Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Կեանքը Վարդագոյն Ակնոցներով…

(Արմէն Անասեանի Համերգը)

ԳՈՀԱՐ ՍԱՀԱԿԵԱՆ

   Ներքոյ նիւթի անուանումը վերցուած է ֆրանսիացի հանճարեղ երգչուհի Էդիտ Պիաֆի հանրայայտ երգի բառերից: Այդ եւ նմանատիպ այլ երգերով, փառահեղ երգ­չու­հին պատերազմից վերադարձած զինուորներին յորդորում էր չվհատուել եւ ապա­գային նայել «Վարդագոյն Ակնոցներով»:

    Կասկածից վեր է, որ Սեպտեմբեր 7-ին Հոլիվուդի Կատալինա Ջազ ակումբում (Catalina Jazz Club) կայացած համերգում հնչող ստեզծագործութիւն­ներով ջու­թա­կահար եւ դիրիժոր Արմէն Անասեանը նպատակադրուած, համերգի ծրագիրը կազմել էր ճիշդ եւ ճիշդ հանճարեղ երգչուհու նման`յորդորել հային, ուր էլ, որ նա լինի, չվհատուել, երբեք յոյսը չկորցնել ու ապագային նայել Վարդագոյն Ակնոցներով:

   Իր նպատակին հասնելու համար Արմէն Անասեանը համերգային ծրագրում ընդ­գըր­կել էր բացառապէս կարճ, դիւրամատչելի, ականջը շոյող, հաճելի, 3-5 րոպէ տեւողութեամբ 18 գործեր, որոնցից վեցը հայ կոմպոզիտորների գործերից:

   Շլացուցիչ տպաւորութիւն ստացանք Շառլ Ազնաւուրի La Boheme երգի կատա­րումից: Երգի երկրորդ` աստիճանաբար արագացող հատուածում թւում էր թէ ջութակահարն ու դաշնակահար Մարկ Ռոբսոնը մրցումի են ելել իրար դէմ  Սակայն այնսայթակ, միաձոյլ կատարման արդիւնքն արժեւորուեց ունկնդիրների խելայեղ ծափողջիւններով:

   Կիսահայ (մայրն է հայ) ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանի «Ես քեզ

Կը սպասեմ»  գործը Մարկ Ռոբսոնի մշակմամբ, ջութակի մեղմից էլ մեղմ, գործի­քի վերին լարերի վրայ ծաւալուող քնքշաբոյր մեղեդին Արմէնը մատուցեց այնպիսի անմեկնելի ապրումով, որ ունկնդրին կարող էր թուալ թէ հենց ինքն է սիրած եարին սպասողը:

    Չափազանց սիրուած ու տարածուած է Առնօ Բաբաջանեանի «Նոկտիւրն» դաշնամու­րային գործը, որի հիմքում ընկած է Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգի մեղեդին: Արմէն Անասեանը այդ գործը մշակել է ջութակի եւ դաշնամուրի համար: Անվարան կարող եմ ասել, որ պակաս հաճելի չէ լսել Արմէնի մշակումը, որը կարծեօք աւելի է հարստացրել Սայաթ Նովայի երգը: Երեկոյին կատարուեցին նաեւ Էդուարդ Բաղդա­սար­եանի «Նոկտիւրն»-ը եւ Կոմիտասի «Հոյ Նազան»-ը` Արմէնի մշակ­մամբ:

    Երեկոյի երկացանկը հարուստ էր օտար կոմպոզիտորների մանրանուագներով: Էլ ֆրանսիացիներ Ռաւել, Դէբիւսի, Ֆորէ, էլ` Պոնս, Պիացոլա, Բարտոկ, Չայկովսկի ու Գերշուին:

   Արմէնի կատարմանը պիտի հետեւել կենտրոնացած, առանց աչք թարթելու, որով­հետեւ նա ունկնդրի հետ խօսում է աստուածային երաժշտութեան լեզուով ու երեւան հանում  երգահանի  հոգու խորխորատներում  ամբարուած  վիշտը,  հայրենաբաղձ

կարօտն ու մշտավառ սէրը, սէր` մարդու, երկրի եւ հայրենիքի հանդէպ:

    Արմէն Անասեանի բնատուր տաղանդին ու կատարողութեան վարպետութեանը հաղորդակից լինելու  լաւագոյն միջոցը նրա համերգներին ներկայ լինելն է:

     Անասեանը իր ջութակի կախարդիչ լարերի զօրութեամբ կարողանում է ունկընդրին գամել աթոռին, որովհետեւ, ինչպէս կ՚ ասէր «Եռանկիւնի»  ֆիլմի հերոս  ուստա Գասպարը (Մհեր Մկրտչեան)` «Ան գիտութիւնով կը չալէ…»: Իսկ Թւում էր թէ նա խօսում էր այս օրերի համար բնորոշ` հայի վշտի, ցաւի ու կարօտի մասին` դիպչելով ամէն մի ունկնդրի հոգու նուրբ լարերին:

   Արմէն Անասեանը սկզբնական երաժշտական կրթութիւնը ստացել է Երեւանի Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցում, որից յետոյ սովորել է Կալի­ֆորնիայի Լոս Անջելէսի Նահանգային համալսարանում, որն աւարտել է ջութա­կահարի եւ դիրիժորի վկայականով: Երկու տարի կատարելագործուել է Նիւ Եորքում, ուր երկու տարի աշխատել է տեղի նշանաւոր Հոբոկն ճանաչուած սենեկային նուա­գախմբում`որպէս մենակատար եւ կոնցետմեյստեր:

    Նիւ Եորքից յետոյ Արմէնը Դոկտորի աստիճան է ստացել Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի երաժշտանոցում ու տեղի նուագախմբի հետ որպէս մենակատար բազմա­թիւ ելոյթներ է ունեցել Եւրոպայի գրեթէ բոլոր նշանաւոր քաղաքներում:

   1994-98 թ.թ. Արմէն Անասեանը որպէս դիրիժոր եւ մենակատար, աշխատել է նշանաւոր երաժիշտ Եանիի հետ, որից յետոյ, առ այսօր նուագում է Լոս Անջելէսի Օպե­րային թատրոնի սիմֆոնիկ նուագախմբի առաջին ջութակների կազմում, դէպքից դէպք զբաղեցնելով կոնցերտմեյստերի առաջին աթոռը:

   Մնում է յիշեցնել, որ Արմէնը ճանաչուած երաժիշտներ Հենրիկ եւ Մարիետա Անասեան ամոլի աւագ որդին է: Ի միջի այլոց, նրանց կրտսեր որդի Արամն էլ է երա­ժիշտ: Որպէս շնորհալի կատարող, հիմնականում նա մեկնաբանում է հօր երգերը:

    Շնորհակալական անմնացորդ խօսքս ուղղում եմ տաղանդաւոր (այս բառը շահար­կուած չէ) ջութակահար Արմէն Անասեան եւ դաշնակահար Մարկ Ռոբսոն զոյգի համերգի նախաձեռնող ու կազմակերպիչ Արթուր Միքայէլեանին, որը միայնակ, առանց հովանաւորների ու որեւէ միութեան կամ կազմակերպութեան օժանդակու­թեան կարողացաւ բարձրարուեստ երեկոյ հրամցնել դասական երաժշտութեան երկր­պա­գուներին:

    Համերգից յետոյ Արմէն Անասեանի հետ ունեցած մեր զրոյցի ընթացքում յայտնի դարձաւ, որ նա պարբերաբար ելոյթներ է ունենում Եւրոպական երկրներում եւ միայն  երկու ամիս առաջ է Ռումինիայի Տիմոշիրա քաղաքում տուած համերգից վերադար­ձել: Նոյն քաղաքում, ուր ներկայիս մեծաթիւ հայկական համայնք կայ, գալիք տար­ուայ գարնանը տեղի է ունենալու Հայ Երաժշտութեան փառատօն, որին հրաւիրուած է մասնակցել Արմէն Անասեանը: Վերջինս կատարելու է Արամ Խաչատրեանի ջութակի կոնցերտը եւ որպէս դիրիժոր ղեկավարելու հօր` Հենրիկ Անասեանի դուդուկի համար գրած կոնցերտը, որի մենակատարն է ռումինացի դուդուկահար Կոսմին Բալեանը (չշփոթել Բալեանի հետ` ԲԱ-ԼԵ-ԱՆ):

   Վերջին խօսքս Արմէնին.

                                              Օ~, դու հրաշք Արմէն

                                              Էդ ի՞նչ հոգով ու սրտով ես նուագում,

                                              Որ մեր ցաւոտ ու վշտոտ հոգուն`

                                              Թարմ ու նոր ուժ ես ներարկում:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ