Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Ողջո՜յն Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման 25-ամեակին

Տեսէ’ք, ցեղը դարձեալ պիտի չյառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որեւէ մասում, ծիծաղեն ու աղօթեն իրենց մայրենի լեզուով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում:                                                                                                 Ուիլիըմ Սարոյեան

 

Խորհրդային Միութեան իշխող կուսակցութեան առաջին քարտուղարը, քաջալերուելով արեւմուտքի գովքից, երկրում կառավարման հայեցական նոր սկզբունքներ էր յայտարարել՝ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ (Perestroyka) ու  ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹԻՒՆ (Glasnost): Ո՞վ էր լսել, ո՞վ էր տեսել, որ Ռուսաստանում ցարերի երկար դարերի տիրապետութեան եւ նոր հասարակարգի ժամանակ ժողովրդավարութիւն եղած լինէր: Հնարաւո՞ր էր, որ Խորհրդային Միութեան բռնապետական համայնավար կարգերում հրապարակայնութիւն իրականացնել:

Իրազեկներ հաւաստել էին, որ Արքայից-Արքայ Մեծն Տիգրանի գահակալութեան ժամանակ Հայաստան արարչական երկրի երկնակամարով լուսաւոր աստղ էր անցել, տիեզերական ներուժ (energy) հոսել Արմին-հայերի սրտերին, որոնք ելել էին աշխարհը նուաճելու: Նոյն աստղն էլ 1990-ական թուականներին անցել Հայաստանի արեւելեան կողմն աշխարհի վրայով, անսպառ հուր կաթել Արմին-հայերի մարդկանց սրտերին, հայրենի երկրի երկնակամարում ազատութեան կռուի ելնելու ծիածանի լոյս վառել:

Ընդվզել էին, կռուի էին ելել տիրող հասարակարգի դէմ: Արցախի լեռնական արի մարդիկ, 1988 թուականի Փետրուարի 20-ին, «Ժողովրդական Պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի Մարզային» եւ սահմանակից «Շահումեանի» շրջանային խորհուրդների համատեղ նիստում որոշել էին՝ հայերով բնակեցուած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը եւ Շահումեանի շրջանը հանել տիրող անարգ, անօրէն պետութեան կազմից, միացնել Հայաստան մայր երկրին:

Արմին-հայերի սրտում յառնեց «Ցեղը», նրան ազատութեան տանելու ոգու ղօղանջները: Արեւելեան կողմն իրենց աշխարհի մարդկանց հետ ծիծաղեցին Միութեան հրապարակած այդ մեծ գաղափարների վրայ, մարեց նրանց սրտերում վախը, մարեց իրենց հոգիներում ստրկութեան մութը: Ասացին՝ չենք ուզում ձեր իշխանութիւնը:  Ազատ ապրելու այդ ոգու լոյսը հասաւ միութեան հեռու-մօտիկ երկրներ, նրանց սրտերում հոսեց հայոց ազատութեան լոյսի հեղեղը, նրանք էլ ասացին՝ չենք ուզում Միութեան կազմում մնալ: Քանդուեց հսկայածաւալ Միութիւնը, քանդուեց կեղծիքի ու պարտադրանքի վրայ հիմնուած բարեկամութիւնը, «եղբայր» երգող, «թուրք» դարձած անօրէն ատրպէյճանցին ռմբահարեց ԼՂԻՄ-Արցախ-ի շէները: Երկու անգամ պատերազմի ելան հայոց դէմ, երկու անգամ էլ  պարտուեցին, երկու անգամ էլ Ռուսաստանի միջնորդութեամբ զինադադար խնդրեցին: Շարունակում են պահանջել հայոց քաջերի ազատագրած հայրենի հողը: Եթէ նորէն պատերազմեն, հայեր կը հասնեն Կուր գետի ափեր, որտեղից հայոց ազնուազարմ Արտաշէս արքան, կռիւը տանուլ տուած ալանների (Օսէթների) արքայադուստր Սաթենիկին հարս բերեց հայոց երկիր: ԼՂԻՄ-Արցախի սահմանը հայոց յաղթական պատերազմի կոթողն է, Արեւմտեան կողմն հայոց աշխարհի Մեծ Հայքի սահմանն է:

                                                                                                                                                      Միութենական կառավարութիւնը սպառնաց… հրասայլեր կանգնեցին ոստանի խաչմերուկներում, շէկլիկ ռուս զինուորներ պարեկեցին փողոցներում, հայեր ծիծաղեցին, աղուորիկ հայ տղաներ ու աղջիկներ մեխակներ նուիրեցին նրանց: Հայոց ոգին ընկճելու համար հոգեբանական գրոհ կազմակերպեցին՝ ցածր թռիչքով ուղղաթիռներ անցան հրապարակում եղած մարդկանց գլխավերեւով, հայեր չվախեցան, ձեռքերը վեր պարզած բարեւեցին նրանց օդաչուներին: Ուրիշ հանրապետութիւնների արի մարդիկ հայոց աշխարհի ոստան եկան՝ ազատութեան լոյս տանելու իրենց երկրներ:

Ցեղի ազգային դրօշներով ու նշանաբանների պաստառներով՝ հազար-հազար հայեր եկան ոստանի Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի ու բալետի թատրոնի հրապարակ, դրօշները զետեղեցին բեմահարթակի առաջ, միջանցք թողնելով կանգնեցին ազատ տարածքներ: Բեմահարթակում կանգնած մի հայ մարդ, շեփորը պարզած դէպի արեւմտեան կողմն Հայաստանի, հոգեզմայլ մեղեդի էր հնչում, կարծես ազատութեան հիմն լինէր, բռունցքները վեր պարզած ունկնդրում էին այն: Մտաւորականներ, քաղաքական գործիչներ Հայաստանի անկախութեան, ազատ կամքի  բոցավառ ելոյթներ էին հրավառում: Ազատութեան տօնախմբութեան հրավառութիւն էր հրապարակում, հազար թմբուկ էին զարկում, հազար շեփորներ հնչում, ազատութեան լոյսի հեղեղ էր հոսում հրապարակում:

Տարին էր 1990, ամիսը Օգոստոսի 23: Ազգային Ժողովի սրահում էին հայերի կողմից ընտրուած բազմախումբ  պատգամաւորները: Սրահի դռան փեղկերն էին լայն բացւում, հայոց Հայրապետն էր յուշիկ քայլերով անցնում նրա ճեմուղիով: Պատգամաւորները, խնդուն հայեացքներով, երկարատեւ ծափահարութիւնով ողջունում իրենց Սրբազան Հայրապետին: Օրն էր անմահ լինելու, այն գրուելու էր հայոց պատմութեան նոր դարաշրջանի մատեանում: Հայերը,   երկրի «Անկախութեան հռչակագիրն» էին ընդունելու, այն օրհնելու էր իրենց աննման ու անչափ բարի  Հայրապետը:

Հայոց Հայրապետը, Ղեւոնդ Երէցի նման, իր հաւատքի խաչը վեր պահած, ազգի «Անկախութեան հռչակագիրի» օրհնութեան աղօթքն էր մրմնջում: Իր նախնիների մեհեաններում հայոց թագաւորների թագադրման օրհնութեան նման, ձայնն էր հպարտ ու խրոխտ հնչում: Արեւի ծիածանի նման հազար լոյսի ժպիտ էր հոսում դէմքից, ակներում տիեզերքի աստղերի փայլն էր շողում: Խաչը տարածելով չորս դին, օրհնում ազգի անկախութեան ճամբան, որ այն սահուն լինէր, ոչ մի թշնամի մարդ չհամարձակէր այն կոխել, նրա հողին խոնջանքի քրտինք հոսէր, բերրիութիւն, խաղաղութիւն լինէր: Ոտքի ելած պատգամաւորները խելայեղ ծափահարել էին, հազար ողջոյն յղել իրենց սիրելի Հայրապետին:

Ամպիոնին էր մօտեցել մօրուքաւոր մի սիրուն երիտասարդ տղայ, Արամ Մանուկեան, որի անունը իր ցեղի անմար լոյսի հետ գնալու էր յաւերժութիւն: Արամը ընթերցում էր «Անկախութեան հռչակագիրը», ձայնն էր յախուռն,  այն հասնում իր երկրի արեւելք-արեւմուտք թշնամիներին, փորձեցին, պիտի փորձեն այն ջնջել, սակայն իզուր…:

***

Սովետների երկրում ծաւալուող ազգային-ազատագրական պայքարը, անկախութեան շարժումները, զինուած հակամարտութիւնները յուշում էին նրա փլուզման հոգեվարքը: Այդ պայմաններում, երկրի կուսակցական վերնախաւը չհանդուրժեց նման վիճակը: 1991 թուականի Օգոստոս ամսին, երկրի ուժային հիմնարկների ղեկավարութիւնը պետական յեղաշրջում կատարեց, իշխանութիւնից զրկեց կամազուրկ Գորբաչովին: Անհրաժեշտ էր մի համարձակ մարդ, որը ղեկավարէր համաժողովրդական դիմադրութիւնը: Բարեփոխիչ Բորիս Ելցինը վերցրեց այն ղեկավարելու պատասխանատուութիւնը, հրասայլի վրայ ելած ժողովուրդին պայքարի կոչեց, կազմալուծուեց երկրի փտած համակարգը, Գորբաչովին նորէն իշխանութեան բերին: Ելցինի ձեռնարկած յետագայ բարեփոխումներով, 1991 թուականի Դեկտեմբերի վերջին վաւերացուեց Սովետական Միութեան փլուզումը: Պատմութիւնը կ՚արժեւորի Բորիս Ելցինի գործունէութիւնը, նրան կը դասի ռուս մեծ բարեփոխիչների կողքին:

Ոչ թէ միայն երկու հայեր էին հանդիպել իրարու, այլ միլիոն-միլիոն հայեր էին իրենց արեւելեան կողմն աշխարհի՝ նորէն «Նոր Հայաստան» ստեղծելու: Անկախ պետականութեան վերահաստատման գործընթացին էին նախապատրաստւում: 1991 թուականի Սեպտեմբերի 21-ին, հայերը ընտրական տեղամասեր գնացին, Հայաստանի Վերանկախացմանը «ԱՅՈ» ասացին: Նորէն տիրեցին մայրենի երկրին, մարեցին ստրկութեան մութը, հայերէնը նորէն եղաւ իրենց պետական լեզուն, ամէնուրեք հայերէնով գործերը վարեցին: Եթէ Միութիւնում կատարուած յեղաշրջումը իրականանար, ռազմական իշխանութիւնը կր մարէր ազատական շարժումները, անկախութեան ձգտումները: Հայաստանը նորէն ծիծաղում էր, նորէն ազատութեան հրապարակում հազար թմբուկ զարկում, հազար շեփոր հնչում, արի մարդիկ,  յեղափոխականների, հերոս մարդկանց անուններով կամաւորական խումբեր կազմած՝ կռուի գնացին:

Փլուեց համայնավարական հասարակարգի տնտեսութեան դրութիւնը: Փոխանակ այն ազգի սեփականութիւնը դարձնելու, իշխող անարգ անհատներ կողոպտեցին եօթանասուն տարիների աշխատաւոր մարդկանց, հողի մշակների հարստութիւնը: Երեք նախագահներն էլ վատ կառավարեցին, հիմա էլ «Սասունի Ծուռ» մարդիկ նրանց ասում են՝ իշխանութիւնը ժողովուրդին վերադարձրէք, զգաստացել են, ասում են «Ազգային համաձայնութեան» կառավարութիւն կը ստեղծենք, ի՞նչպէս եւ ե՞րբ,  հաւատալո՞ւ բան է…:

Ողջո՜յն Հայաստանին, երանի՜ նրանց ովքեր իրենց Արեւմտեան կողմն աշխարհի ազատութեան կռուին կը գնան:

 

Ամերիկայի Հայ Գրողների Միութեան Անդամ՝

Պօղոս Արմենակ Լագիսեան

 

Կլենտէյլ, Սեպտեմբեր 2016                                  

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ