Չորեքշաբթի, Հոկտեմբեր 30, 2024

Շաբաթաթերթ

ՀԱՅՐԵՆԻՔ – ՍՓԻՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ, ԵՐԵՒԱՆ, 18-20 ՍԵՊՏԵՄԲԵՐ 2017. «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն եւ պատասխանատուութիւն»

Բացում

Սեպտեմբերի 18ին Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Հայաստան-Սփիւռք 6րդ համահայկական համաժողովը:

Լիագումար նիստում բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Համաժողովի մասնակիցներին իր օրհնութեան խօսքը բերեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ելոյթ ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը: Ներկաներին ողջունեց Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը:  Օրհնութեան խօսքով հանդէս եկաւ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը:

«Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն» Հայաստան-Սփիւռք վեցերորդ համահայկական համաժողովին մասնակցում է աւելի քան 1800 ներկայացուցիչ: Ընդլայնուել է մասնակցութեան աշխարհագրութիւնը, համաժողովին մասնակցում են աշխարհի 71 երկրների հայկական կազմակերպութիւնների ու կառոյցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, տարբեր երկրների պառլամենտների հայազգի պատգամաւորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրուածներ՝ 1500ից աւելի մասնակից, Արցախը ներկայացնում է 40 մասնակիցներից բաղկացած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնից համաժողովին մասնակցում են շուրջ 400ից աւելի  պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Մեծ պատուիրակութիւններ են ժամանել Ռուսաստանից (259), ԱՄՆից (213), Ֆրանսիայից (92),    Լիբանանից (107),  Սիրիայից (44), Իրանից (56),  Արգենտինայից (35), Կանադայից, Թուրքիայից, Վրաստանից: Առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թայլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Միամարի համայնքների ներկայացուցիչներ:

Մասնակիցների 35 տոկոսից աւելին կանայք են, մօտ 20 տոկոսն են կազմում երիտասարդները:

Լիգումար նիստեր

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան ևս 2 լիագումար նիստեր, ինչպէս նաև 4 ուղղութիւններով նախատեսուած 16 թեմատիկ նիստեր՝ նուիրուած Հայաստանի տնտեսութեան զարգացմանը, տարածաշրջանային մարտահրաւէրներին և ազգային անվտանգութեան օրակարգին, արտաքին քաղաքականութեան օրակարգին և Հայոց Ցեղասպանութեան հետևանքների վերացմանը, հայապահպանութեան հիմնախնդիրներին: Թեմատիկ ուղղութիւնների կազմակերպման համար պատասխանատու գերատեսչութիւններն են Պաշտպանութեան, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփիւռքի  նախարարութիւնները:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցան 2 կլոր-սեղան քննարկումներ: Առաջին կլոր-սեղան քննարկումը վերաբերում էր Համահայկական խորհրդի ձևաւորմանը: Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նուիրուած էր Հայաստանի Հանրապետութեան հռչակման և Մայիսեան հերոսամարտերի 100ամեակի, ինչպէս նաև Էրեբունի-Երևանի 2800ամեակի տօնակատարութիւնների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերի քննարկմանը:

Երկրորդ օր

Համաժողովի երկրորդ օրուայ լիագումար նիստում հանդէս եկաւ ՀՀ վարչապետ Կարէն Կարապետեանը «ՀՀ կառավարութեան տնտեսական քաղաքականութեան հիմնադրոյթները» թեմայով:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելոյթ ունեցաւ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյեանը, ապա 4 ուղղութիւնների պատասխանատուները ներկայացրեցին թեմատիկ նիստերի քննարկումների արդիւնքները:

 

Մշակութային միջոցառումներ

– Սեպտեմբերի 16ին Հանքաւանի «Նայիրի սփա ռիզորց» հիւրանոցային համալիրի տարածքում արդէն բացուել է «Նայիրի» երաժշտական այգի-թանգարանը, որտեղ տեղադրուած են հայ երաժշտութիւնը, երգարուեստը, երաժշտական նուագարանները խորհրդանշող բրոնզաձոյլ հարթաքանդակներով 10 արձան:

– Սեպտեմբերի 18ին Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի և բալէտի ազգային ակադեմիական թատրոնում անցկացուեց համերգ՝ նուիրուած Արաքս Մանսուրեանի ստեղծագործական գործունէութեան 50ամեակին:

– Սեպտեմբերի 19ին Կ. Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում նշուեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10ամեակը:

– Սեպտեմբերի 20ին համաժողովի մասնակիցները ներկայ գտնուեցին ՀՀ նախագահի բարձր հովանու ներքոյ տեղի ունեցող «Նայիրի» համահայկական երաժշտական փառատօնի կալա համերգին, որտեղ մեծարուեցին Հայաստանի և Սփիւռքի արուեստի նշանաւոր գործիչներ:

– Սեպտեմբերի 5-29ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Բարձր արուեստ» կերպարուեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ առաջին անգամ կազմակերպւում է «Ընտրանի» ցուցահանդէսը, որտեղ ներկայացուած են 19րդ դարի երկրորդ կէսից մինչև 21րդ դարի սկզբի 24 հայ նշանաւոր արուեստագէտների 30 ստեղծագործութիւնները՝ բացառապէս մասնաւոր հաւաքածուներից:

Նշենք, որ առաջին համազգային հաւաքը տեղի է ունեցել 1999թ. Սեպտեմբերին և կոչուել է Հայաստան-Սփիւռք խորհրդաժողով, 2-րդը՝ 2002թ. Մայիսին, 3-րդ համահայկական խորհրդաժողովը տեղի է ունեցել 2006թ. Սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովները կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, իսկ  2011 և 2014 թուականներին՝ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը:

 

Աղբիւր՝ ՀՀ Սփիւռքի նախարարութիւն

 

 

Հատուածներ՝  ելոյթներէ

 

– Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյեան. «Սիրիահայութիւնն այսօր հայրենիքի ու Սփիւռքի համատեղ աջակցութեան կարիքն ունի»։

– Պաշտպանութեան նախարարի խորհրդական Բաբգէն Վարդանեան. «Արդէն պէտք է մտածել Լեռնային Ղարաբաղի ազատագրուած հողերի բնակեցման մասին»։

– Ամերիկահայ գործարար Ալեք Բաղդասարեան ներդրումներու մասին. «Վստահութիւն պէտք է ներշնչել ժողովրդի մէջ։ Եւ այդ վստահութիւնը պէտք է լինի օրինակներով»։

– Վարչապետ Կարէն Կարապետեան. Նախ և առաջ իմ համոզմունքն է, որ Հայաստանը ունի հսկայական պոտենցիալ։ 

Այսօրուայ աշխարհը, այդ թւում և Հայաստանը, անցնում են կառուցուածքային բարեփոխումների միջով: 

Այսօր մենք ունենք աւելի քան 7 միլիոնանոց սփիւռք: Շատ-շատերը, անկախութիւնից ի վեր, կանգնած են Հայաստանի կողքին, Հայաստանը ներկայացնում են աշխարհի բոլոր ծայրերում, տարբեր ձևաչափերով մասնակցում են մեր երկրի կառուցման գործընթացին: Մենք խորապես շնորհակալ ենք նրանց և գնահատում ենք այդ մօտեցումը:

Պէտք է պայմանաւորուենք մեր հետագայ քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերեալ, գնահատենք մեր թերութիւնները, լաւատեսօրէն նայենք առաջ, տրամադրուենք և յամառ գործենք:

Հայաստանը եւ Սփիւռքը մէկ ամբողջի երկու մասն են՝ միմեանց հետ կապուած պատմութեան մէկ շղթայով, մէկ ճակատագրով:

– Արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալպանտեան. Մի քանի ամսից նշուելու է Ղարաբաղեան շարժման երեսնամեակը։ Յիրաւի նշանակալի մի տարեթիւ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրեայ զարթօնքը, պայքարը յանուն ազատութեան ու արդարութեան, յանուն մեր իրաւունքների պաշտպանութեան, խորհրդանշում է մեր հաւաքական կամքն ու միասնութիւնը։

Ակնյայտ է, որ Ատրպէյճանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: 

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականութեան հետ միասին աներկբայօրէն ամրագրուած է, որպէս Ղարաբաղեան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մէկը: 

Ատրպէյճանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրայեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարուած է հասցնում խաղաղութեան գործընթացին, խորացնում է անվստահութիւնը:

– Գարերգին Բ. Հայրենաբնակ թէ սփիւռքահայ հայրենիքի եւ ազգի հանդէպ կրում ենք նոյն պատասխանատուութիւնը։ Զինուորն ու ծառան ենք հայրենիքին։

– Արամ Ա. Եկէք ըլլանք իրապաշտ ու անկեղծ: Հայաստանը կը պարպուի, իսկ Սփիւռքը կը մաշի։

 

Աշխատավարձքը Հայաստանի մէջ պիտի բարձրանայ 25 տոկոսով

Կառավարութիւնը նպատակ ունի առնուազն 25 տոկոսով բարձրացնել միջին աշխատավարձքը։ Այսպէս յայտարարած է Ռազմավարական նախաձեռնութիւններու կեդրոնի գործադիր տնօրէն, վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրեանը, համահայկական համաժողովին ընաթցքին։

 

Առանց Ցեղասպանութեան ճանաչումին՝ ոչ մէկ բան կը փոխուի Թուրքիոյ մէջ

Թուրքիոյ խորհրդարանի հայազգի պատգամաւոր Կարօ Փայլան Հայաստան-Սփիւռք 6րդ համաժողովին յայտարարած է, թէ առանց առերեսուելու Ցեղասպանութեան հետ, Թուրքիոյ մէջ ո՛չ քրտական հարցը կրնայ լուծուիլ, ո՛չ ալ կրնայ ժողովրդավարութիւն հաստատուիլ։

«Այն հայերը, որոնք մնացին Թուրքիոյ մէջ, լռութեան դատապարտուեցան, սակայն Հրանդ Տինքի առաջնորդութեամբ սկսան խօսիլ անցեալի պահանջքներուն մասին», ըսած է ան։ Ինչպէս որ հարիւր տարի առաջ Արեւմուտքը աչքերը փակեց Ցեղասպանութեան դիմաց, այնպէս ալ հիմա աչքերը կը փակէ մարդկային իրաւանց խախտումներու դիմաց», շեշտած է ան։ Ժողովրդավարութեան պայքարը դժուար է Թուրքիոյ մէջ, որովհետեւ վերջին երկու տարիներուն հոն ազգայնամոլութիւնն է տիրողը, նշած է Փայլան։

«Միայն ժողովրդավար Թուրքիան կրնայ ճանչնալ Ցեղասպանութիւնը, միայն ժողովրդավար Թուրքիան կը բանայ սահմանները  Հայաստանի հետ», եզրափակած է հայազգի պատգամաւորը։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ