Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարում Կիրակի, 30 Յունուարին ս. պատարագ մատուցեց եւ քարոզեց հիւրաբար Արեւմտեան թեմում գտնուող Գերշ. Տ. Սերովբէ Եպս. Իսախանեանը, Առաջնորդ Գերմանիոյ Հայոց թեմի։
Գերշ. Տ. Սերովբէ Եպս. Իսախանեանը ծնուել է 1963 թ․, Իրանի Փերիա գաւառի Հազարջրիբ հայաբնակ գիւղում, ապա ընտանիքով ներգաղթել է Հայաստան: 1986 ձեռնադրուել է սարկաւագ, իսկ 1987 թ. Յունիսի 7-ին, Հոգեգալստեան տօնին, ձեռամբ Գերշ. Տ. Ներսէս Արք. Պոզապալեանի ձեռնադրուել է կուսակրօն քահանայ։ 2010 թ. նշանակուել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ, իսկ 2018 թ. ընտրուել է Գերմանիայի հայոց թեմի Առաջնորդ։ 2019 թ. մայիսի 12-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սերովբէ Վրդ.-ին արժանացրել է եպիսկոպոսական ձեռնադրութեան և օծման:
Պատարագի ընթացքին Ս. Ղեւոնդեանց մայր Տաճարի հոգեւոր հովիւ Տ. Խաժակ Քհնյ. Շահբազեանը յանուն Արեւմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի, հոգեւոր դասի եւ հաւատացելոց, բարի գալուստ մաղթեց Սերովբէ Սրբազանին, եւ հրաւիրեց՝ իր պատգամը փոխանցելու ժողովրդին։
«Ամէնից առաջ պիտի իմ եղբայրական սէրն ու ողջոյնները փոխանցել իմ աւագ եղբօրը՝ Բարձրաշնորհ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանին, որ այս առիթը ընծայեց՝ պատարագելու այս հոյակերտ եկեղեցում եւ հաղորդակից լինելու ձեզ բոլորիդ հետ», իր խօսքը սկսեց Սերովբէ Սրբազանը։ Նա առիթն օգտագործելով շնորհաւորեց Թեմակալ Առաջնորդին ու բոլոր հաւահտացեալներին՝ թեմի 95-ամեակի առիթով, եւ մաղթեց, որ թեմը հետայսու եւս ծաղկի զօրանայ՝ հոգեւոր սպասաւորութին բերելով մեր հաւատաւոր ժողովրդին։
«Աստծոյ ամուր հիմը անսասան կը մնայ» (Տիմոթ. Բ, 2։19) բնաբանով քարոզի մէջ Սերովբէ Սրբազանը խօսեց հաւատքի ամրութեան, եկեղեցի այցելելու, աստուածաճանաչութեան եւ քրիստոնէական արժեքներով ապրելու թեմաների մասին։ «Շատ շատեր իրենց իրաւունք են վերապահել աջից ու ձախից Աստծոյ խօսքը մեկնաբանելու իրենց շահերին համապատասխան, հաճախ խօսելով անգամ իր չհասկացած հարցերի մասին։ Պէտք է ուղղամտութեամբ քայլել Աստծոյ ճանապարհով եւ հարատեւել հաւատքի մէջ, նոյնիսկ եթե հակառակութիւններ ու հալածանքներ լինեն, որով անցել են մեր հայրերը», պատգամեց Սերովբէ Սրբազանը։ Յաւարտ ս. պատարաի կատարուեց հոգեհանգստեան կարգ։
Յիշեցնենք, որ նոյն օրը եւ նոյն ժամին՝ Յունուար 30-ին Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հանդիսապետութեամբ անդրանիկ ս. պատարագ մատուցուեց Սան Տիէկոյի նորակառոյց եւ նորաօծ Ս. Սարգիս եկեղեցում։