Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Բարերար Յակոբ Նազարեանի նուիրատուութեամբ՝ Վաղեմի երազանքը կատարուեց

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

Արցախ

Երազանքները իրականանալու յատկութիւն են ձեռք բերում, եթէ հաւատում ես և ամէն անգամ ձգտում ես հասնել դրան եւ այն տեսնում ես անուրջի միջից։

Ամանորի նախաշեմին Եղեգնուտի փոքրիկներին անակնկալ էր պատրաստուած՝ խաղահրապարակի տեսքով:

Երեխաների վաղեմի երազանքներում պատկերուող երփներանգ  կարուսելները օրերս իրենց հանգրուանը  գտան Արցախի Շահումեանի շրջանի Եղեգնուտի պետական մանկապարտէզի բակում:  

Մէկը միւսի կողքին շարասիւն կազմած՝ դարձան գեղեցիկ խաղահրապարակ թէ՛  մանկապարտէզի սաների, եւ  թէ՛  համայնքի փոքրիկների համար։

Այս երազանքի իրականացման հարցում մեր համագիւղացիներին աջակից  եղաւ, Արցախի  Ռամկավար  Ազատական  Կուսակցութեան  ատենապետ  Բարդուղ Գալստեանը։  Նա Ամերիկայի մեր հայրենակից, բարերար ՌԱԿ  Կեդրոնական վարչութեան պատուաւոր անդամ Յակոբ Նազարեանի միջոցներով կազմակերպեց խաղահրապարակի շինարարական աշխատանքները:

Իրենց անխոնջ նուիրումն ունեցան համայնքի բնակիչներ՝ Գագիկ Յարութիւնեանը, Մարինէ Սարգսեանը, քոյր եւ եղբայր Հերմինէ եւ Արսէն Սաղեանները, Արտաւազդ Սարգսեանը, Պօղոս Վերդեանը, իսկ գեղարուեստական ձևաւորումը ապահովեց Մարիամ Փիլաֆեանը։ Այստեղ երեխաներին հարազատ մուլտհերոսների նկարներ են շուրջբոլորը, ուսուցողական նպատակով թուեր եւ երկրաչափական պատկերներ: Ամէն ինչ հետաքրքիր եւ ուսուցանող է:    

Խաղահրապարակի բացման արարողութեանը ելոյթ ունեցաւ Արցախի ՌԱԿ  ատենապետ Բարդուղ Գալստեանը՝ կարևորելով  նմանատիպ ծրագրերի իրականացումը վերաբնակեցուող համայնքներում:  Շնորհակալական խօսքով հանդէս եկան Շահումեանի վարչակազմի ղեկավար Գ. Մարտիրոսեանը, Եղեգնուտի համայնքի  ղեկավար Բաբգէն Սարգսեանը՝   նշելով  խաղահրապարակի  անհրաժեշտութիւնը:

Բանաստեղծութիւններով հանդէս եկան   մանկապարտէզի  փոքրիկ սաները:  Ամանորի կապակցութեամբ համայնքի բնակիչներին բաժանուեցին արկղեր, իսկ բազմազաւակ ընտանիքներին՝ ձմեռ պապիկի տոպրակներ:

Այսուհետև այս հրաշալի, գունագեղ  ներդաշնակութեամբ  ողողուած  բակը  իր հիւրընկալ գիրկը կը բացի բոլոր փոքրիկների առաջ՝ նրանց ապահովելով մանկութեան հեքիաթային գոյներ, ջերմութիւն եւ հաճելի ժամանց:

 

Մարիամ Փիլաֆեան

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ