Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2024

Շաբաթաթերթ

Մշտարթուն Ու Բա~ց Աչքեր…

(Արտաշէս Քալանթարեան)

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

… Երեք տասնամեակ է, որ գրեթէ չի յիշւում անուանի տաղանդաւոր գրող, թատերագիր, համարձակ լրագրող Արտաշէս Քալանթարեանի անունը: Ժամանակին գրողի պիեսների հեռուստատեսային բեմադրութիւնները եւ դրանց եերկայացում­ն­ե­րը Երե­­­ւանի Երաժշտական Կոմեդիայի թատրոնում, քաղաքի ժողովրդային  լայն խաւերի ամէ­նօրեայ  հաղորդակցութեան նիւթի էր վերածուել:

Ժամանակին Արտաշէս Քալանթարեանի թատրերգութիւնները մեծ ժողովրդայականութիւն էին վայելում Հայաստանում: Ինչո՞ւ չէ` նաեւ Սփիւռքում, տեղ հասած տե­սա­ձայնագրութիւնների միջոցով:

Պիտի խոստովանել, որ Անկախ Հայաստանի օրօք ըստ արժանւոյն չի արժեւորուել Քալան­թարեանի գրական վաստակը: Միայն վերջերս պարզուեց, որ դեռեւս 2005 թուա­կանին է որոշուել Երեւանի փողոցներից մէկը, կամ որոշ յատուածը կոչել Արտաշէս Քալանթարեանի անունով: Որքան էլ տարօրինակ, միայն 17 տարի անց, այս տարուայ Մայիսի 24-ին է Երեւանի Աւագանին որոշեց իրականացնել վաղեմութեան վճիռը:

Էստեղ են ասել` ե՜ւ ուշ, ե՜ւ ուշացած:

Ամէն պարագայի սա մի առիթ եղաւ, որպէսզի ես կրկին անդրադառնամ մեծ ժողովրդականութիւն վայելած գրողին:

Նախ` ինչո՞վ է գրաւիչ Քալանթարեանի գրականութիւնը: Առաջին հերթին` իւրաքանչիւր ընթերցողի համար պարզ, հասկանալի լեզուով արտայայտուելու բացառիկ ունակութեամբ: Եւ յետոյ` հայ մարդուն, երեւանցուն յուզող թեմաներին առաջնութիւն տալը, ի վերջոյ` Հայրենիքի ճակատագրի համար մշտատեւ պայքարը կանգում պահելու մարտահրաւէրների բազմազանութեան հրամայական որդեգրումը:

Այդ ամէնի հետ մէկտեղ գրողը կը խնդրի, կը յորդորի, որ մարդիկ բանան իրենց աչքերը եւ տեսնեն, թէ ինչո՞ւ, ի՞նչ  պայմանների բերումով է, որ շատեր լքում են Հայրե­նիքը:

   – Հենրի~կ, ախր յիշիր է~,- ժամանակին ասում էր Արտաշէսը Լոս Անճելըսի մեր տանը,- ես «Բացէք ձեր աչքերը» պիեսում ասում եմ, որ մարդն ազատ է, ուր ուզի` կարող է ապրել, ու շեշտել եմ նաեւ, թէ ինչպէս հերոսը իր վերադասի երեսին է շպրտում` «Հայրենիքից չեմ փախչում է~, տօ~,  լսի՜ր…, ես քեզնից ու քո նմաններից եմ փախչում…»:

   – Այո՜, Հայրենիքից ոչ ոք չի փախչում Արտաշէս,- ասում եմ ես,- փախչում են պայման­ներից, դրուածքից, անշուշտ` մարդկանցից նաեւ, եւ հենց քո խօսքերով` «Մարդ մի տնային կառավարչի պատճառով էլ կարող է լքել Հայրենիքը»:

Դա`70-80 թուականներին էր, երբ մի քանի անգամ հայկական հեռուստատեսութեամբ ներկայացուեց Քալանթարեանի «Բացէք ձեր աչքերը» պիեսը:

Գլորուող  ձնագնդի տեսք ստացող  արտագաղթը մտահոգիչ  չափերի էր հասել, եւ, անշուշտ, Արտաշէսի  նման գրողն ու դրամատուրգը  չէր կարող  անտարբեր հայեաց­քով նայել, թէ ինչպէս են  մարդիկ թողնում իրենց  տներն ու ապահով  աշխատանքը եւ մեկնում անյայտութիւն: Եւ Արտաշէս Քալանթարեանը մարդու, ՀԱՅ մարդու, Հայ  գրողի ու հրապարակագրի իրաւունքով հարցնում է`

   – ԻՍԿ ԴՈ”Ւ Ո՞ՐՏԵՂ ԷԻՐ…

Սա գրողի վէպի անուանումն է, վէպ, որի հերոսները իրար մեղադրելով, մէկը միւսին հարցնում են` «Որտե՞ղ էիր, երբ տրորում էին քո մասունքները», «Իսկ դո՞ւ որտեղ էիր, երբ անմեղ ընկերոջդ դատում էին հայրենասիրութեան համար», «Իսկ դու` անկիւնում նստած թշուառական, ո՞րտեղ էիր, երբ բռնաբարում էին մեր իրաւունք­ները, պղծում էին մեր կրօնն ու սրբութիւնները…»:

   – Իսկ ո՞ւր էր Արտաշէս Քալանթարեանը,- իրաւարարի իրաւունքով կարող է հարցնել ընթերցողը:

 … Սեփական անդրավարտիքը հազիւ կոճկելու ընդունակ Արտաշէսը զգում էր, հասկանում, որ քաղաքամայր Երեւանում պակասում, անհետանում են մարդիկ, կարծես չէին էլ եղել, մեծերի բերնից հազիւ կարողանում էր որսալ անուններ` Չարենց, Մահարի, Ալազան:

Միանգամից մեծացաւ Արտաշէսը,- պատերազմ, սով, անյայտութիւն: Լաւ է, որ փողոցի իր հասակակից տղաները երկար չէին պահում խաղերի մէջ` «Չլիկ դաստա», «Բանկափլաւ», «Էշ միլիցա», «Լախտի», ու ստիպում էին իրեն տուն գնայ ու կարդալ: «Կարդացող» էին դրել անունը, եւ, զարմանալիօրէ~ն, յարգում էին այդ վտիտ մարմնով, կարճլիկ պատանուն:

Հազիւ 4-րդ դասարան հասած, փոշոտ փողոցում քրջերից «պատրաստուած» ֆուտբոլի գնդակի ետեւից վազելը թողնելով, գնում էր Կոնդի բարձունքից իջնող զինուո­րական հագուստներ հագած շարասեան ետեւից:

Եւ` Արտաշէսը կարդաց ու սովորեց եւ կեանք մտաւ որպէս փայլուն. անահ լրագրող: Այդ յետոյ էր, որ իր մասնագիտութեանն աւելացան միւսները` հրապարակագիրն ու գրողը, դրամատուրգն ու երգիծաբանը:

Սակայն, իմ տպաւորութեան եւ երեւակայութեան մէջ, Արտաշէսը եղել եւ մնում է  այն լրագրող-ժուռնալիստը, որն իմ պատանեկութեան եւ երիտասարդ տարիներին համարձակօրէն, իր` մէկը միւսից աւելի կծու, խայթող, սուր ու դիտողական գրչով խարազանում էր Երեւան քաղաքի բոլո~ր արատաւոր երեւոյթները: Ո~վ եւ ինչ պաշտօնի տէր էլ լիներ, միեւնոյնն է`խաբեութեան եւ կամ  հասարակութեան հանդէպ ունեցած  անազնիւ կեցուածքի համար պիտի «պատժուէր» Քալանթարեանի սպանիչ գրչով:

Ժամանակին կարդալով Քալանթարեանի ֆելիետոնները, մենք գիտէինք թէ  քանի~, քանի~ պաշտօնեաներ, զեղծարարներ ու խաբեբաներ պիտի զրկուէին իրենց շուայտ ու ցոփ կեանքից: Յիշողութեանս մէջ թարմ է 50-60 տարի առաջ Քալան­թարեանի գրած ֆելիետոններից մէկի  վերնագիրը` «Նամանաւանդ ձիս կապեմ ու գամ», որի մէջ ինչպէս կռահում էք, պախարակուում էր գրուածքի ենթական` հայերէն չիմանալու եւ անգրագէտ գրուածքների եւ` նո՜յնքան անգրագէտ մտածումների համար:

Այնուհետեւ գալիս էր «Վերին դատաստանը», վերին մարմիններում քննում էին Արտաշէսի  յօդուածը,  ու մի նոր  նկատողութիւն  էր  աւելանում իր  անձնական գործին, նկատողութիւն`խորհրդային կարգերում բոյն դրած արատաւոր երեւոյթները բացեիբաց  քննադատելու եւ խարազանելու համար:

Անշուշտ Քալանթարեանի նման լրագրողի, ես կ՚ ասէի մարտիկ գրողի համար բնաւ էլ կարեւոր չէին ո՜չ այդ նկատողութիւնները, եւ ոչ էլ` այս կամ այն աշխատանքից զրկուելը:

Նրա համար կարեւորը գրելն էր, գրելու ցանկութեանը յագուրդ տալը հաճոյքն ու  բաւա­կանութիւնը, հաճո~յք, որ քո գրութեան շնորհիւ դատարանի առջեւ ելան մի քանի խաբեբաներ ու աւազակներ:

Նման թեմաներով առաջին գիրքը լոյս տեսաւ  «Առաջինը» անուան տակ:  Յետոյ, Արտաշէսի հեքիաթային գունաւոր երազները ձեւի մէջ մտան «Գունաւոր երազներ» հատորում: Երազներ, որ առանց երեխաների պատկերացնել հնարաւոր չէ, ուրեմն` նրանց համար էլ` «Ալիկ բալիկը»:

Գունաւոր երազներն ու մեր բալիկները` այո՜ , կարեւոր են, բայց նրանց  ազնուացած եւ իրականացած տեսնելու համար, Քալանթարեանը պէ՜տք է, որ խարազաներ նրանց  երկունքը խանգարողներին, ուրեմն`իրեն պէտք էր  «Խղճի գիշերային այցը», որ յետոյ էլ, որպէս այդ այցի արդիւնք, մէջտեղ գար «Բացէք ձեր աչքերը» պիեսը:

Ինչպէս տեսնում է ուշադիր ընթերցողը «Իսկ դու ո՞րտեղ էիր» հարցման պատասխանը յստակ է Արտաշէս Քալանթարեանի մօտ: Վերոյիշեալ գործերին եթէ աւե­լացնելու լինենք «Մարաթոն» վէպը,  «Հանրապետութեան օրինակելի քաղաքացին», «Մովսէս Ապերը» եւ «Սիրիր մերձաւորիդ» վիպակները, ապա այս գործերի անուանումների թուարկումովն իսկ, հնարաւոր է պատկերացնել թէ ուր էր Արտաշէս Քալան­թարեանը, այնտեղ` ուր Հայաստանի առօրեայ կեանքն է, կեանքը` իր մարդկանցով, իր` երբեմնի հանդարտ, խաղաղ կեանքով, որն այսօր  խաթարուել է բազ­մաթիւ չլուծ­ւած խնդիրների պատճառով:

Ժամանակին Արտաշէս Քալանթարեանը ամենուր էր, նրա զննող աչքից ոչինչ չէր վրիպում: Նոյնիսկ այն դժնդակ տարիներին անգամ (Պաքու, Սումկայիթ) նա համարձա­կօրէն դատափետում էր Խորհրդային վարչակարգում 70 տարի շարունակ քա­րոզուող «Ժողովուրդների բարեկամութիւն» գաղափարի դատարկ ու փուճ լինելը:

Երկար չ՚ ապրեց Արտաշէս Քալանթարեանը, ընդամենը 59 տարի` ծերութեան նախաշեմ: Սակայն նա ապրեց իմաստալից կեանքով, իր ժողովրդին թողնելով գրական ժանրի բազմատեսակ գլուխ-գործոցներ:

Վէպեր, պատմուածքներ, դրամաներ, կատակերգութիւններ, ֆելիետոններ, հրապարա­կա­խօ­սական յօդուածներ, ռատիօ-հեռուստատեսային բազմաթիւ հաղորդումներ եւ բեմադրութիւններ,- այսպիսին է Արտաշէս Քալանթարեանի դիտողական, նուրբ, երբեմն խայթող, երբեմն էլ` խորհրդատու ու քաջալերող գրչի արգասիքը:

«Աշխարհի ճանապարհներին» իմաստուն դառած, պայծառ մտքով ու երեւակայութեամբ հարստացած Քալանթարեանն այնուհետեւ իր «Մի բուռ ծիծաղ»- ով, ժողովրդի հետ «Իրիկնային հեքիաթ»- ի նստած, յորդորեց մարդկանց «Մարաթոն»-եան  վազքով չխանգարել մէկը-միւսի առաջընթացին եւ, ազնուօրէն պարտադրելով սեփական ԵՍ-ը,  բարձրաձայն աղաղակեց`«Քանի դեռ կամ», կ՚ անեմ ամէն ինչ, որպէսզի ամէն հայ լինի իր`«Հանրապետութեան օրինակելի քաղաքացին»:

Արտաշէս Քալանթարեանը չհանդուրժելով որեւէ տեսակ անարդարութիւն, ազնուօրէն հաւատալով «Մեր տունը ձեր տունն է» գաղափարին, բարձրաձայնեց հայ կեանքում տեղի ունեցող անարդարութիւնների մասին:

Յանցա­գոր­ծին` դատա­փետող, մեղաւորին` խարազանող, անարդար, շուայտ ու լպիրշ կեանք վարող աթո­ռա­մոլ պաշտօնեային ի լուր աշխարհի` նուաստացնող, խեղ­ճին, տկարին ու ազնիւ հոգուն մի՜շտ հասնող ու նրա ազնուութիւնը գնահատող լուրջ գրողն ու մտաւորա­կան Արտաշէս Քալանթարեանը:

Անկրկնելի հմայքով, սրամիտ պատմութիւններով հարստացած, գորովագութ, երգելու սքանչելի կարողութեամբ օժտուած, կենսախինդ, կեանքին սիրահարուած, մարդկանց մէջ միայն բարին փնտռող սիրելի Արտաշէսը բարի անունով մտաւ Հայ Աշխարհ եւ, աւելի քան բարի, որպէս հրեշտակ մեկնեց այս աշխարհից:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ