Երկուշաբթի, Հոկտեմբեր 7, 2024

Շաբաթաթերթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպում Ունեցաւ Մոսկուայի Եւ Համայն Ռուսիոյ Պատրիարքի Հետ

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատուիրակութեան ուղեկցութեամբ Մոսկուայում` Սուրբ Դանիէլի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցաւ Նորին Սրբութիւն Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Կիրիլ Ա Պատրիարքի հետ:

Ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ նրա պատուիրակութեանը` Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձաւ երկու Եկեղեցիների բազմադարեայ եղբայրական փոխյարաբերութիւններին, ինչպէս նաեւ խօսեց երկու ժողովուրդների ու երկրների միջեւ ձեւաւորուած բարեկամական ու ջերմ կապերի մասին:

Իր հերթին Հայոց Հովուապետը հաստատեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ առկայ են դարաւոր բարեկամութեան ամուր կապեր, որոնք անփոփոխ կերպով դրսեւորուել են անգամ ամենադժուարին եւ բարդ իրավիճակներում:

«Մեր ժողովուրդների եւ Եկեղեցիների բազմադարեայ բարեկամութիւնն արտայայտուել է ինչպէս ուրախութեան, այնպէս էլ վշտի պահերին: Մենք ուրախացել ենք մեր համատեղ ձեռքբերումներով եւ միասին պայքարել մեր բարեկամութեան եւ եղբայրութեան անխախտ պահպանման համար: Եւ մեր հանդիպումները Ձերդ Սրբութեան հետ դրա լաւագոյն վկայութիւնն են: Մենք միշտ զգացել ենք Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետի աջակցութիւնը», – ընդգծեց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը:

Անդրադառնալով ղարաբաղեան պատերազմին եւ յետպատերազմեան հետեւանքների յաղթահարման խնդիրներին` Վեհափառ Հայրապետն իր եղբայրական երախտագիտութիւնը յայտնեց Ռուս Եկեղեցուն եւ նրա Հովուապետին ծանր այդ շրջանում Հայոց Եկեղեցուն եւ ժողովրդին ցուցաբերած զօրակցութեան համար: Նորին Սրբութիւնը նաեւ յաւելեց. «Այսօր, ինչպէս յայտնի է Ձերդ Սրբութեանը, մեր ժողովրդի եւ մեր երկրի համար դժուար ժամանակներ են: Սակայն հաւատում ենք, որ Աստծոյ օգնութեամբ եւ մեր հաւատի շնորհիւ, ինչպէս նաեւ բարեկամ երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի Դաշնութեան աջակցութեամբ կը կարողանանք յաղթահարել նաեւ այս փորձութիւնը»:

Զրոյցի ընթացքում քննարկուեցին հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ գործադրուող խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման աւարտին Մոսկուայի եւ Համայն Ռուսիոյ Պատրիարք Կիրիլ Ա-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսին շնորհեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու «Փառքի եւ Պատուի» առաջին աստիճանի շքանշան` Հայ Առաքելական Եկեղեցու եւ Մոսկուայի Պատրիարքարանի միջեւ բարեկամական յարաբերութիւնների զարգացման գործում ներդրած աւանդի ու Նորին Սրբութեան ծննդեան 70-ամեակի առիթով:

Այս կապակցութեամբ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալութիւնը յայտնեց Կիրիլ Պատրիարքին` ընդգծելով. «Այս պարգեւը դիտարկում ենք իբրեւ Ձերդ Սրբութեան յարգանքի եւ սիրոյ նշան մեր ժողովրդի եւ Եկեղեցու հանդէպ»:

Յոյս յայտնելով, որ յետագայում եւս երկու Եկեղեցիների միջեւ յարաբերութիւնները կը պահպանուեն բարձր մակարդակի վրայ, ինչպէս նաեւ ընդգծելով քրիստոնէական ներկայութեան կարեւորութիւնը Կովկասում` Նորին Սրբութիւն Կիրիլ Պատրիարքը նշեց. «Ամենաուժեղ, թերեւս, ներկայութիւններից մէկն իրականացւում է Ձեր Եկեղեցու եւ Ձեր անձի միջոցով: Ամէն կերպ պէտք է աջակցենք, որպէսզի Ձեր ծառայութիւնն այնքան բարեյաջող լինի, որքանով դա հնարաւոր է Ռուս Ուղղափառ Եկեղեցու համար»:

Հոկտեմբերի 13-ին Հայոց Հայրապետը Մոսկուայում կմասնակցի տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ