Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Երեւան Տեղի ունեցաւ ամերիկաբնակ մտաւորական Գէորգ Պ. Յակոբեանի «Պատմութիւն իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհան

Սեպտեմբերի 1ին ՀՀ Սփիւռքի նախարարութեան աջակցութեամբ տեղի ունեցաւ ամերիկաբնակ պոլսահայ մտաւորական Գէորգ Յակոբեանի «Պատմութիւն իսթանպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհանդէսը:

Աշխատութեան մէջ հեղինակը ներկայացնում է ոչ միայն իսթանպուլահայ ուսումնական կեանքի պատմութիւնը, այլև մանրամասն տեղեկութիւններ է փոխանցում Իսթանպուլի նախկին ու ներկայ հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարանների մասին: Գիրքը պարունակում է հազուագիւտ լուսանկարների հաւաքածու:

Միջոցառմանը ողջոյնի խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Նախարարը նշեց, որ կարդալով այս աշխատութիւնը՝ միաժամանակ տխրութեան և ուրախութեան պահեր է ապրել: «Պոլսում մենք ունեցել ենք շուրջ 170 վարժարան, որոնցից այսօր գործում է ընդամէնը 16-17-ը: Այս գիրքը մեզ ներկայացնում է մեր վարժարանների, այնտեղի մեր շրջանաւարտ-սաների մասին վիճակագրական ճշգրիտ, թուրքական արխիւներից պեղած տուեալներ, որոնց լրացնելու են գալիս բացառիկ լուսանկարները»,  ընդգծեց Սփիւռքի նախարարը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտութեան ինստիտուտի տնօրէն Ռուբէն Սաֆրաստեանը նշեց, որ գրքի հիմքում հետազօտող պատմաբանի քրտնաջան աշխատանքն է:

ՀՀ ԳԱԱ Պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը կարևորեց այն հանգամանքը, որ հեղինակը խօսելով հայ կրթական մտքի զարգացման մասին՝ սկսել է 1453 թուականից՝ դրանով ապացուցելով, որ հայ կրթական և գիտական միտքը Պոլսում առկայ էր դեռ 15րդ դարից:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի գիտաշխատող Մելինէ Անումեանը ներկայացրեց գրքի բովանդակութիւնը:

Գերաշնորհ Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանը խօսեց պոլսահայ արժեհամակարգի եռոտանու մասին: «Այդ եռոտանու երեք կողմերն են հայ եկեղեցին, հայ վարժարանը և հայ ընտանիքը»:

Գէորգ Յակոբեանի գրքի մասին համապարփակ զեկոյցով հանդէս եկաւ Խ. Աբովեանի անուան հայկական պետական Մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագոյն գրականութեան ամպիոնի վարիչ Սուրէն Դանիէլեանը: Նա ընդգծեց, որ այս աշխատութեամբ առաջին անգամ ամբողջացւում է պոլսահայ կրթական կեանքի պատմութիւնը: «Գէորգ Յակոբեանն այսպիսով իր կեանքի գիրքն է գրել՝ համադրելով փաստեր և արխիւային նիւթեր և դառնալով մեր կրթամշակութային կեանքի գլխաւոր յուշագրողը»:

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջեանը նշեց, որ գրքի շնորհադէսի օրը` Սեպտեմբերի 1ը, խորհրդանշական է, քանի որ ազդարարուեց հազարաւոր հայ մանուկների մուտքը կրթօջախներ:

ԵՊՀ Արևելագիտութեան ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբէն Մելքոնեանը շեշտեց, որ Թուրքիայի տարածքում հայերն ունեցել են նաև մշակութային ցեղասպաութիւն և մեզ համար Գէորգ Յակոբեանի աշխատութիւնն ունի թէ՛ գիտական և թէ՛ քաղաքական նշանակութիւն:

Այնուհետև ելոյթ ունեցաւ հեղինակը՝ Գէորգ Յակոբեանը՝ նախ նշելով, որ 25 տարուայ բացակայութիւնից յետոյ առաջին անգամ գալով հայրենիք, ուրախութեան պահեր է ապրել՝ տեսնելով գեղեցկացած Երևանն ու Հայաստանը: «Իրականացաւ իմ մեծագոյն երազանքը՝ Հայաստանում ես ներկայացնում եմ 20 տարիների իմ աշխատանքի պտուղը: Շնորհակալ եմ ազնուափայլ տիկին նախարարուհուն, ով նախաձեռնեց իմ գիրքը Հայաստանի և աշխարհասփիւռ հայութեանը ճանաչելի դարձնելու գործը», նշեց հեղինակը: Նա շնորհակալութիւն յայտնեց նաև քրոջը՝ Մաքրուհի Յակոբեանին, Մայտա Սարիսին և բոլոր նրանց, ովքեր գործուն աջակցութիւն ունեցան գրքի լոյս աշխարհ գալու աշխատանքներում:

«Գնահատանքի այսպիսի երջանիկ պահեր ապրելուց յետոյ ես կը ստանձնեմ իմ երկրորդ աշխատութիւնը ամբողջացնելու գործը», իր խօսքը եզրափակեց Գէորգ Յակոբեանը:

Հանդիպման աւարտին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը Գէորգ Պ. Յակոբեանին պարգևատրեց «Մայրենիի դեսպան», Մաքրուհի Յակոբեանին՝ «Ուիլիըմ Սարոյեան» մետալներով, իսկ Մայտա Սարիսին՝ ՀՀ Սփիւռքի նախարարութեան պատուոգրով:

 

Յապաւումներով

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ