Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողով

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն»

Սեպտեմբերի 5ին տեղի ունեցաւ ՀՀ Սփիւռքի նախարարի մամուլի ասուլիսը՝ Սեպտեմբերի 18-20ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն» Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովի վերաբերեալ: Համաժողով անցկացւում է Մայիսեան յաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման 100ամեակին, ինչպէս նաև Էրեբունի-Երևանի 2800ամեակին ընդառաջ:

Ողջունելով լրագրողներին՝ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը նշեց, որ համաժողովները համահայկական միասնական ամենամեծ հարթակն են, ազգային ներուժի համախմբման և դրա արդիւնաւէտ կիրառմանը նպաստող բացառիկ իրադարձութիւններ են, որոնց ընթացքում ճշգրտւում են առաջնահերթութիւնները, ուրուագծւում են սփիւռքեան, համահայկական գործունէութեան օրակարգը, ձևաւորւում է հայաստանակենտրոն համազգային հայեցակարգ, ազգային հզօր լիցք են հաղորդում մասնակիցներին:

«Համաժողովի անցկացման ժամկէտը և օրակարգը որոշուել են դեռևս 2014 թուականին՝ Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովի արդիւնքների ամփոփման ընթացքում: Ի տարբերութիւն նախորդ համաժողովների՝ 6րդ համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնայատկութիւններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացուել են 4 գլխաւոր ուղղութիւններ, որոնց կազմակերպման համար ընտրուել են պատասխանատու գերատեսչութիւններ՝  Պաշտպանութեան, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփիւռքի  նախարարութիւնները:

6րդ համաժողովի մէկ այլ առանձնայատկութիւնը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն է: Առաջին կլոր-սեղանին քննարկման կը դրուեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևաւորման սկզբունքների վերաբերեալ: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նուիրուելու է Հայաստանի առաջին Հանրապետութեան հռչակման և Մայիսեան հերոսամարտերի 100ամեակի, ինչպէս նաև Էրեբունի-Երևանի 2800ամեակի տօնակատարութիւնների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին: Համաժողովին Սփիւռքից արդէն իրենց մասնակցութիւնն են հաստատել աւելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից:

Համաժողովի ընթացքում կը ներկայացուեն նախորդ՝ հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդիւնքում ձևաւորուած ծրագրերի իրագործման ուղղութեամբ կատարուած աշխատանքները, ի մի կը բերուեն բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կը վերածուեն ծրագրերի և կեանքի կը կոչուեն», յաւելեց նախարարը:

Անդրադառնալով Հայաստան-Սփիւռք գործակցութեան ներկայ արդիւնքներին՝ նախարարը շեշտեց մասնագիտական ընկերակցութիւնների կազմաւորումը, համահայկական շատ միջոցառումներ (հաւաքներ, փառատօններ, մարզախաղեր), նոր համահայկական շարժումների սկզբնաւորումը՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար», սահմանապահ գիւղերի սոցիալական աջակցութեան ծրագիր-շարժումը, Հայկական առևտրային ցանցի, Մէկ պատուհանի սկզբունքով գործող կառոյցի, Երկքաղաքացիութեան ինստիտուտի ձևաւորումը և այլն:

Հայաստան-Սփիւռք 6րդ համաժողովի Paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացուած են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի և լրագրողների հաւատարմագրման, կազմակերպիչների և հովանաւորների մասին տեղեկութիւններ:

Կը գործի ուղիղ տեսակապ լիագումար նիստերից: 

Ասուլիսի վերջում ՀՀ Սփիւռքի նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա մասնաւորապէս նշեց. «Համահայկական խորհուրդը պէտք է լինի խորհդատուական մարմին: Սփիւռք ունեցող շատ երկրներ ունեն նմանատիպ մարմիններ: Խորհուրդը միտուած է լինելու Սփիւռքի մտաւոր ներուժը համախմբելուն և կազմակերպելուն: Պէտք է կարողանանք Սփիւռքի ներուժի օգտագործման արդիւնաւէտ ձևը գտնել: 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ