Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

«Սթալինն ուզում էր վերադարձնել հայկական հողերը»

Մոսկուան փորձում է կանխել Armexit-ը   

 

Ռուսական «Կոմսոմոլսկայա Պրաւդան» յօդուած է հրապարակել, որում պնդում է, որ իբր 1945 թուականի Օգոստոսին Սթալինը մտադիր էր «վերադարձնել պատմական հայկական հողերը», դուրս գալ Բոսֆոր եւ Դարդանէլ, սակայն Նագասակիի վրայ նետուած ամերիկեան ռումբը խանգարել է: Հեղինակները ենթադրում են, որ ԱՄՆ-ն Ճափոնիայի վրայ ռումբ է նետել, որ Ստալինին զգուշացնի՝ եթէ յարձակում սկսի հայկական հողերի վրայ, ռումբը կարող են այնտեղ էլ նետել:

Յօդուածն ակտիւօրէն տիրաժաւորւում է ռուսական եւ ատրպէյճանական լրատուամիջոցներում: Միայն կռահել կարելի է, թէ ինչու են 2017 թուականին յիշել Սթալինի չիրականացուած «մտադրութիւնը»: Այնպիսի տպաւորութիւն է, որ ռուսական տարբեր ատեաններ պատասխանում են հայկական ինչ-որ պահանջների՝ լինեն բացայայտ, թէ լատենտ՝ փորձելով «արդարացնել» Մոսկուային եւ կանխել Հայաստանի հեռանալը:

Գնալով աւելի շատ ռուս փորձագէտներ են խօսում, որ Հայաստանը մտադիր է «հեռանալ» ռուսական ազդեցութիւնից: Դա կապուած է ինչպէս ԵԱՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցութեան առաջարկի, այնպէս էլ Ատրպէյճանին ռուսական զէնքի վաճառքից Հայաստանի դժգոհութեան ալիքի, Թուրքիային ռուսական C 400-ի մատակարարման պայմանաւորուածութեան, Եւրասիական Միութեան ու ՀԱՊԿ-ի անմխիթար վիճակագրութեան հետ:

Դատելով հայաստանեան հանրային հռետորաբանութիւնից՝ Ռուսաստանի «անայլընտրանքայնութեան» ժամանակներն անցել են, եւ շատերը պարզապէս պահի են սպասում, երբ հնարաւոր կը լինի «պոկուել»:

Մոսկվայում դա հիանալի հասկանում են, այդ պատճառով հակափաստարկներ են որոնում: Օրինակ, Սթալինը ցանկանում էր ազատագրել հայկական հողերը, սակայն ամերիկացիները ռումբ նետեցին Հիրոսիմայի վրայ: Միւս փաստարկներն արդէն չեն գործում:

Եթէ ռուս փորձագէտները փորձում են հակափաստարկներ գտնել, ապա ատրպէյճանական լրատուամիջոցներն ակնյայտօրէն հայ-ռուսական «գողական» սկանդալ են սադրում: Գրեթէ ամեն օր ատրպէյճանական լրատուամիջոցները հրապարակում են տարբեր քաղաքագէտների կարծիքներ, որոնք ասում են, որ Հայաստանը «դաւաճանում» է Ռուսաստանին բոլոր «պանեատներով»: «Դաւաճանութիւն» է համարւում սեփական շահերի պաշտպանութիւնը: Ատրպէյճանական լրատուամիջոցները կարծես թէ փորձում են ցասում առաջացնել խաբուած «պախանի» մօտ եւ այն ուղղել Հայաստանի վրայ:

Դժուար է ասել, թէ Հայաստանի ղեկավարութիւնը ինչ է խոստացել Ռուսաստանին եւ արեօք յաւերժ հաւատարմութեան երդում է տուել, սակայն հայ հանրութիւնը ոչ մի երդում չի տուել, հետեւաբար ոչ ոքի էլ չի դաւաճանում: Հայ հանրութիւնն աստիճանաբար ձեւաւորում է իր շահը եւ սկսում ռացիոնալ հնչեցնել այն:

Ինչ վերաբերում է Սթալինին, ապա ռուս սահմանապահները դեռ հսկում են հայ-թուրքական սահմանը որպէս «ԱՊՀ արտաքին սահման», եւ Ռուսաստանը չի պատրաստւում չեղարկել Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը: Կարիք չկար, որ Սթալինն ազատագրէր Հայաստանը, բաւարար կը լինէր այդ պայմանագրերի չեղարկումը, առաւել եւս, որ Թուրքիան պարտուած պետութիւն էր Երկրորդ աշխարհամարտում:

ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

Lragir.am

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ