Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան. Թուրքիայի քաղաքականութիւնը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի համար

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- ԵՐԵՒԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԷՆՓՐԷՍ: Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատի կողմից բանաձևի ընդունումը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը նոր մակարդակի է հասցնում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը, անդրադառնալով Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման բանաձևի ընդունմանը:

 

«Ցանկանում եմ հայ ժողովրդի անունից գնահատանքի խօսքեր ասել ԱՄՆ սենատի բոլոր անդամներին, Ներկայացուցիչների պալատի անդամներին, քանի որ Հոկտեմբերի վերջին պալատը ևս ընդունել է Հայոց Ցեղասպանութիւնը: Պէտք է գնահատանքի խօսքեր ասել Միացեալ Նահանգների հայութեանը, բոլոր այն կազմակերպութիւններին, անհատներին, որոնք ներդրում են ունեցել այս կարևոր և պատմական որոշման կայացման գործում», «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինեանը:

 

Նա շնորհաւորեց հայ ժողովրդին ճշմարտութեան այս պատմական յաղթանակի առիթով, որը Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման նոր էջ է բացում և գործընթացը բերում է նոր մակարդակի:

 

«Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը մեզ համար կարևոր է ոչ միայն պատմական ճշմարտութեան արձանագրման առումով, այլ նաև որպէս ցեղասպանութիւնների կանխարգելման գլոբալ շարժման կարևոր բաղադրիչ: Դուք տեղեակ էք, որ հէնց Հայաստանի առաջարկութեամբ ՄԱԿ-ը Դեկտեմբերի 9-ը հռչակեց որպէս Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի ու արժանապատուութեան և այդ յանցագործութեան կանխարգելման օր: Կարևոր է արձանագրել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մեզ համար նաև անվտանգային կոմպոնենտ (բաղադրամաս, Խմբ.) ունի, և այդ պրոցեսը (գործընթացը, Խմբ.) կարևոր է մեր երկրի ու ժողովրդի անվտանգութեան ապահովման տեսակէտից: Ուզում եմ ընդգծել, որ ոչ թէ 1915 թ. Ցեղասպանութիւնը, այլ Թուրքիայի ժխտողական քաղաքականութիւնն է ստիպում արձանագրել, որ Թուրքիայի այդ քաղաքականութիւնը շարունակում է սպառնալիք լինել հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետութեան համար»,– ընդգծեց ՀՀ վարչապետը: Նա յիշեցրեց՝ մօտ արդէն 30 տարի Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ սահմանը, և այս իրողութիւնները մէկը միւսի շարունակութիւնն են:

 

Նիկոլ Փաշինեանի խօսքով՝ ընդհանուր առմամբ, նաև Միացեալ Նահանգների և մի շարք այլ երկրների կայացրած որոշումներն արձանագրում են Թուրքիայի վարած ագրեսիւ (յարձակողական, Խմբ.) և ապակառուցողական քաղաքականութիւնը տարածաշրջանում: «Եկէք նայենք, թէ ինչ է կատարւում մեր տարածաշրջանում՝ Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը Սիրիայի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը Իրաքի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը Կիպրոսի նկատմամբ, Թուրքիայի ագրեսիւ քաղաքականութիւնը Յունաստանի նկատմամբ, և Թուրքիան շրջափակուած է պահում Հայաստանը, որն, ըստ էութեան, ի ցոյց է դնում այն դերակատարումը, որն այսօր մեր տարածաշրջանում ունի այդ երկիրը:

 

Միջազգային հանրութիւնը պէտք է յստակ դիրքորոշում արտայայտի Թուրքիայի գործողութիւնների առնչութեամբ և Թուրքիային քաջալերի, որ վերագնահատի և վերանայի իր դերը տարածաշրջանում: Ինչպէս Հայաստանի Հանրապետութեան նախկին բոլոր կառավարութիւնները, մեր կառավարութիւնը ևս արձանագրում է, որ պատրաստ ենք Թուրքիայի հետ յարաբերութիւններ հաստատել առանց նախապայմանների, ընդ որում, մենք ասել ենք, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մեզ համար Թուրքիայի հետ յարաբերութիւնների օրակարգի հարց չէ: Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն առաջին հերթին Թուրքիային է անհրաժեշտ՝ իմ նշած գործառոյթների շրջանակում, որ այդ երկիրը վերանայի իր դերակատարումը տարածաշրջանում, որը, ցաւօք սրտի, այսօր պատմական աղերսներ է ստանում 20-րդ դարասկզբի աւելի վաղ շրջանի իրադարձութիւնների հետ»,– նշեց վարչապետ Փաշինեանը:

 

Յիշեցնելով Դեկտեմբերի 9-ի օրուայ խորագիրը՝ Ցեղասպանութեան յանցագործութեան զոհերի յիշատակի ու արժանապատուութեան և այդ յանցագործութեան կանխարգելման օր, նա նկատեց՝ հնարաւոր է առաջին հայեացքից տարօրինակ թուալ, որ զոհերը կարող են արժանապատուութեան պաշտպանութեան խնդիր ունենալ, բայց այս տարուայ ընթացքում Հայոց Ցեղասպանութեան զոհերի վերաբերեալ Թուրքիայի նախագահի արած անպարկեշտ և ցինիկ (անպատկառ, Խմբ.) արտայայտութիւնները եկան ապացուցելու, որ նման պաշտպանութեան անհրաժեշտութիւն կայ: «Երբ այս օրը ՄԱԿ-ում հռչակւում էր, դժուար էր կանխատեսել, որ այնպիսի արտայայտութիւններ կը լինեն, որոնք լիովին կ՚արդարացնեն նման ձևակերպումը»,– նկատեց ՀՀ վարչապետը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ