Չորեքշաբթի, Մայիս 8, 2024

Շաբաթաթերթ

Կրթուած Մուրացկանը

(«Երեւանեան Պատկերներ» Շարքից)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Մի քանի օր էր,  ինչ ես եւ Մարիետան տեղա­ւորուել էինք Երեւանի մեր բնակարանում, երբ սկսե­ցին մէկը միւսի ետեւից յայտնուել ծանօթ-ան­ծանօթ մարդիկ: Շատեր գալիս են Լոս Անջելէսի իրենց բարեկամների կողմից ուղարկուած նուէրները եւ դեղերը տանելու: Գալիս են նաեւ արհեստաւորներ, գործ փնտռողներ, հեռու-մօտիկ ծանօթներ, ոմանք էլ, գաղտնիք չէ` միանգամայն ընդունելի որոշ ակնկալիքով:

   Մենք միշտ Հայաստան ենք գնում, ինչպէս սովո­րաբար ասւում է` «զինուած-պատրաստուած», որեւէ անակնկալ դէպ­­­քի համար էլ` դարձեալ պատ­րաս­տի վիճակում:

   Իմ այս ասածը, խնդրում եմ որպէս բողոքի նշան չընկալել: Մենք դա անում ենք սիրով ու մանաւանդ` գիտակցուած:

   Եւ ահա, մեր ժամանման երրորդ թէ չորրորդ օրը, մեր պատշգամբի ցանցապատ դռանն է մօտենում սե­ւազգեստ, բաւական խնամուած արտաքինով վաթ­սունին մօտ մի կին:

   – Խնդրում եմ ձեզ պարոն, մի քանի րոպէ լսել ինձ…, ակնյայտ հոգեպէս ցնցուած վիճակում դրան ետեւից ասում է անծանօթ կինը:

   – Ի՞նչ կայ տիկին, ի՞նչ է եղել, ի՞նչ էք ուզում,- մտահոգուած հարցնում եմ:

   – Բա՜ց արէք, խնդրում եմ բաց արէք դուռը, ես հիմա ձեզ ամէն ինչ կը պատմեմ:

   – Տիկին, ես ձեզ, ինչպէս եւ դուք` տեսնում ենք միմեանց ցանցի միջով, ասացէք թէ ինչ էք ուզում:

   – Չէ~, չէ , բաց արէք, համ էլ վատ եմ զգում, գոնէ մի երկու րոպէ կը նստեմ էս ձեր յարմարաւէտ բալկո­նում, կը հանգստանամ, խնդրում եմ:

   Բաց եմ անում պատշգամբի մետաղեայ դուռը եւ կինը ինձ գրեթէ հրելով մի կողմ, իրեն գցում է մեր բնակարանից ներս: Ի~նչ յոգնել, ի~նչ նստել, կինը անձայն, առանց մի բառ ասելու, պտտւում է մեր ընդարձակ հիւրասենեակի մէջ, յետոյ փորձում է անցնել ննջասենեակները, ես անմիջապէս կանխում եմ նրան.

   – Վերջապէս կ՚ասէ՞ք, թէ ով էք դուք տիկին, եւ ինչ էք փնտռում մեր բնակարանում: Ձեր պահուածքը ինձ բոլորովին դուր չի գալիս:

   – Ե՞ս…,ես`ոչինչ…, պարզապէս հետաքրքրու­թեան համար…:

   – Կարծեմ, քիչ առաջ դուք ասացիք, որ յոգնած էք եւ ուզում էք նստել, այդ ինչպէ՞ս արագ անցաւ ձեր յոգնածութիւնը տիկի~ն:

   – Դէ~,  գիտէք ինչ պարոն…, այսպիսի  բնակարա­նում  յայտնուելու պարագային ի՞նչ յոգնութեան մա­սին կարող է խօսք լինել:  Տեսնում եմ լաւ բնակարան ունէք…, ես…, ես ձեր հարեւան շէնքում եմ ապրում եւ օգնութեան համար եմ եկել ձեզ մօտ:

   – Ձեր հագուկապից  բնաւ  չի երեւում, որ դուք ինչ-որ բանի կարիք  ունէք, եւ յետոյ,

­օգ­նու­թեան համար  եկողը  այդպէս անքաղաքավար ձեւով չի չափչփի օտարի  բնակարանը:

   – Կը ներէք պարոն, դուք ճիշդ էք ասում, բայց ես…, ես այնքան շուարած եմ, որ ինքս

էլ չգիտեմ, թէ ինչ եմ անում: Ես պարզապէս գլուխս կորցրել եմ…, ա~խ, ախ, դուք չգիտէք, չգիտէ~ք…,տղաս հիւանդ է, ծանր հիւանդ, երեկ էլ հիւանդանոց տարան:

    Ես մօտաւորապէս գլխի էի ընկել, որ մենք գործ ունենք խաբեբայ, սրիկայ, կրթուած կնոջ հետ, սա­կայն ստիպուած եղայ հարցնել.

   – Ի՞նչ հիւանդութեամբ է տառապում ձեր տղան,-փոքր ինչ զսպելով զայրոյթս` հարցրի նրան:

   – Ի՞նչ ասեմ…, ես էլ եմ ամաչում…, այո՜, այո, ամա­չում եմ, դէ~, դէ…, էն անտէր հիւանդութիւնից է էլի…, սեռական բնոյթի:

   – Ի՞նչ…, սեռական բնոյթի՞…

   – Այո՜, այո…, ես, իհարկէ բոլորին չէ, որ ասում եմ այդ մասին: Դուք դրսի մարդիկ էք, դրա համար էլ ասում եմ, թէ չէ աշխարհով մէկ խայտառակ կը լինենք:

   – Իսկ ի՞նձ ինչու ասացիք, չէ՞ որ ես էլ կարող եմ ուրիշների առջեւ բացել ձեր գաղտնիքը:

   – Ո՜չ, ոչ…, դուք դա չէք անի, ձեր ինչի՞ն է պէտք:

   – Իսկ որքա՞ն գումար է անհրաժեշտ ձեր տղային բուժելու համար:

   – Ահագին դրամ է հարկաւոր, իսկ ես այդքան դրամ չունեմ: Ինքս երկար տարիներ մանկավարժ եմ եղել, իսկ հիմա չեմ աշխատում, ստացած թոշակս կոմու­նալ ծախսերին էլ չի բաւարարում: Խնդրում եմ, աղաչում եմ օգնէք ինձ: Ահա երեք օր է դռնէ-դուռ ընկած դրամ եմ հաւաքում տղայիս բուժման համար: Որքան կարող էք, խնդրո~ւմ եմ, աղաչում եմ:

   Այս ամբողջ խօսակցութեան ընթացքին, Մարիե­տան զարմանքով ու սպասողական հայեաց­քով ինձ էր նայում, ու, միեւնոյն ժամանակ անհանգիստ շար­ժումներ անում, փորձելով հասկացնել, որ ինչ որ պի­տի անեմ`անեմ արագ, այս անսպասելի ու անախորժ վիճակից դուրս գալու համար:

   Մինչ ես պատրաստւում էի դրամապանակիցս դրամ հանել, այդ կինը աչքերը ֆռռացնում էր բնակարանով մէկ, իսկ մէկ ուրիշը, նրա փոխարէն աչքերը կը պլշացնէր վրաս` նայելու համար թէ որքան դրամ եմ տալու: Արդէն կասկածից վեր էր, որ մենք գործ ունէինք կրթուած խաբեբայի հետ: Մէկ մտածեցի ոչինչ չտալ այդ սրիկային, մէկ էլ` Հենրիկ, ասացի, այդ կնոջ անէծքից ազատուելու համար մի քսան դոլար շպրտիր, թող ռադ լինի գնայ  «հիւանդ» տղայի մօտ:

   Ինչեւէ, քսան դոլարանոցը հանեցի դրամապանա­կից ու մեկնեցի կնոջը.

   – Խնդրե~մ տիկին,- կծու, խայթող հայեացքս մեխե­լով կնոջ աչքերի մէջ,- ասացի ես:

   Կինը փախցրեց հայեացքը եւ ոչինչ չ՚եղածի պէս շարունակեց դիտել մեր հիւրասենեակի պատերին կախուած աւելի, պակաս արժէքաւոր նկարները: Մէկ էլ, աներեւոյթ ուժի ազդեցութեան տակ, զոյգ ձեռքերը բարձրացրեց վեր ու բարձրաձայն ասաց.

   – Այս ի~նչ հիանալի նկարներ են…, օ~…, Աստուած իմ…, ո՞վ է, օրինակ,  այս նկարի հեղինակը,- ցուցա­մատը մեկնելով Ալպեան լեռների մի տեսարան պատկերող նկարի վրայ` հարցրեց խաբե­բայ կինը:

   – Տիկի~ն, կարծեմ դուք մխրճուեցիք մեր բնակա­րանից ներս առանց թոյլտւութեան,

ու հիմա էլ մեր տան իրե՞րն էք ուսումնասիրում…, խնդրեմ հեռացէք տիկին,- ինչ որ անբացատրելի վախի զգացումով ասացի նրան:

   _ Օ~, ո~չ, ի՞նչ էք ասում պարոն…ես…ես…, հենց այնպէս,- չիմանալով ինչ բացատրութիւն տալ` ձեռ­քերը կրծքին խաչած,- ասաց կինը ու առանց շնորհակալութիւն յայտնելու արագօրէն հեռացաւ մեր տնից:

   Նոյն օրը այս պատմութեանը հաղորդակից դար­ձրինք մեր բնակարանի «պահապան», առաջին յար­կի հարեւան, երիտասարդ մայր Նունէին:

   – Այդ ինչ սխալ բան էք արել,- ասաց նա,- դա մի խաբեբայ կին է, մեր ամբողջ թաղը ճանաչում է նրան: Այդպէս գեղեցիկ հագնուած, առաքինի կնոջ դեր խաղալով, միամիտ մարդկանց հեքիաթներ պատ­մելով, խղճմտանք առաջացնելով նրանց հոգում, մասնաւորապէս տուրիստների մօտ` դրամ է շորթում: Ի՞նչ հեքիաթ էր յօրինել:

   – Տղան ինչ որ ծանր հիւանդ է սեռական հողի վրայ,- ասացի ես:

   – Ծանօթ պատմութիւն է,- ասաց Նունէն,- ուրիշ անգամ, որ գայ` կը վռնտէք:

 …Նոյն տարուայ ձմռանը, Նոր Տարուայ նախօրեա­կին` հեռաձայն Երեւանից.

   – Մաեստրօ, ես եմ` Նունէն, ձեր բնակարանում գող է մտել…, բայց մի անհանգստանաք, ճիշդ է, ամէն ինչ տակնուվրայ են արել, բայց ոչինչ չեն տարել, բացի ձեր կոնեակներից: Մէկ շիշն էլ առոք-փառոք խմել են, երեք բաժակ կար սեղանի վրայ:

   – Է~.., յետո՞յ, Նունէ,- սա էլ Մարիետան է, որ ձեռքիցս վերցրել էր ընկալուչը:

   – Յետոյ այն Մարիետա ջան, որ մասնագէտ եկաւ, մե­տաղ­եայ ձողերը զօդեց ու ամէն ինչ տեղն ընկաւ:

   – Ինչ ես կարծում Հենրիկ, այս պատմութեան մէջ էն սուտ մուրացկան կնոջ մատը խառն չէ՞…

   – «Ի՞նչ իմանաս, մինչեւ հաստատ  չիմանաս» ծամ­ծմուած ասոյթով աւարտեցի երկխօ­սու­թիւնը:

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ