Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Գլուխը Ինչպէս Փեթակ

Պսակաժահրից վարակման մտավախութիւնը զգալի է գրեթէ ամենուրեք, այն երկրներում ուր մուտք է գործել այդ համաճարակը: Արդէն քանի ամիս է շփումները նուազել, հաւաքները առկախուել, ճամբորդութիւնները կասեցուել են եւ այլն, իսկ հեռախօսային եւ առցանցային անփորձանք կապերը դար ու դադար չունեն՝ գործի, աշխատանքի եւ մէկն զմէկու վիճակից տեղեկանալու առումով:

Մի շաբաթ կը լինէր որ բարեկամիցս լուր չունէի, մտահոգութիւնս փարատելու եւ առօրեայ հարցերով կիսուելու նպատակով նրա համարը հաւաքեցի եւ ալօ-ալօ ասելով կապը միացաւ.

-Այ ընկե’ր-բարեկամ, մի շաբաթ է ո՞ւր ես, ձայնդ չենք լսում, չլինի Տէրը մի» արասցէ ապառողջ ես:

-Չէ», ընկեր ջան, դեռ սաղ ենք, էնպէս վախեցրել են, որ տնից դուրս չեմ գալիս, տունն էլ մնալով մտածումների մէջ ընկնելով գլուխս ինչպէս մեղուների փեթակ բզզում է: Էսօր առաւօտեան տեսայ շատ եմ նեղանում, դիմակս հագնելով դուրս եկայ քայլելու, հիմա որ քեզ հետ խօսում եմ, գտնւում եմ Գլենդէլի Բրանդ փարքում (զբօսայգի), մեր տնից մինչեւ այստեղ երկար ճանապարհ է, չեմ իմանում, երբ եմ հասել:

-Ինչպէս թէ չես իմանում:

-Իրօք հէնց էդպէս, քանի որ անընդհատ շուրջս եմ նայել, որ յանկարծ չմօտենամ կամ չդիպչեմ մէկին:

-Միթէ՞ այս դժնի օրերին արտօնուած է փարք մտնել:

-Այս մէկը՝ այո, բայց այլ տեղերինը չգիտեմ, օրը կիրակի լինելով լեցուն է փարքը, շատերի դէմքերին դիմակ, մեքենաների մուտքը արգելուած է, ընտանիքներ սեղանների շուրջը ազատ վայելում են զբօսայգու ծիծաղկուն կանաչութիւնը, կապտաւուն երկինքը եւ գարնանային զովասուն շունչը, այս թովիչ բնութիւնը մարդկանց մագնիսի պէս ձգել է դէպի իրեն մոռանալով քովիդ ու քորոնա գայթակղիչ վարակները, ինձ թւում է թէ ներկաներից որոշները չեն ըմբռնում նրանց լուրջ վտանգը:

-Որ այդպէս, դու ինքդ չես վախենո՞ւմ այդ մարդաշատ վայրում ես յայտնուել:

-Ճիշտ ես, դեհ ասացի, սիրտս մի տեսակ ճմլւում էր մենակութիւնից եւ ձանձրոյթից,  բայց ինձ առանձնացրել եմ մի բարձր տեղում կանաչների մէջից դիտելով դիմակաւորուած բազմութիւնը եռ ու զեռի մէջ:

Դիմակներ բառը լսելով միտքս գնաց դէպի գրող Սամուէլ Բեգլարեանի յօդուածում իմ կարդացած պարբերութեան՝ «Փակուելը դեռ ոչինչ, դիմակներն աւելի զաւեշտալի ու խեղճատեսք դարձրին բոլորիս վիճակը»:

Սթափուելով շարունակեցի ընկերոջս հետ խօսք ու զրոյցը.

-Այդ վիճակում գոնէ ինձ կը զանգէիր եւ միասնաբար մի բան կը մտածէինք, որպէսզի լիցքաթափուէիր:

-Խելքս չկտրեց, վազ անցիր, արդէն ճամբայ ընկնելու վրայ եմ, նախքան դա, կ’ուզեմ պատմել Թեհրանի մեր թաղեցի ընկերներից մէկի մասին այստեղ Գլենդէլում: Հա, մի երկու օր առաջ էր, զանգեցի իրեն եւ ինչ լսեցի…

-Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ լռեցիր:

-Չեմ իմանում, ճիշտ եմ անո՞ւմ պատմել, ոչինչ, դու հօ օտարական չես, միայն թող անունը չյայտարարեմ:

-Լաւ կ’անես անունը չտալ, էսպէս աւելի ընդունելի եւ ասեկոսի ենթակայ չի լինի, հաւատացած եմ սրտում պահուած խօսքը գաղտնիք է մինչեւ այն ատեն, երբ չի դրսեւորուել, հիմա ասա, տեսնեմ, ինչ էր պատահել:

-Ընտանիքով այս ճիւաղ ժահրով էին վարակուել՝ հինգ հոգի անդամներով:

-Ինչպէ՞ս էր պատահել:

-Տան կրտսեր աղջիկը հանդիպման էր գնացել ընկերուհիների հետ առանց դիմակի, մի քանի օրերից ողջ ընտանիքը ջերմ ու սոսկալի հազ, այնպէս որ բոլորը մատնուել էին  մտատանջութեան, նրա պատմածի համաձայն ասում էր.-գիշերները քուն չունէինք, սակայն բժշկի խորհուրդների եւ մեկուսացման շնորհիւ խաղաղ հոգով եւ համբերութեամբ յաղթեցինք նրան եւ ապաքինուեցինք, մեր բժիշկը թելադրում էր հեղուկ ըմպելիք շարունակ գործածել եւ սննդառատ ուտեստեղէն օգտագործել, տասնհինգ օրերի դժուարութիւններից յետոյ փառք Աստուծու հիմա շատ լաւ ենք եւ ոչ մէկ մտահոգութիւն, սակայն մնալով պատուէրների ներքոյ:

-Արդարեւ մեծապէս ուրախացնող լուր, այն որ կորուստ չենք ունեցել, թող որ ոչ մի ընտանիքում կորուստ չպատահի, Աստուծոյ տուած կեանքը թող մարդիկ վայելեն խաղաղ հեռու որեւէ տեսակի փորձանքից:

-Ընկե’ր ջան, մոռացայ ասեմ որ նրա փոքր աղջիկը ֆիզիքապէս նուազ է եղել, էդ պատճառով այդ բացիլը նրան է թակարդը գցել որպէսզի իր սերունդը տարածի ու մեծացնի:

Ես էլ հաւատացած եմ որ տկարութիւնը փորձանքների է ենթակայ: Այս առնչութեամբ թող յիշեմ գրող Սամուէլ Խալաթեանի՝ «Դիմակը հանելու ժամանակը» յօդուածի այս հատուածը՝ «Աշխարհը թոյլերին չի սիրում: Դրա համար էլ գիշատիչ է ստեղծել, որ թոյլ ու հիւանդին ոչնչացնի: Ուրեմն հզօրանալ է պէտք: Հզօրանալու համար՝ միասնութիւն է պէտք, իսկ դրա համար ՝ կամք ու տրամաբանութիւն: Բա ինչո՞ւ են ասում, Աստուած ում ուզում է պատժել՝ խելքն առնում է»:

Այո», անձնապէս հզօրանալ գիտութեամբ եւ նիւթականով, անձերի հզօրացումը հայրենիքի հզօրացումն է, այո», միասնականութեամբ եւ միակամութեամբ ու իշխանաւորների անսակարկ նուիրումով միայն կայ հզօրացում, հայ ժողովուրդը անհրաժեշտօրէն կարիքն ունի այդ հզօրացման իր գոյութիւնը եւ իսկութիւնը պաշտպանելու համար:

Ռ. ԿՈՐԻՒՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ