Կիրակի, Նոյեմբեր 3, 2024

Շաբաթաթերթ

Առնօ Բաբաջանեանը Եւ «Յորժամ» Հոգեւոր Մեղեդին

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

  Մէկ ամիս առաջ լրացաւ հանճարեղ երգահան եւ դաշնակահար Առնօ Բաբաջանեանի ծննդեան 100-ամեակը: Այդ կապակցութեամբ ես մի ծաւալուն յօդուածով կարելոյն չափով փորձեցի  սեղմ գծերի մէջ արժեւորել համաշխարհային ճանաչման արժանացած ՄԵԾ հայորդու կեանքն ու գործունէութիւնը:

    Այդ յօդուածում ես զանց էի առել կոմպոզիտորի կեանքի եւ ստեղծագործական հանճարի  լուսաբանման  մի  դրուագ, որի մասին խոստացայ  առանձինն անդրադառնալ:  Խօսքը Բաբաջանեանի կողմից մշակուած «Յորժամ» («Յորժամ»,- երբ, այնժամ Հեն. Անասեան) հոգեհանգստեան երգ-մեղեդու մասին է, որը կարծեօք մոռա-ցութեան է տրուած Բաբաջանեանի մասին որեւէ հեղինակային գրառման մէջ:

   Ինքնին հասկանալի է, որ Աթեիզմի (Անաստուածութիւն) գաղափարներով առլի Խորհրդային երկրում ոչ մի երաժշտագէտ չէր համարձակուի ակնարկ անգամ անել նրա կողմից մշակուած հոգեւոր երգի մասին:

   Ահա եկել է  հարմար պահը,  Յունուարի 22-ին Առնօ Բաբաջանեանի  ծննդեան 101-րդ տարեդարձի օրն է: Ուրեմն այս յօդուածը թող կրկին յիշեցնի Հայաստանի պատկան մարմիններին, ի մասնաւորի հինգ բաղաձայնով (ԿԳՄՍՆ) ոչնչով չ՚ երեւացող Մշակոյթի բաժնի աշխատակիցներին, որպէսզի նրանք վերջապէս կարո-ղանան կառավարութեան  առջեւ հարց բարձրացնել  Երեւանի  ամէնահին` Թոխ-մախգէոլ գերեզմանոցում ամբողջովին  անուշադրութեան  մատնուած Առնօ Բաբա-ջանեանի գերեզմանից նրա աճիւնը Կոմիտասի այգի, քաղաքային Պանթէոն տեղափոխելու համար:

   Ես բախտ եմ ունեցել աշխատանքի բերումով, 1973 թուականին երկու օր շփուել հանճարեղ Առնօ Բաբաջանեանի հետ` Հայաստանի Ռադիոկոմիտէում, ուր ձայնագրւում  էր նրա մշակած  «Յորժամ»  («Յորժամ»,- երբ, այնժամ- Հեն. Անասեան) հոգեւոր, հոգեհանգստեան մեղեդին` Լուսինէ Զաքարեանի եւ սենեկային նուագախմբի կատարմամբ: Վստահաբար (ոչ մի դէպքում ՄԻԱՆՇԱՆԱԿ,- ՀԵՆ. Ա.), նա այդ մեղեդին լսել էր Էջմիածնի Մայր Տաճարում, Պատարագի ընթացքին` Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:

   «Յորժամ»-ը Պատարագի երգեցողութեան մաս չի կազմում: Սակայն շատ յաճախ  այն կատարուում է  նախքան Սուրբ Պատարագի սկսուելը, Սուրբ Խորանի փակ վարագոյրի առկայութեամբ եւ կամ, գրեթէ Պատարագի երգեցողութեան աւարտին` Հաղորդութեան ժամանակ, դարձեալ, Սուրբ Խորանի փակ վարագոյրի վիճակում: «Յորժամ»` նշանակում է ԵՐԲ, կամ` ԱՅՆԺԱՄ: Երգ-մեղեդին արտայայտում է Խընդրանք, Յորդոր` ուղղուած օրուայ Պատարագը մատուցող հոգեւորականին, որպէսզի ԵՐԲ գայ նորօրեայ հանգուցեալներին յիշելու պահը, չմոռանայ նաեւ յիշել նրանց անցած-գնացած մերձաւորներին:

   Առնօ`եւ տխուր, հոգեհանգստեան մեղեդի՞, երբ նրա ողջ երաժշտական աշխարհը շնչում է լաւատեսութեամբ: Անհաւատալի էր: Ես գիտէի  որ նա երիտասարդ տարիքից տառապում էր արեան քաղցկեղով եւ յաճախ էր մեկնում Ֆրանսիա բուժման  համար: Տէրը միայն գիտէր թէ հոգեկան ինչ ապրումի արդիւնքում էր նա եղել, որ նման քայլի էր դիմել: Մինչ նուագախումբը կը յայտնուէր, նա դաշնամուրով ինձ համար նուագեց մշակումը: Առնոն բնաւ այն կենսախինդ, ուրախ, հումորով լի երաժիշտը չէր: Անբացատրելի տագնապ կար դէմքին: Ինձ համար ամէն ինչ հաս-կանալի էր: Բարեբախտաբար դրանից յետոյ նա տաս տարի ապրեց, եթէ կարելի է ապրել համարել,  ու կեանքին հրաժեշտ տուեց 62 տարեկան հասակում:

    Այդ օրերին համատեղութեան կարգով ես վարում էի Հայկական Ռադիոյի Ֆոնդային (մնայուն) ձայնագրութիւնների բաժինը եւ, ի պաշտօնէ հետեւում էի ձայնագրութեանը եւ մտքեր փոխանակում Առնոյի հետ, բայց դժուարանում էի նրան հասկացնել, որ այո. ձայնագրութիւնը կը լինի, Լուսինէն էլ կՙ երգի, բայց ռադիոյով եթեր սփռել չի լինի: Երեւի նա չգիտեր, որ հայկական հոգեւոր երաժշտութիւն արգիլուած էր ռադիոյով հաղորդելը:

    Ձայնագրութիւնը հոյակապ ստացուեց եւ մտաւ ձայնադարանի փակ ֆոնդ: Այդ նշանակում էր, որ դու քո պատասխանատուութեամբ կարող ես այդ ձայնագրութիւնից օգտուել մի փոքր մաս, կամ հատուած վերցնել ու տեղադրել որեւէ գրական-երաժշտական հաղորդման մէջ:

    Երաժշտական  հաղորդումների խմբագրութեան գլխաւոր խմբագիր, տաղանդաւոր լրագրող եւ հիանալի թարգմանիչ Արմէն Յովհաննիսեանի հետ ուղիներ էինք փնտռում Առնոյի այդ հրաշալի մշակումը եթեր տալու համար:

    Եղաւ այնպէս, որ Արմէնը պիտի գնար Մոսկուա`  գործուղման: Ւնչպէս նախկինում, ես էի փոխարինելու նրան: Ձայնադարանի տնօրէնուհին, Տիկին Ռոզան միայն Արմէնի ստորագրութեամբ իրաւունք ունէր փակ ֆոնդից որեւէ ձայնագրութիւն դուրս հանել: Որոշել էի, ինչ գնով էլ լինի` Առնոյի գործը հասցնել ռադիոունկընդրին, հաշուի չառնելով անգամ աշխատանգից վտարուելու վտանգը: 1965-ի դէպքերի յիշողութիւնը դեռ թարմ էր մարդկանց երեւակայութեան մէջ:

 Առանց երկար-բարակ, ծանր-թեթեւ անելու, քայլերս ուղղեցի դէպի ձայնադարան.

      – Տիկին Ռոզա, խնդրում եմ բերէք Առնօ Բաբաջանեանի գործի օրերս կատարուած ձայնագրութիւնը, օգտագործելու եմ իմ մի հաղորդման մէջ,- միանգամայն ինքնավստահ, առանց յուզումի դիմեցի տիկնոջը:

    – Ախր Հենրիկ ջան, էդ ձայնագրութիւնը փակի տակ է…, եւ յետոյ, գիտես էլի, Արմէնի ստորագրութիւնն է պէտք…

    – Ինչ է, չգիտե՞ս, որ նա քաղաքում չէ, եւ ես եմ նրան փոխարինում:

     – Ի՞նչ իմանամ Հենրիկ ջան…, գիտես չէ՞ , թէ ես քեզ որքան եմ սիրում, յանկարծ բանման դուրս չգա՞յ…

    – Չէ, չէ~, մի անհանգստանայ, մի փոքր հատուած եմ օգտագործելու:

    Օրը Հինգշաբթի էր, ես միայն մէկ օր ունէի յանդուգն մտայղացումս իրագործելու համար: Երկուշաբթի Արմէնը գալու էր աշխատանքի: Ինձ մնում էր միայն Ուրբաթ օրը: Մտնում եմ Հայկական երաժշտութեան հաղորդումների խմբագրութիւն.

     – Օֆելեայ Արտեոմովնայ, դուք Կիրակի օրուայ Պատուէրով Համերգը կազմե՞լ էք,- դիմում եմ աւագ խմբագրին:

    – Ոչ, դեռ չեմ կազմել, բայց պատրաստւում եմ սկսել, շա~տ պատուէրներ կան, մանաւանդ գիւղերից:

    – Ինչ լա~ւ,  Օֆելեայ Արտեոմովնայ, այս Կիրակի օրուայ Պատուէրով Համերգը ես եմ կազմելու, դուք ձերը թողէք յաջորդ Կիրակի օրուայ համար:

    – Մաղարիչ ունէք մաեստրօ, ես էլ պատրաստւում էի ձեզ խնդրել, որ թոյլ տաք այսօր աւելի վաղ թողնել աշխատանքը:

    – Ազատ էք, կարող էք հիմա իսկ գնալ:

Վերադարձայ աշխատասենեակս ու , ինչպէս ասում են` անցայ հեռախօսի գլխին.

    – Արարա~տ…, ո՞րտեղ ես, դասասենեակո՞ւմ, թէ՞ կաբինետում (Արարատ Քոչարեանը Երեւանի Շահումեանի շրջանի Մետաքսի կոմբինատի բանուորական միջնակարգ դպրոցի տնօրէնն է):

   – Կաբինետում եմ, ի՞նչ կայ, ի՞նչ է եղել Հենրիկ, ձայնդ մի տեսակ տագնապալից է հնչում:

    – Ամէն ինչ լաւ է Արարատ: Հիմա ինձ ուշադիր լսիր: Քո այդ բանուոր <<աշակերտներից>> մի տաս տասնըհինգ հոգուց պատուէր ես վերցնում, թէ իւրաքանչիւրն ի՞նչ երգ կամ մեղեդի կՙուզենայ լսել Կիրակի օրուայ Պատուէրով համերգի ժամանակ: Քեզ մի ժամ ժամանակ, ոչ աւելի:

   – Հենրիկ ջան, էդ ի՞նչ բանի ես ախպե~ր, ինչ համերգ, ի~նչ պատուէր…

   – Արարատ, դու ինձ զարմացնում ես, ի՞նչ է, դու էս աշխարհից չե՞ս…, հեչ պատուէրով համերգ չես լսե՞լ Կիրակի օրերին…

    – Լսել եմ, ի՞նչպէս չեմ լսել…

    – Դէ~, եթէ լսել ես, սա էլ դրանցից մէկն է: Շարունակեմ ասելիքս: Պատուէրներից մէկը պարտադրաբար պիտի լինի միջնադարեան <<Յորժամ>> հոգեհանգստեան մեղեդին` Լուսինէ Զաքարեանի կատարմամբ: Ընտրիր այնպիսի մէկին, որը քիչ-միչ կարդացող լինի:

   – Այդ ի՞նչ ես անում եղբա~յր, յեղափոխութի՞ւն…, ռադիոյով հոգեւոր ե՞րգ…

    – Այո Արարատ, մենք միասին ենք յեղափոխութիւն անելու…

    – Հասկացայ Հենրիկ, հիմա հասկացայ, միայն թէ ինձ համար պարզ չէր, թէ ինչ էր գործի անուանումը:

    – Յոր-ժամ, երկու վանկ է, ՅՈՐ ԺԱՄ…

    – Յորժամ…,- լա~ւ… բա էդ խեղճ աղջիկն ի՞նչ գիտի թէ ինչ է Յորժամը, իսկի ես չգիտեմ:

    – <<Յորժամ>>` գրաբարից է գալիս եւ նշանակում է` Երբ որ, երբ: Մի խօսքով` կարելի է ասել նաեւ Այնժամ: Մարդ ես, եթէ այդ աղջկան հարցնող լինի թէ ո՞րտեղից է լսել այդ մեղեդին, թող ասի, որ լսել է Էջմիածնի Մայր Եկեղեցում, պատարագի ժամանակ, Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:

    – Եղաւ Հենրիկ, հասկացայ…, բայց դու չգիտե՞ս, որ ես կուսակցական եմ, այդ ի՞նչ հակախորհրդային յանձնարարութիւն ես տալիս ինձ:

    – Լսի~ր ընկեր կուսակցական, բա ինչի՞ ես գալիս եկեղեցի, դեռ մոմ էլ ես վառում…

    – Ես քո պատարագները լսելու համար եմ գալիս…

    – Գիտեմ: Կիրակի օրն էլ պատուէրով համերգի ընթացքին կը լսես Առնօ Բաբաջանեանի մշակած <<Յորժամ>>ը` Լուսինէ Զաքարեանի կատարմամբ:

    Բաւական երկար տեւեց չարաբաստիկ համերգի պատրաստելը:  Որոշել էի մի քանի նախադասութեամբ ներկայացնել թէ Բաբաջանեանին, թէ կատարուող ստեղծագործութեանը, եւ թէ` սքանչելի երգչուհուն, որ նոր-նոր էր արժանացել համընդհանուր  ճանաչման: Հետագայում հասկացայ, որ նման մօտեցմամբ, ես թեթեւացրել էի իմ մեղքը` <<արգելուած պտուղը>> հրամցնելով հասարակութեանը:

      Ես մերոնց  տեղեակ չէի պահել երեւոյթի  մանրամասների մասին, միայն խնդրեցի, որ բոլորս մէկտեղուենք մեր խոհանոցում` լսելու համար պատուէրով համերգը: Երեւանում սովորութիւն է ռադիոընդունիչը խոհանոցի պատին ամրացնելը: Եկաւ <<Յորժամ>>ի պահը եւ բոլորս  քարացանք: Ոչ մի  ձայն, ոչ մի շշուկ մինչեւ  մեղեդու  աւարտը եւ նրանից  յետոյ էլ մի քանի վայրկեան: Երկար լռութիւնից  յետոյ հայրս էր խօսողը.

     – Էս ի՞նչ է, Հենրիկ, արդէն թոյլատրւո՞ւմ է հոգեւոր երաժշտութիւն հաղորդել ռադիոյով:

    – Ոչ հայրիկ, չի թոյլատրւում: Այդ ես է, որ խախտել եմ օրէնքը: Ինչո՞ւ պիտի ազատօրէն կարողանանք եթեր սփռել Բախի, Մոցարտի, Բեթհովէնի հոգեւոր երաժշտութիւնը, իսկ մերը, հայկականը` ոչ: Ի~նչ տխմար որոշում է չէ՞ հայրիկ: Մի խօսքով, մի քանի խոչընդոտներ յաղթահարելուց յետոյ ես հասայ իմ նպատակին: Թէ գործից պիտի հանեն` թող հանեն:

    Առանց մի խօսք ասելու հայրիկս յուշիկ քայլերով գնաց դէպի իր աշխատասենեակ` մինչ այդ մի անմեղ ժպիտ պարգեւելով ինձ:

    Երկուշաբթի առաւօտեան, սովորականից աւելի նկատելի հագուստկապուստով գնում եմ Ռադիոկոմիտէ: Նախամուտքին, դռների առջեւ կանգնեցնում է ծանօթ ոստիկանը.

     Անասեան` նախագահի մօտ:

     Գիտեմ, ես սպասում էի դրան:

Նախագահի քարտուղարուհին  ինձ տեսնելով,  շանթահար եղածի պէս վեր թռաւ տեղից Ընկեր Անասեան, խնդրում եմ մի րոպէ սպասէք, հարցնեմ տեսնեմ կարո՞ղ է հիմա ձեզ ընդունել թէ  ոչ:

    Սիրո~վ Նունիկ ջան, բայց ինչո՞ւ ես մի տեսակ վախեցած…

     Չգիտե~մ, չգիտեմ…, ձեր մասին եմ մտածում…

    Յստակ էր, որ օրիորդը ծանօթ էր պատմութեանը: Երկու երկվայրկեան անց նախագահի դրան ներսի կողմում էի: Սպասում եմ հրամանի, բայց ոչ մի ձայն չկայ, պարոնը երկու ձեռքերով բռնել է անկողնի սաւանի չափ <<Սովետական Հայաստան>> օրաթերթը եւ խորասուզուած է ընթերցանութեան մէջ: Քիչ անց.

     Հը~, եկել ես հա՞…, հերոս ենք խաղում էլի~…: Դէ որ եկել ես` մօտ արի ու մանրամասն պատմի` գիտես ինչի մասին է խօսքս:

    Առանց որեւէ մանրուք բաց թողնելու, մանրամասն պատմեցի ամէն ինչ, չմոռանալով ճառել հայկական հոգեւոր երաժշտութեան անփառունակ վիճակի մասին, եւ որ, մեր պարտքը պիտի լինի եւրոպական հոգեւոր երաժշտութեան ժողովրդականացման հետ մէկտեղ, տեղ յատկացնել նաեւ մեր աննման հոգեւոր երաժշտոթեանը:

       Իմ ամբողջ <<ելոյթի>> ընթացքում ոչ մէկ վայրկեան ինձ չ՚ ընդհատեց նախագահը: Մի քանի րոպէ երկուսս էլ լուռ էինք: Յետոյ նա վեր ելաւ իր շքեղ բազկաթոռից ու մօտեցաւ ինձ` ակամայ ինձ ստիպելով, որպէսզի ես էլ ոտքի ելնեմ: Մօտեցաւ ու զսպուած ժպիտով, երկու ձեռքերով բռնեց ուսերս ու թափ տալով ամբողջ մարմինս ասաց.

     Գնա՜, գնա աշխատիր, ես ամէն ինչ հասկացայ, ուրիշ ոչ մէկ բառ:

   Ելքին չհասած շուռ եկայ: Նախագահը կանգնած էր նոյն դիրքով, նոյն տեղում: Ես կանգնեցի մի պահ եւ ձեռքս բարձրացրի վեր` ասել ուզելով, թէ ի՞նչ են որոշելու աւելի վերեւներում:

   Հասկանալով թէ ինչն է ինձ անհանգստացնում, այս անգամ արդէն բարձրաձայն, գրեթէ բղաւելով ասաց.

    Գնա~, գնա՜ ասացի,  եւ աշխատիր նոյն ոճով…

    Սառոյցը հալուեց: Կարծրամտութիւնը իր տեղը զիջեց առողջ տրամաբանութեանը: Հայկական ռադիոյից պարբերաբար սկսեցին հնչել հայ հոգեւոր երաժշտութեան գոհարներ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ