Ապրիլ ամիսն էր, Ցեղասպանութեան ոգեկոչման Ապրիլ 24-ից հինգ օր առաջ, դեռ ծէգը չբացուած տնեցիներին թողնելով քնած վիճակում՝ սուս ու փուս տնից բակ մտայ, որոշել էի նախաճաշի համար թարմ մատնաքաշ (բառբառի) հաց գնել: Դնչակալը (դիմակ) դէմքիս հագցրած պսակաժահր ախտավարակից պատսպարուելու համար փողոց ելայ, երկինքը կապարաթոյր միատարր ամպով էր պատել, նոյնն էր նաեւ իմ հոգեվիճակը այդ ժահրի պատճառով: Արդէն շուրջ երեք ամիս էր, աշխարհը տագնապի մէջ էր գտնւում, ճգնաժամ էր ապրում: Չինաստանից դուրս էր սպրդել այդ եւ երկրից-երկիր աւերներ գործում:
Ապրում էինք Սանլանդ քաղաքում, հացթուխը շուրջ երեք մղոն մեր տնից հեռաւորութեան վրայ էր գտնւում դէպի արեւմուտք Ֆութիլ պողոտայի վրայ, ուր քայլելով պիտի գնայի: Երկարաձիգ մեր փողոցում անդորր էր տիրում, հազուադէպ ինքնաշարժի երթ, իսկ ղուշերը ազատ վայելում էին իրենց թռիչքներով ու կռկռոցներով, ինչ լաւ է թռչնոց կեանքը ոչ մտածմունք ունեն ոչ մտահոգութիւն: Օրը կիրակի էր, մարդիկ փակուած էին իրենց տներում, ոչ թէ կիրակի հանգստի օր լինելու համար, այլ գրեթէ շաբաթուայ լրիւ օրերը ինքնամեկուսացում եւ սահմանափակ երթեւեկութիւն էր, քանի որ ամբողջ Լոս Անջելէս գաւառում էլ մօտաւորապէս պարէտային վիճակ էր տիրում, հրահանգուած էր ի մասնաւորի մեծահասակներին փակուել տներում, միայն կարճաժամկէտում որոշները կարող էին դիմակով առաւօտեան դուրս գալ գնումներ անելու համար, առանց դիմակի տեսնուողը տուգանուելու էր: Սննդի առեւտրակենտրոններում շարքեր էին գոյանում, մարդիկ վախվխելով էին քայլեր վերցնում, յանկարծ չդիպչէին իրար կամ շատ մօտենան: Ճամբիս հատ ու կենտ դիմակաւորուած մարդիկ մօտիցս անցնում էին լուռ ու մունջ եւ ուշադիր:
Արդէն տասնհինգ տարի է ապրում եմ Լոս Անջելըսում, այս տարիների ընթացքում մարտ ամսի վերջերից սկսած օդերը տաքանում էին, այնպէս որ զովամղիչի անհրաժեշտութիւն էր զգացւում, սակայն այս տարի հակառակն է՝ ցուրտ-անձրեւ եւ տաքուկ հագուստի կարիք: Տաք օրեր են ցանկալի նկատելով ինչպէս ասւում է, թէ՝ ժահրը մասամբ անկարողանում է վարակել: Իսկապէս ինչ տագնապալի ժամանակների հանդիպեցինք, նախկինում, իմ ողջ կեանքում այսպիսի մեկուսացման եւ դիմակակրման օրեր չպատահեցին եւ ով գիտէ որքան է տեւելու այս նեղացուցիչ վիճակը:
«Կիլիկիա» հացթուխ-անուշարանում միակ յաճախորդն էի կանուխ եկած լինելով, դրամարկղի մօտ մէկը չկար, փոքրածաւալ խանութում քով-քովի դրուած սառնարանների մէջ ցուցադրւում էին զանազան տեսակի թխուածքներ քաղցրասիրահարի ախորժակ գրգռող, եկել էի միայն հաց գնելու, խանութի ներսի դռնից հացթխանոցն էր երեւում, ուր կանայք եւ տղամարդիկ գործով էին զբաղուած, ով գիտէ ինչ կանուխ ժամի էին եկել աշխատանքի, որ հացը արդէն պատրաստ էր, թոնիրի մէջ չի եփւում հացը, փուռեր եւ օջախներ, թոնիրի մէջ թխուած լաւաշը այլ հոտ ու բոյր ունի: Այս հացթուխների մեծամասն աշխատաւորները մեր հայաստանցի քոյր ու եղբայրներ են, հայրենիքից արտագաղթելով աշխատանքի են լծուած իրենց գոյութիւնը պահպանելու եւ նաեւ օգնելու իրենց հարազատներին Հայաստանում:
Կանգնած տեղիցս կանչ տուի.
-Քուր ջա’ն. շնորհ կը բերէ՞ք:
Այս մէկը ինձ ծանօթ չէր, միջահասակ մի հայ տիկին.
-Ի՞նչ կը ցանկանաք:
-Երեք մատնաքաշ, որ ասեմ մէջտեղից կիսէք, կը լինի՞.
-Ինչու չէ, հիմա կը պատրաստեմ:
Նա համեստ ու քաղաքավարի պատուէրս առնելով մտաւ հացթխանոց:
Մենակ եմ խանութում ցուցափեղկերին եմ նայում, մէկէն ուշադրութիւնս գրաւեց դիմացի պատի վրայ փակցուած պայտը, անմիջապէս յիշեցի անցեալում այստեղ հացի եկած ժամանակս նկատել էի այդ պայտը եւ հետաքրքրութեան համար հարց էի տուել աշխատաւոր կնոջ.
-Քուր ջան սա ինչ նշան է պատին փակցուած:
Նա շրջուելով դէպի պատը պատասխանեց.
-Սա նալ է կոչւում, չարը (սատանայի մուտքը) խափանելու համար է:
Վրդովեցայ ոչ հայերէն բառ լսելով եւ անմիջապէս ուղղեցի բարձրաձայն ասելով.
-Քուր ջան, սրան պայտ են կոչում, անունը պայտ է, ձիերի, ջորիների եւ էշերի սմբակներին են ամրացնում, ախր ինչու մեր ոսկեղնիկ լեզուն աղաւաղում ենք, էլ ռուսերէն, պարսկերէն եւ այլն խառնում մեր լեզուի հետ սարքում ենք շիլաշփոթ (խառնաշփոթ), էլ չեմ խօսում փողոցներում խօսուող ժառգոն տեսակը, աղբիւրը իր պարզ ու յստակ ջուրով է ախորժելի: Այդ նկատողութիւնից յետոյ իրեն պատմեցի թէ Իրանում եւս ի մասնաւորի գիւղերում մուտքի դռան վերեւում ամրացնում են այդ պայտը չարքերից եւ դեւերից պաշտպանուելու համար, ժողովրդական հաւատալիք սնապաշտութիւն պէտք է համարել:
Գործաւորի ձայնը սթափեցրեց ինձ մտքերից:
-Ահա աղբէր ջան հացերը:
-Կարելի է խնդրեմ մի երեք կապոց էլ լաւաշ տաք:
Դրամը վճարելով, երկու տոպրակներով դուրս եկայ, ուրախ էի նախաճաշի համար թարմ հաց էի տանում տնեցիների համար: Երկինքը դեռ մնում էր ամպամած եւ ցուրտ, կամաց քայլերով դէպի տուն ճամբայ ընկայ մայթի կողմից, ճամբան քիչ աշխուժացել էր: Պողոտան կտրելով փողոցից շարունակեցի դէպի տուն, երկու փողոցների կտրուածքին տեսայ մի մարդ միայն կարճ տաբատը հագին, տան առջեւը մայթին կանգնած, մէջքը դէպի իմ կողմը, գլուխն ու աջ ձեռքը դէպի երկինք պարզած բարձրաձայն կանչում է՝.- Տէ’ր Աստուած, մեզ օգնիր քորոնա վիրուսից (My God, help us from corona-virus): Ես մայթին կանգնած հետաքրքրութիւնից մղուած տեսարանն էի դիտում, մի տարեց կին դնչակալը երեսին ջղայնացած կանչում էր՝- ա’յ տղայ, հագուստդ հագի’ր, չմրսե’ս, եկեղեցի կ’երթանք, կ’աղօթենք (Hey body. Wear your clothes, so you don’t get cold. Let’s go to church and and pray): Չիմացայ նրանք ինչ ազգի էին, ինձ հասկանալի անգլերէնով կը խօսէին, Լոս Անջելըսը խայտաբղէտ ազգերի խառնուրդ քաղաք է: Նրանց այդ վիճակում թողած ճամբաս շարունակեցի մտքերով տարուած՝ ախր Աստուած մարդուն խելք, գիտակցութիւն է տուել ճիշտ ձեւով տնօրինի իր կեանքը, բնութիւնը չաղտոտի, ջուրը, գետերը, ծովերը, ովկեանները եւ միջավայրը չապականի, շրջապատը մաքուր պահի, մարդկային յարաբերութիւնները չվտանգի, խաղաղ ու շրջահայեաց կեանք ապրի: Ով գիտէ բնութեան աղտոտութեան հետեւա՞նք է այս ժահրի տարածումը, թէ» աղէտաբեր գաղտնի արարք… ապագան կ’ապացուցի:
Քիչ քայլելուց յետոյ հանդիպեցի Սիմոն ընկերոջս, նա դիմակը երեսին բարիլոյսով սկսեցինք մեր զրոյցը առանց ձեռնուելու եւ անձերի հեռաւորութիւնը յարգելով:
-Հա սիմո’ն, այս ժամին ի՞նչ ես անում փողոցում.
-Քանի երթեւեկութիւնը քիչ է, դուրս եմ եկել քայլելու, միթէ կարելի է գիշեր-ցերեկ տունը բանտարկուած մնալ այս հրէշ վիրուսի պատճառով, ձանձրանում եմ, Աստուած չանի այս վիճակը երկար տեւի, ընկճուածութիւն եւ այլ անպատեհութիւններ առաջ կը բերի:
-Յոյսով այդպէս որ դու ես ասում չի լինի, ճիշտ է դաժան եւ վտանգաւոր մի համաճարակ է սա, սակայն աշխարհի կառավարութիւնները զօրահաւաքի են ենթարկել իրենց պայքարի միջոցները նրա տարածման առաջը խափանելու համար:
-Ինչքան միամիտ ես դու, այս խմորը շատ ջուր կը խմի, գերմեծերի քաղաքականութիւնն է սա, աշխարի կարգ ու սարքը փոխելու նպատակներ է հետապնդւում, վայն եկել է թերաճ երկրներին. նրանց դէպի սնանկութեան եւ առաւել կախուածութեան են տանելու:
-Իմ խելքն էլ չի կտրում, որ էսքան շուտ վերջ գտնի, այս քանի ժամանակում մեր առօրեայ կենցաղը ամբողջովին փոխուել է: Մեր նիստ ու կացը, վարք ու բարքը, հարազատական, բարեկամական եւ ընկերային շփումներն ու յարաբերութիւնները կասեցուել են, էլ չեմ խօսում մշակութային ձեռնարկների եւ ճամբորդութիւնների մասին:
-Դեռ ուր ես, եթէ այսպէս առաջ գնանք սոցիալական կեանքը յեղաշրջուելու է: Մի քանի ամիսներ առաջ մի յարգելի անձի մահուան առիթով ինչ յարգանքուվ ու պատուով հոծ յուղարկաւորների մասնակցութեամբ ննջեցեալը հողին էր յանձնւում մահախօսական ելոյթներով եւ դրուատանքի արտայայտութիւններով, սակայն այս օրերին թոյլ չի տրւում հինգ-վեց հոգուց աւելին նեկայ գտնուելու թաղման արարողութեան: Մէկ կեանք մարդը համալսարանի դասախօս է եղել, սերունդ է դաստիարակել, ուսում եւ գիտութիւն է փոխանցել, հապճեպ գերեզմանատուն են տանում եւ անշուք թաղում կատարում մի հինգ հոգով:
-Իմ կարծիքով մարդկանց հաւաքականութիւններից զրկելու միտում կայ, մոռացնել տալ անցեալի սովորութիւնները, իրենց թխած նորագոյն քաղաքական ու մշակութային կեանքով ապրելու համար:
-Ինչ անենք, մկրատն ու կտորը գերմեծերի ձեռքումն է, ինչպէս ուզում են, այնպէս էլ կը ձեւեն:
-Արդարեւ հնարաւոր չի այսպէս բանտարկուած ապրել, միթէ կարելի է առանց հանդէսի, հարսանիքի, խրախճանքի ապրել, կարօտախտով պիտի տառապենք:
-Լաւ, ընկեր ջան, լաւ որ քեզ հանդիպեցի, չկիսուելու պատճառով խօսքերը կուտակուել դարձել էին մաղձ, բացուելով թեթեւացայ, դեհ գնանք, յուսով շուտով հանդիպենք:
Տուն հասնելով տնեցիները արթնացել էին, աղջիկս ինձ տեսնելով հարց տուեց.
-Պա’պ որտեղ էին գնացել:
-Նախաճաշի համար թարմ հաց առնելու:
-Միթէ քեզանից չեմ խնդրել, բոլորովին դուրս չերթաս, մարդկանց հետ չշփուես, էս վիրուսը (մանրէ-ախտ) շատ վտանգաւոր է, եթէ բռնուեցիր ծանր է լինելու, էլ չկրկնուի, հիմա հագուստներդ փոխիր, թող լուացուեն, ինքդ էլ բաղնիք առ, յետոյ արի նախաճաշենք:
Ինչ արած, պէտք է լսել, ենթարկուել, մանաւանդ որ աղջիկս հիւանդանոցի դեղատան պատասխանատուներից է:
Ռ. ԿՈՐԻՒՆ