Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Զանգեզուրի Շուռնուխի Գիւղի Բանաւանում

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ 

    Եւ պատմութիւնը պատմելով է, որ անհատը, իմա՝ պատմողը, կը ստեղծէ եւ կը վերստեղծէ իր ինքնութիւնը

Սիւզան Ուիթիկ Ալպերթ

 Գորիս էինք գնում, ինքնաշարժի խճուղու բարձունքի անտառակի եզրին ինքնաշարժը դանդաղեցրել էր ընթացքը նրա վազքից յոգնած անիւները մի քանի պտոյտ անելով, անշարժացել: Ինքնաշարժից դուրս էինք ելել դիտելու Գորիսի չքնաղագեղ տեսքը: Գեղեցիկ է Գորիսը, կանգնել էի  խճուղիի առաջին ոլորանի եզրին, հովտում աստղափունջ համայնապատկեր էր փռուած: Դէպի ներքեւ գնացող ուղիղ փողոցների վրայ շարան-շարան բարձր տները գնում փառում էին հովիտի կողերի դարաւանդներին, ընկողմանում այնտեղից վազող գետակի ջրերում: Հովտում իջած մշուշի սարդոստայնն էր արեւի ճառագայթներից երերում, իջնում ծառերի սաղարթներին: Աստղերի կարմիր լոյսով վառուած տների տանիքներն էին ժպտում արեւին, նրա արծաթափայլ ճառագայթներն էին իջել այնտեղ, կարմիր ու սպիտակ լոյսի պերճանք էր: Խնձորենիների կանաչն էր տներին հովանի, որ քաղաքի կարմիր տանիքներով տները չբռնկէին արեւի լոյսի կրակից: Հեռու-մօտիկ կեռասենիներն էին բոցկլտում կրակի մանրիկ կայծերով: Կեռասն էր հասունանում, արեգակը ամառ էր բերում Գորիս քաղաքում:

         Հովիտի հակադիր բարձունքին, վհուկների կախարդանքո՞վ, թէ՞, ”Է”-ի անէծքով քարացած մարդիկ են կանգնած՝ երեւի Նազարի դէմ կռուի ելած հսկաներն էին: Նազարը, նրանց տեսքից սարսափահար, վազող առիւծին ակամայ որպէս նժոյգ արած արշաւել նրանց դէմ կռուի: Հսկաները, նրա ահից քարացել էին հանդիպակաց բարձունքին: Դեռ մինչեւ հիմա էլ, իրենց երկար, հաստ ու կլոր բիրերը վերեւ պարզած, հայեացքները հեռուներին, երեւի սպասում են արեւելքից արշաւել յանդգնող դուշմանին կռիւ տալու: Եղել եմ հսկաների կողքին: Այնտեղ բուսել են բարձր, շատ բարձր քարածաղիկներ, իրար կողքի հաւքեր, բազմագլխանի վիշապներ, բաշերը հողմին տուած նազարի առիւծներ, թեւատարած արծիւներ, ճախրող եղջերուներ: Ակնապիշ կանգնել եմ նրանց կողքին, հոգուս երեւակայութեան ճախրանքով այնտեղ տեսել քարացած հայոց հին աստուածներ՝ Արային, Միհրին, Անահիտին, Նանէին, Աստղիկին Վահագնին, Տիրին: Քարացած հսկաների կողքին տեսել եմ Սիւնեաց աշխարհի ազատութեան համար թուրք-դուշմանի դէմ մարտի ելած Մխիթարին, զինակիցները սպաննել էին նրան . . . : Յիշատակութեան արժանի մեծ գործերի հետ, Արմինա »Սրբազան Օրինաց Լեռնաշխարհ»-ում անյարիր արարքներ են կատարուել: Արդե՞օք,  այդ հսկայ բարձունքը դրախտի մի կտորն էր, որը Աստծոյ անէծքով քարացել էր, կարող է .  .  . :

 Ոլորաններով իջնում էինք քաղաք, անցնում փողոցներով, ձեռքս ինքնաշարժի պատուհանից դուրս պարզած, ողջոյնում անցորդներին, »բազալտ»-է ամուր քարերով պատած շարան-շարան տներին, նրանց առաջ հողին խոնարհած խնձորենիներին, արեւի լոյսով բռնկած կեռասենիներին, զուարթ լոյս էր իջել երեւակայութեանս տեսիլքի հեռուներին:

Գորիս, հիմնադրուել 1870 թուականին, Էլիզաւետպոլ նահանգի, Զանգեզուր գաւառի վարչական կեդրոն, Երեւանից 250 ք.մ. Ղափան-Կապան քաղաքից 67 ք.մ. հեռաւորութեան վրայ: 1890 թուականին, ուղիղ ու լայն փողոցներով այն յատակագծել էր գերմանացի ճարտարագէտը,: Գորիսեցիները պահպանում են նրա գեղեցիկ դէմքը: 

Բնիկ Գորիսեցի Քուստունց Սարգիսեան Լեւոնի աւագ որդի Ասպետի  տան շեմում էին: Սիմա քոյրս, Ասպետի ու զաւակների հետ գալիս դիմաւորում մեզ: Քոյրս բազկատարած վազում դէպի ինձ, գրկախառնւում, անձկանօք նայում իրար, Արմենակի ու Զարուհիի ստուերներն են յառնում նրանց դէմքերից, կարօտի ժպիտ, ծիծաղ էր տան կից ճանապարհի եզրին, դրացիներն էին պատշգամբներ ելած դիտում մեզ: Հեռու, հեռու աշխարհի Մուսաների Լերան լանջերի շէնի »Հայկական Լեգէոն»ի Կապորալ Արմենակի Պօղոս ու Ժոզէֆինա զաւակներ, իրենց  հարս ու փեսաներ հետ հասել էին  Զանգեզուրի լեռներ: Այդ զարմից դուստրը՝ »Թազա Կալան» Սիման գորիսեցի եղաւ, Քուստունց Սարգիսեան Լեւոնի ազնուազարմ Ասպետ որդուն պարգեւեց երեք տղաներ, մէկ դուստր: Հիմա նրանց զարմից բազում մանչեր տողանցում Գորիս քաղաքում: Զանգեզուրի լեռներ, Մուսաների պաշտամունքի լեռների նման այստեղ էլ քաջերի կռիւ եղել, քաջերի յաղթանակներ եղեւ:

         Բոլորս տան պատշգամբում էինք, ողջագուրում իրար, Պօղոս եղբայր, քոյրեր Սիմա ու ժոզէֆինա պինդ փաթաթուել էին իրար, կարօտից լացում, իրենց այտերից իջնող մարգարտաշար արցունքների հատիկները սրբում, ժպտում, համբուրում եղբայր Պօղոսին: Նստում աղանդերներով ու խոշոր շիշերով լիքը սեղանների առաջ, բարձրաձայն կանչերով պատշգամբ գալիս Ասպետ-Սիմայի զաւակներ, թոռներ, ծոռներ, սիրում իրար, կարօտել էին իրար, կարօ˜տ, մրրկաւ բաժանուած Արմին-Հայու համար այն ուրիշ իմաստ ունի, հոգու անդաստաններում զարմի սիրոյ բոցն է: Քարահունջի թութի օղի, բարկ է այն ինչպէս ձմեռներին Բարգուշատի ձիւնապատ լեռների մրրիկ: Ասպետ, տղաներ, թոռներ լիքը բաժակները զարկում իրար, խմում քեռի Պօղոսի ու մօրքոյր Ժոզէֆինայի երկարակեցութեան կենացը, բարի մաղթանքներ յղում նրանց: Երկար ատեն նրանց չէին տեսել, օղուց թէ կարօտից արբեցած լիքը բաժակները նետում պարտէզ, չէ, չէին խելարուել . . . :

 Սիմա ու Ժոզէֆինա քոյրեր նստած եղբայր Պօղոսի դիմաց նայում-նայում, հայր Արմենակի ու մէրիկ Զարուհիի ստուերները փնտռում նրանց դէմքերում, նրանց ակներում, նրանց ձայնի ելեւէջներում, նրանց խօսքում: Արմենակ-Զարուհի տասը զաւակներ բերել մոլորակ, շուտ վերադարձան . . .  հիմա ես  եմ միայն խորը տարիքին նրանց յուշը գրկած դեռ վայելում արեւ, լոյսի ճաճանչ. . . խօսում նրանց հետ . . . խռուում է հոգիս, նրանց ժպիտը ցոլացնում գերդաստանի առաջ:

         Իրիկուան աղջամղջին, Սիմայի որդի Մարտիկի հետ գնացել Քարահունջ գիւղի ոչխարների մակաղելատեղի, ոչխար գնել, յաջորդ օրը այն մատաղ անելու: Մատաղ, հրեաների նախահայր Աբրահամ որդուն մատաղ էր անում, իրենց Աստուած հրեշտակի հետ գառնուկ ուղարկել՝ որդու փոխարէն այն մատաղ անելու: Յետագայ սերունդներ այն վերածել աղօթքով ոչխարներ զոհելուն, այն էլ կենդանի էր չէ˜. . . : Քոյրս մատաղի եփած մսից եօթը տուն բաժին տուել: Ասպետի զարմից մեծ ու փոքր պատշգամբում էին, սեղանին էր զոհի խաշած միսը, մատաղը կատարելու ցանկութեան իրականացման համար օղու բաժակներն էին զնգում, խմում գերդաստանների ողջութեան կենացը, քոյրեր ու եղբայր, փեսաներ իրարու ողջ լերուք մաղթում: Մատաղ էին ուտում, օղի խմում, այնքան խմում որ մռռացել, ինչու էին մատաղի ճաշկերոյթ անում, Արմենակի հարս Անժելան էր խոստացել մատաղ՝ Անժելա կեսուրի ու Լագիսեան զարմից Արմենակի հոգիներին խաղաղութիւն լինէր, աստղեր իջնէին լոյս տեղալու նրանց դամբաններին: Արմին-Հայ զանգեզուրցիները թող խմեն, թող արբենան, երկար էին պայքարել, բազում կռիւներ տուել իրենց լեռների ու շէների պաշտպանութեան համար: 

         Տան տիրոջ իրաւունքով նորէն քայլեցի քաղաքի փողոցներով: Նորէն կանգնեցի Բակունց Ակսելի տան դռան շէմին, բարեւ տուի նրան, ուկնդրեցի նրա ՝՝Ծիրանի փողի՝՝ անուշ հնչիւնները: Ակսելը իր երկերում բոցավառել էր Հայ գեղջուկի հոգու գեղեցկութիւնը, «Սեւ Ցելերի Սերմնացան»-ում Տիր աստծոյ մեհեանի ատրուշանից վառած գրիչի լոյսով երգել իր հայրենի բնութեան հմայքը, իր աշխարհի լեռների լանջերի «Ալպիական Մանուշակ”-ը: Ընդհատեցին իր լեռնաշխարհի գովքի երգը, յանգեցրին այդ լեռների “Ալպիական Մանուշակի“ լոյսը, այդ չարի կարգերի “մարդուկը”, եթէ կարողանար արեւի լոյսն էլ կը մարէր .  .  . :

  Քայլում փոքրիկ հրապարակով, նրա եզրին է երկյարկանի բազալտակուռ տունը, ճակատին պատշգամբ, կանգնում նրա առաջ: Բնութեան պարգեւ՝ կեանքը, հէքիաթ է, ո՞վ է ասում այն կա~րճ է, վայելիր այն, արարիր գիր, բարիք, բաց մտքիդ յիշողութեան վարագոյրը, երկար զրուցիր յաւերժութեան ճանապարհով անցնող զարմիդ նախնիներիդ հետ: Դու, հրաշափառ բնութիւնից արարուած արեւորդի Արմին-Հայ, քեզ շնորհուած երեւակայութեան ճախրանքով գնա՛ մինչեւ քու երկիր մոլորակի ծնունդ, քու »դրախտ» լեռնաշխարհի »Սրբազան Օրինաց Երիր»: Մտի՛ր մեհեանները քու հին աստուածների, նրանց առաջ Նաւասարդ տօնախմբի՛ր, զինուոր եղած կռուի ելի՛ր քու հայրենի հողի համար, գնա՛ Բզնունեաց ծով, հոգուդ տաճարի լոյսերը վառի՛ր նրան եզերած հրաբուխների կրակով, դիտի՛ր ծովակի ջրերի վրայ ծիածան լոյսի մէջ քու հին աստուածների ծնունդը, բարձրացիր քու ցեղիդ հոգու երազային բերկրանք Արարատի գագաթ, ձիւն նետիր աշխարհի երեսին, որ նրանց ամօթի խարանը սրբէր .  .  . : Տես ինչքան պիտի արբենաս, խրախճանաս կեանքով: Քու Անդրանիկի հետ դուշմանի դէմ կռուի ելի՛ր, եղի՛ր զինուորը դէպի Արցախ արշաւած նրա զօրքի: Տե՛ս, ինչքա~ն հազար-հազար տարիների կեանքի հէքիաթով պիտի հրճուես:  Քաջերի քաջ Անդրանիկն էր ելել պատշգամբ, կողքին իր անբաժան մարտական ընկեր զօրավար Սմբատը-Մալխուդոն: Բազուկները դէպի Արցախ աշխարհ մեկնած, ակներից պայթած շանթերի լոյսը դէպի հրապարակի խուռներամ արեւորդի Արմին-հայերին, կռուի կանչում նրանց, իր զօրախմբի հետ արշաւելու դէպի արցախ:

Հրապարակին մօտիկ Քաղաքային Սովետի Գործադիր Կոմիտէի շէնք, մի պահ կանգնեցի նրա առաջ, գորիսեցի նախշուն խանում, թեւիցս բռնած տանում նախագահ Կարապետեանի մօտ, մօտիկ գալիս ջահել դէմքս շոյում, այդ այնքան բարի լեռնական մարդու գգուանք . . . : 

Մուսա Լեռն էի բերել Զանգեզուր, »Մուսա Լերան Ողջոյն»-ը Զանգեզուրի արի մարդկանց, նրա ճակատից լերան կռուի շեփորները հնչեցնում նրանց հոգիներին, նրա երեսին կանգնած քարացած մարտանաւի դրօշի դիւցածնական լոյսը շաղում նրանց սրտերին:

         Հրապարակի միւս եզրին Գորիսի Գուսան Աշոտն է պատուանդանին “կանգնած”: Ակնապիշ նայում իրեն, ափերով ջուր շատրուանում դէպի իր անդրին: Իր յաւիտենական ճամբին արդեօք արդէն հասե՞լ է Վահագն Յարդագողի Ճանապարհի իր ցեղի հին աստուածների տաճարներ, այնտեղ էլ  հնչեցնելու Զանգեզուրի ծիրանի փողը: Գորիսի թիկունքի լերան ամենաբարձր գագաթի գմբեթի տակ է հանգչում Աշոտը, որ ակները յաւերժ յարէր իր շէնին, լեռների կանաչ ծովակներին: Լերան գագաթ եմ բարձրանում՝ նրան այցի գնում:  Ալուան ծաղիկների խուրձը գրկած հասնում գմբէթ, խոնարհում նրա շիրիմին, ծաղիկները շարում տապանին, լուռ կանգնում, նրա հետ զրոյց անեմ: Վեր կա’ց գուսան Աշոտ, վե’ր կաց քամանչադ վերցրու, նրա դողացող լարերի հետ քու տաղերի խօսքերը ասեմ, քեզ կարօտած արորդիները նորէն ցնծան, երգերիդ հնչիւնները անտառների ծառերի սաղարթները մրրկեն, երգի փոթորիկ լինի, երգի լոյսի անձրեւ իջնի քու շէնին, նրա բարձունքին քարացած հսկաները արշաւի ելնեն դուշմանի դէմ, քարացած ծաղիկները նորէն հուրհրացող ծիածան կապեն:

Գուսան Աշոտ, շանթերի լոյսի կրակով մրրկած նրա երգերը հրդեհուած էին յուզականութեամբ, իր աշխարհի լեռների լանջերի “Ալպիական Մանուշակների“ ծիածանով, նրանց կանաչ ծովակների կոհակների սահանքի զեփիւռով, եղնիկների թռիչքների արեւային լոյսով, նախնիների Միհր աստծոյ լոյսի հէքիաթով շիկնած: Իր քամանչայի լարերից հոսել են սիրոյ կայծեր, հայրենի լեռների հովեր, արտերի ցորեանի ծովակների ալիքների խայտանք, ծիածանացած անտառների հրացոլք, գարնանային զեփիւռի համբոյրի շշջիւն: Աշոտը յօրինել է տարբեր թեմաներով բազում տաղեր, նրանք հնչեցրել իր մով սարերի հովերի. հաւքերի դայլալների ձայների ելեւէջներով: Հարազատ մնալով ժողովրդական երգարուեստի ռիթմական միջոցներին, նրա տաղերի երգերը, նոր ու ինքնատիպ երաժշտական լեզուով են հնչել:

         Գնում ենք Շուռնուխի՝ բանուորական աւան, վայելելու յուշ դարձած անցեալը, անուշ է յիշել, բացել մտքի լոյսով բոցավառուած  վարագոյրը, հոգու աչքերով տեսնել նրա վրայ ելած դէմքերը, դէպքերը: Գորիսի գետակի ափին համընթաց գնացող ինքնաշարժը՝ »Հոգոց հանել»-ով անցնում Քարահունջ գիւղի մօտով, բարձրանում բլուր: Ձորի յատակին փրփրում են Որոտանի արատահոս ջրերը: Արեւն է այդ բլուրի կողերին հոսում իր կրակը, նրա ջեր մից այնտեղ աճում յաւերժութեան խորհրդանիշ նուռ, թուզ ու խաղող: Ոլորաններ, ասում էին մինչեւ Կապանի մատոյցներ գնացող այդ ճանապարհով էին մասնատել Հայոց երկիրը, Ռուսը այն տուել »սեւ ոսկու» համով բարեկամ դարձած հեռու տափաստաններից եկած անօրէն, տաճիկ թուրքին: Զանգեզուրցի Նժդեհ կռիւ արել նրա հետ, կարմիր բանակը տանուլ տուել այն, ազատագրուած Զանգեզուրի »Լեռնային Հայաստան» հանրապետութիւն արարել: Արմին-հայերի նախնիների Փայտակարան նահանգը ու զանգեզուրի մի մասը  ԱտրպէյՃան անուանել, խաշնարած թուրքին  ԱտրպէյՃանցի մկրտել: Ինքնաշարժը դանդաղ իջնում ոլորաններով, Որոտանի ափին էինք, գնում նրա ջրերով երեսս ցօղեմ, նրա արթնած ոգով հոգուս զուարթութիւն իջնէր: Նրա միւս ափին, ժամանակին ԱտրպէյՃանցի մի ընտանիք էր ապրել: »Տաս» կոչուած ոլորաններով բարձրանում բլուրի գագաթ, հէքիաթ էր դարձել ոլորանների թուերի քանակը, ամէն մարդ բարձրանալիս տարբեր թիւ էր ասում, մենք էլ առանձին հաշուել էինք, զարմանալու էր, դարձեալ տարբեր թուէր: Հարթ էր ճանապարհը, Մազրէի դաշտ, զանգեզուրցիների հետ որսի ելել այնտեղ, նրա թփուտների ստուերների տակից »Մորի» հաւաքել, մանր, համեղ, անուշահամ մորի՝ վայրի ելակ, աստուածաստեղծ պտուղ:

        Ինքնաշարժը կանգնել էր Շուռնուխի գիւղի բանաւանի ճանապարհի եզրին: Լուռ էր բանաւանը: Առաջին տաղաւարի առաջ պարանից ճերմակեղէն էր կախուած, նրա նոր բնակիչները յիշել էին մեզ: Տխուր էին միւս տաղաւարները, Զանգեզուրի անուշ հովիկները նրանց պատուհանների փեղկերն էին օրօր անում: Նրանց առաջնորդել հայրենադարձի մեր տաղաւարի  սենեակներ, Սիմա, Ժոզէֆինա քոյրեր Պօղոս եղբայրին գրկած լացում էին, այնտեղ էր իրենց փոքրիկ ժոզէֆ եղբայրիկը մահացել, հայրենադարձի մեր զարմից առաջին մահը:

 Գնացել էի գրասենեակի հեռախօսի կանչի, Է˜հ, բարձրաձայն Պօղո˜ս-Պօղո˜ ս էր կանչել Մելգոնեանի սիրած ընկերուհիս, լացում էի, վաղ տարիքին թողել ինձ մինակ, լագիսեանների հարսը գերդաստանին պարգեւել արու զաւակ ու երկու դուստրեր, թոռներ, դժուար է . . .: Գնացել էի գործարանի գրասենեակի առաջ, գլխաւոր հաշուապահ Արտեմ Բաղտասարեանն էր՝ բարի էր, անչափ հոգատար վերաբերմունք տածել մեր նկատմամբ, ռուսերէն տառերն էր ուսուցանել ինձ, որ կարողանայի գործարանի հաշուապահութիւնում աշխատել ու ռուսերէն սովորել: Ցաւով էր յիշել որդեգրած տղայի պատերազմի վերջին օրը Բեռլինում զոհուելը:

Նրանց տարել էի այն հողամասը, որտեղ Լագիսեան Արմենակ, Պօղոս տղայի հետ գետնախնձոր ու այլ բանջարեղէններ մշակել: Հող մշակելը բարիք արարել է, նորէն բահը ձեռքից առնէի, հող փորէի, վայելել նրա բուրմունքը, ափով վերցնէի տանէի ճակատիս օրհնութիւն սփռէր, հապա հողից բուսած ծիծաղկոտ ծիլելը . . . : Կարծես ակօսներում նորէն բնութեան պերճանքն է, մօտեցայ, անուշ երազ էր:

Բանաւանում մեր կեցութեան շինութեան առաջ էինք խմբուած, պատմել նրանց 1947 թուականի հայրենադարձ ընտանիքի առաջին »Նոր Տարի» գիշերուայ տօնախմբութիւնը, Սիմա ու Ժոզէֆինա յիշել էին այն: Ոչ մի բան ունէինք, ոչ էլ հնարաւոր էր ունենալ:  Արմենակ հայրը ընտանիքին դուրս էր բերել տաղաւարի տան առաջ, Մայր Զարուհիի ու հօրաքոյր Նեկտարի բարձր ձայնում իրենց երկրի »Լո˜ւ-Լո˜ւ» բացականչութիւնն էին բարձրաձայնել, հայր Արմենակ իրենց երկրի Նոր Տարիին նուիրուած տաղեր երգելով շորւջ պար  բռնել, ամբողջ բանաւանն էր հաւաքուել նրանց շուրջ բոլորը: Զարմանքով դիտել էին այն, ծափ էին տուել, իրենք էլ պարի շարքեր մտել նմանակել էին նրանց պարը: Արշակ Տայի, որպէս գործարանի պահպանութեան խմբի պետ, իրեն վստահուած որսորդական հրացանով համազարկ էր տուել, երկինք բարձրացած բոցերը լոյս էին ցանել անտառի վրայ:  Հպարտանում էր, որ որպէս պարտիզան մասնակցել էր Զանգեզուրի կռիւներին, նկարահանուել »Զանգեզուր» շարժանկարում:  Ա˜յ մարդիկ, այնտեղ պիտի լինէիք, որ տեսնէիք այդ լեռնական մարդկանց պարը, հաստատ պիտի խենթանայիք, դուք էլ պարի պիտի ելնէիք: Բանաւանւում պաշտօնավարող Ռուս մարդիկ էլ բացատ էին ելել, նրանցից Կիսելյով՝ `հացթուխ կին Փաշայի հետ, իրենց պարն էին բռնել, միւս ռուսներն էլ առանձին ու խմբովին իրենց պարերն էին բռնել: Պար ու երգ էր բացատում, նմանը երբեք չէր եղել բանաւանում: Առաւօտ, արեւն էր իր առաջին շողերը փռել ծառերի սաղարթներին, ողջագուրուել էին, »Նոր Տարի» առաջին լուսաբացն էր,  բարի մաղթանքներ  յղել իրարու:

         Շուռնուխի գիւղին կից »Ղափանի Փայտամշակման Գործարան», նրա բանաւանը մեր կեցութեան առաջին հանգրուանը եղաւ, բոլորս բարի ու ուրախ յիշում այն: 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ