Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Թիւեր եւ փաստեր. Նէյմարի տրանսֆերն ու Հայաստանի պիւտճէն

Ֆրանսիական Փարիզ Սէն Ժերմէն ակումբը 263 միլիոն տոլար (222 միլիոն եւրօ) վճարելու է Պարսելոնային պրազիլացի յարձակուող Նէյմարին գնելու համար: Այդ գումարը աւելի լաւ պատկերացնելու համար եկէք համեմատենք Հայաստանի պիւճէտային ծախսերի և տնտեսական ցուցանիշների հետ:

Եւ այսպէս. 2017 թուականի Հայաստանի պիւճէն 2.85 միլիառ տոլար է՝ ընդամէնը 10 անգամ աւելի Նէյմարի տրանսֆերային արժէքից:

Պրազիլացու «արտահանումը» աւելի շատ է, քան Հայաստանի այս տարուայ ցանկացած ամսուայ արտահանումը: Օրինակ, Յունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 186.1 միլիոն տոլար: Ֆութպոլիստի «արտահանումը» հաւասար է Հայաստանի Յունուար և Փետրուար ամիսների արտահանման ընդհանուր գումարին:

ՓՍԺ-ն Նէյմարին ձեռք բերելու համար ծախսել է նոյնքան գումար, որքան Հայաստանի կառավարութիւնը ծախսելու է 2017 թուականին կրթութեան վրայ և ընդամէնը 1.6 անգամ է պակաս Հայաստանի պաշտպանական պիւճէից և 3.2 անգամ պակաս Հայաստանի պիւճէով նախատեսուած սոցիալական ծախսերից:

Փարիզեան ակումբում Նէյմարն ամսական մօտ 3 միլիոն տոլար աշխատավարձ է ստանալու՝ տարեկան 36 միլիոն տոլար, որը մի փոքր աւելի է, քան.

1.     պիւճէով մօր և մանկան բժշկական ծառայութիւններին համար յատկացուող գումարը,

2.     մշակոյթի վրայ ծախսուող միջոցները  

3.     բնակարանային շինարարութիւն և կոմունալ ծառայութիւններին յատկացուած գումարները:

Եւ վերջապէս, Նէյմարի տրասնֆերի համար ծախսուած գումարը հաւասար է Արցախի Հանրապետութեան 2016 թուականի ՀՆԱ-ի 55%ին:

 

 

 

Հայ-ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամը հիմնովին վերանորոգեց եւս մէկ մանկատուն

 

Հայ-ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամը շարունակում է հեռուստամարաթոնների միջոցով գումարներ հաւաքել Հայաստանում գործող մանկատները վերանորոգելու համար: Նոյն հիմնադրամի ջանքերով օրերս Գիւմրիում իր դռներն է բացել ամբողջովին հիմնանորոգուած «Լապտերիկ» մանկապարտէզը:

Այս մասին «Նոյեան Տապան»ի թղթակցի հետ զրոյցում տեղեկացրեց այս օրերին Հայաստանում գտնուող Հայ-ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի նախագահ, «Քաջ Նազար» ամսագրի խմբագիր Յովհաննէս Բալայեանը:

Ըստ նրա՝ 17 տարի առաջ Կլենտէյլում մեկնարկած ամենամեայ հեռուստամարաթոններից հաւաքագրուած գումարներով Հայաստանում արդէն իսկ վերանորոգուել է 9 տարրական դպրոցներ եւ մանկատուներ: Այդ մանկատներում ապահով եւ առողջապահական բարձր մթնոլորտի մէջ իրենց առօրեայ կեանքն են վայելում 2000ից աւելի 3ից մինչեւ 12 տարեկան (նախկինում անապահով) երեխաներ:

«17 տարի առաջ Հայաստանում ապրող փոքրիկներին օգնելու նպատակով հեռուստամարաթոն սկսելու գաղափարն ինձ տուեց Հայաստանում «Ֆիլհարմոնիկ կազմակերպութեան» նախագահ, լուսահոգի Լաէրտ Մովսիսեանը: Այդ ժամանակ առաջին անգամ հեռուստաեթերում հանդէս եկայ հայ փոքրիկներին օգնելու կոչով, որին ի զարմանս ինձ՝ շատ ամերիկահայեր միացան, արդիւնքում՝ հաւաքուեց 17 հազար դոլար», ասաց Յ. Բալայեանը՝ ընդգծելով, որ Հայ-ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամն Ամերիկայի կառավարութեան կողմից ճանաչուել է իբրեւ ոչ հասութաբեր (Non-profit org.) հետապնդող կառոյց:

«Նրանք ուսումնասիրեցին մեր կազմակերպութեան գործունէութիւնը եւ տեսան, որ մենք աշխատում ենք թափանցիկ եւ արդար, իսկ հանգանակուած գումարները ծառայում են նպատակին: Սա կարեւոր է, քանի որ շատ սխալ բաներ էլ են տեղի ունենում. մարդիկ կան, որոնք չարաշահում են օգնութիւն տրամադրողների վստահութիւնը», փաստեց հիմնադրամի նախագահը:

Յ. Բալայեանի փոխանցմամբ՝ 2008 թուականին Հայաստանում առաջին վերանորոգուած մանկատունը Խարբերդի մանկատունն է, արդիւնքում եռայարկ շինութիւնն այսօր հիմնովին վերանորոգուած է:

Հայ-ամերիկեան ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների բարեգործական հիմնադրամի ջանքերով հիմնանորոգուել է Գիւմրիում «Էյլիթիա» ուսումնական հաստատութեան կից երկյարկանի շէնքը, որը Յովհաննէս Բալայեանի առաջարկութեամբ եւ Գիւմրիի քաղաքապետ Սամուէլ Բալասանեանի համաձայնութեամբ անուանակոչուել է «7 Հրեշտակաց մանկատուն» ի յիշատակ 2015 թուականի Յունուարի 12-ին  սպաննուած Աւետիսեանների ընտանիքի անմեղ զոհերի: Հիմնադրամի նախագահի փոխանցմամբ «7 Հրեշտակաց մանկատանը» յաւելեալ օգնութիւն է ցուցաբերուել նաեւ մահճակալների եւ խոհանոցային պարագաների տեսքով:

«Ամէն տարի Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ հիմնադրամի կողմից վերանորոգուած մանկատների ինչպէս նաեւ բազում տարբեր մանկատների եւ տարրական դպրոցների սաները մէկ օր անցկացնում են Արամ Խաչատրեան համերգասրահում, շուրջ 4-5000 երեխաներ մասնակցում են տարբեր հանդէսների, իսկ մեր կազմակերպութեան Ձմեռ Պապն ու Ձիւնանուշն ամանորեայ տօներին ընդառաջ այցելում են սահմանամերձ բնակավայրեր եւ նուէրներ յանձնում այնտեղ բնակուող երեխաներին», նշեց Յ. Բալայեանը՝ շեշտելով. «Ճիշդ է, այդ նուէրներն այդքան էլ մեծ բան չեն իրենցից ներկայացնում, բայց թէկուզ մէկ կոնֆետն այդ երեխաներին ստիպում է ուրախանալ, իսկ մեզ հոգեպէս հանգիստ լինել»:

Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ մանկատներ կան, որոնք գտնւում են անմխիթար վիճակում եւ դեռ պէտք է վերանորոգուեն մեր  հիմնադրամի ջանքերով կամ տարբեր կազմակերպութիւնների միջոցով:

Յ. Բալայեանի համար ցաւալի է, որ հայաստանեան իշխանութիւնները լուրջ ուշադրութիւն չեն դարձնում մանկատներում ապրող երեխաներին:

Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ ունեւոր մարդիկ կան, որոնց համար չնչին գումար է մանկապարտէզի կամ որեւէ դպրոցի վերանորոգումը:

«Այս երեխաները մեր ապագան են. եթէ ուսումնասիրենք պատմութիւնը, ապա կը տեսնենք, որ մեր ժողովրդի ամենամեծ տաղանդներն աղքատ եւ անապահով ընտանիքներից են դուրս եկել. ես համոզուած եմ, որ այս երեխաների մէջ նոյնպէս Վիկտոր Համբարձումեաններ, Պարոյր Սեւակներ, Արամ Խաչատրեաններ կան, դրա համար էլ ես իմ ամբողջ ուշադրութիւնը սեւեռում եմ այս երեխաների վրայ», ընդգծեց բարեգործական հիմնադրամի նախագահը:

Վերջինիս պնդմամբ՝ Հայաստանում բացակայում է վստահութեան մթնոլորտը պատկան մարմինների եւ իշխանութիւնների նկատմամբ, ինչն իր բացասական ազդեցութիւնն է ունենում ամերիկահայերի կողմից հանգանակութիւններ կատարելու վրայ: Ամերիկահայութիւնը շատ լաւ գիտի, որ Հայաստանում էլ կան մեծահարուստներ, ովքեր նման նախաձեռնութիւններով հանդէս չեն գալիս, աւելին՝ շահագրգռուած են միայն անձնական շահոյթ ստանալով, ուստի որոշ ամերիկահայեր չեն ցանկանում օգնել: Հաւատացէք, դրսից միլիարդներ կը թափուի այս երկիրը, սակայն առայժմ վստահութեան մթնոլորտի բացակայութիւնը խանգարում է շատ ամերիկահայերի նիւթական աջակցութիւն ցուցաբերել Հայաստանին: Սփիւռքը պէտք է տեսնի, որ Հայաստանն առողջ երկիր է, որ այստեղ ուղարկուած գումարը ծառայում է նպատակին, այդ դէպքում շատերը կը գան Հայաստան կամ ցանկութիւն կ՚ունենան օգնելու»:

Անդրադառնալով Հայաստանում առկայ առաջնահերթ խնդիրներին սփիւռքահայերի աչքերով՝ Յ. Բալայեանը շեշտեց, որ ունենալով հնադարեան պատմութիւն եւ շատ տեսարժան վայրեր, այնուամենայնիւ Հայաստանը չի հետաքրքրում օտարերկրեայ զբօսաշրջիկներին, քանի որ այստեղ չկայ յարմարաւէտութիւն, նորմալ հանգիստ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

«Չհաշուած որոշ բացառութիւններ, Երեւանից դուրս գտնուող ճանապարհները խայտառակ վիճակում են: Հիւսիս-հարաւ մայրուղին հսկայական նշանակութիւն կարող է ունենալ Հայաստանի համար, ափսոս որ շատ դանդաղ է կառուցւում: Երեւանը դարձրել են հիւրանոցների, խաղատների, ճաշարանների, գիշերային «հաճոյալից» ակումբների քաղաք:

Թուրիզմ գրաւելու ամենակարեւոր պայմաններից են Ա) Հանգիստ ասֆալտապատ ճանապարհներ, Բ) Հանգստեան վայրեր, ներառեալ զուգարաններ:

Ցաւօք սրտի, վերոյիշեալ շատ կենսական հարցերը անտեսուած են, եւ անվերջ այդ ուղղութեամբ թուրիստները իրենց դժգոհութիւններն են յայտնում:

Օրինակի համար, Արագածի գագաթ բարձրացող բարւոք ճանապարհը կը նպաստէր Հայաստանի այդ գեղատեսիլ վայրը բազմահազար զբօսաշրջիկների այցելութիւնը, սակայն, աւաղ, այս ճանապարհը եւս ողբալի վիճակում է: Անձամբ փորձեցի:

Շրջաններում գտնուող հնադարեան վանքերի  վերանորոգումը թողած՝ Երեւանում արհեստական եկեղեցիներ են կառուցւում: Հայաստանը միայն Երեւանը չէ, մինչդեռ Հայաստանի հեռաւոր շրջաններում գտնուող վանքերը վերանորոգելով, մենք զբօսաշրջիկների հոսք կարող ենք ապահովել այդ վայրերը՝ այդպիսով նպաստելով նաեւ գիւղացիների կեանքի որակի բարելաւմանը», եզրափակեց Յովհաննէս Բալայեանը:

 

 

ԷԼԻԶԱ ԶԱԽԱՐԵԱՆ

«Նոյեան Տապան»

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ