Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Աշխատանքային Քննարկում Շաբաթնօրեայ Վարժարանների Հոգեւոր Հովիւների, Տնօրէնների Եւ Ուսուցիչների Մասնակցութեամբ

Ապրիլի 17-ին Արեւմտեան թեմի Բարեխնամ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի ատենապետութեամբ տեղի ունեցաւ Թեմի Շաբաթօրեայ վարժարանների հոգեւոր հովիւների, տնօրէնների եւ ուսուցիչների աշխատանքային առցանց ժողով՝ նպատակ ունենալով քննարկել շաբաթօրեայ դպրոցների կազմակերպման նոր հնարաւորութիւններն ու նոր ծրագրերը։ Նախորդ նմանաբնոյթ քննարկումը ծաւալուել էր Յունուարի 9-ին։

Նախ դպրոցների տնօրէնները հակիրճ ներկայացրին ներկայ կացութիւնը, ըստ որի՝ նախորդող ամիսներին դասերը շարունակուել են հիմնականում առցանց դրոյթով, իսկ վերջին օրերին վերաբացուել են կենդանի դասերը սահմանափակ քանակով եւ կրճատ ժամաքանակով։ Օրինակ՝ Փասատենայի դպրոցում դասերը շարունակուել են դրսի պայմաններում, Փոքրիկ հրեշտակներ դպրոց են այցելում մօտ 100 սաներ՝ նախկին 350-ի փոխարէն։ Աշակերտների թուաքանակի կրճատում է եղել գրեթէ բոլոր դպրոցներում, սակայն բոլորը լիայոյս են, որ դպրոցները վերբացուելիս սաների հոսքը պիտի վերականգնուի։ Դպրոցները նաեւ նախապատրաստւում են Ապրիլի 24-ի միջոցառումներին։

Առաջնորդ Սրբազանն իր խօսքում նախ շնորհակալութիւն յայտնեց հովիւներին, տնօրէններին ու ուսուցիչներին՝ ոչ հեշտ այս ժամանականերում դասերը շարունակել կարողանալու համար, քանզի «մեծ խանդավառութիւն են բերում մեր սաները, եւ այդ տրամադրութիւնը պիտի նպաստի, որպէսզի նոր ուսումնական տարուան ընդառաջ դպրոցները վերաբացելիս ժամ առաջ բնականոն հունի մէջ դրուեն աշխատանքները եւ ուսումնական ընթացքը», նշեց Յովնան Սրբազանն իր խօսքում։

Յովնան Սրբազանը մի շարք կարեւոր յանձնարարականներ տուեց, եւ քննարկման մասնակիցները նոյնպէս արձագանգեցին այդ կէտերին, նաեւ եղան բազմաթիւ գործնական եւ օգտակար առաջարկներ, որոնք հարկ ենք համարում ներկայացնել ի գիտութիւն։

– Նոր ուսումնական տարուայ վերաբացումը պիտի լինի 2021 թուականի օգոստոսին՝ Ս. Աստուածածնի տօնին (Օգոստոսի 15), կամ յաջորդող շաբաթ։

– Դպրոցները լիարժէք վերաբացելու համար կը պատրաստուի եւ կը հրապարակուի յատուկ ուղեցոյց։

– Օգոստոսի 14-ին պիտի կազմակերպուի ուսուցիչների ամէնամեայ աշխատաժողովը, անձնապէս ու միաժամանակ ուսուցիչների առցանց մասնակցութեամբ։ Աշխատաժողովին առաւել թարմ մօտեցում հաղորդելու համար Առաջնորդ Սրբազանը յարմար համարեց երիտասարդ արուեստագէտների ու գրողների հրաւիրել։ Այն կազմակերպելու համար ստեղծուեց աշխատանքային խումբ հետեւեալ կազմով՝ Դոկտ. Էլի Անդրէասեան, Տ. Վազգէն Քհնյ. Պոյաճեան, Յովհաննէս Սրկ. Գումրույեան, Սեդա Ապաճեան, Քաղցրիկ Մանուկեան, Նորայր Տատուրեան, որ մինչեւ Մայիսի կէսերը պէտք է ամբողջացնի աշխատաժողովի օրակարգը։

– Քննարկուեց դպրոցներում 6-րդ եւ 7-րդ դասարաններ բացելու հարցը, այդ նպատակով պիտի կազմուեն համապատասխան ծրագրեր։

– Յովնան Սրբազանն առաջարկեց, նկատի ունենալով առկայ փորձառութիւնը, քննարկել դպրոցները հայ ազգի մեծանուն գործիչներից որեւէ մէկի անունով կոչելու հարցը, ինչպէս որ Պորտլընդի դպրոցը անուանակոչուել է Յովհ. Թումանեանի անունով։

– Առաջարկուեց կազմակերպել գրաւոր աշխատանքների մրցոյթներ սաների մասնակցութեամբ, եւ դրանք ըստ հնարաւորին պատրաստել տպագրութեան, որով ցոյց կը տրուի, «թէ ինչքան կեանք կայ մեր աշակերտների մէջ» (Յովնան Արք.)։ Այդ առիթով առաջարկ եղաւ նաեւ մասնաւոր մրցանակներ ի նկատի ունենալ յաջողած սաների համար։

– Հայաստանեան դպրոցական ծրագրերին ներգրաւուելու համար Տիար Նորայր Տատուրեանը առաջարկեց մասնակցել ի մասնաւորի երկու ծրագրերի՝ նկարչական մրցոյթի եւ ծառատունկի։ Վերջինիս խորհուրդն այն է, որ փոքր նուիրատուութեամբ աշակերտը կարողանում է նպաստել իր ծառը հայրենիքում տնկելուն՝ այդպիսով իր արմատները հեռահար ձգելով հայրենի հողի մէջ։

– Արցախեան ազատամարտի ու մանաւանդ նահատակ զինուորների յիշատակի համար առաջարկուեց ունենալ առցանց աղօթքի ու զօրակցութեան ժամ սաների մասնակցութեամբ։

Ամփոփելիս պիտի վերակրկնենք շաբաթնօրեայ դպրոցների հիմքում դրուած այն սկզբունքը, որի մասին իր խօսքում նշեց նաեւ Յովնան Արքեպիսկոպոսը, որ «ժամ առաջ դպրոցները հունի մէջ դնելով պիտի վերականգնենք մեր աշակերտներին ոչ միայն հայոց լեզու ու պատմութիւն սովորեցնելը, այլեւ նպաստենք կենդանի շփումներին, որ ի վերջոյ բերում է հայեցի դաստիարակութեան»։

Դիւան Առաջնորդարանի

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ