Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Աղա Սարգսեան եւ Սողոմոնեան Ընտանիքների Խաչքարերի Օծում

Սեպտեմբերի 19-ին, 2021 թուականին, զիս նոյնպէս հրաւիրած էին եւ ես ականատես եղայ Առաջնորդարանի բակին մէջ տեղադրուած երեք խաչքարերու բացման արարողութեան: Միջոցառման ներկայ էին բազմաթիւ պատուարժան մարդիկ: Հայաստանէն հրաւիրուած էին երեք սրբազաններ, երեսփոխաններ: Ատլանդայէն հրաւիրուած էին հիւրեր, իրաւաբաններ, բժիշկներ: Լոս Անճելըսէն՝ Հայաստանի Գլխաւոր Հիւպատոսը, լրագրողներ, գործարարներ, յայտնի ընտանիքներու անդամ մարդիկ: Խօսքով հանդէս եկան տարբեր անձեր:

Զիս շատ տպաւորեց հեռուստալրագրող՝ Էլմիրա Գասպարեանի սրտաբուխ խօսքը, որ ուղղակի ցնցեց բոլորին, յուզեց եւ մասնակիցները ծափերով յայտնեցին իրենց երախտագիտութիւնը Տիկ. Էլմիրային:

Արդ, ես սիրով ձեզ կը ներկայացնեմ Տիկ. Էլմիրա Գասպարեանի տպաւորիչ խօսքը, որ հնչեց այս միջոցառման ընթացքին:


 Գերաշնորհ հայրեր, սիրելի հիւրեր, պետական այրեր, յարգարժան ներկաներ: Նախ ողջունում եմ բոլորիդ այս բացառիկ միջոցառմանը մասնակցելու համար:

Յարգարժան ներկաներ, ես ճիշտ չեմ համարի, եթէ նախ քան իմ խօսքը, մենք չանդրադառնանք եւ մեր յարգանքի տուրքը չմատու-ցենք մեր հայրենիքում տեղի ունեցող ահաւոր անհերքելի իրականութեանը:

Ես համբերութիւն եմ մաղթում 5,000 որդեկորոյս մայրերին, 11,000 հաշմանդամ եւ վիրաւոր մեր հերոս տղաներին, հարիւրաւոր անհետ կորած եւ գերեվարուած մեր զինուորների հարազատներին, Արցախում տարածքներ կորցրած, անտուն ու թափառական դարձած մեր հազարաւոր հայրենակիցներին, Սիւնիքում կատարուող անարդար իրավիճակին, հայի ինքնասիրութիւնն ու մէջքը կոտրած, մեր բազ-մահազար սփիւռքահայերին, մաղթում եմ բոլորիս համբերութիւն: Մաղթում եմ, որպէսզի մեր հայրենիքը շուտ ոտքի կանգնի, շտկի իր մէջքն ու վերականգնի իր արժանապատուութիւնն ամբողջ աշխար-հում: Մենք այն ազգն ենք, որ տարիներ շարունակ, մեր արուեստով, գրականութեամբ եւ մշակոյթով ներկայացել ենք աշխարհին եւ կանգնել քաղաքակիրթ ազգերին հաւասար:

Ես հաւատում եմ, որ հայ ազգն իր միասնականութեամբ կարող է վերականգնել մեր հայրենիքը: Լինենք արժանի մեր հայրենիքին եւ օրինակելի՝ գալիք սերունդների համար:

Ես հաւատում եմ վաղուայ լուսաւոր օրուան: Սա՛ է թերեւս մեր հայ լինելու եւ հայ մնալու ամենամեծ երաշխիքն ու գրաւականն ամբողջ աշխարհում:

 Փա՛ռք ողջ հայութեանը __ Հայաստանում, Արցախում եւ ի սփիւռս աշխարհի:

Յարգարժան ներկաներ,

Այսօր մենք ականատես եղանք շատ կարեւոր խաչքարերի բացման արարողութԵան, որոնցից մէկը ի յիշատակ Բալեան գերդաստանի, որի անդամներից շատերը զոհուել են 1915-ի ցեղասպանութեան ժամանակ: Այդ գերդաստանի շառաւիղը՝ Շաքէ Բալեան, Աղա Սարգսեան ընտանիքն է, իսկ Աղա Սարգսեան ընտանիքը  Ատլանդայից սիրելի մայրիկի յիշատակին յաւերժացրեց այս երեք խաչ-քարերից մէկը:

Միւս խաչքարը նուիրուած է մեր արցախեան գոյամարտի նահատակների յիշատակին, որը նոյնպէս հովանաւորւում է Աղա Սարգսեան ընտանիքի կողմից:

Երրորդ խաչքարը նուիրւում է մեր շատ սիրելի Սուրոյի՝ Սուրէն Սողոմոնեանի յիշատակին եւ հովանաւորւում է Սողոմոնեան ընտանիքի կողմից՝ Նշան Օհանեանի գլխաւորութեամբ:

Փառք ու պատիւ մեր բոլոր հովանաւորներին այս սուրբ գործը արժեւորելու եւ կեանքի կոչելու համար: Եւ մենք բոլորս ականատես եղանք այդ խաչքարերի բացման արարողութեանը:

Յարգարժան ներկաներ, այժմ ես պիտի խօսեմ իմ լաւ բարեկամ՝ Սուրէն Սողոմոնեանի մասին: Մարդ, ում մասին, ցաւօք, յետմահու պիտի խօսեմ, քանզի նրա կեանքի թելը կտրուեց շատ անսպասելի:

46 տարեկան հասակում, նա հեռացաւ կեանքից, վշտի մէջ թողնելով կնոջը՝ Լուսինէին, զաւակներին, բոլորին…

Ես համոզուած եմ, որ անբացատրելի ցաւ, մեծ ափսոսանք ու զարմանք ապրեց իւրաքանչիւր ոք, ով լսեց Սուրոյի անժամանակ մահը: Նա խռովեց այս աշխարհից ու հեռացաւ: Խռովեց, քանի որ դեռ շատ անելիքներ ունէր, շատ կիսատ թողած գործեր,  դեռ չապրած կեանք, որն այդպէս էլ չհասցրեց ապրել: Այո, անաւարտ մնացին նրա շատ ու շատ երազանքներ: Եւ ես վստահ եմ, որ Սուրոյի հոգին շշնջում է.

            __ Մի կեանքը քիչ է ամէն ինչ անելու եւ հասցնելու համար:

            __ Երանի՜ նրան, ով ոչինչ կիսատ չի թողնում…

Սուրէն Սողոմոնեանը օժտուած էր մարդկային բարձր արժանիքներով: Սիրում էր կեանքը, սիրում էր մարդկանց եւ նուիրւում էր անմնացորդ:

Շատ էր սիրում արուեստ, գրականութիւն, մշակոյթ եւ միշտ կանգնած էր մեր ազգային արժէքների կողքին:

Նա ունէր գրուած գեղեցիկ ու խորիմաստ բանաստեղծութիւնների շարք եւ պատրաստւում էր այն գրքի վերածել:

Նրա ազգապահպան գործունէութիւնը սահմաններ չունէր: Նա պատրաստակամ կանգնած էր ազգի, հայրենիքի եւ եկեղեցու կողքին:

Տարիներ շարունակ նա օգնել է Հայաստանի մանկատներին, ծերանոցներին, պատերազմի հաշմանդամներին, արցախեան պատերազմում զոհուածների ընտանիքներին, եկեղեցուն, Կարմիր Խաչին, նոյնիսկ օտարազգի հիւանդ երեխաներին ու շատ-շատերին: Եւ հաւատքը դէպի վաղուայ լուսաւոր օրը, նրա հոգում միշտ արթուն էր պահում սէրը դէպի հայրենիքը, դէպի իր ժողովուրդը, առաւել դէպի ժողովրդի այն հատուածը, ովքեր ապրում էին ծանր ու դժուա-րին պայմաններում:

Եւ նա կը շարունակէր իր բարեգործութիւնները, եթէ յանկար-ծակի չկտրուէր նրա կեանքի թելը… Սակայն այն ինչ գրւում եւ տրւում է ի վերուստ, ոչինչ անել կամ ոչինչ փոխել չես կարող: Դա՛ էր նրա ճակատագիրը: Լոյս աշխարհ եկաւ, ստեղծեց, արարեց մահն եկաւ, ամէն ինչ թողեց ու գնաց: Գնաց, իրենից յետոյ թողնելով լաւ, բարի ու արժանի հայորդու անուն: Մենք միշտ յիշում ենք նրան: Իսկ մարդ ե՞րբ է մահանում, երբ դադարում են նրան յիշել, քանի մենք բոլորս պիտի յիշենք Սուրոյին, նա կ’ապրի, իսկ յետմահու այսպիսի մեծարանքը արժանի է յաւերժ յիշելու նրան ու նրա կատարած բոլոր ազգանուէր գործերը:

 Փա՛ռք ու պատիւ արժանի հայորդուն:

Անհերքելի փաստ է, կեանքը մարդուն տրւում է ժամանակա-ւոր, իսկ վերցւում է ընդմիշտ:

Շատ կարեւոր է, որպէսզի իւրաքանչիւր մարդ, իրեն տրուած այդ ժամանակահատուածն ապրի արժանապատուօրէն, որպէսզի իրենից յետոյ դատարկութիւն չլինի:

Սուրէն Սողոմոնեանը իր ապրած կեանքով, իր մարդ տեսակով, իր կատարած ազգանուէր գործերով, յաւերժ կը մնայ մեր յիշողութիւններում:

            Մարդ մի անգամ է լոյս աշխարհ գալիս,
            Ստեղծում, արարում, թողնում, հեռանում.
            Երնէկ այն մարդուն, ով ապրած կեանքում
            Միշտ մարդ է մնում ու մարդ հեռանում:

Խօսքս ուզում եմ աւարտել Սուրոյի գրած մի գեղեցիկ բանաստեղծութեամբ:

Սուրոն եղեռնը վերապրածների յաջորդ սերունդներից էր:

Սուրոյի խօսքերն են՝

                  Թող անցնեն գնան օրերը դժուար,
                 Աշխարհում մնա հայի սերը վառ:
                 Ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում
                 առ աշխարհ եւ իմ բանաստեղծութիւնը
                 Ձօնում մեր արդար պայքարին: 

Սուրոյի այս խօսքերն ու բանաստեղծութիւնը տպագրուել է իմ ամուսնու՝ Ռուբէն Գասպարեանի՝ Ղուրբանի հեղինակած՝ «1.5 Միլիոն Արեան Կանչ», Ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած գրքում, որի էջերից մէկը նուիրուած է Սուրէն Սողոմոնեանին:

                  ՆԱՄԱԿ ԳՐԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
                 Նամակ գրեմ Հայաստանին,
                 Սէգ սարերին ու լեռներին,
                 Հաւքեր տանեն նամակս տուն,
                 Մասիս սարին կամ Սեւանին:
                 Կամ էլ թող տան քո վանքերին, խաչքարերին,
                 Գովքս գրուած թող-որ կարդան տաճարներին,
                 Թող-որ պատմեն Զանգեզուրին, Տաթեւ վանքին,
                 Չմոռանան Հաղպատ վանքին, Նորավանքին:
                 Չմոռանանք մենք յիշեցնել մեր գետերին՝
                 Եփրատ գետին, Արածանին, Մայր Արաքսին,
                 Թող-որ փարուեն վեհաճակատ մեր լեռներին,
                 Սպիտակափառ Մասիս սարին, Արագածին ու Նեմրութին:
                 Միւս նամակս պիտի գրեմ Արեւմտեան Հայաստանին,
                 Պիտի գրեմ Վանայ լճին, Մուշին, Վանին, Արդահանին:
                 Մասիս սարին պիտի խնդրեմ ճամբայ բացի,
                 Որ խռոված երկու եղբօր նա միացնի: 

 Շնորհակալութիւն:

                                    Հեռուստալրագրող՝ ԷԼՄԻՐԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ

Սիրելի ընթերցող, ես նոյնպէս շնորհակալ եմ, որ կարողացայ Ձեզ հետ կիսել իմ զգացումները

 ՆԵՐԿԱՅ ՄԸ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ