ հումքը։ «Էկոտաւուշը» ոչ միայն ապահովում է հայաստանեան շուկան բարձրորակ մթերքով, այլև զարգացնում է Տաւուշի սահմանամերձ 7 համայնքները՝ աշխատատեղեր ստեղծելով թէ Լուսաձորի արտադրամասում, թէ համայնքային մինի ֆերմաներում, որոնք աշխատում են կոոպերատիւի սկզբունքով։

2011ից «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հովանաւորութեամբ գործարկւում է «Հիմնատաւուշ» գիւղատնտեսական զարգացման հիմնադրամը, որի շրջանակում տարեկան 500 հազար եւրօ գումարի ներդրումներ են արւում գիւղատնտեսութեան ոլորտում։ «Հիմնատաւուշի» հերթական ծրագրերից մէկը հէնց «Էկոտաւուշ» կաթնամթերքի արտադրամասն է։

2017ին Հիմնադրամի արգենտինահայ բարերար Շիմշիրօղլու ընտանիքը, որն իր ներդրումն էր ունեցել արտադրամասի ստեղծման ընթացքում, այցելեց արտադրամաս։ Շիմշիրօղլուները շրջեցին անասնաֆերմայում՝ ծանօթանալով կենդանիների նկատմամբ ցուցաբերուող խնամքին և վերաբերմունքին․ կովերի կթման ընթացքն ուղեկցւում է դասական երաժշտութեամբ։

«Էկոտաւուշը», լինելով բարեգործական նուիրատուութիւնների արդիւնք, նոյնպէս անմասն չի մնում բարեգործութիւնից․ արտադրամասը մանկատներին, սահմանամերձ զօրամասերին, Լուսաձորի և Խաշթառակի մանկապարտէզներին ամէն օր կաթ է մատակարարում։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնադրուել է 1992ին և կոչուած է խթանելու մարդասիրական օգնութիւնը և ենթակառուցուածքների զարգացումը ՀՀում և ԼՂՀում: Հիմնադրամն ունի 25 տեղական մարմին ամբողջ աշխարհում։

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ