Երեքշաբթի, Դեկտեմբեր 24, 2024

Շաբաթաթերթ

Դեսպան Բայբուրդեանը Արդիւնաւէտ Քննարկում Ունեցաւ Բարերար, Արտադրող Եւ Բժիշկ Էրիկ Իսրայէլեանի Հետ

ԳԼԵՆԴԷՅԼ – Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հեռավար հանդիպում ունեցաւ հանրայայտ բարերար, արտադրող, ընկերային արդարութեան ջատագով եւ բժիշկ Էրիկ Իսրայէլեանի հետ:

Զրուցակիցները քննարկեցին փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր, այդ թւում` համագործակցութեան հեռանկարային նախագծեր:

Դոկտ. Իսրայէլեանն ուրուագծեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) իրաւաբանական բաժանմունքի մարդու իրաւունքների «Փրոմիս» (Խոստում) հիմնարկի  գործունէութեան հիմնական ուղղութիւնները: «Փրոմիս» հիմնարկը ճանաչուել է որպէս մարդու իրաւունքների կրթութեան, հետազօտութիւնների եւ շահերի պաշտպանութեան Միացեալ Նահանգներում առաջատար կենտրոններից մէկը:

Դոկտոր Իսրայէլեանը նաեւ ներկայացրեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Փրոմիս» հայկական հիմնարկի (PAI) գործունէութիւնը, որը նախատեսուած է դառնալու բարձրորակ հետազօտութիւնների եւ հայագիտութեան դասաւանդման կենտրոն, ինչպէս նաեւ համակարգելու միջառարկայական հետազօտութիւններն ու հանրային ազդեցութիւն ունեցող ծրագրերը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի շրջանակներում եւ դրանից դուրս` Հայաստանի եւ հայկական Սփիւռքի հետ ներառեալ:

Նա նաեւ մանրամասն տեղեկացրեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Գործողութիւն Հայաստան ծրագրի մասին, որը համալսարանի միջառարկայական խմբի  համակարգուած ջանքերի արդիւնքն է` Արցախին եւ Հայաստանին բժշկական օգնութիւն եւ երկարաժամկէտ մարդասիրական աջակցութիւն ցուցաբերելու գործում, ինչպէս նաեւ նախատեսում է օժանդակութիւն ենթակառուցուածքների զարգացմանը:

Էրիկ Իսրայէլեանը եւ Արմէն Բայբուրդեանը քննարկեցին Ամերիկայում Հայոց Ցեղասպանութեան հարցերով դասաւանդումը ու գիտելիքների յետագայ սփռումը խթանելու, ինչպէս նաեւ իրաւական հետազօտութիւններն առաջ մղելու ջանքերի կարեւորութիւնը` Միացեալ Նահանգներում Հայոց Ցեղասպանութեան պաշտօնական ճանաչմանը յաջորդած այս փուլում:

Դեսպան Բայբուրդեանն իր խորին երախտագիտութիւնը յայտնեց դոկտ. Իսրաելեանին` իր անխոնջ գործունէութեան եւ արդիւնաւէտ ջանքերի համար`ուղղուած Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը, հայ մշակոյթի խթանմանը, Հայաստանում եւ Արցախում օժանդակութեան ծրագրերի` մասնաւորապէս Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Գործողութիւն Հայաստան» ծրագրի մեկնարկի համար:

2015ին Էրիկ Իսրայէլեանը նշանակուեց Քըրք Քըրքորեանի «Սըրվայվըալ Փիքչըրզ» ընկերութեան վարիչ եւ արտադրող, որը ստեղծուել էր Հայոց Ցեղասպանութեան մասին իրազեկութեան բարձրացման համար: Նրա եւ Մայք Մեդաւոյի ջանքերով նկարահանուեց «Խոստումը» կինոնկարը: 2017ին Էրիկ Իսրայէլեանը Բերլինգերի եւ Չիպ Ռոզէնբլումի  հետ համատեղ թողարկել է «Կործանելու Մտադրութիւն» վաւերագրական ֆիլմը, որը 2019ին առաջադրուեց  «Էմի» մրցանակի թեկնածու, որպէս լաւագոյն պատմա-վաւերագրական կինոնկար: Ամենավերջինն Իսրայէլեանն թողարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին նուիրուած «Ֆրանչեսկօ» վերնագրով 2020ի վաւերագրական ֆիլմը, բեմադրիչ Եւգենի Աֆինէեւսկիի հետ: Այն սփռուել է հանրայայտ «Դիսքաւերի +» ընկերութեան կողմից:  Դոկտ. Իսրայէլեանը Շարժանկարների եւ հեռուստատեսութեան հիմնադրամի կառավարիչների խորհրդի անդամ է: 2012ին նա դարձել Լոս Անջելեսի կարեւորագոյն թանգարաններից եւ մշակութային կենտրոններից մէկի` «Համմեր» թանգարանի տնօրէնների խորհրդի անդամ: Դոկտ. Իսրաելեանը նաեւ ընդգրկուած է «Էքս փրայզ» հիմնադրամի տնօրէնների խորհրդում, որը հանրային մրցոյթներ է կառավարում` ուղղուած մարդկութեան համար շահեկան արհեստագիտութեանց զարգացման խթանմանը: Նա նաեւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) կենտրոնական խորհրդի անդամ է:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ