Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Վերլուծութիւն Յեղափոխութեանը սատարող նախկին ուժեր, յետոյ ի՞նչ

Սամուէլ Յովասափեան

 

Սիրելի Արամ,

Վերջերս Հայաստանում քաղաքական իրադարձութիւններն այնպէս են զարգանում, այնքան հարցեր ու իրողութիւններ կան քննարկելու և դրանց շուրջ մտքեր փոխանակելու, որ ես պահանջ եմ զգում դարձեալ կիսուել քեզ հետ, անփոխարինելի բաց է մնացել մեր կիրակնօրեայ հեռախօսային կապը, որի ընթացքում մենք կը փորձէինք հասկանալ դրանց էութիւնը, ինքներս մեզ համար լուծումներ գտնել: Աւաղ, պէտք է ընդունեմ, որ դա այլևս հնարաւոր չէ, ուրեմն ինձ մնում է միայն մի միջոց, թղթին յանձնել իմ մտահոգութիւնները, վստահ եմ, որ դրանք նաև քոնը կը լինէին: Իրականում մտահոգութեան տեղիք են տալիս Հայաստանում նկատուող մի քանի տարբեր զարգացումներ, որոնք ասես բնականոն, ընթանում են նոյն օրակարգով, ինչպէս ամէնուր, ինչպէս բոլոր յետյեղափոխական երկրներում: Դրա պատճառը մի կողմից նոր իշխանութիւնների անփորձութիւնն է, անվճռականութիւնը, իսկ միւս կողմից հների վերակազմաւորման հնարաւորութիւնն է և հակագրոհի անցնելու ու խափանարար գործողութիւններ սկսելու նրանց միտումը: Ընդունա՞կ են Նրանք այդ անելու… Այո, դու դա աւելի լաւ գիտէիր: Երբեք չեմ մոռանայ, դա 2010 թուականին էր, քո հերթական այցի ժամանակ Հայաստանում, ծանր ապրումներ էիր ունեցել, այնքան հիասթափուած, յոռետես էիր դարձել, որ ասացիր.

«Եթէ սրանք կարողանային, ապա իրենց շահերի համար՝ Արցախը, նոյնիսկ՝ Հայաստանն էլ կը վաճառէին թուրքին»:

Այո, իրօք որ սարսափազդու էր նման որակում արտայայտելը, սակայն այն բոլորովին էլ օդից բռնած գնահատական չէր, այլ բնորոշում էր՝ երկրի իշխանութիւնների և վերնախաւի ապազգային և ապակառուցողական բնոյթը: Երևի նման գիտակցութիւնն էլ Աւետիք Իշխանեանին ստիպել է խոստովանել. որ «Մենք ներսից ենք փչացած»: Այո, իրօք որ դա այդպէս է: Քոչարեանները, Սարգսեանները, Գրիգորեանները, ներառած Հայաստանի վերնախաւը, երկնքից չեն իջել, ծնունդն են հայ ժողովրդի և ժամանակի պայմանների: Այստեղ աւելորդ է յիշել Շահան Շահնուրի՝ հայի վարքագիծը բնորոշող դառը և խորքային խօսքերը, որովհետև այսօր, Հայաստանի՝ նախկինի մոլախոտերով պատած քաղաքական դաշտում, մենք նկատում ենք դրա վառ օրինակը: Իսկ ինչո՞վ են զբաղուած դեռ երէկ յեղափոխութեանը սատարող անձերն ու կուսակցութիւնները: Նրանցից իւրաքանչիւրը ցանկանում է իր կուսակցութիւնը հիմնել, իրերի և քաղաքական հայեացքների իր գնահատականը միակ ճիշդը համարել և այլն: Տեղին է յիշել մեծ գրողի խօսքերը. «Ինչ որ տեղ, ինչ որ բան, սխալ է»:

Այսօր որքա՞ն կուսակցութիւններ կան Հայաստանում, որոնց կանոնադրութիւն- ծրագիրը ասես մէկը միւսի պատճէնը լինեն: Երևի նման կացութիւնը եւրոպական կայունացած ժողովրդավարական երկրներում, այնքան էլ մտահոգիչ չէր լինի, սակայն Հայաստանի պարագայում, որտեղ՝ մշտական, երկրի ապահովութեան և ազգի լինելիութեան խնդիրներ ու հարցադրումներ պէտք է լուծուեն, որտեղ՝ կայուն իշխանութիւնը և ուժեղ բանակը, նման լուրջ վտանգ պարունակող հեռանկարների դէմն առնելու միակ գրաւականներն են, ապա երկրում կուսակցութիւնների բազմազանութիւնը պէտք է նկատել դրանց հասնելու լուրջ պատնէշ, ապակառուցողական և անյարիր ազգային շահերին: Ասես մի շարք քաղաքական գործիչներ, ոչ մի դաս չեն առել հայ ժողովրդի հեռու ու մօտիկ պատմութիւնից, բազմազան արհաւիրքներից, որոնցից շատերը, ինչպէս գերմանացին է ասում՝ տնային արտադրանք են:

Ինչպէս վերն ասուեց, յեղափոխութեանը սատարող կուսակցութիւնները և անհատները, իւրաքանչիւրն իր հերթին իմաստնութիւնն ունի. Ի՛նքը և միա՛յն ինքը լուծումներ առաջարկելու: Այնուամենայնիւ, թող ներուի, այստեղ Շահնուրից մի դառը խօսք մէջբերել. «Սակայն ի՛նքը ոչի՛նչ է»:

Օրինակները շատ են, ահա այսպէս.

Զարուհի Փոստանջեանը, նա այնքա՜ն է ինքնասիրահարուած, չի կարողանում մարսել, որ իր «Երկիր Ծիրանի» կուսակցութիւնը այլևս անելիք չունի, ու տես, որ նա իր ձախողման համար քաւութեան նոխազներ է փնտռում և անզօրութիւնից ելնելով, սկսել է զառանցել, հնարամտութիւններ անել:

Պարոյր Հայրիկեանը, նա, մի անգամ ընդդիմադիր, առմիշտ ընդդիմադիրը, ով, խոստանում էր. «Հայկական քոնեակը և ջերմուկը վաճառելով երկիր պահել և զարգացնել, ո՛վ նոր իշխանութիւններին այնքան ոչ արժանի է համարում, որ իր բառապաշարում բացի նուաստացնող և արհամարhական խօսքերից, այլ բան չի գտնում նրանց որակելու համար:

Գագիկ Ծառուկեանը, այդ պատեհապաշտը և «ազգային բարերարը», ով հպարտանում է, որ 200 միլիոնանոց խաղատուն հիմնելով, երկու հարիւր աշխատատեղեր է ստեղծել, մոռանալով, կամ չգիտակցելով, որ ադպիսով նա որքան չարիք է սերմանում երկրում, մանաւանդ երիտասարդութեան շրջանակներում: Ով, ինքն ու իր թիկնապահը ընդունակ են իրենց մօտեցողի ոսկորները ջարդել, օրինակ ունենալով «իրենց երկրի» նախկին տիրակալին:

Ապա.

«Սասնայ ծռեր». Գիտե՞ն նրանք, թէ ի՞նչ են ասում, թէ ինչո՞ւ են անում: Նրանք էլ չեն կարողանում մարսել որ ԱԺ-ի ընտրութիւններում իրենք անբաժին մնացին: Ուրեմն էլ ի՞նչ իշխանութիւն, առանց իրենց, առանց միակ արժանիների:

Ապա.

«Քրիստոնեայ-Դեմոկրատ», ապա. այլ նոր ու հին կուսակցութիւնների լիդերներ.., բոլորն էլ նոյն սազով ու նոյն եղանակով:

Ապա.

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցութիւն: Շատերիս մօտ տարակուսանք է առաջացրել ու անհասկանալի է թւում այն տրամաբանութիւնը, որով առաջնորդւում են դեռ երէկ յեղափոխութեանը սատարող այդ կուսակցութեան պատեհապաշտ ղեկավարները, որոնք, իրենց կենտրոնախոյս պահուածքով, յաւելեալ խնդիրներ են առաջացնում երկրում: Հէնց այդ լոյսի տակ էլ բոլորովին անհասկանալի է այդ կուսակցութեան վերջին ցոյցը «Լրջացէք» կարգախօսով: Մեղմ ասած, դա այնպիսի անտրամաբանական քայլ էր, որ ակամայից մտածում և ցանկանում ես նրանցից հարցնել, մի՞թէ իրենք լուրջ են, մի՞թէ նրանք, այդ օրուայ ճառախօսները, կամ նրանց կուսակցական ընկերները չէի՞ն, որ վերջին քսան տարում համագործակցել, նաև անգամներ կոալիցիոն կառավարութիւն են կազմել երկիրը թալանող, ժողովրդին աղքատութեան դուռը հասցնող ապազգային ուժերի հետ… 

Ուրեմն ինչո՞ւ են նրանք, յանկարծ, նոր հիմա, իշխանութիւնների հասցէին այդպէս մատ թափ տալով, յիշել հայ ժողովրդին և երկրի շահերը: Որտեղ էին նրանք, վերջին քսան տարիների ընթացքում։

Չնայած պէտք չէ, ամէն մի առիթի յիշել անցեալը և այդպիսով պատնէշել, մթագնել մեր հայեացքի դէմը, մեզ զրկել առաջ նայելու հնարաւորութիւնից, սակայն   կարևոր է, որ ընթերցողը անցեալի օրինակներով, աւելի լաւ գիտակցի այդ կուսակցութեան իրական էութիւնը։

***

Առանձնայատուկ հետաքրքրութիւն է առաջացնում այդ օրուայ ցոյցի ընթացքում ելոյթ ունեցողների յայտարարութիւնները:

Իշխան Սաղաթելեան, (23 Մայիս, Sputnik). «Անցել է մէկ տարի, մեր հասարակութեան սպասելիքներն ու ակնկալիքները չեն արդարացել»։ Այսինքն, մէկ տարում պէտք է վերականգնուէր նախկին 28 տարիների ընթացքում, նաև իրենց մասնակցութեամբ կոալիցիոն իշխանութիւնների կողմից թալանուած երկրի տնտեսութիւնը: Սաղաթելեանը շարունակում է. «ՀՀ նոր իշխանութիւնները չունեն երկրի զարգացման ծրագիր, փրոֆեսիոնալ թիմ՝ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»:

Եթէ իրենք, կամ հները ունէին, ապա ինչո՞ւ չեն զարգացրել երկիրը:

Ապա ի՞նչ է ասում մի այլ մէկը, Ասատուր Եսայեանցը. «Սիրոյ և համերաշխութեան քօղի տակ անցել են բոլոր սահմանները»:

Որո՞նք էին և որո՞նք են այդ սահմանները…

Նրա խօսքով. «Եթէ իշխանութիւններն այսպէս են քայլ անելու, աւելի լաւ է կանգ առնեն, լրջանան ու հանգիստ նստեն տեղները»:

Յետոյ ի՞նչ…

Նա չի ասում հեռանան, որովհետև գիտի, որ նրանք առաջուայ նման վայելում են, ինչպէս՝ Հայաստանի ժողովրդի, նաև՝ սփիւռքահայութեան մեծամասնութեան վստահութիւնը, իրենց գործը կատարում են՝ ինքնամոռաց, ազնուութեամբ և բարեխղճօրէն, իսկ դա է գլխաւորը և ամենակարևորը։

Իրականում խոհեմ կը լինէր, որ օրուայ բոլոր ճառախօսները, աչքի առաջ ունենալով հայ ժողովրդի և երկրի շահերը, խոստովանէին, որ այնուամենայնիւ, բոլոր քննադատութիւններով հանդերձ, նաև իրենց կուսակցութեան պարտքն է, բոլոր ուժերով պաշտպան և սատար կանգնի նրանց։ Իհարկէ դա այն պարագայում, եթէ նրանք չէին և չեն ցանկանում, հների մնացորդների և հակայեղափոխական ուժերի թիկունքում յայտնուել։

 

Յապաւումներով

 

Պերլին, Յունիս 2019

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ