Երկուշաբթի, Դեկտեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

Առնօ Բաբաճանեան – 100

Հայ ժողովուրդը շռայլօրէն աշխարհին է պարգեւում իր լաւագոյն, բազմաշնորհ զաւակներին նաեւ երաժշտութեան բնագաւառում՝ Կոմիտաս, Ալան Յովհաննէս, Արամ Խաչատրեան, Արմէն Տիգրանեան, Առնօ Բաբաճանեան․․․  

     Առնօ Բաբաճանեանը  հայ երաժշտական արուեստի ամենատաղանդաւոր ներկայացուցիչներից մէկն է։

     Մեծ երգահանը ծնուել է Երեւանում, 1921թ․ Յունուարին։ Դեռեւս մանկապարտէզի դաստիարակչուհին նկատել է, որ Առնօն առանձնայատուկ վերաբերմունք ունի դէպի երաժշտութիւնը, քանի որ նա միշտ գամուած հետեւում էր դաշնակահարի նուագին ու զարմացած նայում նրա՝ այն ժամանակ  իր համար կախարդական թուացող մատներին, որոնք վազում էին ստեղների վրայով։ Նրա  աստուածատուր շնորհը յայտնաբերեց նաեւ մեծն Արամ Խաչատրեանը, նա պնդում էր, որ տղան պէտք է երաժշտութեամբ զբաղուի։

     Ծնողները անսալով Խաչատրեանի յորդորներին, վճռում են, որ փոքրիկ Առնօն լրջագոյնս պէտք է զբաղուի երաժշտութեամբ։

     1928թ․ 8-ամեայ Առնօն ընդունւում է Երեւանի երաժշտանոցին կից գործող օժտուած մանուկների երաժշտական խմբակ, ուր բացի դաշնամուրի դասերը փայլուն իւրացնելուց, նա սկսում է նաեւ երաժշտութիւն գրելու փորձեր անել։

     1938թ․ Առնօն մեկնում է Մոսկուա՝ նպատակ ունենալով ընդունուել Կնեսինների անուան հանրայայտ երաժշտական դպրոցը։ Քննական յանձնաժողովը, զարմացած երիտասարդի տաղանդով, անմիջապէս ընդունում է նրան աւարտական դասարան։

     1947թ․ Առնօ Բաբաճանեանն էքստեռն կարգով (առանց տուեալ ուսումնական հաստատութիւնում սովորելու քննութիւն յանձնելու կարգ)  աւարտում է Երեւանի Պետական Երաժշտանոցի երգահանների բաժինը, իսկ մէկ տարի անց ընդունւում է Մոսկուայի երաժշտանոց։ 1950թ․  29-ամեայ Առնօ Բաբաճանեանը սկսում է դասաւանդել Երեւանի Պետական Երաժշտանոցում։ Արդէն այդ ժամանակամիջոցում նա հասցնում է յայտնի լինել իր «Հերոսական բալլադ»-ով, «Ջութակի եւ թաւջութակի կոնցերտներ»-ով, Դմիտրի Շոստակովիչի յիշատակին նուիրած «կվարտետ»-ով։

     Ահա այս մասին էր Թէքէեան Մշակութային Միութեան զոյգ՝ Լոս Անճելըսի մայր եւ Մեծագոյն Լոս Անճելըսի մասնաճիւղերի միացեալ նախաձեռնութեամբ կազմակերպուած ձեռնարկը՝ նուիրուած մեծ երգահանի 100-ամեայ յոբելեանին, որ տեղի ունեցաւ Ուրբաթ, Դեկտեմբեր 10-ին, 2021թ․, Լոս Անճելըսի Իրանահայ միութեան սրահում, աւելի քան 200 հանդիսականների ներկայութեամբ։

     Երեկոն տեղի ունեցաւ Հայաստանեայց եկեղեցու Ամերիկայի Արեւմտեան թեմի բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանի հովանաւորութեամբ, որին սրբազան հայրն  անձամբ ներկայ էր։ Ներկայ էր նաեւ Արժանապատիւ Տ․ Զաւէն քահանայ Մարկոսեանը։

     ԹՄՄ Փասատինա-Կլէնտէյլ մասնաճիւղի անդամ՝ Խաչիկ Նահապետեանի հրաւէրով ձեռնարկին իր ներկայութեամբ պատիւ էր բերել նաեւ Իրաքի առաջին հիւպատոս՝ Աքիլ Ալ-Սօդանին ընտանեօք՝ իր տիկնոջ եւ զաւակների հետ, որը Պրն․ Նահապետեանի հաւաստմամբ շատ երաժշտասէր ընտանիք է։

     Երեկոն սկսուեց 2020թ․ արցախեան 2-րդ պատերազմի մասին պատմող փոքրիկ փաստագրական շարժապատկերով, ուր հնչեց Առնօ Բաբաճանեանի «Տղերքը, որոնք չկան» երգը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի կատարմամբ։ Այնուհետեւ՝  յայտարարուեց, որպէսզի ներկաները յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ յարգեն արցախեան 2-րդ պատերազմում զոհուած հայորդիների յիշատակը։

     Երեկոյին իրենց մասնակցութիւնն էին բերել արհեստավարժ երաժիշտներ՝ լարային քառեակ՝ մասնակցութեամբ՝ Արմէն Մանգասարեանի (առաջին ջութակ), Յովհաննէս Մեղրիկեանի (երկրորդ ջութակ), Յովհաննէս Ֆիշեանի (ալտ), Յովիկ Յովհաննէսեանի (թաւջութակ), Արմինէ Ղազարեանի (դաշնամուր)։ Մասնակցում էին նաեւ երգիչներ՝ Անահիտ Ներսէսեանը (սոփրանօ) եւ Սուրէն Մկրտիչեանը (թենօր)։

     Երեկոն գեղարուեստական խօսքով համադրեց եւ վարեց ԹՄՄ Լոս Անճելըսի մասնաճիւղի վարչութեան անդամ, գրականագէտ՝ Լիլիթ Քէհէեանը։ Նա մասնաւորապէս ասաց, որ մշակոյթի, արուեստի շատ հանրայայտ գործիչներ են հիացմունքով արտայայտուել Առնօ Բաբաճանեանի մասին, սակայն ինքն ուզում է դրանցից յատկապէս մէկը մէջբերել․ «Զարմանալի երաժշտութիւն է, կը թուա, թէ շոտլանդական է, բայց խորքին մէջ հայկական է․․․  Որքա՜ն թախիծ կայ մէջը․․․  Հայու թախիծ․․․, – գրում է Ուիլիամ Սրոյեանը՝ «Իմ սիրտը լեռներում է» թատերգութեան համար գրած Առնօ Բաբաճանեանի երաժշտութեան մասին եւ շարունակում, – «Առաջին մարդը, ով ինծի վարպետ անուանեց Առնօ Բաբաճանեանն էր։ Ես ալ ըսի դուն ալ վարպետ ես, ու ինք չառարկեց։ Եւ լաւ է, որ չառարկեց, կը նշանակէ ինք իր գինը գիտէ․․․  Արուեստագէտ պէտք է իր գին գիտնայ․․․»։

     Երեկոյի ընթացքում հնչեցին «Մեր սիրելի Երեւան», «Չքնաղ երազ», «Առաջին սիրոյ երգը», «Իմ Երեւան» երգերը, որոնց խօսքերը գրել են Արամայիս Սահակեանն ու Վլատիմիր Յարութիւնեանը, լարային քառեակի կատարմամբ՝ «Մեղեդի»-ն, երկու ռուսերէն երգ՝ Սուրէն Մկրտիչեանի կատարմամբ, որոնց խօսքերը գրել են ռուս յայտնի բանաստեղծներ, հայերի լաւագոյն բարեկամներ՝ Ռոպերթ Ռոժդեստվենսկին եւ Եվկենի Եվտուշենկոն։ Ներկաներն Անահիտ Ներսէսեանի կատարմամբ  ըմբոշխնեցին նաեւ «էլեկիա»-ն, որը ոչ այլ ինչ է, քան Սայեաթ Նովայի «Քանիմ վուր ջան իմ»-ի բաբաճանեանական մշակումը եւ «Վոկալիզ»-ը, գրուած ձայնի եւ նուագախմբի համար, որ Բաբաճանեանը գրել էր յատուկ Լուսինէ Զաքարեանի համար։ Վերջում՝ Սուրէն Մկրտիչեանի կատարմամբ հնչեց Աշոտ Գրաշու խօսքերով գրուած յայտնի «Ազգ փառապանծը», որին ձայնակցում էր ներկաների մեծամասնութիւնը։ Եւ այս ամէնը լարային քառեակի ու դաշնամուրի արհեստավարժ եւ հիանալի նուագակցութեամբ։

     Յայտագրի աւարտին փակման խօսքով հանդէս եկավ սրբազան հայրը՝ Գերաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանը, որը Բաբաջանեանի հետ կապուած հաճելի յիշողութիւններ կիսեց հանդիսականների հետ եւ վերջում՝ իր օրհնութիւնը բերեց ներկաներին։

     Հասկանալի տեւական դադարից յետոյ, այսպիսով՝ Թէքէեան Մշակութային Միութիւնը հաւատարիմ իր սկզբունքին, իր կոչմանը եւ իհարկէ իր անուանը շարունակում է հայ հանրութեանը ներկայացնել բարձրորակ ձեռնարկներ, նպաստելով սփիւռքում ազգապահպանութեան դժուարին գորրծընթացին։

                                                                                                            Թղթակից

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ