Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Ո՞վ է քամի ցանում…

 

ՍԱՄՈՒԷԼ ՅՈՎԱՍԱՓԵԱՆ

 

Վերջին տարիներին Հայաստանի ոչ միայն տնտեսական և քաղաքական իրավիճակն է, որ մտահոգում է շատերիս, այլ մի քանի այլ հանգամանքներ ևս, որոնք բոլորն էլ շղթայաբար կապուած են իրար:

Դրանք են՝

ա) Ռուսաստանի չափից աւելի ներկայութիւնը և ազդեցութիւնը Հայաստանի տնտեսական, քաղաքական ոլորտներում: Որքանով, որ հասարակութեանը յայտնի է, Հայաստանի գրեթէ բոլոր տնտեսական կարևոր կառոյցները կենտրոնացուել են Ռուսաստանի քաղաքացիների ձեռքերում: Ոչ միայն այդ. քաղաքական դաշտում Ռուսաստանը իրեն թոյլ է տալիս Հայաստանի իշխանութիւնների հետ վարուել որպէս «վասալ»ի: Նա գրեթէ միայնակ ցանկանում է կարգաւորել Արցախի հարցը, նա համարեա թելադրում է Հայաստանին թէ՛ տնտեսական, թէ՛ քաղաքական արտաքին կապերը: Ռուսաստանի իշխանութիւնները իրենց նման բան թոյլ են տալիս՝ լաւ գիտակցելով երկրի աշխարհագրական դիրքը, Հայաստանի իշխանութիւնների հակաժողովրդական քաղաքականութեան պատճառով վարկի, այդպիսով նաև իրենց թիկունքի կորուստը թէ՛ Հայաստանի և թէ՛ աշխարահասփիւռ հայութեան մօտ:

բ) Բնականաբար, վերոյիշեալ իրողութիւնը բացի այն, որ ժողովրդի մօտ անվստահութիւն է առաջացնում դէպի իշխանութիւնները, նաև նրա մօտ հակառուսական տրամադրութիւններ է ստեղծում, որը իրենց հերթին բորբոքում են ընդդիմութեան որոշ լիդերներ, որոնց ընդգծուած հակառուսական կեցուածքը և քարոզչութիւնը լուրջ մտահոգութեան առիթ է տալիս: Ինչումն է կայանում ընդդիմութեան որոշ լիդերների հակառուսական կեցուածքի և քարոզչութեան վտանգաւորութիւնը. եթէ երբևէ այն դառնայ պետական քաղաքականութեան հիմք, ապա դա կը նշանակի լրջօրէն վտանգել երկրի և հայ ժողովրդի ապագան: Այդ լիդերները դասը սերտած աշակերտի նման, միալար հոլովում են այն կարգախօսը, որ Հայաստանը լաւ ապագայ կ՚ունենայ միայն Ռուսաստանի ազդեցութիւնից դուրս, բայց, քանի որ շրաջապատուած է թշնամի երկրներով, ապա նա պէտք է «քաղաքակիրթ աշխարհի» հովանաւորութիւնը փնտռի: Նման քարոզչութիւնը սիրով մոռանում է անցեալը, պատմութիւնը, հաշուի չի առնում վերջին երկու հարիւր տարուայ հակամարտութիւնների ընթացքը Եւրոպայում և Արևմուտքի փարիսեցիական և շահամոլ քաղաքականութիւնը, և թէ դա որքան թանկ նստեց հայ ժողովրդի վրայ և այսօր էլ թանկ է նստում աշխարհի թոյլ զարգացած, մանաւանդ Միջին Արևելքի արաբախօս ժողովուրդների վրայ:

Բայց իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում այդ, այսպէս կոչուած, «քաղաքակիրթ աշխարհը»:

Սկսած 1985 թուականներից՝ չի խաղաղւում Իրաքը: Իրան-Իրաք երկարատև պատերազմի ընթացքում երկկողմ զոհուեցին և խեղանդամ դարձան միլիոնաւոր մարդիկ, աւերուեցին քաղաքներ, բազմաթիւ բնակավայրեր: Դա «քաղաքակիրթ աշխարհից» և ոչ մի պետութեան կամ դիւանագէտի չէր հետաքրքրում. նրանք աւելի շուտ հետաքրքրուած էին և հոգ էին տանում, որ այդ պատերազմում յաղթող և յաղթուող կողմեր չլինեն: Գիտակ թղթակիցները գրել են, որ այդ պատերազմի ընթացքում Արևմուտքի ռազմարդիւնաբերութիւնը՝ մանաւանդ ամերիկեանը, միլիարդներ շահեց, քանի որ, ոչ միայն Իրաքն էր Արևմուտքից զէնք գնում, այլ նաև Իրանն էր ստիպուած ԱՄՆ-ից գնում, քանի որ Իրանի զինտեխնիկան բացարձակապէս Արևմտեան էին: Յայտնի է, որ շահի տիրապետութեան ժամանակ Իրանը ԱՄՆ-ում արտադրուած զէնքերի տարածաշրջանում ամենախոշոր գնորդն էր: Տարիներ յետոյ այդ պատերազմին հետևեց ԱՄՆ-ի և այսպէս ասած՝ կամաւորների ներխուժումը Իրաք, ինչը բացարձակապէս հիմնուած էր CIA-ի կողմից յօրինուած կեղծ փաստաթղթերի վրայ և լիազօրուած չէր ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի կողմից:

***

Այդ օրերին՝ Բեռլինի կինոֆիլմերի փառատօնի բացման ժամանակ, ամերիկեան յայտնի դերասան Դաստին Հոֆմանը (Dustin Hoffman), դատապարտելով այդ պատերազմը, որը, ըստ իրեն, արդիւնքն է «հնարած ստերի և կեղծիքների», ասաց. «Նաև Վիեթնամի պատերազմը ստերով սկսուեց, որը այդքան մարդկային զոհեր խլեց»:

Երևի թէ սխալ և աւելորդ չէր լինի այդ «քաղաքակիրթ աշխարհի» էութիւնը լրիւ պարզաբանելու համար այստեղ ևս մէջբերումներ կատարել մի քանի գրքերից:

Վերջին տարիներին Գերմանիայում, ինչպէս նաև ԱՄՆ-ում տպագրուել են բազմաթիւ գրքեր. տարբեր գիտակ և անաչառ թղթակիցներ, պատմաբաններ փորձում են դիմակազերծել այդ «քաղաքակիրթ աշխարհին», որը Հայաստանի ընդդիմադիրների մօտ երբեմն որպէս «առասպելի հերոս» է ընկալւում: Արևմուտքի այդ թղթակիցները փաստերով և իրենց ուսումնասիրութիւններով, նաև անաչառ վերլուծութիւններով, բացայայտում, քօղազրկում են այդ «առասպելը»: Նրանք ապացուցում են, որ իրականում ԱՄՆ-ի թէ՛ արտաքին, թէ՛ ներքին տնտեսական քաղաքականութիւնը թելադրում են ԱՄՆ-ի ռազմական և նաւթարդիւնաբերական ինդուստրիայի շէֆերը և իրականում նրանք իրենց լոբբիստների միջոցով ցանկալի ուղղութիւնն են տալիս այդ քաղաքականութիւններին:

Չի կարելի անտեսել նաև Իսրայէլի լոբբիստներին, որոնց ազդեցութիւնը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան վրայ որոշիչ է այն պահին, երբ Իսրայէլի անվտանգութեան հարցն է օրակարգի վրայ դրուած լինում: Այս հարցին մանրամասնօրէն անդրադարձել են ամերիկացի անուանի քաղաքագէտներ և միջազգային յարաբերութիւնների մասնագէտներ Ճոն Ջ. Մերսհայմերը (John J. Mearsheimer) և Շտեֆեն Մ. Ուելտը (Stephen M. Walt): Նրանք 2006 թուականին հրատարակել են մի ուշագրաւ գիրք, հետևեալ խորագրերով՝ «Իսրայէլի լոբբին». «Թէ ինչպէս է ազդեցութիւն բանեցւում ամերիկեան արտաքին քաղաքականութեան վրայ» (John J. Mearsheimer and Stephen M. Walt, The Israel Lobby and U.S. Foreign Policy)։

Նրանք գրում են. Ինչո՞ւ է ԱՄՆը ներխուժել Իրաք:

Տապալել Սատտամ Հիւսէյնին. նոյնիսկ այսօր էլ դժուար է նման որոշումը հասկանալ: Իհարկէ, որ նա բիրտ բռնակալ էր՝ երկիւղալի յաւակնութիւններով, ներառեալ նրա ձգտումը՝ մասսայական ոչնչացման զէնքերի տիրանալու, բայց այն նոյն նրա անընդունակութիւնը, նրան խանգարում էր նման վտանգաւոր նպատակին հասնել: 1991 թուականի նեղուցի երկրորդ պատերազմում պարտուել էր նրա բանակը, իսկ ՄԱԿի տասնամեակ տևող հարկադրական միջոցները և սահմանափակումներն էլ աւելի էին թուլացրել նրա մարտունակութիւնը: Իրաքը, որի ռազմական կարողութիւնը, բացի թղթերի վրայ, երբեք յատուկ տպաւորութիւն չէր թողնում, արդէն իսկ 2003 թուականին դարձել էր մի թոյլ հակառակորդ, քանի որ ՄԱԿի յաճախակի ստուգումները ընդհատել էին Սատտամ Հիւսէյնի աթոմային ռումբի ծրագիրը, նրան ստիպել էին ոչնչացնել նաև իր քիմիական և կենսաբանական զէնքերի պահեստները: Միւս կողմից կարելի չեղաւ որևէ կապ յայտնաբերել Սատտամ Հիւսէյնի և Ուսամա Պէն Լատենի միջև, որպէսզի կարողանալ այն հաւաստիօրէն փաստել (նրանք նոյնիսկ թշնամիներ էին): Բացի այդ, Ուսամա Պէն Լատենը և նրա օգնականները գտնւում էին Աֆղանստանում, կամ Փաքիստանում, ոչ թէ Իրաքում: Այնուամենայնիւ, Պուշի կառավարութիւնը Սեպտեմբերի 11-ի յայտնի դէպքերի հետևանքով որոշում կայացրեց յարձակուել մի կործանուող երկրի վրայ, որը ոչ մի առնչութիւն չունէր Համաշխարհային առևտրի կենտրոնի (World Trade Center) և Փենթակոնի վրայ յարձակումների հետ, բացի այդ նա արդէն իսկ ամբողջովին խիստ և ազդեցիկ հսկողութեան տակ էր գտնւում:

Բայց այստեղ գոյութիւն ունի նաև մի այլ էական գործօն, առանց որի ներգործութեան, հաւանաբար, այդ պատերազմը տեղի չէր ունենալու: Այդ գործօնը Իսրայէլի լոբբին է, և յատկապէս մի խումբ նոր պահպանողական գաղափարախօսների և փորձագէտների ազդեցութիւնը, որոնք դեռ շատ վաղուց՝ այսինքն դեռ Սեպտեմբեր 11-ից շատ առաջ, Ամերիկայի իշխանութիւնների վրայ ճնշում էին գործադրում, որպէսզի նա յարձակուի Իրաքի վրայ: Իհարկէ, Իսրայէլի և Իսրայէլի լոպպիի ճնշումը միակ ֆակտորը չէր, որը յանգեցրեց Պուշի կառավարութեան որոշմանը՝ 2003 թուականի Մարտին, յարձակուել Իրաքի վրայ: Բայց այն որոշիչ էր:

Մենք հաւատացած ենք, որ պատերազմը մեծ մասամբ պայմանաւորուած էր հետևեալ ցանկութիւնով՝ Իսրայէլի համար էլ աւելի ապահովութիւն ստեղծելով: 2005-2006 թուականներին արտաքին գործերի նախարար Ֆիլիփ Ցելիկովը՝ Կոնտալիզա Ռայսի խորհրդատուն, իր 2002 թուականին կայացած մի բանախօսութեան ընթացքում անդրադառնում է, որ Սատտամը Ամերիկայի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում: Ըստ նրա, «Իրական սպառնալիքը», դա «Իսրայէլի դէմ սպառնալիքն» էր: Նա աւելացնում է նաև, որ ոչ մէկը չի ցանկանում այդ սպառնալիքը այդպէս կոչել, որովհետև դա եւրոպացիներին բոլորովին չի հետաքրքրում, իսկ Ամերիկայի կառավարութիւնը չի ցանկանում այն նշել, քանի որ այն որպէս փաստարկ, սիրուած չէ:

Իսրայէլի առնչութիւնը Իրաքի պատերազմին այն սկսուելուց դեռ շատ առաջ յայտնի էր լայն շրջաններին: 2002 թուականի աշնանը թղթակից Մայքըլ Քինսլին գրեց. «Իսրայէլի դերի շուրջ հրապարակայնօրէն վիճաբանութեան բացակայութիւնը նման է այս առածին՝ «Փիղը սենեակում»: Ամէն մէկը տեսնում է նրան, բայց ոչ ոք չի խօսում այդ մասին»:

***

Գերմանացի յայտնի թղթակից և հրապարակագիր Պետեր Շոլ- Լատուրը (Peter Scholl-Latour) իր բազմաթիւ գրքերում անդրադարձել է այդ հարցերին և թէ, որքան կործանարար է «քաղաքակիրթ աշխարհի» երկերեսանի շահադիտական քաղաքականութիւնը զարգացող և ոչ զարգացած երկրների համար:

Նա իր, «Չար արարքի անէծքը» գրքում մանրամասն քննարկելով Միջին Արևելքում և Սիրիայում Արևմուտքի՝ ամէնից առաջ ԱՄՆ-ի գործադրած քաղաքականութիւնը, գրում է.

«Ինչ որ տեղ՝ գաղտնի հրամանատարական վայրերում, կեղծ տեղեկատուութիւն թողարկող այդ գաղտնի ֆաբրիկաներում, որոնք անգլօսաքսոնական, կարծիքներ ապակողմնորոշող ուժերի կողմից այդքան վարպետօրէն օգտագործւում են, նշւում է, որ Սիրիան պէտք է ենթարկուի այն նոր կարգ ու կանոնին, որը համապատասխանելու է Միջին Արևելքում ամերիկեան պատկերացումներին: Ես տեղեկացել էի, որ Նոր Քարոլինայում կեղծիքներ յօրինող նման մի կենտրոն կայ և դա ամենևին էլ չի բացառում, որ Մեծն Բրիտանիայում և Իսրայէլում էլ նման կենտրոններ կը լինեն:

Յամենայնդէպս, դեռ նախքան Տարայում և Հոմսում տեղական ցոյցերի սկսուելը, առանց այլևայլի պահանջ էր դրւում, որ պէտք է Դամասկոսում իշխանութիւնը ոչնչացուի:

2013 թուականին «Ազատ Սիրիայի Բանակի» Սուլէյման կեղծանունով մի սպայ, ում ես այցելել էի, իր ժամանակաւոր հրամանատարական տնակում, ինձ հետևեալը խոստովանեց.

«Տարայում ցոյցերը ինքնաբերաբար չեն սկսուել: Նա ինքը դրանից մի տարի առաջ հանդիպում է ունեցել յորդանանեան և ամերիկեան ծպտուած լրտեսների հետ: Նրանք, իրեն վստահեցնելով, որ նա ֆինանսապէս ապահովուած կը լինի, ցանկանում էին իրեն քաջալերել՝ միանալու «Ազատ Սիրիական Բանակի» յեղաշրջման ծրագրերին: Այդ բանակին անհրաժեշտ կառուցուածքը տրամադրուելու և զինումը կատարուելու էր Յորդանանի հողի վրայ: Դրանից յետոյ, շնորհիւ Սէուտական Արաբիայի, ինչպէս նաև Քաթարի, Իմիրաթի լայն ֆինանսաւորման, բայց և CIA-ի անմիջական ղեկավարութեան ներքոյ, իրականացուել է խռովարարների բանակի կազմումը և զինումը՝ ամենաժամանակակից պատերազմական զէնքերով: Անկասկած, որ հէնց այդ ժամանակ էլ միջազգային դաւադրութիւն է կազմակերպուել Դամասկոսում՝ Պաաս կուսակցութեան իշխանութեան դէմ»:

Ուաշինկթընում, Ռիատում, Տոհայում, ինչպէս նաև Երուսաղէմում վստահ էին, որ Սիրիայում, Արևմուտքի կողմից օգնութիւն ստացող ընդդիմադիրների բանակի երևան գալը յուսալքուած զանգուածների մօտ համաժողովրդական անդիմադրելի մի շարժում կ՚առաջացնէր, որի պատճառով Ասատի և ալաուիների կլանը կարճ ժամանակամիջոցում վերացուելու էր: Ահա մէկ անգամ ևս, ինչպէս ժամանակին Իրաքում, Լիպիայում, Եգիպտոսում, հաւանաբար նաև վաղը Իրանում, Արևմուտքի լրտեսական ծառայութիւնները իրենց ցանկալի պատկերացումների, ինչպէս նաև ուտոպիական և սխալ ծրագրերի զոհը դարձան:

Տարայի անկումից յետոյ Հոմս քաղաքը առնուեց աքցանի մէջ. այստեղ Սէուտական Արաբիայի կողմից ռազմամթերքի տրամադրումը աւելի ուժեղացրած թափով էր, քան այլ տեղերից, որի պատճառով պետական բանակը ծանր կացութեան մէջ ընկաւ: Հոմսում պարզուեց նաև, որ քարիւղի միապետին բոլորովին էլ չէր հետաքրքրում աշխարհիկ և Արևմուտքի ապրելակերպին ձգտող «Ազատ Սիրիական Բանակին» զինամթերք մատակարարելը: Սէուտական Արաբիայի Ուահապիստների իսկական դաշնակիցները այն նոյն ծայրայեղ՝ «Աստծոյ Մարտիկներն» էին, որոնք իրենց ճիհատիստներ են անուանում:

«Վերջերս,- շարունակում է սպան,- յաճախակի են դառնում բախումները ԱՄՆի կողմից հովանաւորուող «Ազատ Սիրիայի Բանակի» և մեծ արագութեամբ հզօրացող ծայրայեղ իսլամիստների՝ կանաչ լեգիոնների միջև, ովքեր «սրբազան պատերազմի» են արշաւել: Նրանց նպատակն է Սիրիայում ալաուիներին՝ «Աստծոյ թշնամիներին» ոչնչացնել, քրիստոնեաներին երկրից վտարել և Դամասկոսում նոր խալիֆաթ հիմնել, որի կրօնական խստութիւնը, գերազանցելու է թալիպանների կողմից գործադրած բռնութեան մեթոտները»:

Արևմուտքի կողմից Սիրիայի տարածքում գործադրուած իշխանափոխութեան փորձի լրիւ ձախողումը բացայայտուեց այն ժամանակ, երբ այս երկու ճիհատ՝ «Ճիհատ Էլ Նուսրա» և «Ահրար էլ Շամ» կազմակերպութիւնները միացան, որպէսզի իսլամական Աստծոյ պետութիւն ստեղծեն:

«Դուք երևի կը զարմանաք, որ ես այսպէս բացայայտ եմ մեր ներկայ անյոյս կացութեան շուրջ խօսում, – աւելացնում է Սուլէյմանը,- բայց այսօր գիտենք, որ մենք «մեծ խաղում» միայն շախմատի խաղաքարերն ենք»:

***

Երրորդ գիրքը, որից արժէ մեջբերումներ կատարել, դա գերմանացի թղթակից Միշայէլ Լիւտերսի (Michael Lüders) հետևեալ գիրքն է՝ «Նա, ով քամի ցանի» (Werden Wind sät), որը հրատարակուել է 2015 թուականին.

Որպէս Համբուրգի «Die Zeit» շաբաթաթերի թղթակից, նա երկար տարիներ աշխատել է Միջին Արևելքում և իր անմիջական դիտարկումների շնորհիւ լաւ ծանօթ է այդ տարածաշրջանի երկրներին և վերջին տարիների իրադարձութիւններին: Նա իր գրքում մանրամասն նկարագրում է Արևմուտքի միջամտութիւնները Միջին և Մերձաւոր Արևելքում և ցոյց է տալիս դրանց ողբերգական հետևանքները, որոնք են՝ տեռորը, պետականութիւնների փլուզումը և «Իսլամական Պետութեան» միլիցիաների յաղթարշաւները:

Նա գրում է.

«Ով ներկայիս հակամարտութիւնը Միջին Արևելքում, «Իսլամական Պետութեան» առաջխաղացումը, ինչպէս նաև Իրանի հետ աթոմական հակամարտութիւնը, Իրաքի դէմ կազմակերպուած տարբեր գործողութիւնները, յետոյ պատերազմը, կամ ներկայիս Սիրիայում մոլեգնող քաղաքացիական պատերազմը հասկանալ է ցանկանում, ապա նա պէտք է նախ ուսումնասիրի ԱՄՆի գլխաւորութեամբ արևմտեան երկրների բանեցրած քաղաքականութիւնը աշխարհում, մասնաւորապէս այդ տարածաշրջաններում, նկատի առնի երկրորդ պատերազմից յետոյ ԱՄՆ-ի կողմից գլխաւորած այլ և այլ անմիջական միջամտութիւնը այդ երկրների ներքին քաղաքականութեանը, որի հետևանքները շատ երկրներում քաղաքացիական պատերազմներն են՝ Իրաքում, Աֆղանստանում, Լիպիայում, ինչպէս նաև այդ երկրների պետական կառոյցների և կենտրոնական իշխանութեան լրիւ քայքայումը: Իհարկէ, հրդեհ ստեղծողը միայն Արևմուտքը չէ, բայց նա եղել է որոշիչը. ամենակարևորը, որ նրանց կողմից ստեղծուած հրդեհը, արդէն մոլեգնում է մի քանի տարածաշրջաններում:

Սկսած 1953 թուականից, երբ Իրանում ԱՄՆի և Մեծն Բրիտանիայի գաղտնի գործակալների միջոցով յեղաշրջում կատարուեց Մոսադդեղի դէմ՝ միշտ էլ արևմտեան երկրների, ամէնից առաջ սակայն ԱՄՆի միջամտութիւնը կատարուել է նոյն չափանիշով՝ հակամարտ կողմերը որակուել են որպէս «լաւ» և «չար»: Սկսած այն պահից, երբ որոշ կազմակերպութիւններ կամ երկրների ղեկավարներ, շատ յաճախ նոյնիսկ իրենց դրածոներ (Սատտամ Հիւսէյն, Ուսամա ՊենԼատեն) որակուել են որպէս «չար», ապա Արևմուտքը իրեն թոյլ է տուել բոլոր միջոցներով՝ նոյնիսկ արևմտեան մամուլի (նաև լիբերալ) օգնութեամբ նրանց որպէս հրէշաւոր կերպար որակել: Նրանց համեմատումը Հիթլերի հետ մի չափանիշ է նրանց համար, նաև արդիւնաւէտ և նպատակայարմար միջոց՝ ասելու, որ նման հրէշների հետ նոյնիսկ խօսելը, առաւել ևս բանակցելը, արդէն իսկ դաւաճանութիւն է այն արժէքների հանդէպ, որոնց պաշտպանութեան համար կոչուած է Արևմուտքը:

Մոսադդեղը առաջինն էր որպէս երկրորդ «Հիթլեր» որակուել. նա 1951 թուականին համարձակուեց ազգայնացնել Իրանի նաւթարդիւնաբերութիւնը, որը ամբողջովին հսկւում էր Անգլիայի կողմից: Նրան հետևեց Եգիպտոսի նախագահ Ապտէլ Նասերը, ով 1956 թուականին ազգայնացրեց Սուէյզի ջրանցքը և այդպիսով արժանացաւ Անգլիայի և Ֆրանսիայի ներդնողների կատաղի դիմադրութեանը: Նաև նա էր որակուել որպէս «երկրորդ Հիթլեր» և պէտք էր Սուէյզի պատերազմի միջոցով տապալուէր, սակայն այդ նրանց չյաջողուեց: Վերջին տարիներին «երկրորդ Հիթլեր»ի տիտղոսին են արժանացել նաև Սատտամ Հիւսէյնը, Իրանի նախկին նախագահ Ահմատինաժատը, Պաշշար ալԱսատը և Վլատիմիր Փութինը:

Իհարկէ, որ «չարը» ունի իր հակառակորդը, օրինակ՝ «անձնազոհ լաւը»: Մենք այդ լաւերից ենք, լաւերից է նաև Արևմուտքի բանեցրած արտաքին քաղաքականութիւնը, որովհետև նա հանդէս է գալիս որպէս ազատութեան, ժողովրդավարութեան և մարդու իրաւունքների պաշտպան: Արևմտեան քաղաքական գործիչները, դիւանագէտները հնարաւորինս խուսափում են իրենց երկրների շահերից խօսել: Նրանք աւելի շուտ նախընտրում են խօսել համատարած «ժողովրդավարութիւնից և բարօրութիւնից»:

Նրանք երբեք չեն խօսում իրենց սխալների, թերացումների, ստերի, կամ կատարած յանցագործութիւնների մասին, որոնք Սեպտեմբեր 11–ից յետոյ արաբականիսլամական երկրներում հարիւր հազարներ մարդկային զոհերի պատճառ են դարձել, նրանք սիրով շրջանցում են նման իրականութեան մասին խօսելը: Յետոյ, իհարկէ, որ «լաւերը» իրաւունք ունեն պատժելու «չարերին», օրինակ՝ տնտեսական սահմանափակումների միջոցով՝ յուսալով, որ ինչ որ մի օր այդ երկրներում իշխանափոխութիւն կը կատարուի: Վերջին տարիներին նման պատժամիջոցներ կիրառուել են մասնաւորապէս Իրանի և Ռուսաստանի դէմ:

Գրքի վերջում նա գրում է.

«Արդեօք կա՞ն դասեր, պատմութեան հաստատումներ, որոնք շարունակւում են 1953 թուականի Մոսադդեղի տապալումից մինչև 2014 թուականի Կազայի պատերազմը: Այստեղ, նախ վերառնում է այն մեծ հակադրութիւնը, որը գոյութիւն ունի Արևմուտքի դեմոկրատների կողմից տրուած ազատութեան խոստումների և այն համատարած արեան հետքերի միջև, որոնք ողողել են Արեւելքը՝ որպէս Արևմուտքի ռազմական միջամտութեան արդիւնք:Այն նաև տևական տնտեսական սահմանափակումների, ինչպէս նաև ամենաչարագործ բռնակալների հետ Արևմուտքի համագործակցութեան արդիւնքն է, իհարկէ, քանի դեռ նրանք Արևմուտքի կողմնակիցներն են: Պետութիւններ են կործանուել, տարբեր շարժումներ են ստեղծուելև ակնհայտ է, որ համաշխարհային ոստիկանը նկատելիօրէն նպաստել է, որպէսզի մեր դէմ նոր թշնամիներ ստեղծուեն. այս հանգամանքը պէտք է առանձնայատուկ շեշտել: Եւ պէտք է ասել, որ «Ալ Քաիտա»ն և «Իսլամական Պետութիւն»ը արժանի են «ստեղծուած է ԱՄՆում» (Made in USA) պիտակը կրելուն:

Գրքի վերջում հեղինակը որոշակի հիասթափուած և բարկացած, գրում է.

«Մենք պէտք է մերժենք հակասեմիթականը, իսլամի դէմ ատելութեան քարոզչութիւնը, դիմակայենք այն շրջաններին, ովքեր չարաշահում են մեր ազատութիւնը: Դրանց շարքին են պատկանում նաև ամէնից առաջ նրանք, ովքեր՝ «Քամի են ցանում և փոթորիկ են հնձում» և դա ոչ միայն Արևելքում: Նրանց համար ամենաճիշդ վայրը Հաագայի միջազգային դատարանն է:

Այն օրը, երբ այնտեղ կ՚ամբաստանուեն գրասեղանային ամենամեծ յանցագործները, գոնէ նրանցից մի քանիսը, ամէնից առաջ Ճորճ Պուշը (Gorge W. Bush), Տիք Չէյնին (Dick Cheney), Թոնի Պլերը (Tony Blair), Տոնալդ Ռամսֆելտը (Donald Rumsfeld), ապա այդ օրը «Արևմտեան արժէքների ընդհանրութիւն» հասկացողութիւնը» կեանք կը ստանայ:

Բեռլին, Նոյեմբեր 2016

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ