Այս օրերին «Կլենտէյլ Ատվենդիստ» բժշկական կենտրոնը «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համագործակցութեամբ արդէն երրորդ տարին անընդմէջ պատրաստւում է իրականացնել բժշկական առաքելութիւն Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ շրջաններից մէկի՝ Տաւուշի մարզի Նոյեմբերեան քաղաքի հիւանդանոցում։
Նախաձեռնութիւնը դեռեւս սկսուել է 2015 թուականի Մայիսին, երբ «Կլենտէյլ Ատվենդիստ» բժշկական կենտրոնի տնօրէն Քեվին Ռոբերթսը մի խումբ բժիշկների եւ «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ այցելում են Նոյեմբերեան քաղաք՝ ուսումնասիրելու տեղւոյն հիւանդանոցը։ Նոյն տարուայ Հոկտեմբեր ամսին իրականացւում է առաջին բժշկական առաքելութիւնը քոյր քաղաքի հիւանդանոցում։
Զարմանալի չէ այն փաստը, որ 31 նուիրեալ մասնագէտների մասնակցութեամբ իրականացուեց Ատվենդիստի բժշկական առաքելութիւնը, ներառելով իր մէջ եւ հանդէս գալով հանրութեանը բազմատեսակ ծառայութիւններով։
Կամաւորական այս խումբը իր մէջ որդեգրել եւ պարտաւորուել է տրամադրելու բարձրագոյն որակի եւ խնամքի ծառայութիւններ, առողջական խնդիր ունեցող, երբեմնի յուսահատ, երկրի այս սահմանահատուածում բնակուող հայրենակիցներին։ Մեր խմբի իւրաքանչիւր անդամ ոգեւորութեամբ էր լցուել դէպի այս վեհ, հաստատակամ եւ հայրենանպաստ գաղափարը։
Վիրահատական ծառայութիւնը, որը հանդիսանում է ծրագրի ամենակարեւոր բաղադրիչներից մէկը, 2015 թուականի Հոկտեմբերին իրականացնում է 35 վիրահատութիւն մէկ շաբաթուայ ժամանակահատուածում, ինչպէս նաեւ 800ից աւելի հայրենակիցներ զննւում, ախտորոշւում եւ ստանում են համապատասխան դեղորայք։ Մօտաւորապէս երեք տոննա վիրաբուժական, վիրահատական գործիքներ, բժշկական պիտոյքներ, դեղորայք, ընդհուպ մինչեւ անգամ վիրահատութեան երկու անզգայացման մեքենաներ եւ երկու շտապ օգնութեան մեքենայ է տրամադրւում հիւանդանոցին։ Սոյն մեքենաներից առաջինը նուիրաբերել է «Կլենտէյլ Ատվենդիստ» բժշկական կենտրոնը, իսկ երկրորդը բարերար Անդրանիկ Պաղտասարեանը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտեան Շրջանի տեղական մարմնի միջոցաւ։
Աւելացնեմ եւս այն, որ խմբի իւրաքանչիւր անդամ գիտակցելով, անձնուիրաբար տրամադրում է իր ժամանակը, դրամը, ծրագիրը իրականացնելու այս վեհ գաղափարը։
Անցած տարուայ՝ 2016 թուականի Հոկտեմբերին բժշկական կամաւորական խումբը հերթական այցելութիւնն է իրականացնում Նոյեմբերեանի հիւանդանոցում, այս անգամ տրամադրելով 170,000 միաւոր դեղորայք։ Տաւուշի աւելի քան 30 գիւղերի բնակիչներին տրամադրուել է բազմատեսակ բժշկական ծառայութիւններ, լինի դա վիրահատական ծառայութիւններ, սրտաբանական, օրթոպեդիկ, ոսկրային, ընդհանուր ներքին հիւանդութիւնների, աչքի-ակնաբուժութեան։
Այս չափանիշներով եւ ծաւալով բժշկական առաքելութիւն դեռ չէր գրանցուել Հայաստանի պատմութեան ընթացքում։
Նոյեմբերեան գտնուելու այդ մէկ շաբաթուայ ժամանակահատուածում բժիշկները, բուժքոյրերը եւ ընդհանուր առմամբ բոլոր կամաւորները աշխատում էին քրտնաջան, ջանասիրաբար, երկար ժամեր, վաղ առաւօտից մինչեւ ուշ երեկոյ։
2016 թուականի Հոկտեմբերին եւս իրականացւում են 110-ից աւելի վիրահատութիւններ, 1,700 քաղաքացի զննւում եւ բացայայտւում է տարբեր բժշկական ախտորոշումներով եւ ըստ այնմ տրամադրւում դեղորայքով։
Տեսնելով մեր հայրենակիցների յուսահատ առողջական վիճակը, բայց եւ այնպէս վայելելով նրանց սէրն ու ջերմ յարգանքը, մենք զինուել էինք այցելութիւնները շարունակական դարձնելու գաղափարով։
Աւարտելով իմ խօսքը, կոչ եմ անում մեր համայնքին զօրավիգ կանգնել մեր այս հայանպաստ գաղափարին եւ զանգահարել «Կլենտէյլ Ատվենդիստ» Առողջապահական Հիմնադրամին հետեւեալ հեռախօսահամարով՝ 818 409-8055։
ԿԱՐԻՆԷ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Կլենտէյլ Ատվենդիստ»
բժշկական կենտրոնի վերահսկիչ