Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Թուրքիան Հալէպի Իսլամական ձեռագրատնից դուրս է բերել Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանի արխիւային ձեռագրերը. Ժիրայր Ռէիսեան

Սիրիայում պատերազմի տարիներին Թուրքիան յանցագործ ճանապարհով մի շարք խնդիրներ լուծեց: «Արմէնփրէս»ի մամուլի սրահում հրաւիրուած ասուլիսում Սիրիայի խորհրդարանի պատգամաւոր Ժիրայր Ռէիսեանը ներկայացրեց մի քանի դէպքեր, որոնց տեղի ունենալը պատահականութիւն չի համարում:

«Հալէպը տարածաշրջանում արդիւնաբերական խոշոր քաղաք էր դիտարկւում: Երբ յարձակում եղաւ, այդ շրջակայքը գրաւուեց, Թուրքիայի թելադրանքով առաջին հերթին բեռնատարներ եկան ու ֆաբրիկաների սարքաւորումները Թուրքիա տարուեցին: Ի զուր չէր, որ Սիրիայի իշխանութիւնները Թուրքիան կոչեցին Սիրիայի արդիւնաբերութեան աւազակ»,– ասաց Ժիրայր Ռէիսեանը: Նրա խօսքով, հսկայական կողոպուտ է եղել, սակայն հաւատացած է, որ շուտով այդ սարքերի ու գործիքների փոխարէն նորերն են բերուելու:

Թուրքական իշխանութիւնների պատուէրով նաև մշակութային արժէքներ ոչնչացուեցին ու թալանուեցին: Հալէպում գործում էր Իսլամական ձեռագրատուն, որտեղ պահւում էր Օսմանեան շրջանի ձեռագրերի հսկայական արխիւ: Թուրքիան միշտ ցանկացել էր իմանալ, թէ ինչ կար ներսում: Պատերազմի տարիներին Թուրքիայի գործակալների միջոցով զինեալները եկան, այդ շէնքը գրաւեցին, առանց որևէ մէկ թերթ վնասելու ամբողջը դրեցին ճամպրուկների մէջ և տարան Թուրքիա:

Ժիրայր Ռէիսեանը պատահական չի համարում պատմամշակութային կենտրոնների ուղղակի պայթեցումները:

«Հալէպում էր գտնւում Միջին Արևելքի ամենահետաքրքիր վայրերից մէկը` Փակ շուկան: Ամէն տարի բազմաթիւ զբօսաշրջիկներ հազարաւոր քիլոմեթրեր կտրում գալիս էին այն տեսնելու: Այդ կառոյցի մրցակիցը Իսթանպուլի շուկան էր: ԵՈՒՆԵՍՔՕ-ն ընդունեց Հալէպինը, որն աւելի մեծ արժէք էր ներկայացնում: Այսօր այդ շուկան յարձակման առաջին թիրախը դարձաւ, այն ամբողջութեամբ հրկիզուած, քանդուած է: Արդեօ՞ք սա պատահականութիւն է, իհարկէ, ոչ»,– յաւելեց պատգամաւորը:

Մէկ այլ իրողութիւն էլ` կապուած հայկական թաղամասի հետ: Ժիրայր Ռէիսեանի խօսքով, դէպի հայկական Նոր Գիւղի շրջանը հրթիռներ, արկեր էին արձակւում: «Արդեօք պատահականութի՞ւն էր այն, որ նետւում էին մետաղէ կտորներ, որոնց վրայ գրուած էին «Էնվեր փաշա», «Թալէաթ փաշա»: Ես կարծում եմ, որ այս իրողութիւնը մեկնաբանելու կարիք չունի»,–ասաց նա:

Ժիրայր Ռէիսեանը նաև նշեց, որ Թուրքիայի կառավարութեան ղեկավարութեան կողմից նամակ է ուղարկուել Սիրիայի հետ սահմանակից նահանգների ղեկավարներին, որ տարածք պատրաստեն փախստականների վրաններ տեղադրելու համար: Այդ նամակն ուղարկուել է պատերազմից վեց ամիս առաջ, երբ Սիրիայում դեռ որևէ իրադարձութիւն չկար:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ