Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

Հրաւէր՝ դաշնակահարուհի Սվետլանա Նաւասարդեանի աննախընթաց մենահամերգին Լոս Անճելըսում

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

«Արտիստի առաքելութիւնը ամփոփում է իր մէջ մարդկային բարձրագոյն արժէքի արտայայտումը՝ բազմապատկել բաժանելու համար։ Ես արտիստ եմ, մասնիկն եմ զօրաւոր, բացառիկ մի մշակոյթի եւ երջանիկ եմ, որ իմ երաժշտութեան համեստագոյն պարտէզի վարդը կարող եմ բերել հայրենիքիս մշակոյթի պատուանդանին»։

Ս. Նաւասարդեան

 

1966 թուականին էր, գերմանական Ցվիկաու քաղաքում կայացած Շումանի անուան դաշնամուրային մրցոյթին մասնակցում էր Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի, 22-ամեայ  Սվետլանա Նաւասարդեանը՝  առաջին հայ դաշնակահարը, որ դուրս էր գալիս միջազգային բեմ եւ յաղթանակ էր տանելու։ Այնուհետեւ, անզիջող ու անդադրում սլացքով նա պիտի նուաճէր արուեստի բարձրաբերձ կատարները եւ աշխարհի չորս կողմերում, համերգներով եւ վարպետութեան դասերով, իր նպաստը պիտի բերէր դաշնամուրային կատարողական արուեստին, միջազգային հարթակի վրայ տեղի ունեցող երաժշտական անցուդարձերին։

 

2019 թուականի Դեկտեմբերի 4-ին, Չորեքշաբթի երեկոյեան ժամը 8։00-ին, Կլենտէյլի Երիցական եկեղեցում (125 S. Louise St, Glendale, CA 91205 ), «Լարք» երաժշտական ընկերակցութեան հրաւէրով եւ կազմակերպութեամբ, տեղի պիտի ունենայ Սվետլանա Նաւասարդեանի մենահամերգը՝ մեր գաղութի երաժշտասէր հասարակութեանը մատուցելու համար նրա բազմավաստակ ձեռքբերումները կատարողական արուեստի մէջ։ Այս համերգը մի մասնաւոր նուիրում պիտի լինի Կոմիտասի ծննդեան 150-ամեակը նշելու «Լարք»ի ցանկութեանը, ընդ որում կը ներկայացուեն Մոցարտ եւ Շոպէն, նաեւ, բնականաբար, կը լսուեն Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործութիւնների նաւասարդեանական մեկնաբանումները, որոնց մէջ անշուշտ որ պիտի լսուեն իւրովի եւ նորովի դրսեւորումներ, ինչին ակնկառոյց սպասում ենք։

 

Մեծանուն դաշնակահարուհին պարբերական այցելութիւններով հարազատ է դարձել «Լարք» երաժշտանոցին, ուսուցիչներին եւ աշակերտներին՝ իր տարիների վաստակը եւ երաժշտական իմաստնութիւնը կիսելով եւ բաժնեկցելով նրանց հետ։ Սվետլանան հանդիսացաւ մաքուր, զուտ եւ վսեմ երաժշտական աւանդոյթների այն օղակը, որ պատկանում է հային։ Նրա արուեստը ոչ թէ օտար մշակոյթին նուիրուած դրսեւորումներ է, այլ՝ նուիրում հայ մշակոյթին, հայկական հոգեբանութեանն ու հոգեխառնութեանը։ Հէնց դրա համար էլ այն սերտ կապը, որ ստեղծուել է «Լարք»ի եւ իր միջեւ, պիտի մնայ անքակտելի։

 

Կը հրաւիրենք գաղութի արուեստասէրներին հաղորդուելու հայ ժողովրդի պարծանք դարձած մեծ արուեստագիտուհու յոբելեանական մենահամերգին։ Կոմիտասի բոլո՛ր դաշնամուրային գործերի առաջին կենդանի կատարումը Սփիւռքում, կարծում ենք, բացառիկ մի առիթ է, որի կողքից անտարբեր չի կարելի անցնել։ Հրաւիրուած էք։

 

Տոմսերի համար զանգահարել «Լարք» երաժշտանոց՝ (818) 500-9997 հեռախօսահամարով։

 ԼԱՐՔ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ