Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

Իրանի և Հայաստանի միջև խոշոր պայմանագրեր չկնքուեցին. Ի՞նչն է պատճառը Մեր զրուցակիցն է իրանագէտ Արմէն Վարդանեանը

– Ինչպէ՞ս էք գնահատում վարչապետի՝ Իրան կատարած այցը։ Այցի ընթացքում քննարկել է նաև Իրանի տարածքով Հայաստան թուրքմենական կազը տեղափոխելու հարցը: Որքանո՞վ է հաւանական, որ այն կեանքի կը կոչուի։ 

– Սովորական այց էր, առայժմ խօսւում է ինչ-որ պայմանաւորուածութիւնների մասին, իսկ թէ դրանք որքանով կ՚իրականան, ժամանակը ցոյց կը տայ, բայց խոշոր պայմանագրեր Իրանի և Հայաստանի միջև չկնքուեցին։ Ինչ վերաբերում է թուրքմենական կազին, ապա դրա մասին խօսակցութիւններ կան արդէն երկար ժամանակ։ Ուզում եմ յիշեցնել, որ երբ նախորդ տարի Իրանի նախագահ Ռոհանին ժամանեց Հայաստան, լրագրողների առջև արուած յայտարարութեան մէջ ասաց, որ Իրանը պատրաստ է և հնարաւորութիւններ ունի թուրքմենական կազը իր տարածքով փոխանցելու Հայաստանին։ Յետագայում այդ մասին էլի խօսակցութիւններ եղան, մասնաւորապէս, երբ վերջերս Թուրքմենստանի նախագահը եկաւ Հայաստան, ռուսական մամուլը գրեց, որ Թուրքմենստանի նախագահը Հայաստանի նախագահին փորձել է համոզել, որ թուրքմենական կազը վաճառի Հայաստանին։ Ես մի փոքր կասկածանքով եմ վերաբերում, թէ արդեօք այդ ծրագրերը կ՚իրականանան, որի պատճառը Ռուսաստանի գործօնն է։ Ռուսաստանը դժուար թէ  համաձայնի թուրքմենական կազը Հայաստան փոխադրելու հարցում։ Կամ էլ եթէ համաձայնի, դա կը լինի շատ քիչ ծաւալով։

Յիշեցնեմ, որ ժամանակին Թուրքմենստանը հրաժարուել էր Ռուսաստանի տարածքով կազ արտահանելու գաղափարին։ Նախկինում Թուրքմենստանը Ռուսաստանի տարածքով կազ էր արտահանում այլ երկրներ, փոխարէնը «Կազպրոմին» տարանցման համար գումարներ էր վճարում, սակայն յետագայում խնդիրներ առաջացան, Թուրքմենստանը հրաժարուեց այդ ծրագրից և այժմ նրա կազի հիմնական սպառողը Չինաստանն է։ Հիմա մի փոքր կասկածելի է, որ Հայաստան կազի փոխադրումը կ՚իրականանայ, բայց յոյս ունեմ, որ գոնէ փոքր, խորհրդանշական ծաւալներով, բայց թուրքմենական կազը կը հասնի Հայաստան։

 

Դուք նշեցիք, որ այն ակնկալիքները, որ կային հայիրանական տնտեսական յարաբերութիւնների մասով, չիրականացան։ Ինչո՞վ են պայմանաւորուած շարունակ այդ յապաղումները։ Խօսակցութիւնների մակարդակում կարծես խոչընդոտ չկայ, բայց գործնականում սայլը տեղից չի շարժւում։

– Կարծես այս երկրներն առաջ են շարժւում փոքր քայլեր անելու մարտավարութեամբ. կամ հնարաւորութիւն չունեն, կամ խոչընդոտներ կան գլոբալ ծրագրեր իրականացնելու հարցում, և փորձում են քայլ առ քայլ բարելաւել ապրանքաշրջանառութեան ծաւալները։ Այս այցի ժամանակ խօսուեց երկու երկրներից ապրանքների ներկրումը դիւրացնելու մասին, ներդրումների մասին։ Պէտք է խոստովանել, որ Հայաստանն ու Իրանը մեծ, գլոբալ ծրագրեր առայժմ չեն իրականացնում, որի պատճառը ես չգիտեմ։ Գուցէ կան օբյեկտիւ ու սուբյեկտիւ պատճառներ, բայց փաստն այն է, որ առայժմ փոքր քայլերով են առաջ շարժւում։

 

Հնարաւո՞ր է, որ այս դէպքում էլ խոչընդոտողը Ռուսաստանն է։

– Կարծում եմ՝ որոշ ազդեցութիւններ այստեղ կան, չեն կարող չլինել։ Ռուսաստանը խոչընդոտում է այն ռազմավարական նախագծերին, որոնք սպառնալիք կարող են լինել իր ազգային շահերին։ Խօսքը իրանական կազը Հայաստանի տարածքով փոխադրելու մասին է։ Պարզ է, որ դա կարող է կոտրել «Կազպրոմի» մենաշնորհը։ Եւ կան նախագծեր, որոնք, մեծ հաշուով, Ռուսաստանին չեն սպառնում, և կարծում եմ՝ Ռուսաստանը դրանց դէմ չէ, ու Հայաստանն այդտեղ ազատութիւններ ունի։

 

Ո՞ր ծրագրերն են, որոնք, ըստ Ձեզ, առաջ չեն գնում։

– Ես շատ կը ցանկանայի, որ Մեղրիի ՀԷԿը վերջապէս կառուցէին։ Արդէն 6-7 տարի է, որ դրա վերաբերեալ պայմանաւորուածութիւնները ձեռք են բերուել, նոյնիսկ Մեղրիի ՀԷԿի հիմնարկէքն է արուել, նախագահները մասնակցել են, բայց իրանական կողմն առայժմ յապաղում է դա կառուցելու հարցում։ Շատ կարևոր, մեծ նախագիծ է։ Եւ շատ կը ցանկանայի, որ հայկական կողմը շատ արագ կառուցէր Սիւնիքի, Վայոց Ձորի տարածքով անցնող Հիւսիս-Հարաւ մայրուղին։ Դա մեծ չափով կարող է նպաստել երկու երկրների միջև ապրանքաշրջանառութեան մեծացմանը, նաև Հայաստանը իրանական ապրանքների փոխադրման համար կարող է հանդէս գալ որպէս տարանցիկ երկիր։

 

Հարցազրոյցը վարեց՝

ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊԵԱՆ

 

«Լրագիր»

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ