Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Ամերիկայի Միացեալ Նահանգների Դեսպան Հէնրի Մորկընթաուի Յուշերը Թուրքիա-Կոնսդանտինոպոլսոյ Մէջ Պաշտօնավարած Ատեն 1913-1916 Թուականներին Վանի Ապս

  Վան, Վանայ նահանգ-վիլայեթ, գտնւում է Արմինա-Հայաստանի »Օրինաց Երկիր Սրբազան-Լեռնաշխարհ»-ի արեւմտեան կողմում, սահմանակիցը Պարսք-Պարսկաստան երկրի: Տուշպա-Վան, Արամէ թագաւորի հիմնադրած Բիաինիլի-Արմինա երկրի մայր ոստանն էր: Պատմութեան կեղծարարներ այն համարում են »Ուրարտու» երկրի մայր ոստան: Գեղեցիկ է նահանգը, աղուոր է Վանը, անուշ է Հայկական արարչական Լեռնաշխարհը: Արմին-հայերի հազար-հազար տարիների՝ Հարք, Արատտա, Արմանի, Արմէ-Շուպրիա, Սուբիր-Սուբարտու, Միտաննի, Արամէ թագաւորի Բիաինիլի-Արմինա երկրներ, յետագայի Երուանդունի, Արտաշէսեան, Արշակունի, Բագրատունի, երկրների թագաւորների Արմինա-Հայաստան աշխարհ: Հողն է բերրի, Արմին-հայերի լեցուն արարումներ, բարգաւաճում, առատութիւն, լոյս, արեւ էր այնտեղ: Առաջին մարդու ծննդավայր Եդեմն էր այնտեղ: Վան քաղաքը՝ համանուն նահանգի գլխաւոր քաղաքն էր, փռուած Վանայ-Բզնունեանց ծովի ափերին: Նրան իրենց ափերի վրայ էին պահել հազար-հազար դարեր առաջ իրենց գագաթներից հուր ժայթքած Վարագ, Թոնտուրեկ, Արտոս, Սիփան, Նեմրութ լեռները: Նրանց գագաթների կրակ լոյսն էր լցուել Վանայ ծովին, վառուել էին ջրերը, աստուածների երկունք եղել այնտեղ, աստուածներ ծնունդ եղել այնտեղ՝ Վահագնի Ծնունդ: Ծովի ջրերից յառնած ժայռաբլուրին՝ աշխարհին Արմին-Հայ ցեղի հանճարի լոյսը վառող Աղթամարի վեհաշուք տաճարն է կանգնած, առանց իր գագաթին .  .  . խաչի: Վան քաղաքը, Արմին-հայերի Շւինի արեւ աստուծոյ կին՝ Տուշպուէա-ի անունով նախկինում Տուշպա կոչուել: Քաղաքը կառուցուել էր Արմինա-Ուրարտու Արարտունիների Արա-Արայան գահատոհմի Նաիրի-Բիաինիլի Արմինա երկրի արքայ՝ Սարդուրի Ա. կողմից: Չքնաղ է եղել Տուշպան, նրան հսկում էին բարձր ու սեպաձեւ ժայռերի վրայ բազմած անհասանելի միջնաբերդը, շրջապատուած քարաշէն պարիսպով, որի պատերին դեռեւս ընթեռնելի է Սարդուրի արքայի  բազմատող արձանագրութիւնը:

             Վան, Թուրքիայի բռնազաւթած փոքր ասիական մասի միակ քաղաքն էր, որտեղ Հայ ազգաբնակչութիւնը աւելի էր քան իսլամ բնակչութիւնը: »Առաջին Համաշխարհային Պատերազմ»-ի վաղորդայնին, նրա երեսուն հազար Հայ բնակիչները ամենախաղաղ, ամենաերջանիկ, ամենաբարգաւաճն էին, հակառակ նրան, որ հայերով բնակեցուած այլ վայրերում, ինչպէս նաեւ Վանում, տեղի էին ունեցել ջարդերի ու կեղեքումների ժամանակներ: Վանի լուսամիտ կառավարիչ Թահսին փաշայի կառավարման ատեն, Վանում թուրքերի հարստահարութիւնը նուազ ծանր եղել: Նրա պաշտօնավարութեան ատեն հաշտ ու համերաշխ յարաբերութիւններ եղել  հայերի ու իսլամ բնակչութեան միջեւ:

 Վանի նահանգը իր աշխարհագրական դիրքով ռազմագիտական կարեւոր կեդրոն էր: Կառավարութիւնը նրա Հայ բնակչութեան նկատմամբ  կասկածանք տածել: Ենթադրել էին, եթէ Ռուսիան Թուրքիա արշաւէր, իրենց երթի յարմարագոյն ճամբան այդ նահանգով պիտի անցնէր: 1914 թ. պատերազմի սկզբին, Վանում եւ այլուր, բանակի համար իրեղէններու բռնագրաւումներ կատարուել, որոնք աւելի դաժան եղել քրիստոնեաների, քան իսլամների հանդէպ: Հայերը թողել էին, որ սպաները տանէին իրենց ամբողջ ընտանի անասունները, պարէնը եւ ուրիշ ունեցուածքները, որոնց փոխարէնը ստացել էին արժեզրկուած թղթադրամներ:                                              Բանակ զօրակոչուած Հայ զիուորների նկատմամբ վայրագ վարուելակերպ եղել, հալածանք ու հարստահարութիւններ՝ մասնաւորապէս Հայ բնակչութեան եւ նաեւ այլ քրիստոնեայ մարդկանց հանդէպ: Թուրք պաշտօնեաներ ամբաստանել էին հայերին, որ Կովկասեան ճակատում իրենց կրած պարտութիւնների պատճառները իրենք էին: Երկիւղի ու վախի մթնոլորտ էին ստեղծել Վան քաղաքում ու նահանգում: Անդրկովկասի ռուսական բանակի զինուորների մեծ մասը Հայ զինուորներից բաղկացած լինելը զայրացրել էր թուրքին: Նրանք հաշուի չէին առել, որ հայերը ցարի հպատակներն էին հանդիսանում եւ նաեւ ռուս մարդու նման պարտաւոր էին զինուորագրուելու նրանց պատերազմին: Թուրքը ամբաստանում էր հայերին, որ իբր Վանայ եւ ուրիշ նահանգների զինապարտութեան ենթակայ անձանց մեծ մասը դասալիք էին եղել, հատել երկրի սահմանը, միացել Ռուս պետութեան բանակին, որը իբր այդ պատճառ հանդիսացել Կովկասեան ռազմաճակատում իրենց կրած պարտութեանը: Դեսպան Հ. Մորգընթաուն, նման տեղեկութիւնը հաստատուած չի համարել, թէեւ անհաւանական չի գտել մի քանի հարիւր մարդկանց դասալքութիւնը: »Միութիւն եւ Յառաջդիմութիւն» կոմիտէի գործակալները Վան ու Էրզրում էին ժամանել, առաջարկել մի քանի հայեր Ռուսահայաստան գնային՝  այնտեղ ցարի կառավարութեան դէմ ապստամբութիւն կազմակերպէին: Հայերը մերժել էին նման առաջարկը: Թուրք կառավարութիւնը այդ դաւաճանութիւն էր համարել եւ այն նաեւ որպէս չքմեղանք ներկայացրել Հայ ազգի մարդկանց հանդէպ իրենց վերաբերմունքին: Այդ պատկերացնում էր Օսմանեան նկարագրի վատթարութիւնը՝ գրել էր դեսպան Հ.  Մորկընթաուն:

 Անցած երեսուն տարիներին հարիւր հազարաւորներ ջարդած,  կողոպտած, խոշտանգած, նրանց կանանց ու աղջիկներին անպատուած, թուրքը ցանկանում էր հայերի ամենակատարեալ ուղղամտութիւնը իրենց հանդէպ: Գաղտնիք չէր, որ հայերը համակիր էին պատերազմում Համաձայնողականների (Անդանտ) դաշինքի պետութիւններին: Պետական ոճիր էր համարուել Հայ զինուորի դասալքութիւնը, արժանի պատժուելու սարսափելի կերպով: Իրենց տարագրութեան հրովարտակ ստացած, Մուսա  Լերան բարձունքներին թուրքի դէմ ճակատամարտի ելած կռուող մարդկանցից ոմանք թրքական զօրանոցներից փախած դասալիք զինուորներ էին:                 1914 թուականին, մասնաւորապէս 1915-ի սկզբին Վանում ու այլուր ծանր խոշտանգումների դէպքեր էին պատահել, հայերը իրենց զուսպ էին պահել: Թուրքերի քաղաքականութիւնն էր հայերի ապստամբութիւնը գրգռելու, որ այն դառնար հայերի կոտորածների չքմեղացուցիչ պատրուակ: Հայ կղերը ու քաղաքական առաջնորդները ժողովուրդին հանդարտութեան կոչ արել, յանձնարարել հանդուրժել նրանց ծայրայեղ արարքները, որ թուրքին չտային իրենց ցանկացած առիթը: Եթէ նոյնիսկ գաւառի գիւղերից մի քանիսը կրակի տային, վրէժի չդիմէին, աւելի լաւ էին համարել փոքր թուով շէներ քանդուէին, քան ամբողջ ազգը սպաննուէր: Ո՜չ, զէնքով վրէժ պիտի լուծէին, որ յետոյ էլ ամբողջ ազգը չսպաննուէր:

            Պոլսոյ կառավարական դահլիճի անօրէն մարդիկ, եթէ կարելի է նրանց մարդ անուանել, պաշտօնանկ էին արել Վանի Կառավարիչ Թահսին փաշան, նրա փոխարէն նշանակել Էնվէրի քեռայր՝ Ճեւտէթ պէյը (քրոջ ամուսին): Վանի աւագանին, մտահոգիչ կարգադրութիւն էր համարել այդ: Երկրի պաշտօնական ներկայացուչութիւններում պատահել մարդկանց մի փոքրամասնութիւն, որոնք ընդդիմացել էին, որ սպանութիւնը պետական քաղաքականութիւն լինէր: Մերժել էին գործադրել պետական արիւնռուշտ հրամանները:

            Օսմանեան թուրք պետութիւնը, կոտորածներ կազմակերպելուց առաջ, սովորութիւն էր դարձրել իրենց զբաղեցրած պաշտօններից հեռացնել վստահութիւն չվայելող պաշտօնատարները, նրանց փոխարինել հնազանդ սպասաւորներով: Վրդովեցուցիչ էին համարել, կեանքին մի մասը Վանայ մէջ անցկացրած, հոգին իր ցեղին յոռեգոյն աւանդութիւններով լեցուն, կեղծաւոր, նենգամիտ եւ վայրագ նման մի թուրք մարդու Վանում պաշտօնի կոչելը: Նա ատում էր հայերին, իրենց ազգայնական, քաղաքական խնդիրը լուծելու միտքը հաճոյ էր իրեն: Իթթիհատական ոհմակի դահլիճից հրահանգներ էր ստացել իր պաշտօնավարած նահանգի մէջ լուծելու հայերը բնաջնջելու հարցը: Սակայն, այն իրագործելու դիւրին նախադրեալներ չկային: Ճեւտէթը Կովկասում մարտնչել էր Ռուսական բանակների դէմ: Պատերազմական գործողութիւնների ձախողումը ու Ռուսական բանակի Վանին մօտենալը նկատելով, առ ի խոհեմութիւն հրամայել էին վատ չվարուել տեղի հայերի հետ:

             1915 թուականի գարնան սկզբներին, Ռուսական բանակը ռազմաճակատից ետ էր քաշուել: Թուրքի համար  բարեբախտութիւն էր այդ, հայերը զրկւում էին իրենց պաշտպաններից: Ռազմաճակատի նման իրադրութեան պայմաններում՝ հայերը թուրքի հալածանքի ենթակայ պիտի դառնային: Խախտելով ռազմավարական խնդրի ընդունուած կարգը, նահանջող թշնամուն հետապնդելու փոխարէն, թուրքի զօրագունդերը լքել էին դիրքերը, արշաւել երկրի սեփական տարածքի տարբեր կողմեր: Նրանք իրենց զէնքը ուղղել էին Վանի շրջակայ շէների Հայ կիներու, մանուկներու, ծերունիների դէմ: Իրենց վայրենի վարուելակերպի համաձայն առեւանգել էին կանանց, կողոպտել ու այրել հայկական գիւղերը, օրեր շարունակ խողխողել տեղի բնակչութիւնը:                                                                                                                                   1915 թուականի Ապրիլ ամսուայ 15-ին, 500 երիտասարդների կանչել էին ներկայանալու զօրակայան, մայրամուտից առաջ նրանց քաղաքից դուրս տարել՝ անգթօրէն սպաննել: Իրենց կրօ՞նն էր այդ արտօնում, վայրի բնազդով Օղուզ ցեղի թուրք մարդկանց սրտերին իրենց աստուածը գութ չէր հոսել: Նոյն խժդժութիւնները կատարել էին Վանայ ծովի հիւսիսի մարզում գտնուող 80 գիւղերում, երեք օրերի ընթացքում ամէնաանարգ ձեւով 24000 հայեր սպաննել:

            Ճեւտէթ, իր նոր պաշտօնատեղի՝ Վան, վերադառնալուց յետոյ պահանջել էր, որ  հայերը 4000 զինուոր տրամադրէին իրեն: Հաշուի առնելով անցեալին պատահած դէպքերը, հայերը տրամադիր չէին եղել նրա պահանջը կատարելու: Ճեւտէթ, Պոլիսից իրեն եկած հրահանգների համաձայն՝ ծրագրել էր բնաջնջել քաղաքի ամբողջ Հայ բնակչութիւնը: 4000 քաջառողջ մարդիկ պահանջելով, մտադրուել էր նրանց սպաննել՝ հայերին ինքնապաշտպանութիւնից զրկելու համար: Հայերը, ժամանակ շահելու համար բանակցութիւններ էին վարել նրանց հետ՝ առաջարկել զէնք կրելու ատակ 500 մարդկանց տրամադրել, մնացածի համար փրկագին վճարել: Ճեւտէթ, ապստամբութեան տրամադրութեան մասին իմանալով, որոշել էր խեղդել այն: Յայտարարել էր, որ »Եթէ ապստամբները հրացանի մէկ հարուած արձակեն, պիտի սպանեմ բոլոր քրիստոնեաները՝ այր, կին թէ մանուկ, մինչեւ ամէնէն պզտիկները» իր վիրաւոր ծունկն էր ցոյց տուել: Թուրքերը Հայկական թաղին շուրջ խրամներ էին բացել, այնտեղ զինուորներ տեղակայել: Ի պատասխան այդ գրգռութիւններին, հայերը սկսել էին պաշտպանուելու պատրաստութիւններ տեսնել:

            Ապրիլի 20-ին, թուրք զինուորական ջոկատը, Վան մեկնող Հայ կիներ բռնել, սպաննել նրանց ու օգնութեան փութացող երկու հայերի: Թուրքերը, հրացանով ու հրետանիով կրակ էին բացել հայոց արուարձանների վրայ, քաղաքի մեծ մասը բռնուել էր բոցերով: Կանոնաւոր պաշարում էր կազմակերպուել: Հայերի կռուող ուժի թուաքանակը կազմում էր 1500 մարդ: Նրանք միայն 300 »Քառապին» զէնքեր ունէին եւ անբաւարար չափով ռազմանիւթի պաշար: Ճեւտէթի բանակը բաղկացած էր կատարելապէս զինուած եւ լաւ պարենաւորուած, 5000 զինուորներով: Մինչեւ Հ. Մորկընթաուի Վանի հերոսամարտի մասին իր անկեղծ ու հիացմունքով զեղուն գնահատանքի խօսքը մէջ բերելու, ստորեւ պիտի շարունակեմ նկարագրել հերոսամարտի ընթացքը, նա այն մանրամասն չի յիշատակել իր յուշերում, խոստովանելով, որ իր խօսքով ասած,  »Չեմ յաւակնիր իբր զինուորական պատմագիր մը ըլլալ»:                                                           Հայկ Նահապետ, կռւում սպանեց իր երկիր նուաճելու եկած թշնամու առաջնորդին, յաղթական կռուով իր աղխին ազատութիւն շնորհեց: Նայիրի՝ կրակի երկիր, արի մարդիկ աստուածացրին նրան, համբարձեց երկինք, աստղեր հաւաքուեցին նրա շուրջ՝ »Հայկի Համաստեղութիւն» եղաւ: Հազար-հազար տարիներ, Արմին-հայերի սրտերում նա ոգի դարձած, մարմնացաւ իր աղխի յետնորդների հոգիներում, ոչ ոք կարողացաւ սպաննել այն, մինչեւ որ դրացի երկու խոշոր երկիրներ իրենց զարմից Արմինա աշխարհին թագաւոր բերին: Փլուեցին Արմինա աշխարհի տասնեակ հազար դարերի Արմա-Արմին արարչական ցեղի թագաւորական տոհմերի գահակալութիւնները: Սպանեցին իրենց հաւատքի իմաստութիւնը, սպանեցին իրենց  աստուածներին:  Անյիշելի ժամանակներից նրանք ցեղի առաջնորդներ էին եղել, որոնց անչափ սիրելուց աստուածացրել էին:

            Անապատների, տափաստանների դաժանութիւնը իրենց հոգիներում, մի անօրէն Ողուզ-թուրք (թուրքին լեզուով խօսող ցեղի մարդիկ) իրենց դրօշին գայլ, արշաւել էին աղուոր երկրներ, յափշտակել ուրիշի արարում, տիրել նրանց շէներին: Հասել էին արմինների Աստուածաստեղծ »Եդեմ» բարգաւաճ երկիր: Բիւզանդիոնի ամբարիշտ կայսրերի հազար խարդաւանքներով, տկարացրել էին Հայաստան երկրի ներուժը, քանդել այն հզօր պատուարը, որ իրենց էլ պաշտպանական ամրութիւնը պիտի լինէր: Այդ ինչպէ՜ս էր, որ Արմին-հայերի նոր հաւատքի աստուածը թողել, որ նրանք տիրէին Իր արարած Եդեմի երկրին . . . օտարի Աստուածն էր նա: Տիրեցին անողոք դաժանութեամբ, յափշտակեցին նրանց արարումը, պղծեցին նրանց տաճարները, ստորացրին նրանց արժանապատւութիւնը, սպանեցին նրանց ազատ կամքը, կործանեցին նրանց մայր ոստանը, մարեցին նրանց մշակների հորովելները, մանչերին տարան:  

             Օտար ցեղի մարդու թագաւորած Արմինա-Հայաստան երկիր, իրենց նոր հաւատքի »Տէր»-ն ու նրա »Որդին» հրամայել էին Արմին աղխին հնազանդիլ տիրոջը: Ո՞վ էր այդ »Տէր»ը, ուրիշի »Աստուած» ու նրա »Որդի»-ն էին իրենց երկիր բերել, փլել արմինների բնիկ աստուածների մեհեանները, մարել նրանց տոհմական հաւատքի լոյսը, նրանց  փլած որմերի վէմերից տաճարներ պատել, աւանդում են, որ միայն իրենց մայր ոստանում հազար ու մէկ եկեղեցիներ էին պատել: Հազար տարիներ հնազանդեցին, ինչքան հնազանդեցին, դուշմանը այնքան աւելի անողոք իշխեց: Հայու պաշտամունքի Աստուածը նաեւ այդքան չէր հնազանդի, հոգը չեղաւ նոյնիսկ նրանց մանուկների ցաւին:

             Իրենց անցեալի փառաւոր ոստան՝ Տուշպա-Վանում, հազար-հազար Արմին-հայեր, Թահսին Փաշայի պաշտօնավարութեան ատեն, հանգիստ ու խաղաղ գոյակցում էին թուրք բնակչութեան հետ: Թուրքի նոր կառավարողներ, երկրում ազատութեան կեղծ հովեր ծածանած, գերմանների հետ կռուի էին ելել աշխարհի շատ պետութիւնների »Համաձայնողական» դաշինքի դէմ: Յարմար առիթ էին համարել սպաննելու Արմին-Հայ ցեղին: Նրանց դաշնակից գերմանների կայսրը հրամայել էր՝ միայն մէկ Արմին-Հայ կենդանի թողնել, այն էլ որպէս թանգարանային նմուշ: Գերմաններ, այդ »նմուշը» հիմա տասնըերեք միլիոն է, աշխարհին իրենց իմաստութեան լոյսն են նորէն ճառագում:  Ազատութիւն քարոզած »Իթթիհատ»-ի նոր իշխողները հաւաքել էին հայոց զէնքերը, ազգի ազատութեան կռուին ելած »Ֆիտայի»-ներ իջել էին լեռներից: Զէ՞նք-զէ՞նքերը յանձնել թուրքին, Հայը հաւատաց թուրքին, այդ ի՜նչ աղէտ .  .  . թէեւ անցել են հարիւր տարիներ, դեռ հիմա էլ արժի է լացել: Արմին-հայերի քաջերի-քաջ, իր կեանքի հաւատամքը թուրքի դէմ իր ազգի կռիւը դաւանած՝ Անդրանիկ Փաշային, Պուլղարիայից իրենց ժողովին բերած Հայ »մեծեր»-ը նրան առաջարկել էին գալ Թուրքիա, իրեն խոստացուած է »Զօրավար-Հազարապետի»-ի աստիճան շնորհել: Անդրանիկ, պատասխանել, »Թուրքը կոտորելու է Հայ ցեղի մարդկանց եւ նաեւ Ձեզ բոլորիդ», հեռացել էր:

 

 

            Հայերի համբերութեան ու հնազանդութեան բաժակը փրփրում էր վրէժի լեցուն կրակով, կարմիր լոյս հոսում իրենց սրտերին: Տուշպա-վանեցի Արմին-Հայը զէնք վերցրեց, Այգեստանը խրամատեց, զէնք ճօճեց թուրքին, կրակ տեղաց յարձակուող թուրք զինուորի ու ասպատակ թուրք խուժանի վրայ: Վերջապէս, կռուով ելան մահ սփռելու դուշմանին, դրժեցին իրենց »Տիրոջ» հնազանդութեան պատուիրանը: Կովկասեան ճակատում, Ռուսի դէմ կռուող Էնվէրի բանակը Սարիղամիշում ջախջախուեց, իննսուն հազար թուրք ասկէրներ սառեցին, մնացորդացը փախչում էր դէպի արեւմտեան կողմն իրենց զաւթած աշխարհի: Թուրքը իրենց պարտութեան պատճառը համարել էր Արմին-հայերի տածած համակրանքը ռուսների հանդէպ: Իրենց նահանջի ճանապարհին, թուրքը ու իրեն միացած թալանչի-ընչաքաղց, վայրենաբարոյ լեռնական քիւրտը՝ »քուրտը, քուրտը գիտե՞ս . . .» ասում էին Հայ մայրեր, մահմետական խուժանը կողոպտում, հրդեհում արեւմտեան կողմն հայոց աշխարհի շէները, սպանում Արմին-Հայ անզէն բնակչութեանը:                                          Վանի գաւառ, լեցուն էր Արմին-հայերի շէներով ու հոծ բնակչութեամբ: Վասպուրականի Շատախ, Հայոց Ձոր, Ալջախազ, Արճեշ, Թիմար, Գյավաշ, Կարճկան ինչպէս նաեւ առանձին գիւղերում՝ Բելու, Աթանան, Ուլմ, Առեն, Ալյուր, Կեմ դիմել էին ինքնապաշտպանութեան, յամառ մարտեր էին մղել դուշմանի դէմ, վերջապէս իմացել, որ զէնքն էր փրկութիւն: Թէժ մարտերը, իրենց կռիւը մասնաւորապէս Տուշպա-Վանում էր, այն անընդհատ մէկ ամիս շարունակուել էր: Մինչ պատերազմը, Տուշպա-Վանում քսան երեք հազար հայեր էին, շրջակայ բնակավայրերից քաղաք ապաստանածների հետ միասին եօթանասուն հազար, բանա՞կ, թէ մարտի ելած մարդիկ, որոնց զէնք տայիր, կը տիրէին ամբողջ արեւմտեան կողմն իրենց զաւթուած աշխարհի: »Ինչե՜ր ասես չէին անի» Արմին-Հայ մարդիկ: Վանի ու նրա գաւառի Արմին-հայերին սպաննելու համար, ապաշնորհ շնագայլ զինուորականի քեռայր Ճեւտէթ հրահանգ ունէր՝ իր քրոջ ամուսնուց ու նրա զինակից շների վոհմակից, բնաջնջելու Վանի ու նրա շրջակայ հազար-հազար տարիների արարչական ժամանակների շէների Արմին-Հայ բնակիչներին:

            Ճեւտէթ, իր ծրագիրը իրականացնելու համար դիմել էր արեւելքցիների խաբեբայ, ստոր քայլի՝ խորհրդակցութեան համար հրաւիրել քաղաքի ակնառու Արմին-Հայ ղեկավարներից՝ թուրքի խորհրդարանի պատգամաւոր՝ Վռամեանին (Օնիկ Դերձակեան), եւ Իշխանին (Նիկողայոս Միքայէլեան), որոնք տուն չվերադարձան .  .  . : Արմին-հայեր, դուք չէ՞իք ընթերցել ձեր ցեղի պատմութիւնը, որ ձեր մեծերին սպաննելու համար պարտուողները միշտ էլ ձեզ հրաւիրում էին գալ խաղաղութիւն կայացնելու բանակցութիւնների: Այդպէս էր, որ Հռովմի Անտոնիոս զօրավարը, արեւելքի արքաների-արքայ Մեծն Տիգրանի որդի Արտաւազդին հաշտութիւն կնքելու հրաւիրել, շղթայել, տարել իր տարփածոյ Կլէոպատրային որպէս յաղթանակի նուէր մատուցել: Այդպէս էր, որ Բիւզանդիոնի կայսրը՝ Անի ոստանի թագաւոր պատանի Գագիկ թագաւորին Բիւզանդիոն կանչել, չթողել վերադառնար իր գահին: Այդպէս էր, որ երեսուն տարիների մղուած կռւում պարտուած նենգ պարսիկ Շապուհ թագաւորը, կեդրոնամէտ իշխանութեան ազնուազարմ թագաւոր Արշակին տարել »Անուշ Բերդ», որտեղից ոչ ոք չէր վերադարձել:                                                                                                                                                         Էրզրում քաղաքի կայազօրից Վանի իր զօրքը համալրած Ճեւտէթը, իր ջոկատներով ու բազում արիւնակից հրոսակների համագործակցութեամբ, պաշարել էր Վանայ ոստանի Այգեստան թաղամասը, որտեղ կեդրոնացել էին Արմին-Հայ բնակչութեան մեծ մասը: Քանդուել էր  կապը ոստանի քաղաքամիջի բնակիչների հետ: Զէնքով կռուի ելած Արմին-հայերի ինքնապաշտպանութիւնը ղեկավարելու համար կազմուել էր՝ Արմենականների, Հնչակեանների ու Դաշնակցականների միացեալ զինուորական մարմին, որի զինուորական մասի ղեկավարն էր արմենական՝ Արմենակ Եկարեանը, նախագահողը Արամ Մանուկեանը, անդամները՝ Հրանդ Գալիկեանը, Գաբրիէլ Սեմերճեանը, Փանոս Թերլէմէզեանը:                                                                                                                                                        Ղեկավար մարմնի կռիւը սկսելու նախապատրաստական խորհրդակցութիւնում, գնահատելով նրա ծանր հանգամանքները, Արմենակ Եկարեանը դիմել էր ոստանի ինքնապաշտպաններին՝ »Վան առաջին անգամը չէ, որ ցոյց պիտի տայ իր համերաշխ ոգին  .  .  .  .  .  .  Այդ ոգին իր փառաւոր անցեալն ունի: Այս անգամ ալ պիտի տանինք այս կռիւը .  .  .  .  .  .  Ան մեզի պարտադրուեցաւ: Երկու ճամբայ  ունինք, կա՝մ գլուխ ծռել բռնաւորին առջեւ եւ բնաջնջուիլ անպատիւ մահով եւ կա՝մ անվեհեր ու բաց ճակատ դուրս կալ անոր առջեւ նախընտրելով մեր նախնիներուն պատուաւոր ճամբան»: Տուշպա-Վանի մարդիկ ընտրեցին թուրքի դէմ կռուի պատուաւոր նուիրումը:

            Թուրքի կանոնաւոր զօրքը կազմում էր՝ 10-12 հազար զինուոր, 12 թնդանօթ, Վանայ-Բզնունեանց ծովի նաւերը եւ բազմաքանակ հրոսակախումբը: Ոստանում կռուի ելած Արմին-հայերը 1500 հոգի էին, զինամթերքը այնքան քիչ, որ պատուիրուած էր կրակել միայն այն դէպքում՝ երբ վստահ կը լինէին արձակուած փամփուշտը անպայման կը խոցէր թուրքի սիրտը, ճակատը: Այգեստանի հինգ պաշտպանական շրջանների 73 դիրքերում կռուի ելել 1053 մարտիկներ, որոնք ունէին 505 հրացան ու 74 հազար փամփուշտ, 749 մաուզէր ու 39 հազար փամփուշտ: Կտրուած էր դրսի հետ հաղորդակցութեան կապը, դրսի օգնութիւնից զրկուած կռուի ելած Արմին-հայերը ցոյց տուեցին բարձր կազմակերպուածութիւն, հնարամտութիւն: Ֆրանսա ուսանած քիմիագէտ Միքայէլ Մինասեան եւ ուրիշ զինագործներ պատրաստել էին զէնք, վառօդ, փամփուշտ, նռնակ, Պուլղարացի Գրիգորը թնդանօթ էր ձուլել:

Կռիւը սկսել էր, 1915 թուականի Ապրիլի 7-ին, երբ Վարագ տանող ճամբան հսկող զինուորները, Ճեւտէթի հրահանգով գնդակոծել էին Շուշանենց գիւղից Այգեստան գնացող կանանց, առեւանգել, սպաննել նրանց, սկսել ոստանի թաղերից ու զօրանոցներից թուրքերի յարձակումը: Այգեստանը ենթարկուել էր հռետակոծութեան, զգալի չափով աւերուածութիւն էր պատճառուել: Արմին-հայերը, իրենց նախնիների նման ամուր կանգել էին պաշտպանական դիրքերում: Կռուի առաջին օրը գրաւել էին թուրքի հեռագրատունը, պաշարել Հայկական թաղերի կեդրոնում գտնուող Համուդ աղայի զօրանոցը: Պուլղարացի Գրիգորը ստորգետնեայ փորած ուղիով կատարել այդ զօրանոցի պայթեցումը: »Անվեհեր Հրաձիգ» կոչումին արժանացած՝ Տիգրան Այինճեանը (Վարժապետ) պայթեցրել դուշմանի ոստիկանատունը: Կռւում խիզախ մարտիկները, պարգեւատրուել էին »Պատուոյ Խաչ» շքանշանով,  »Արծաթեայ խաչ»՝ (»Հայ ցեղ» գրութիւնով):                                   Կռիւը լաւ էր կազմակերպուել նաեւ քաղաքամիջում, որի քիչ թուով Արմին-հայերը ունեցել էին միայն 100 հրացան եւ 210 մաուզէր, 30 հազար փամփուշտ: Քաղաքամիջում նաեւ կազմակերպուել էր զինուորական մարմին, որտեղ ընդգրկուել էին՝ Հայկազ Կոսոեանը (ղեկավար) եւ այլ հայորդիներ, կեդրոնը՝ հայոց առաջնորդարանը, ստեղծուել էին »Մատակարար մարմին» եւ »Կարմիր Խաչ» յանձնախմբեր: Քաղաքամիջի մարմինը ենթակայ էր Այգեստանի մարմնին, սակայն գործել էր ինքնուրոյն: Կռուի սկզբում, պաշտպանուել էին քաջին վայել սխրանքով, ոչնչացրել դուշմանի տարբեր ամրութիւններ: Ճեւտէթ պիտի խոստովանէր՝ »Կառավարութեան նամուսը քաղաքամիջում բաթմիշ ելաւ», այսինքն խորտակուեց:

            Կռուի առաջին տասնօրեակի պատահարները հայերի օգտին էին: Զինուորական մարմինը Ապրիլի 16-ի իր կոչում ընդգծել էր կռուի ազատագրական բնոյթը եւ՝ »Պայքարը, զոր տաս օրէ ի վեր կը մղենք մեր անարգ թշնամու դէմ, մեր ազգային  ազատագրութեան ամէնէն հոյակապ, ամէնէն նուիրական եւ ամէնէն աւելի ժողովրդական պայքարն է   .  .  . Մեր կռիւը 600 տարիների բարբարոս ու ջարդարար կառավարութեան դէմ է »:  Ապստամբական կռիւ, հայերի կոտորածները արդէն սկսած էին:

            Կռուի երկրորդ տասնօրեակնում նոյնպէս ահեղ մարտեր էին: Դուշմանը համալրում էր զօրքը ու սպառազինութիւնը, ռմբակոծում հայոց պաշտպանական դիրքերը: Ճեւտէթի զօրաբանակը նոր յարձակում էր ձեռնարկել, յաջողութեան չհասնելով ու խոշոր կորուստներ կրելով նահանջել ելման դիրքեր: Արմին-հայերը ոգեշնչուած էին յաղթական կռուով, իրենց հերոսական դիմադրութիւնը ոգեւորել էր բոլորին, նոյնիսկ մանչերը ոչ միայն սուրհանդակներ էին դարձել այլ նաեւ պարեն ու փամփուշտ էին տանում պաշտպանական դիրքեր: Բանագնացների միջոցով կապ էին հաստատել դէպի Վան արշաւող ռուսական բանակի հետ: Փանոս Թերլէմէզեանը գրում էր՝ »Վանեցիները անհաւասար մարտում կռւում էին ատրճանակներով, որսի հրացաններով, դիմադրում էին Կրուպպի թնդանօթներին, որովհետեւ հաւատքն իրենց կուրծքերին պրոնզէ պատնէշներ կերտել»:               Ապրիլի 28-ին դուշմանը նոր յարձակում էր կազմակերպել, Արմին-Հայը դիրքերում ամուր կանգնած էր՝ ոչ մէկ թիզ էր նահանջել: Ճարահատ թուրքը ձեռնարկել էր Հայկական թաղերի ռմբակոծութիւնը, 16 հազար արկ էին նետել: Չէին կարողացել ընկճել Արմին-Հայ պաշտպաններին: Թուրք հրետանին վարող գերմանացի սպան պիտի գրէր՝ »Ին՜չ կենսունակ  մարդիկ էին սա հայերը. մենք քանդելով, անոնք շինելով, չկրցանք իրենց հասնիլ»:

          Երբ թուրքերը իմացել էին, որ ռուսական բանակը եւ Հայ կամաւորական գունդերը մօտենում էին Վանին, վախկոտ թուրքը .  .  . իրար անցած փախնում էր քաղաքից: Մայիսի 3-ին, ազատագրուել էր Վանը, մարտիկները հրդեհել էին դուշմանի վերջին յենակէտ՝ Հաջի-Բեքիրի զօրանոցը, հազար տարիներ յետոյ, հայոց դրօշակը նորէն ծածանւում էր բերդի գագաթին: Վանայ ծովի ալեակները իրար գրկելով ուրախ աղմկում էին, աւետում էին իրենց ափերին Արմին-հայերի ոգու մի նոր յաղթանակի բերկրանքը: Վանը իրենց գրկին պահող Վարագայ, Նեմրութ, Սիփան, Արտոս, Թոնտուրեկ լեռների գագաթների յանգած հրաբուխները՝ իրենց պայթունի որոտներով, կարմիր կրակ լաւայի ժայթքով, արդեօք չէ՞ին ողջունել բնիկների հերոսամարտի յաղթանակը:

 Անդրանիկ Փաշա, իր գունդով արշաւում էր հասնելու Վանի օգնութեան, Դիլմանում իր դէմ դուրս էր ելել թուրքի տասը հազարանոց բանակը: Փաշան շարքի բերել գունդը, գրոհել թուրքի դիրքերին: Ահեղ էր կռիւը, Հայը ջախջախել է Վանի մարտին օգնութեան հասնելու իրենց ճանապարհին ելած թշնամուն: Սրընթաց արշաւով առաջինը հասել Վան եւ Մայիսի 16-ին, Արա-Արայան գահատոհմի Արմինայի Սարդուրի արքայի պարիսպի դարպասով մտել ոստան, նրան հետեւել էր Ռուսի բանակը: »Ամսօրեայ պայքարը, զոր տարանք փառքով ու պատուով, այսօր իր կատարելութեան մէջ կը վայելենք .  .  . . . . բռնութիւնը Հայ զինուորի գնդակէն կը փախչի» գրել էր, ինքնապաշտպանութեան զինուորական մարմինը, Հայ ժողովուրդին ուղղուած դիմումի մէջ:

            Ռուսը, իր երկրի քաղաքականութեան մութ ծալքերով, կարճ ժամանակ յետոյ յայտարարել, որ Էնվէրի ջախջախուած բանակը իբր յարձակում է սկսել իրենց դէմ: Նահանջեց Ռուսի բանակը, իրենց հետ քայլեցին նաեւ թուրքի յոխորտանքը փլած Վանի ու Վասպուրականի հինգ հարիւր հազար Արմին-հայերը, ափսոս եղաւ: Հ. Մորկընթաուն իր յուշերում գրել է, որ Վանում հայերը պայքարել են մեծագոյն հերոսութեամբ, հրաշալի եղանակով: Ընդունել, որ զինուորական պատմագիր չլինելով չէր կարող մանրամասն պատմել տեղի ունեցած բազմաթիւ անհատական հերոսութեան արարքները, կանանց գործակցութիւնը, մանուկների եռանդը, ամերիկացի միսիոնարների անձնուրացութիւնը եւ ուրիշ հազարաւոր պարագաներ, որոնք Հայաստանի պատմութեան փառաւոր էջերէն են: Մօտաւորապէս հինգ շաբաթ տեւող պայքարից յետոյ հայերը յաղթանակել էին, Ռուս բանակը երեւալուց յետոյ, թուրքերը փախել էին, սպաննել շրջակայ շէների մարդկանց: Ռուսները  դիակիզել էին նահանգում սպաննուած 55 հազար հայերի մարմինները: Հ. Մորկընթաուն նաեւ պիտի գրէր՝ »Վանի կռուի պատմականը ըրի, որովհետեւ այն եղաւ ազգ մը ամբողջ մեթոտիկ կերպով բնաջնջելու կազմակերպուած փորձի մը առաջին հանգրուանը»:

                        Հ. Մորկընթաուն իր յուշերում աւելացրել՝ »Ես առիթը պիտի ունենամ վերստին խօսելու Էնվէրի, Թալէաթի եւ նրանց համախոհներուն մօտ իմ ըրած բարեխօսութիւնների մասին, ամէն անգամ որ ես թախանձէի իրենց՝ խնայել հայերուն, անոնք անփոփոխելիօրէն իբր օրինակ ինծի կը յիշատակէին՝ »Վանայ» օրինակը՝  որպէս Հայկական նենգամտութիւն: Այս պատմութիւնը կապացուցանէ, այդ հռչակաւոր ապստամբութիւնը ուրիշ բան չեղաւ, բացի  ընդդիմութիւնը հայերու, որոնք վճռած էին փրկել իրենց կիներուն պատիւը ու իրենց կեանքը», գրել էր Հ. Մորկընթաուն:

 

 

ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ