Կիրակի, Դեկտեմբեր 1, 2024

Շաբաթաթերթ

Գլխաւոր Հիւպատոս Բայբուրդեանի Այցը Սան Հուաքին Հովիտ Եւ Ֆրեզնօ

Մայիսի 28ին, Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանն աշխատանքային այց կատարեց Սան Հուաքին հովիտ եւ նրա վարչական կենտրոն՝ Ֆրեզնօ: Ֆրեզնոյի շրջանն առաջին վայրն է, որտեղ արմատներ է գցել Ամերիկայի արեւմտեան ափի հայ համայնքը: Հայերն այստեղ հաստատուել են դեռեւս 1880ական թուականներից: Այստեղ այժմ բնակւում է 50 հազար հայ:

Եռօրեայ այցը կազմակերպել էր Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը: Դեսպանի առաջին աշխատանքային հանդիպումը կայացաւ կրօնական գործիչների հետ: Ա․ Բայբուրդեանը հանդիպեց Հայ առաքելական եւ Հայ աւետարանական եկեղեցիների հոգեւոր հովիւների հետ: Հանդիպմանը քննարկուեցին Հայաստան-Սփիւռք սերտ գործակցութեան թեմաներ` ի բարօրութիւն հայրենիքի: Նոյն օրը, գլխաւոր հիւպատոսն այցելեց Ֆրեզնոյի հայկական գերեզմանատուն, յարգանքի տուրք մատուցեց Վիլիամ Սարոյեանի շիրիմին: Այցի առաջին օրը դեսպան Բայբուրդեանը մասնակցեց նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան «Դանիէլ Վարուժան» մասնաճիւղի նախաձեռնած տաղանդների ցուցադրութեան, որը կազմակերպուել էր Հայաստանի Անկախութեան տօնի առթիւ:

Հայաստանի գլխաւոր հիւպատոսին հիւրընկալեցին նաեւ Չարլի Քէյեան ամէնօրեայ հայկական դպրոցում: Արմէն Բայբուրդեանը շրջայց կատարեց կրթօջախում: Նոյն օրը դեսպան Բայբուրդեանը հանդիպում ունեցաւ Ֆրեզնոյի բոլոր հայկական կազմակերպութիւնների եւ կուսակցութիւնների ղեկավարների հետ: Քննարկուեցին գլխաւոր հիւպատոսութեան հետ համագործակցութեան ուղղութիւնները: Դեսպան Բայբուրդեանը երախտագիտութիւն յայտնեց 44օրեայ պատերազմի օրերին Ֆրեզնոյի հայ համայնքի` Արցախին նիւթական աջակցութեան համար: Քննարկուեց նաեւ հայ համայնքի դերը եւ գործունէութեան ուղղութիւնները հայրենիք-Սփիւռք կապերի պարունակում:

Դեսպան Բայբուրդեանը այցի շրջանակներում եղաւ նաեւ Եդեմ քաղաքում, որտեղ այցելեց Սբ․ Մարիամ Աստուածածին Հայ առաքելական եկեղեցի: Գլխաւոր հիւպատոսը հիւրընկալուեց Մաշտոց քահանայ Քէշիշեանի եւ ծխական խորհրդի նախագահ Մայրոն Շեքլեանի կողմից: Այցի ընթացքում դեսպան Բայբուրդեանը եղաւ նաեւ Հայ աւետարանական երկու եկեղեցիներում (Pilgrim Armenian Congregational Church, First Armenian Presbyterian Church): Ա․ Բայբուրդեանը հանդիպեց եկեղեցական խորհուրդների անդամների եւ վերապատուելիներ Գրեգ Յարութիւնեանի եւ Ներսէս Բալաբանեանի հետ, որոնք ներկայացրին Հայ աւետարանական եկեղեցիների գործունէութիւնը:

Դեսպան Բայբուրդեանն այցելեց նաեւ Ֆաուլեր քաղաքի Սբ․ Գրիգոր Լուսաւորիչ Հայ առաքելական եկեղեցի, որը հիմնադրուել է 1910 թուականին եւ համարւում է Սան Հուաքին հովտի ամենահին հայկական եկեղեցին: Գլխաւոր հիւպատոսին հիւրընկալեցին տէր Կոմիտաս Զոհրապեանը եւ խորհրդի անդամները: Արմէն Բայբուրդեանը ներկայ գտնուեց սուրբ պատարագին, որից յետոյ մասնակցեց ընդունելութեանը` ծխականների հոծ ներկայութեամբ:

Աշխատանքային այցի շրջանակում դեսպան Բայբուրդեան Ֆրեզնոյի Սբ․ Պօղոս Հայ առաքելական եկեղեցու տարածքում կազմակերպուած միջոցառմանը` նուիրուած Հայաստանի Հանրապետութեան տօնին: Հոգեւոր հայրերն իրականացրին դրօշի օրհնման արարողութիւն եւ Հանրապետական մաղթանք:

Գլխաւոր հիւպատոսն որպէս բանախօս հանդէս եկաւ ծաւալուն ելոյթով` «Հայ ժողովրդի անկախ պետականութիւն կերտելու նուիրական իղձերը եւ դրանց իրականացման ճանապարհը» խորագրի ներքոյ: Միջոցառումը կազմակերպել էին Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի Հայագիտութեան կենտրոնի ղեկավար, պրոֆ․ Պարլօ Տէր Մկրտիչեանը եւ Ֆրեզնոյում Հայաստանի պատուաւոր հիւպատոս Պերճ Աբգարեանը:

Այցի արդիւնքների, ինչպէս նաեւ Արցախին եւ Հայաստանին առնչուող շատ թեմաների մասին դեսպան Բայբուրդեանը խօսեց տեղական ձայնասփիւռի ալիքի “All Things Armenian” հաղորդման շրջանակում պրոֆ․ Պարլօ Տէր Մկրտիչեանին տուած հարցազրոյցի ընթացքում:

(Թղթակցութիւնը՝ հիւպատոսարանէն)

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ