Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

Վերլուծութիւն. ԱՄՆ-ն Հիւսիսային Քորէայի դէմ. կը յաղթի Չինաստանը

Հիւսիսային Քորէայի շուրջ  այսօրուայ իրավիճակը յիշեցնում է 1962-ի քուպայական ճգնաժամը։ Սակայն այն ապոկալիպտիկ իրավիճակն ունէր այսօրուայ իրողութիւնների համեմատ մէկ մեծ առաւելութիւն. Ճոն Քենետին, Նիկիտա Խրուշչովն ու Ֆիտէլ Քասթրոն սթափ դատող, ողջամիտ արարածներ էին։ Նոյնը չի կարելի ասել Հիւսիսային Քորէայի շուրջ ստեղծուած ճգնաժամի երկու գլխաւոր հերոսների՝ Տանըլտ Թրամփի ու Քիմ Չէն Ինի մասին։ Այս մասին Huffington Post-ում գրում է “The American Prospect” ամերիկեան ամսագրի խմբագիր, լրագրող Ռոբերտ Քութները։

Նրա խօսքով, ԱՄՆ-ն հնարաւոր է ունի զինանոց, որպէսզի կատարի Թրամփի սպառնալիքն ու «կրակ ու բարկութիւն» թափի Հիւսիսային Քորէայի գլխին, բայց Քիմի տրամադրութեան տակ են միլիոնաւոր հարաւաքորէացիներ, որոնք կը սպաննուեն մինչեւ Քիմին չէզոքացնելը։ «Փոխադարձ էսկալացիայի այս խաղում սթափ դատող կողմը Չինաստանի նախագահ Սի Ցինփինն է։ Հիւսիսքորէական տնտեսութիւնը զգալիօրէն կախուած է Չինաստանից, բայց Չինաստանը դեռ չի դրսեւորել իր տնտեսական լծակները Քիմի նկատմամբ օգտագործելու ձգտում»,-  գրում է վերլուծաբանը։

Նրա խօսքով՝ Չինաստանը բարդ խաղ է խաղում, որտեղ նրա անվտանգութեան շահերը չեն պահանջում արմատական փոփոխութիւններ քորէական թերակղզում աշխարհաքաղաքական ստատուս քոյի հարցում, քանի որ Փեքինի տնտեսական շահերը պահանջում են, որ ԱՄՆ-ն չկարողանայ պատասխանել մտաւոր սեփականութեան սիստեմատիկ գողութեանը, որը զգալիօրէն վնասում է ԱՄՆ-ի տնտեսութեանը։ Խնդիրն այն է, որ Չինաստանը իր ձեռքերում է պահում խաղաքարտերի մեծ մասը։ Եթէ Չինաստանին յաջողուի Քիմին յորդորել հրաժարուել հրթիռների արձակումից, Թրամփը պարտաւոր կը լինի ընդունել գործարքի համար Փեքինի պայմանները։

Ըստ յօդուածագրի՝ այս իրավիճակում ԱՄՆ-ից պահանջւում է զգուշաւորութիւն, այլ ոչ թէ Թրամփի իմպուլսիվ պահուածքը։

«Քիմի սպառնալիքներն օգտակար են Չինաստանի համար, քանի որ դրանք ուժեղացնում են Ուաշինկթընի վրայ Չինաստանի ազդեցութեան լծակները՝ որպէս Փեքինի օգնութեան համար ենթադրուող գին։ Չինաստանը պատճառներ չունի չափից արագ զսպել Քիմին կամ էլ չափից համեստ գին պահանջել դրա դիմաց»,-  գրում է Քութները։

Հեղինակը նշում է, որ չնայած այս շաբաթ հնարաւոր է միջուկային զէնքի գործածում, ԱՄՆ գլխաւոր հրամանատարը զարմանալիօրէն տուն չի վերադառնում արձակուրդից եւ քաղաքականութիւնը վարում է մամուլի համար մեկնաբանութիւնների, հեռախօսազանգերի ու թուիթների միջոցով՝ կոլֆ խաղալու ընդմիջումներին։

«Հնարաւոր է Թրամփը կը հասկանայ, որ Հիւսիսային Քորէայի հետ աղէտալի պատերազմից խուսափելու գինն այն է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դառնում է Չինաստանի յաճախորդ երկիրը»,- եզրակացնում է յօդուածագիրը՝ յաւելելով, որ միջուկային զէնքի գործածման հաւանականութիւնն այսօր աւելի լուրջ է, քան երբեւէ՝ 1962-ի Հոկտեմբերից յետոյ։ 

 

news.am

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ