Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ցաւով արձանագրեցինք տակաւին մի քանի օր առաջ՝ յուլիսի 10-ին, Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Օրթոտոքս Եկեղեցիների եւ քրիստոնէական աշխարհի համար կարեւոր նշանակութիւն ունեցող Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։ Հակառակ համաքրիստոնէական տարբեր կազմակերպութիւնների, եկեղեցապետերի ու քաղաքական առաջնորդների կոչերին՝ թուրքական կառավարութիւնն ընդունեց միակողմանի ու դատապարտելի որոշում՝ դրանով իսկ խախտելով Թուրքիայում ազգային կրօնական փոքրամասնութիւնների իրաւունքները։ Ցաւով ենք նշում, որ միլիոնաւոր քրիստոնեաների կոչերն ու անհանգստութիւններն անտեսուեցին, հաշուի չառնուեց նոյնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Սուրբ Սոֆիայի տաճարը համաշխարհային մշակութային գանձարանում ներառնուած լինելու փաստը։
Թուրքիայի կառավարութեան գործողութիւնը ծանր յուշեր է արթնացնում դարեր շարունակ Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ ժողովրդի, ինչպէս նաեւ այլ քրիստոնեայ ազգերի սրբատեղիների պղծման ու կործանման վերաբերեալ։ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ու հայ ժողովուրդը, որպէս Օսմանեան Թուրքիայում Ցեղասպանութիւն վերապրած ժողովուրդ, կիսում է օրթոտոքս եղբայրների եւ քոյրերի ցաւն ու անհանգստութիւնը։ Հայոց Եկեղեցին դատապարտում է քաղաքական շահերից ելնող՝ կրօնների փոխըմբռնման ու երկխօսութեան գործընթացին մեծապէս վնասող Թուրքիայի կառավարութեան որոշումը՝ միաժամանակ կոչ անելով վերանայել այն ու վերադառնալ Թուրքիայում տարբեր կրօնական համայնքների խաղաղ աղօթական համակեցութեան սկզբունքին։ Պատմութեան վայրիվերումների ու քաղաքական փոփոխութիւնների ընթացքում Սուրբ Սոֆիայի տաճարը պատմական եւ մշակութային արժէքից զատ ձեռք է բերել նաեւ տարբեր՝ կրօնական, մշակութային եւ քաղաքական նշանակութիւն՝ դառնալով ոչ թէ քաղաքակրթութիւնների բախման, այլ համագործակցութեան եւ մարդկութեան միասնութեան խորհրդանիշ:
Միակողմանի այդ որոշման պատճառով ստեղծուած դժուարին այս իրավիճակում Հայոց Եկեղեցին աղօթքով զօրակից է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք, մեր սիրեցեալ եղբայր Նորին Սրբութիւն Բարդուղիմէոս պատրիարքին եւ Օրթոդոքս Եկեղեցու մեր քոյրերին ու եղբայրներին։