Փետրուարի 12-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխաւոր հիւպատոս, դեսպան Արմէն Բայբուրդեանն այցելեց Լոս Անջելեսի Իրաքահայերի միութեան Գլենդեյլում գործող Հայ ընտանեկան շաբաթօրեայ վարժարան։ Նրան հիւրընկալեց Իրաքահայերի միութեան ատենապետ Մարալ Անջարգոլեանը եւ Հայ ընտանեկան շաբաթօրեայ վարժարանի հիմնադիր, Իրաքահայերի միութեան անդամ Խաչիկ Ջանոեանը, որը քառասուն տարուց աւելի ղեկավարել է միութիւնը։
Դեսպան Բայբուրդեանին ողջունեցին շաբաթօրեայ վարժարանի տնօրինուհի Անահիտ Խաչատրեանը եւ ուսուցիչներ Տաթեւ Կարապետեանը, Լուսինէ Բեյբուրդեանը, Թագուհի Բարսեղեանը եւ Նելլի Մեդոեանը։ Նրանք ՀՀ գլխաւոր հիւպատոսին ներկայացրին վարժարանի գործունութիւնը, ծանօթացրին կրթական ծրագրի մանրամասներին։
Վարժարանի ութսունից աւել աշակերտներ բանաստեղծութիւններ արտասանեցին այցելող գլխաւոր հիւպատոսի համար։ Դեսպան Բայբուրդեանը, շրջելով բոլոր դասարաններով, զրուցեց տնօրինութեան, աշակերտների, ուսուցիչների եւ Իրաքահայերի միութեան անդամների հետ, ծանօթացաւ դպրոցի 40-ամեայ գործունէութեանը եւ ապագայ ծրագրերին։ Բարձր գնահատելով հայ դպրոցի եւ ուսուցչի դերը հայապահպանութեան գործում՝ դեսպան Բայբուրդեանը աշակերտներին ներկայացրեց, թէ որքան կարեւոր են սփիւռքում հայկական կրթօջախների պահպանութիւնը եւ հայեցի կրթութիւնը: Նա աշակերտներին խրախուսեց խօսել հայերէն, հպարտ լինել իրենց ազգային ինքնութեամբ եւ միշտ իրենց սրտերում կրել Հայրենիքի վեհ գաղափարը: