Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Հարցազրոյց ԱՄԷի եւ Քաթարի մէջ ՀՀ դեսպան՝ Գեղամ Ղարիբջանեանի հետ Ապու Տապիի խոշորագոյն ընկերութիւններից մէկը պատրաստւում է մեծածաւալ ներդրումներ

Ապու Տապիի խոշորագոյն ընկերութիւններից մէկը պատրաստւում է մեծածաւալ ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին «Արմենփրէս»ի հետ զրոյցում նշեց Արաբական Միացեալ Էմիրութիւններում և Քաթարի պետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գեղամ Ղարիբջանեանը` անդրադառնալով երկու երկրների յարաբերութիւններին, առաջիկայ անելիքներին, հայ համայնքի դերին:

– Պարոն Ղարիբջանեան, ինչպէ՞ս կը բնութագրէք Հայաստան-ԱՄԷ յարաբերութիւնների ներկայ մակարդակը: 

– Հայաստան-ԱՄԷ երկկողմ յարաբերութիւնները գտնւում են բարձր մակարդակի վրայ: Վերջին մի քանի տարուայ մէջ տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և ճանաչողական բնոյթի փոխայցեր: Կողմերի միջև պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ, խորհրդակցութիւններ ինչպէս երկկողմ, այնպէս էլ տարածաշրջանային հարցեր քննարկելու առումներով: Երկկողմ յարաբերութիւններում կարևորագոյն իրադարձութիւնը 2016թ. Նոյեմբերի 9-10ը  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի ԱՄԷ կատարած պաշտօնական այցն էր: Իսկ այս տարուայ Մարտի 21-22ին ՀՀ Նախագահը ժամանեց ԱՄԷ աշխատանքային այցով և ելոյթով հանդէս եկաւ ԱՄԷ-Հայաստան պիզնես ֆորումի բացման ժամանակ:

 

-Ի՞նչ ձեռքբերումներ կ՚առանձնացնէք հայ-էմիրաթական դիւանագիտական յարաբերութիւններում վերջին շրջանում:

-Ինչպէս արդէն նշեցի նախորդ տարուայ Նոյեմբերին և ս.թ. Մարտին ՀՀ Նախագահն այցելեց ԱՄԷ: Կարծում եմ, որ նշուած այցերի ժամանակ տեղի ունեցած հանդիպումները, քննարկումները և ձեռքբերուած պայմանաւորուածութիւններ, ինչպէս նաև դրանց իրականացման համար ներկայումս տարուող աշխատանքները հանդիսանում են մեծ առաջընթաց հայ-էմիրաթեան երկկողմ յարաբերութիւններում:

Կը ցանկանայի նշել, որ ՀՀ Նախագահի հրամանագրով այս տարի որոշում կայացուեց ԱՄԷի Տուպայ քաղաքում ՀՀ գլխաւոր հիւպատոսութիւն բացելու վերաբերեալ: ՀՀ դեսպանութիւնն աշխուժօրէն ներգրաւուած է էմիրութիւններում ևս մէկ դիւանագիտական ներկայացուցչութիւն բացելու շուրջ էմիրաթական կողմի հետ տարուող աշխատանքներին: Կարծում եմ, որ առաջիկայում դեսպանութեան և գլխաւոր հիւպատոսութեան համատեղ աշխատանքի շնորհիւ հնարաւորութիւն կ՚ունենանք նոր լիցք հաղորդել հայ-էմիրաթեան քաղաքական և, իհարկէ, տնտեսական յարաբերութիւններին:

Հայկական ապրանքատեսակների մշտական ցուցահանդէս կառուցելու նպատակով, 2016թ. ԱՄԷ Շարժայի կառավարիչը 1300 քմ. տարածք է նուիրաբերել Հայաստանին: Շարժա էմիրութիւնում ՀՀ առևտրաարդիւնաբերական կենտրոն հիմնելու վերաբերեալ նախապէս ձեռքբերուած պայմանաւորուածութեան համաձայն, Շարժայի կառավարիչի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանին փոխանցուել է հողատարածքի գծագիրն ու անհրաժեշտ փաստաթղթերը: Կենտրոնի կառուցման հետ կապուած նախագծային աշխատանքները Հայաստանում աւարտելուց յետոյ, սահմանուած կարգով պէտք է հաստատուի Շարժայի կառավարիչի կողմից:

 

-ԱՄԷն  Հայաստանի համար կարևոր գործընկերներից է, երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցութեան ընդլայնման ի՞նչ հեռանկարներ էք տեսնում:

-2017թ. Մարտի 22ին Ապու Տապիում տեղի ունեցաւ Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողով, որին մասնակցում էին 350 ներդրողներ, որոնցից 250ը ԱՄԷից, իսկ 100ը Հայաստանից: Համաժողովը կազմակերպուել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի և Ապու Տապիի էմիրութեան թագաժառանգ, ԱՄԷ զինուած ուժերի գլխաւոր հրամանատարի տեղակալ Շէյխ Մոհամմէտ Պին Զայէտ Ալ Նահյանի բարձր հովանաւորութեամբ: Համաժողովը նախաձեռնուել էր Հայաստանի զարգացման հիմնադրամի, Հայաստանի արդիւնաբերողների և գործարարների միութեան, Ապու Տապիի Առևտրի պալատի, ԱՄԷում ՀՀ դեսպանութեան կողմից:

Համաժողովի նպատակն էր խթանել Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի աշխուժացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնել Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահաւէտ ներդրումային նախագծերը:

Մասնակիցների թւում էին պետական պաշտօնեաներ, հիմնադրամների ղեկավարներ, միջազգային ընկերութիւնների և կազմակերպութիւնների, Հայաստանում օտարերկրեայ ներդրումների յաջող փորձ ունեցող ընկերութիւնների ներկայացուցիչներ:

 

– Ձեր ունեցած վերջին տուեալներով որքա՞ն է առևտրաշրջանառութեան ծաւալը և արդեօք գոհացուցի՞չ  են առկայ թուերը:

– 2017թ. Յունուար-Յունիսին ՀՀ և ԱՄԷ միջև ապրանքաշրջանառութեան ծաւալը կազմել է՝ արտահանում 27 միլիոն 237.1 հազար տոլար, ներմուծում 101 միլիոն 437.8 հազար տոլար, ըստ ծագման երկրի $31 միլիոն 998 հազար, ըստ առևտուր անող երկրի 69 միլիոն 439.8 հազար տոլար: Ասեմ, որ ներկայացուած թուերը գոհացուցիչ չեն, քանի որ չեն արտայայտում երկկողմ տնտեսական յարաբերութիւններում առկայ ներուժը:

 

– Ինչպէ՞ս էք գնահատում երկու երկրների ներդրումային հնարաւորութիւնները: Նախագահ Սերժ Սարգսեանի` ԱՄԷ կատարած այցելութեան ժամանակ նախանշուեցին մի քանի ուղղութիւններ` գիւղատնտեսութիւն, հիւրանոցաշինութիւն: Ի՞նչ արդիւնքներ կան այս տեսանկիւնից:

– 2017 թ. Մարտի 22ին Ապու Տապիում կայացած Հայաստանին նուիրուած ներդրումային համաժողովի ընթացքում էմիրաթական Օշըն Հոլտինկ ընկերութեան և ՀՀ էներգետիկայի նախարարութեան միջև ստորագրուած փաստաթղթի համաձայն՝ Օշըն Հոլտինկը 100 մլն. տոլարի ներդրում կը կատարի արևային էներգիայի ոլորտում: Նոյն համաժողովի շրջանակներում ևս երկու փաստաթուղթ ստորագրուեց, որոնցից մէկը նոյնպէս վերականգնուող էներգետիկայի ոլորտին է վերաբերւում: Ապու Տապիի խոշորագոյն ընկերութիւններից մէկը պատրաստւում է մեծածաւալ ներդրումներ անել Հայաստանում:

 

– Հայաստանի եւ ԱՄԷի զբօսաշրջութեան զարգացման տեսանկիւնից ի՞նչ հնարաւորութիւններ կան: Արդեօ ՞ք նախանշուած են կոնկրէտ ուղղութիւններ:

– Կարծում եմ, որ զբօսաշրջութեան զարգացման տեսանկիւնից այս տարի արուել են մի շարք կարևոր քայլեր, որոնցից կը ցանկանայի առանձնացնել Հայաստանի կողմից Արաբական Միացեալ Էմիրութիւնների քաղաքացիներին միակողմանի մուտքի արտօնագրից ազատելու որոշումը: Այսուհետ ԱՄԷ քաղաքացիներն առանց մուտքի արտօնագրի կարող են այցելել Հայաստան: Սա ոչ միայն մեծ ձեռքբերում է զբօսաշրջութեան ընդլայնման համար, այլ նաև կարող է նպաստել այլ բնագաւառներում հայ-էմիրաթեան համագործակցութեան խորացմանը:

 

– Անդրադառնանք ԱՄԷում հայ համայնքին, երկրի հասարակական-քաղաքական կեանքում նրա ունեցած դերին: Որքա՞ն է կազմում ԱՄԷում հայերի թիւը, ո՞ր ոլորտներում են նրանք հիմնականում ներկայացուած:

– Այսօր ԱՄԷում բնակուող հայերի թիւը մօտաւոր հաշուարկներով կազմում է 8000-10000 մարդ։ 1980թ. կազմաւորուել են Տուպայի եւ Հիւսիսային էմիրութիւնների եւ Ապու Տապիի Ազգային վարչութիւնները։ Նոյն թուականին սկսել է գործել Շարժայի «Յարութ Օհաննէսեան» մէկօրեայ հայկական վարժարանը։ Ազգային կեանքը ղեկավարւում է թեմական ժողովի միջոցով, որը ղեկավարում է թեմի առաջնորդը։

1998թ. Նոյեմբերի 15ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ձեռամբ տեղի ունեցաւ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու օծման, ինչպէս նաեւ կից համալիրի, դպրոցի եւ հանդիսասրահի բացման արարողութիւնները։

Հայերէն պարբերականներ ԱՄԷում լոյս չեն տեսնում։ Գործող կայքէջերն են emahay.com-ը եւ azad-hay.net-ը։

ԱՄԷում բնակուող հայերի 90 տոկոսը տարբեր պետական եւ մասնաւոր հիմնարկ ֊ձեռնարկութիւնների պաշտօնեաներ են եւ ներգրաւուած են հիմնականում ինժեներա֊շինարարական, ճարտարագիտական եւ տնտեսագիտական ոլորտներում։ Եկեղեցու եւ մէկօրեայ վարժարանների ծախսերը հոգալու համար պարբերաբար կազմակերպւում են հանդէսներ, ազգային-կրօնական հանդիսութիւններ, մշակութային եւ ընկերային ձեռնարկներ, պարահանդէսներ։

2006թ. ԱՄԷ թագաժառանգ Մուհամմէտ Պին Զայէտ ալ Նահայանը յատուկ հրամանագրով Ապու Տապիի այն ժամանակ 500 հոգանոց հայ համայնքին հողատարածք նուիրեց՝ եկեղեցի եւ համայնքային կենտրոն կառուցելու համար։

2014թ. Դեկտեմբերի 12ին Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Ապու Տապիի Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը։ Գործում է նաեւ Արա Խանոյեան կիրակնօրեայ հայկական դպրոցը:

ԱՄԷ գործարար շրջանակներում կան յաջողութիւնների հասած բաւարար թուով հայ բարերարներ, որոնք իրենց մշտական աջակցութեամբ եւ օժանդակութեամբ մեծապէս նպաստում են համայնքային կեանքն առաւել աշխոյժ դարձնելուն։

 

– Արդյո՞ք բարձրաստիճան փոխ այցեր այս տարի ծրագրուած են:

– Մարտի 21-22ին տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային այցը ԱՄԷ: Յուլիսի 18-ին տեղի ունեցաւ ԱՄԷ արտաքին գործերի և միջազգային համագործակցութեան նախարար Շէյխ Ապտալլա Պին Զայէտ Ալ Նահյանի այցը Հայաստան: Նախատեսւում է ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանի այցը Էմիրութիւններ:

 

– Պարոն դեսպան, ի՞նչ է նախատեսուած դեսպանութեան օրակարգում 2017 թուականի համար: Յատկապէս ո՞ր ուղղութեամբ է այժմ ԱՄԷում Հայաստանի դեսպանութիւնն աշխոյժ աշխատանքներ տանում:

– Ինչպէս արդէն նշեցի նախորդ տարուայ Նոյեմբերին և Մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսեանը երկու անգամ այցելեց Արաբական Միացեալ Էմիրութիւններ: ՀՀ Նախագահի և ԱՄԷ վերնախաւի միջև տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռքբերուած պայմանաւորուածութիւնների իրականացումը եղել է և մնում է ԱՄԷում ՀՀ  դեսպանութեան ուշադրութեան կենտրոնում և հէնց այս պայմանաւորուածութիւնների համար տարւում են աշխոյժ աշխատանքներ, որոնք յոյսով եմ շուտով կը բերեն դրական արդիւնքների:

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ