Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան պատուիրակութիւնն այցելեց Սփիւռքի նախարարութիւն

Սեպտեմբերի 24ին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց ԱՄՆի «Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան նորընտիր աւագ ատենապետ Կէրի Զամանիկեանին, աւագ դպրապետ Ռիչըրտ Նորսիկեանին, նախկին աւագ սպարապետ Սթիւ Գրաճեանին և կազմակերպութեան հայաստանեան ներկայացուցիչ Գոհար Պալեանին:

Ողջունելով հիւրերին՝ Սփիւռքի նախարարը կարևորեց «Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան հետ սերտ համագործակցութիւնը և կրթական, մշակութային համատեղ ծրագրերի իրականացումը:  Նախարարը մասնաւորապէս նշեց. «Շատ ուրախ եմ, որ եկաք: Մեզ համար մեծ պատիւ է մեր լաւագոյն կազմակերպութիւններից մէկի ներկայացուցիչների մասնակցութիւնը «Հայաստան-Սփիւռք» համաժողովին: Շատ կարևոր է սփիւռքի համախմբումը և մէկտեղումը, միասնականութեան զօրացումը: Սփիւռքում հայկական համայնքը հայ պահելու համար մենք պէտք է օգնենք պահպանել լեզուն, մշակոյթը, հաւատքը, ընտանիքը: Մենք ծրագրեր ենք մշակում, որպէսզի Սփիւռքը աւելի մօտենայ Հայաստանին, Հայաստանն էլ՝ Սփիւռքին»:

Նախարարը ներկայացրեց Սահմանապահ գիւղերին աջակցութեան» ծրագիրը և առաջարկեց 44 գիւղերից ընտրել մէկն ու այն դարձնել «Վարդանանց ասպետներ»ի գիւղ, շէնացնել այն, մանկապարտէզ, դպրոց վերանորոգել, սոցիալական ծրագրեր իրականացնել:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպութեան աւագ ատենապետ Կէրի Զամանիկեանը շնորհակալութիւն յայտնեց նախարարին հանդիպման համար և յաւելեց. «Մեզ համար մեծ պատիւ է ներկայանալ Ձեզ, և ուզում եմ մեր երախտագիտութիւնը յայտնել հրաւէրի համար: Մասնակցեցինք հայապահպանութեանն ուղղուած թեմատիկ նիստերին, զեկուցումները բաւականին ընդգրկուն էին, հետաքրքիր: Հայապահպանութիւնը առաջնահերթութիւն է մեզ համար: Սփիւռքում ձուլումը արագ և դիւրին է, որովհետև երիտասարդութիւնը օտար շրջանակի մէջ է գտնւում, կորցնում ենք լեզուն: Խառնամուսնութիւնները նոյնպէս քայքայում, թուլացնում են համայնքը: Այդ տեսանկիւնից համաժողովում բարձրացուած հարցերը խիստ կարևոր և առաջնային են: Սփիւռքը ուժեղ է Հայաստանով, Հայաստանը՝ Սփիւռքով: Մեծ սիրով և պատրաստակամութեամբ ընդունում ենք սահմանապահ գիւղերին աջակցութեան Ձեր առաջարկը»:

Կազմակերպութեան աւագ դպրապետ Ռիչըրտ Նորսիկեանը, ով նաև «Նոր Գեղի» հայրենակցական միութեան նախագահն է, նշեց, որ նախօրէին եղել են Նոր Գեղիում և աջակցում են տեղի մանկապարտէզի սրահի նորոգման աշխատանքներին: «Միութեան անդամները 300-400 հոգի ամէն տարի հաւաքւում են Տիթրոյթում, մասնակցում են բարեգործական հաւաքներին ու յետագայ գործունէութեան ծրագրեր մշակում»:

«Վարդանանց ասպետներ» կազմակերպութիւնը հիմնադրուել է 1916թ., գրասենեակներ ունի ԱՄՆում, Քանատայում, 2016թ.ից նաև՝ Հայաստանում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ