Երկուշաբթի, Նոյեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

«ԶՈՒԱՐԹՆՈՑ» ՊԱՐԱԽՈՒՄԲԸ ԶՈՒԱՐԹ ԵԼՈՅԹՈՎ Համոյթի Դեկտեմբեր 14-ի համերգի առթիւ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

   «…Պարարուեստը միայն ոտքերի եւ ձեռքերի շարժում չէ: Այն պէտք է իմաստ ունենայ եւ համահունչ լինի գաղափարին, երաժշտութեանը, տարազին: Եւ այդ ամէնը պարի լեզուով ճշգրտօրէն ցուցադրելու համար անհրաժեշտ է կատարողական վարպետութիւն»,– ասում է Լոս Անճելըսի «Զուարթնոց» պարային համոյթի գեղարուեստական ղեկավար, ճանաչուած պարուսոյց Վարդան Աղաջանեանը` յիսունին բարեւ ասող, հայկական պարի փորձառու մասնագէտը:

   Միանգամայն ճիշդ մեկնաբանում: Այնուհանդերձ` ի՞նչ է պարը: Ինչո՞ւ ենք մենք այդքան արժէք տալիս արուեստի այդ ճիւղին: Որովհետեւ, մենք գիտենք, որ պարը հայերիս համար հոգեւոր, մշակութային, կենցաղային  բարքերի եւ սովորութիւնների մեկնաբանման, ցուցադրման անխօս պատմութիւնն է, որին պիտի հաղորդակից լինի ամէն մի հայորդի, որ տարիքում էլ, որ նա լինի:

      «Զուարթնոց» պարային համոյթի ղեկավար Վարդան Աղաջանեանը պարել սկսել է 8 տարեկան հասակից: Նրա առաջին պարուսոյցն է եղել շնորհալի մենապարող Ռաֆայէլ Պօղոսեանը:

   1986-ին Վարդանը մաս է կազմում պարարուեստի յայտնի գիտակներից մէկի` Բորիս Գէորգեանի ղեկավարած Հայաստանի ճանաչուած «Բերդ» պարախմբի:

   Երեք տարի այդ պարախմբում պարելուց յետոյ, 1989թ. Վարդան Աղաջանեանը ընտանեօք հանդերձ արտագաղթում է Միացեալ Նահանգներ եւ կարճ ժամանակ անց, անցնում  աշխատանքի` Կլենտէյլի Համազգայինի կենտրոնում` որպէս մանկահա­սակ երեխաների պարուսոյց:

    1997-ին, արդէն պարարուեստի գիտելիքներին լաւագոյնս գիտակ Վարդանը որոշում է անկախ կարգավիճակով շարունակել իր գործունէութիւնը: Եւ այդ որոշման ճշմարտացի լինելը hաստատւում է մօտակայ ամուսնութեամբ, որ նա կնքում է Հայաստանի լաւագոյն մենակատար-պարուհինե­րից մէկի` Արմինէ Մարտիրոսեանի

հետ: Նորաթուխ ամուսինները որոշում են համատեղ ուժերով հիմնել Հայկական Պարի կենտրոն, որպէսզի հայաշատ Կլենտէյլի (ոչ միայն) հայ մանուկներն ու պատանիները կարողանան հայկական պարեր սովորել:

   Ներկայիս, աւելի քան 250 հայ աշակերտներ եւ ուսանողներ են պարել սովորում Վարդան եւ Արմինէ Աղաջանեանների հոգածութեան ներքոյ: 2011 թուականին նրանց ղեկավարած «Զուարթնոց» պարային համոյթը նշեց իր հիմնադրութեան 20-ամեակը, որի կապակցութեամբ Հայաստանի Մշակոյթի նախարարութիւնը Վարդան Աղաջանեա­նին պարգեւատրեց ոսկեայ շքանշանով, իսկ Սփիւռքի նախարարութիւնը արժա­նացրեց «Կոմիտաս» շքանշանի: Նոյն թուականին Վարդանը մի քանի պարեր բեմադրեց Սիտնիի պարախմբի համար:

   2013-ին Վարդան Աղաջանեանը պարգեւատրուեց Գիւմրու քաղաքապետարանի կողմից: Յաջորդիւ` շքանշաններ եւ պարգեւատրումներ Սփիւռքի նախարարութեան եւ Հայաստանի Պարարուեստի միութեան կողմից:

   Վարդան Աղաջանեանի հիմնական գործակիցը կինն է`Արմինէն, որը պարել սկսել է ինքնուրոյն, շատ փոքր տարիքից` զարմացնելով թէ՛ ընտանիքի անդամներին եւ թէ՛ մտերիմ բարեկամներին: Արմինէի առաջին ուսուցիչն է եղել ընտանիքի բարեկամ, պարու­սոյց Ղուկաս Ղուկասեանը: Նրա մօտ երկու տարի մարզուելուց յետոյ, Արմինէն դառնում է ճանաչուած մասնագէտ Յովսէփ Շամամեանի ղեկավարած «Բարեկամու­թիւն» պարի համոյթի անդամ:

   Քիչ ժամանակ անց Արմինէն դառնում է համոյթի առաջատար մենապարուհիներից մէկը եւ համոյթի հետ ելոյթներ ունենում աշխարհի ճանաչուած բեմերում (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Լեհաստան, եւն.):

   1991թ. Արմինէն ներգրաւուում է Հայկական Պարի Ակադեմիայի մէջ, ու որոշ  ժամանակ անց, դառնում է պարային արուեստի նշանաւոր գործիչ Նորայր Մեհրաբեանի ղեկավարած հռչակաւոր «Բարեկամութիւն» համոյթի անդամ:

    Պարի Ակադեմիայում չորս տարի ուսանելուց յետոյ, Արմինէն անմիջապէս ընդունւում է` նախկինում լաւագոյնս յայտնի մենապարող եւ պարերի բեմադրիչ Սուրէն Չանչուրեանի ղեկավարած Հայաստանի Պարի Պետական համոյթի մէջ:

   1998-ին Արմինէն տեղափոխւում է Միացեալ Նահանգներ եւ մէկ տարի անց ամուսնա­նում Վարդան Աղաջանեանի հետ: Ներկայիս Արմինէն «Զուարթնոց» պարային համոյթի պարերի բեմադրիչն է եւ տնօրէնը: 2017 թ. յատուկ մրցանակ է ստանում Հայաստանի Պարի Ակադեմիայի կողմից, իսկ 2018 թուականին Հայաստանի Մշակոյ­թի նախարարի կողմից պարգեւատրւում է ոսկէ շքանշանով:

***

   Այժմ գանք «Զուարթնոց» պարային համոյթի` Դեկտեմբեր 14-ին John Wayne Performing Arts Center-ում կայացած`համոյթի 30-ամեայ յոբելեանական համերգին:

   «Զուարթնոց» պարային համոյթի ղեկավարներ Վարդան եւ Արմինէ Աղաջանեանները հիանալի, բացառիկ, սովորականից տարբեր մտայղացմամբ լեփ-լեցուն հանդի­սա­սրահի հանդիսատեսին պարային համոյթի կատարողական ոճի բոլորովին մի նոր տարբերակ ցուցադրեցին:

   Իրականում` սա սոսկ համերգ չէր սովորական ըմբռնմամբ: Սա` պարի լեզուով մեր

ժողովրդի, Հայաստան աշխարհի հազարաւոր տարիների պատմութիւնն էր` պաստառի վրայ ցուցադրուող պատկերներով, նիւթին` միանգամայն համահունչ հիա­նալի տեքստով, երաժշտու­թեամբ եւ շէնշող պարերի համաձուլուածքով:

   «Զուարթնոց» պարային համոյթի մեր ջահելները «պատմութեան քառուղիներով» մեզ տեղափոխեցին հայ ժողովրդի պատմութեան խորքերը ու բերին ետ` դէպի այսօրը: Եւ այդ պատմութեան մէջ կար խինդ, ուրախութիւն, ինչպէս եւ վիշտ, պայքար, ամպամած եկնքում ճախրող, մութից դէպի լոյսը ձգտող, ազատութիւն փնտռող ճերմակ աղաւնին:

   Կար նաեւ եղեռն, կոտորած, հերոսացած Արցախ, հայ ազգի մեծաթիւ Մեծեր, որոնցից մեծամեծ Կոմիտասն իր «Հով արէք»-ով յոյս էր տալիս հայ շինականին չվհատուել, որովհետեւ նրա դարդին դարման կ՚ անի մեր երկնաքեր սարերից փչող զով քամին. պառկիր սարի լանջին` հայեացքդ դէպի վեր, դէպի երկինք, եւ տես թէ ինչպէս է երկինքը պարզւում: Քիչ  անց  քեզ կը  մօտենայ  Մաշտոցը  Մեսրոպ ու դէմ կ՚անի Այբբենարանը ու կ՚ ասի` Կարդա՜, կարդա քո ազգի պատմութիւնը, յետոյ դէմքդ շրջիր ու նայիր Խաչքարերին, որոնց տակ քո նախապապերն են թաղուած, ու աշխատիր այնպէս ապրել, որ արժանանաս Խաչքարի տակ հանգչելու պատուին…, որովհետեւ Խաչքարերը յաւերժութեան կոթողներ են եւ միայն մենք է որ մեր հին պատմութիւնը օտարներին ենք  պատմում այդ հրաշք-կոթողներով…:

   «Զուարթնոց» պարային համոյթի 30 տարուայ դժուարին աշխատանքով ձեռք բերուած այս յաջող ելոյթը վկայութիւնն է այն իրողութեան, որ պարախմբի իւրաքանչիւր անդամ ապրում, շնչում է հայկական պարով: Խմբում կան անդամներ, որոնք պարում են համոյթի ստեղծման օրից, եւ որոնք չեն պատկերացնում իրենց կեանքը առանց համոյթի ղեկավարներ ընկեր Վարդանի եւ տիկին Արմինէի:

   Մեծապէս տպաւորուած եմ շնորհառատ լրագրող, երիցս բանիմաց Լեւոն Գալստեանի գրական տեքստով: Նա բոլորին յայտնի Հայաստանի հեռուստատեսութեան «Երգ երգոց» հաղորդաշարի գրական նիւթի մշտական հեղինակն է: Ի բախտաւո­րութիւն ինձ, «Երգ երգոց»-ի ինձ նուիրուած հաղորդման գրական մասն էլ է նա գրել:

   Պետք է շնորհակալ լինել «Զուարթնոց» պարային համոյթի ազգային տարազների հեղինակ տիկին Քնարիկ Պալեանին, որին յաջողուել է հայկական գոյներին համապատասխան նրբերանգներով ճոխ ու գրաւիչ դարձնել թէ՛ աղջիկների եւ թէ՛ տղայոց հագուստները:

   Ինչպէս միշտ իր բարձր դիրքում էր երաժիշտ, յօրինող, մշակող ու գործիքաւորող Անդրանիկ Մուրադեանը: Տարբեր երաժշտական գործերի միանգամայն տրամաբանական փոխակերպումներն ու  հարմոնիկ հարազատ հնչողութիւնը ականջ էր շոյում: Մուրադեանը իր գործի վարպետն է:

  Վարդան եւ Արմինէ Աղաջանեանների ղեկավարած «Զուարթնոց» պարային համոյթի 30-ամեայ յոբելեանական երեկոյի արժանի յաջողութեանը մեծապէս նպաստեց նաեւ բեմի շքեղ լուսային փոխակերպումներն ու պաստառի վրայ ցուցադրուող բծախնդրօրէն արուած նկարահանումները:

   Երեկոն իսկապէս աւարտին հրավառութեան էր նման: Ապրէ՜ք Զուարթնոցականներ: Մշտապէս եղէք հաւատարիմ Ձեր անուանը։ Զուարթ պահէք ձեզ, շէն, ուրախ կեանքով ապրէք, իսկ աղջիկներն էլ թող լինեն Զուարթուն, այսինքն` հրեշտակներ:

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ