Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Յաղթանակի Եւ Խաղաղութեան Տօնի, Շուշիի Ազատագրութեան Եւ Արցախի Պաշտպանութեան Բանակի Հիմնադրման Օրերի Առիթով

Սիրելի հայորդիներ,

Մայիսի 9-ի նուիրական այս օրը վերարժեւորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի եւ բռնութեան դէմ յաղթանակի կերտմանը եւ աշխարհում խաղաղութեան հաստատմանը: Արցախեան հերոսամարտում Շուշիի ազատագրման եւ Արցախի բանակի կազմաւորման խորհրդանշական այս նոյն օրը, սակայն, անդրադառնում ենք նաեւ անցեալ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողբերգական հետեւանքներին։ Ադրբեջանի կողմից շարունակւում են խաղաղ բնակչութեան դէմ ոտնձգութիւնները, անմարդկային խոշտանգումների են ենթարկւում գերութեան մէջ գտնուող մեր զինուորականներն ու քաղաքացիական անձինք, հետեւողականօրէն ոչնչացւում է հայկական հոգեւոր ու մշակութային բազմադարեայ ժառանգութիւնը Արցախում։

Սիրելի ժողովուրդ, այսօր առկայ նոր մարտահրաւէրներին յանդիման մեզ համար հրամայական է հայոց բանակի զօրացումը, որ երաշխաւորն է մեր հայրենիքի անվտանգութեան ու մեր խաղաղ կեանքի։ Մայիսի 9-ը՝ իբրեւ յաղթանակի եւ խաղաղութեան տօն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբիւր եւ վկայութիւն, որ մեր յաղթանակներն ու ձեռքբերումները հնարաւոր է կերտել համազգային միասնականութեան անպարտ ուժով։ Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջեւ՝ ի գին ամէն զոհողութեան շէնացնելու հայրենի մեր երկիրը եւ վերանորոգելու մեր կեանքի խաթարուած ընթացքը, ջանքեր ներդնելու յանուն արցախահայութեան խնդիրների յաղթահարման եւ հետեւողականօրէն պայքարելու յանուն ազգային մեր իղձերի ու նպատակների իրականացման։

Աղօթում ենք նահատակուած հայորդիների հոգիների հանգստութեան, գերիների ու անյայտ կորածների վերադարձի, վիրաւորների ապաքինման համար: Հայցում ենք, որ Բարձրեալ Տէրը Իր օրհնութեան ներքոյ խաղաղութեան ու ապահովութեան մէջ պահպանի մեր Հայրենիքը եւ զօրացնի մեր ժողովրդին ոգու արիութեամբ, յոյսով ու հաւատով, այսօր եւ միշտ. ամէն։

Օրհնութեամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ