Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Վերամուտին ընդառաջ՝ Հարցազրոյց «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ վարժարանի տնօրէն Բրշ. Յովհաննէս Սրկ. Գումրուեանին հետ

 

– Բարեշնորհ Յովհաննէս Սարկաւագ Գումրուեան, հաճեցէ’ք ներկայացնել Ձեր կենսագրականը.  ուսումը, աշխատանքային  գործունէութիւնը եւ ընտանիքը։

– Ծնուել եմ  Հայաստանում, Վանաձոր (Կիրովական) քաղաքում, մտաւորականի ընտանիքում։  Սովորել եմ Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի Գէորգեան Հոգեւոր Ճեմարանում, որից յետոյ բանասիրական որակաւորումս ստացել եմ Վանաձորի Պետական Մանկավարժական Համալսարանում։ Աշխատանքային գործունէութիւնս սկսել եմ Վանաձորի Ս․ Թևոսեանի անուան Պետական Պոլիտեխնիկական Քոլէջում՝ որպէս դասախօս։ Աշխատել եմ նաեւ Վանաձորի Գերմանական կենտրոնում, «Գ․Ն․Պ․» բարեգործական հիմնադրամում, աւելի ուշ դասախօսել եմ նաև Երեւանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում։

 2010 թ-ից ղեկավարում եմ Առաջնորդարանի «Փոքրիկ հրեշտակներ>> շաբաթօրեայ դպրոցը, հայերէն եւ հայոց պատմութիւն եմ դասաւանդում ՀԲԸՄ-ի Մանուկեան-Տեմիրճեան վարժարանում։ Որպէս Հայ Առաքելական Ս․ Եկեղեցու սարկաւագ՝ իմ ծառայութիւնն եմ բերում Արեւմտեան թեմում՝ մասնաւորապէս Հոլիվուտի Ս․ Յովհաննու Կարապետ եկեղեցում։ Ամուսնացած եմ, ունեմ երկու հրաշալի՜ բալիկ։

 

– Ներկայացուցէք խնդրեմ առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդեանց մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ վարժարանն ու անոր ուսումնական  առօրեան։

– Դպրոցը հիմնադրուել է 2000թ-ին՝ Բլիկեան ընտանիքի ազնիւ մտայղացմամբ։

 2010թ.-ին Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Յովնան Արք․ Տէրտէրեանի օրհնութեամբ, վերակազմաւորուել  եւ շարունակել է գործել առաջնորդանիստ Ս․ Ղևոնդեանց մայր տաճարի հովանու ներքոյ։         

Դպրոցի առօրեան ունի ինքնատիպ հագեցուածութիւն.  սկսւում է առաւօտեան ժամը 9։30-ին՝ ազգային ու հոգեւոր պատգամով, ապա շարունակւում դասարաններում, մինչև  ժամը՝ 12։00։ Դասընթացներն անցն են կացւում Հայաստանի Հանրապետութեան հանրակրթական դպրոցների դասագրքերով։ Կրթօջախում մշտապէս տեղի են ունենում հանդէսներ, մշակութային, ազգային ձեռնարկներ ու հանդիպումներ։ Դպրոցն ունի  իր երգչախումբը։ 

 

– Ինչպէ՞ս կը բաժնուին դասարանները եւ որքա՞ն է ուսման  տեւողութիւնը։

– Կրթօջախում սովորում են 6-14 տարեկան  շուրջ 200 աշակերտ։

Վեց դասարանների բաժանուած արեւելահայերէնի ծրագիրն  իր մէջ ամփոփում է այբուբենի դասաւանդումից մինչև հայոց գրականութեան, պատմութեան, մշակոյթի ու երաժշտութեան նիւթերի դասաւանդում, որը հիմնուած է Քալիֆորնիայի  կողմից սահմանուած լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրայ (Common Core State Standards)։

Ուսումնական տարուայ տեւողութիւնը 10 ամիս է․ մեկնարկում է Օգոստոսին եւ աւարտւում՝ Մայիսին։ Դասարանների բաշխումը կատարւում է ըստ լեզուական իմացութեան։ 

 

– Աւարտական դասարաններ կա՞ն։ Վկայականները վաւերացուա՞ ծ են պատկան  մարմիններու  կողմէ։

– «Փոքրիկ հրեշտակների» աւարտական դասարանի սաներն ստանում են վկայականներ, որոնք ճանաչւում են՝ որպէս երկրորդ օտար լեզուի վկայագիր՝ պետական քոլէջների կողմից։ Բացի այդ, համագործակցում ենք ՀՀ Գիտութեան և կրթութեան, ինչպէս նաև ՀՀ Սփիւռքի նախարարութիւնների հետ։

2015թ․-ին Համաշխարհային հայկական քոնկրէսի և ՀՀ Սփյուռքի նախարարութեան կողմից կազմակերպուած համահայկական մրցոյթի ընթացքում դպրոցը ճանաչուել է՝ որպէս Սփիւռքի լաւագույն շաբաթօրեայ վարժարան և արժանացել Գլխաւոր մրցանակի եւ առաջին կարգի դիպլոմի։

 

-Ուսուցչական կազմի ընտրութիւնը ինչպէ՞ս կը կատարէք։ Վերապատրաստում կամ վերաորակաւորում  կը նախաձեռնէ՞ք։

– Վարժարանում դասաւանդում են բացառապէս համապատասխան կրթութիւն ունեցող բանիմաց մանկավարժներ, որոնք ունեն հարուստ փորձառութիւն և մշտապէս մասնակցում են Առաջնորդարանի  կողմից կազմակերպուած ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին։

 

– Ե՞րբ կը սկսին դպրոցին արձանագրութիւնները։

– Նոր աշակերտների ընդունելութիւնն  սկսւում է Յուլիս 15-ից մինչեւ Օգոստոսի 15-ը։ Դասերը մեկնարկում են Օգոստոսի 20-ից։ Ցանկացողները կարող են դիմել Առաջնորդարան։

 

– Այսօրուան  հասարակութեան ապրելակերպը եւ մտածելակերպը մեծ փոփոխութիւններու կ՚ենթարկուի։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ քայլեր պէտք է մշակուին նոր սերունդը  ազգային  կեանքին շաղկապուած պահելու համար։

Մայրենի լեզուի, հայ ինքնութեան ու հաւատքի պահպանման երաշխաւորը դարեր շարունակ եղել եւ մնում է Հայոց Մայր Եկեղեցին։ Այն բոլորը քայլերն, որոնք մեզ շեղում են այս սուրբ ճանապարհից դատապարտուած են ձուլման և ուծացման։

Օգտուելով առիթից՝ շնորհակալութիւն եմ ցանկանում յայտնել Ձեզ հաճելի զրոյցի համար, ինչպէս նաեւ «Նոր Օրի» ողջ պաշտօնէութեանն ու ընթերցողներին։ Մաղթում եմ, որ Էջմիածնից տարածուող օրհնութիւնն ու Օշականից ճառագող լոյսը մշտապէս առաջնորդի մեզնից իւրաքանչիւրին։

 

– Շնորհակալութիւն Յովհաննէս սարկաւագ, որ ընդառաջեցիք մեր հրաւէրին։ Յաջողութիւն կը մաղթենք ձեր ծրագիրներուն եւ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրեայ վարժարանին։ Դպրոցին հասցէն է՝ 3325 N. Glenoaks Blvd., Burbank, CA 91504։

 

Հարցազրոյցը վարեց՝

ՍԵՒԱՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ