Կիրակի, Դեկտեմբեր 22, 2024

Շաբաթաթերթ

Մենք ունենք մեր իրաւունքը և մեր ազատութիւնը պաշտպանելու ուժը Նախագահի ելոյթը ՀՀ անկախութեան 25-րդ տարեդարձին նուիրուած զօրահանդէսին

Պարոնայք զինուորնե՛ր, սպանե՛ր, գեներալնե՛ր,
Սիրելի՛ քոյրեր և եղբայրներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակի կապակցութեամբ:
Քառորդ դար առաջ այս օրը մենք կատարեցինք մեր ընտրութիւնը հանրաքուէի թերթիկներով, բայց բոլորս էլ գիտենք, որ մեր սրտերում և մեր հաւաքական յիշողութեան մէջ այդ ընտրութիւնը վաղուց էինք կատարել: Մենք ընտրել ենք ազատութիւնը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հաւատարիմ ենք այդ ընտրութեանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել:
Այսօր` 21-րդ դարում զէնքերը փոխուել են, բայց չենք փոխուել մենք՝ սեփական ազատութիւնը պաշտպանելու մեր վճռականութեամբ: Վկան այս զօրահանդէսն է:
Իհարկէ, իտէալական աշխարհում իրաւունքն է, որ պէտք է ծնի ուժ: Բայց այսօրուայ աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իտէալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրաւունք: Մենք ունենք մեր իրաւունքը և մեր ազատութիւնը պաշտպանելու ուժը: Վկան այս զօրահանդէսն է:
Ազատութիւնն ու անկախութիւնը պաշտպանութեան կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Մեր քաղաքացիները ևս պէտք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակութիւնն անհամեմատ աւելի արդիւնաւէտ են գործում: Մենք կարող ենք և պէտք է շարունակենք կառուցել արդիւնաւէտ երկիր, որը կը պաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակութեանը: Անազատ մարդիկ տեսականօրէն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկութիւն:
Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի յաջողութիւններ ենք արձանագրել: Երբեմն սխալուել ենք, երբեմն՝ ծայրայեղութիւնների մէջ յայտնուել, բայց, մեծ հաշուով, ճիշդ ուղիով ենք շարժուել: Մենք կառուցում ենք մեր երջանկութիւնը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժուելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պէտք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով:
Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատութեան թիւ մէկ երաշխաւորն են: Փա՛ռք Արցախեան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլեան մեր կորիւններին, որ յօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը: Ամիսներ առաջ հետախոյզ-գնդացրորդ Սասուն Մկրտչեանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացայ, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լոյսը, որ ապրիլեան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մէկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգութեանը սպառնացող ոսոխի գլխին: Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զօրահանդէսն է:
Կեցցէ՛ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացին՝ հողի մշակն ու շինարարը, բժիշկն ու ուսուցիչը, հանքափորն ու գործարարը, պետական ծառայողն ու մշակութային գործիչը: Փա՛ռք նոր արժէք ստեղծող հայաստանցուն:
Կեցցէ՛ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը. միասին մենք աւելին ենք, քան հնարաւոր է պատկերացնել:
Կեցցե՛ն Հայաստանի ազգային փոքրամասնութիւնները ներկայացնող մեր քոյրերն ու եղբայրները, ովքեր հաւասարապէս լծուած են մեր երկրի զարգացումն ու պաշտպանութիւնը հետևողական առաջ տանելու գործին:
Կեցցէ՛ հայ աւանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող և ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմութեան աղբիւր:
Յարգելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհաւորում եմ բոլորիս և ողջ հայութեանը Հայաստանի պետականութեան վերականգնման քառորդդարեայ յոբելեանի առթիւ:
Փա՛ռք Հայաստանի Հանրապետութեանը:
Փա՛ռք Հայաստանի Զինուած ուժերին։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ