Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Սեպտեմբերին Քալիֆորնիայում կը բացուի «ԱՅԲ» հայերէնի ուսուցման կենտրոնը

Սեպտեմբերի 1-ից ԱՄՆ-ի Քալիֆորնիայի Վէն Նայս քաղաքում տեղի է ունենալու «ԱՅԲ» հայերէնի ուսուցման կենտրոնի բացումը, որտեղ 3-15 տարեկան երեխաներին կ՛ուսուցանուի հայոց լեզու, հայոց պատմութիւն և հայկական մշակոյթ: Վէն Նայսը գտնւում է Կլենտէյլ և Պրպէնք քաղաքներից ոչ հեռու, ուր մեծ թուով հայեր են ապրում:

«Հայերէն լեզուի ուսուցման կենտրոն բացելու գաղափարը վաղուց էր հասունացել: Ամէն անգամ մեծ ցաւ ենք ապրում, երբ հանդիպում ենք հայ մանուկների, որոնք ոչ միայն չեն խօսում, այլև չեն սիրում խօսել հայերէն: Սա լուրջ խնդիր է այստեղ՝ ԱՄՆ-ում: Ուրախութիւն մեզ ու շատերի, որոնք կարևորում են երեխայի հայերէնի իմացութիւնը, Սեպտեմբերի 1-ից Քալիֆորնիայի Վէն Նայս քաղաքում կը բացի մի փոքրիկ հայկական աշխարհ,- «Հայերն Այսօր»ի հետ զրոյցում նշեց Անահիտ Անդրէասեանը, որը հանդիսանում է կենտրոնի նախաձեռնողներից մէկն ու յաւելեց, որ յոյս ունեն, որ «ԱՅԲ»ը մօտ ապագայում կը դառնայ մի մեծ, հայկական կրթօջախ:

Նախաձեռնողները՝ Մարինէ Ոսկանեանը, Գագիկ, Յովհաննէս, Մարիաննա, Սիւզաննա Յարութիւնեանները և Անահիտ Անդրէասեանը Հայաստանում ուսում ստացած մարդիկ են, որոնք կարևորում են օտար երկրում հայապահպանութեան կարևոր գործօններից մէկը` հայոց լեզուն:

Կենտրոնում դասաւանդումը կ՛իրականացուի հայաստանեան դպրոցների ծրագրով ու դասագրքերով: 3-6 տարեկանների հետ կ՛աշխատեն Մարիաննա և Սիւզաննա Յարութիւնեանները, 7-15 տարեկանների հետ՝ Անահիտ Անդրէասեանը:

Խօսելով աշակերտների թուի մասին Անահիտ Անդրէասեանը նշեց, որ այս պահին յստակ հնարաւոր չէ նշել, թէ քանի աշակերտ կ՛ունենայ կենտրոնը. «Ամիսներ անց առիթ կ՛ունենանք զրուցելու, որի ընթացքում կը կարողանամ յստակ թուեր նշել ու խօսել դպրոցի գրանցած յաջողութիւնների մասին: Իսկ այսօր, առիթից օգտուելով, ուզում եմ շնորհակալութիւն յայտնել Սփիւռքի նախարարութեանը և «Հայերն Այսօրին» արձագանգի և սատարելու համար»,- իր խօսքը եզրափակեց Անահիտ Անդրէասեանը:

 

«Հայերն Այսօր», Երեւան 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ